25.04.2026
8 min read

Ի՞նչ է ՄՌԿ վերլուծությունը, և ինչու՞ է այն կարևոր ժամանակակից բիզնեսում

ՄՌԿ վերլուծությունը (HR Analytics) տվյալների հավաքագրման, վերլուծության և մեկնաբանման գործընթաց է, որի նպատակն է աջակցել հիմնավորված և խելամիտ բիզնես որոշումների կայացմանը։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ավելի լավ հասկանալ աշխատուժի դինամիկան, օպտիմալացնել ՄՌԿ գործելակերպը և համահունչ դարձնել տաղանդների կառավարման ռազմավարությունները կազմակերպության ընդհանուր բիզնես նպատակներին։

ՄՌԿ վերլուծության կիրառմամբ ընկերությունները կարող են բարձրացնել աշխատակիցների ներգրավվածությունը, բարելավել (retention) և խթանել կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը։

ՄՌԿ վերլուծությունը հանդիսանում է արդյունավետ ՄՌԿ ռազմավարությունների ձևավորման կարևոր գործիք՝ հնարավորություն տալով մասնագետներին բացահայտել հաջողված գործելակերպերը և հստակ տեսնել բարելավման ենթակա ոլորտները։ Այն հնարավորություն է տալիս ՄՌԿ մասնագետներին կայացնել տվյալահեն որոշումներ՝

• նվազեցնելու աշխատակիցների արագ փոփոխությունները,
• ապահովելու մրցունակ վարձատրություն,
• բարձրացնելու արդյունավետությունը,
• բարելավելու թիմի աշխատանքի պլանավորումը,
• կրճատելու ծախսերը և բարձրացնելու շահութաբերությունը։

ՄՌԿ վերլուծության տեսակները

ՄՌԿ վերլուծությունը կարելի է բաժանել 4 հիմնական տեսակի, որոնցից յուրաքանչյուրը տալիս է աշխատուժի վերաբերյալ տարբեր և արժեքավոր պատկերացում։ Միասին դրանք օգնում են ՄՌԿ թիմերին հասկանալ իրավիճակը և ավելի վստահ պլանավորել ու գործել։

Նկարագրական (Descriptive)
Նկարագրական վերլուծությունը կենտրոնացած է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հասկացման վրա։ Այն ամփոփում է պատմական տվյալները՝ պատասխանելով պարզ հարցերի, օրինակ՝ «Որքա՞ն է մեր ներկայիս աշխատակիցների հոսունության մակարդակը» կամ «Քանի՞ նոր աշխատակից ենք ունեցել անցած տարի»։ Այս վերլուծությունը տալիս է հստակ պատկեր՝ բացահայտելու միտումները և ստեղծելու հիմք հետագա վերլուծությունների համար։

Վերլուծական / Պատճառահետևանքային (Diagnostic)
Այս տեսակը օգնում է հասկանալ «ինչու»-ն։ Եթե, օրինակ, աճում է աշխատակիցների հոսունությունը, diagnostic վերլուծությունը կարող է բացահայտել դրա պատճառները՝ ոչ մրցունակ վարձատրություն, զարգացման հնարավորությունների պակաս կամ թիմային խնդիրներ։ Այն օգնում է հստակ տեսնել խնդիրները և կայացնել հիմնավորված որոշումներ։

Կանխատեսող (Predictive)
Կանխատեսող վերլուծությունը օգտագործում է անցյալ և ներկա տվյալները՝ ապագա միտումները կանխատեսելու համար։ Այն օգնում է նվազեցնել ռիսկերը և կայացնել ավելի ճշգրիտ որոշումներ՝ կանխատեսելով, օրինակ, ներգրավվածության նվազումը կամ աշխատակիցների հեռանալու հավանականությունը։ Այս մոտեցումը նաև նպաստում է հավաքագրման, ուսուցման և զարգացման գործընթացների բարելավմանը։

Խորհուրդ տվող (Prescriptive)
Prescriptive վերլուծությունը ոչ միայն կանխատեսում է, այլ նաև առաջարկում է կոնկրետ գործողություններ։ Օրինակ՝ եթե կանխատեսվում է ներգրավվածության անկում, այն կարող է առաջարկել ներդնել ճկուն աշխատանքային մոդելներ, ճանաչման ծրագրեր կամ թիմային ակտիվություններ։

ՄՌԿ վերլուծության հիմնական գործիքները

Այսօրվա տեխնոլոգիական միջավայրում ՄՌԿ վերլուծությունը հիմնվում է տարբեր ծրագրային լուծումների և գործիքների վրա, որոնք ավտոմատացնում և պարզեցնում են վերլուծական գործընթացները։ Տվյալագետները ևս կարևոր դեր ունեն՝ տվյալները կառուցվածքային դարձնելու և ՄՌԿ մասնագետների համար հստակ ու ներկայացվող ձևաչափով կազմակերպելու հարցում։

ՄՌԿ վերլուծության արդյունավետության համար անհրաժեշտ են ճշգրիտ և համապարփակ տվյալներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից։ Ներքին տվյալները ներառում են ՄՌԿ բաժնի տվյալները, օրինակ՝ աշխատակիցների վարձատրության, կատարողականի գնահատման և այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները։

Արտաքին տվյալները կազմված են այլ բաժիններից կամ կազմակերպությունից դուրս ստացվող ինֆորմացիայից, օրինակ՝ ֆինանսական տվյալներ, տնտեսական միտումներ կամ աշխատաշուկայի ուսումնասիրություններ։

Գոյություն ունեն բազմաթիվ ՄՌԿ վերլուծության ծրագրեր և գործիքներ, որոնք առաջարկում են տարբեր առավելություններ։ Այդ պատճառով կարևոր է գնահատել, թե ինչպես են դրանք ինտեգրվելու ձեր գործող համակարգերին և ինչպես կարող են աջակցել տվյալահեն որոշումների կայացմանը՝ բարձրացնելով աշխատակիցների ներգրավվածությունն ու բավարարվածությունը, նվազեցնելով աշխատակիցների հոսունությունը, օպտիմալացնելով մեկ աշխատակցի ներգրավման ծախսերը (cost per hire), խթանելով աշխատուժի բազմազանությունը և կրճատելով վարձատրության անհամաչափությունները։

ՄՌԿ վերլուծության ներդրման լավագույն օրինակները

ՄՌԿ վերլուծության արդյունավետ ինտեգրման համար կարևոր է կիրառել հետևյալ քայլերը՝

Հստակ ձևակերպել նպատակները
Սկսեք՝ սահմանելով, թե ինչ է նշանակում հաջողություն ձեր կազմակերպության համար։ Արդյո՞ք ցանկանում եք նվազեցնել աշխատակիցների հոսունությունը, բարելավել աշխատուժի պլանավորումը, թե բարձրացնել ներգրավվածությունը։ Հստակ նպատակները ստեղծում են ամուր հիմք և օգնում կենտրոնանալ առաջնահերթությունների վրա։

Կազմել գործողությունների պլան
Սահմանեք լուծման ենթակա խնդիրները և դասակարգեք դրանք ըստ առաջնահերթության։ Մշակեք մանրամասն պլան՝ ներառելով ՄՌԿ գործընթացները և դրանց բարելավման ուղիները՝ բիզնեսի մարտահրավերներին արձագանքելու համար։ Ընտրեք համապատասխան չափորոշիչներ (metrics), որոնք կօգնեն հասնել երկարաժամկետ նպատակներին։

Ընտրել անհրաժեշտ տվյալները
Հստակեցրեք, թե որ տվյալներն են անհրաժեշտ ձեր հիմնական հարցերին պատասխանելու համար։ Օրինակ՝ եթե առաջնահերթ է պահպանումը (retention), կենտրոնացեք աշխատակիցների հոսունության կամ eNPS-ի վրա։ Եթե ուշադրությունը հավաքագրման վրա է, դիտարկեք time-to-hire կամ cost-per-hire ցուցանիշները։ Ճիշտ ընտրված տվյալները ապահովում են նպատակային և արդյունավետ վերլուծություն։

Ներգրավել տվյալագետներին (Data Scientists)
Տվյալագետների մասնակցությունը բարձրացնում է ՄՌԿ վերլուծության արդյունավետությունը։ Նրանք ապահովում են տվյալների որակն ու ճշգրտությունը, ինչպես նաև օգնում են ՄՌԿ մասնագետներին ճիշտ մեկնաբանել տվյալները և կիրառել դրանք ռազմավարական մակարդակում։ Լավ կազմակերպված և հստակ ներկայացված տվյալները հեշտացնում են նաև դրանց ներկայացումը շահագրգիռ կողմերին։

Վերլուծությունը վերածել գործնական քայլերի
Միայն թվերը բավարար չեն՝ փոփոխություն ապահովելու համար։ Վերլուծության արդյունքում բացահայտված միտումները պետք է վերածվեն կոնկրետ գործողությունների։ Օրինակ՝ եթե նկատվում է բացակայությունների աճ, կարելի է ներդնել ճկուն աշխատանքային գրաֆիկ կամ բարեկեցության ծրագրեր։

Պատրաստել ՄՌԿ թիմը
Խրախուսեք ՄՌԿ մասնագետներին գնահատել իրենց դերը բիզնես ռազմավարության ձևավորման մեջ։ Երբ նրանք հստակ հասկանում են իրենց ազդեցությունն ու զարգացման ուղղությունները, կարողանում են ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել առաջընթացի համար։

Կրթել ՄՌԿ մասնագետներին
Վերլուծությունը և ԱԲ տեխնոլոգիաները արագ փոխում են աշխատանքային միջավայրը, ուստի ՄՌԿ մասնագետները պետք է շարունակաբար զարգացնեն իրենց գիտելիքները։ Ղեկավարները կարող են աջակցել թիմին՝ կազմակերպելով վերապատրաստումներ և մասնագիտական զարգացման հնարավորություններ՝ նպաստելով թվային փոխակերպմանը։

ՄՌԿ վերլուծությունը իրական ընկերություններում

1. The Energy Collective
The Energy Collective-ը՝ էներգետիկայի և տեխնոլոգիաների գլոբալ ընկերություն, որը վաճառում է էլեկտրաէներգիա և ինտերնետ ծառայություններ սեփական տվյալների վերլուծության տեխնոլոգիայի միջոցով, մտահոգված էր, որ արագ աճը կարող է բացասաբար ազդել ընկերության մշակույթի վրա։ Նրանք դեռևս օգտագործում էին Excel աղյուսակներ և էլ․ փոստ՝ մարդկանց և ՄՌԿ տվյալները կառավարելու համար, սակայն ցանկանում էին ներդնել մի հարթակ, որը կօգնի պահպանել իրենց հոգատար և դրական մշակույթը։

Ընկերությունը փոխարինեց այդ գործիքները Bob-ի People Analytics լուծմամբ՝ ստանալով իրական ժամանակի տվյալների վերլուծություն։ Այժմ նրանք հեշտությամբ կարող են հավաքել և վերլուծել կարևոր տվյալներ (օրինակ՝ գենդերային վարձատրության տարբերությունը կամ միջին աշխատավարձը) և դրանց հիման վրա մշակել լուծումներ՝ պահպանելու իրենց բարձրակարգ աշխատանքային միջավայրը։

2. Airtasker
Airtasker-ը, որը հանրային առևտրի ենթակա առցանց հարթակ է՝ նախատեսված առաջադրանքների և տեղական ծառայությունների աութսորսինգի համար, նույնպես դիմեց վերլուծությանը՝ մարդկանց տվյալների կառավարման գործընթացը բարելավելու համար։

Նրանք ամբողջությամբ փոխեցին, թե ինչպես է ՄՌԿ տնօրենը (CHRO) պատրաստում և ներկայացնում տվյալները ամսական խորհրդի հանդիպումների ժամանակ՝ օգտագործելով տեսողական դաշբորդներ՝ հստակ և իրական ժամանակի տվյալներով։ Սա հնարավորություն տվեց բարձրացնել թիմի բավարարվածությունը և ավելի հիմնավորված որոշումներ կայացնել՝ կառուցելով ավելի համախմբված աշխատուժ։

3. Google
Google-ը վաղուց հայտնի է ՄՌԿ վերլուծության կիրառմամբ։ Նրանց հայտնի նախաձեռնություններից մեկը՝ Project Oxygen-ը, օգտագործեց տվյալները՝ հասկանալու համար, թե ինչն է ձևավորում արդյունավետ մենեջերին։ Արդյունքների հիման վրա մշակվեցին հատուկ ուսուցման ծրագրեր և իրականացվեցին փոփոխություններ, որոնք բարելավեցին կառավարման պրակտիկաները։

4. Under Armour
Under Armour-ը կիրառում է ՄՌԿ վերլուծությունը՝ աշխատանքի ընդունման և աշխատակիցների պահպանման ռազմավարությունները բարելավելու համար։ Նրանք վերլուծեցին աշխատուժի տվյալները՝ պարզելու բարձր հոսունության պատճառները և մշակելու նպատակային լուծումներ։ Դրանք ներառում էին հավաքագրման ռազմավարությունների օպտիմալացում և աշխատակիցների պահպանման ծրագրերի ներդրում։ Այս մոտեցումը օգնել է ներգրավել և պահպանել լավագույն տաղանդներին՝ ապահովելով ավելի կայուն թիմ։

5. E.ON
E.ON-ը ՄՌԿ վերլուծությունը կիրառում է բազմազանության խթանման և աշխատակիցների ներգրավվածության բարձրացման համար։ Դեմոգրաֆիկ տվյալների վերլուծությունը նրանց հնարավորություն տվեց մշակել նախաձեռնություններ՝ բարելավելու ներկայացվածությունը տարբեր խմբերի միջև։ Բացի այդ, նրանք օգտագործեցին աշխատուժի վերլուծությունը՝ ստեղծելու ծրագրեր, որոնք համապատասխան են թիմերի կարիքներին՝ սկսած ղեկավարության զարգացման ծրագրերից մինչև ներգրավվածության ռազմավարություններ։

E.ON-ի տվյալահեն մոտեցումը նպաստել է ավելի ներառական և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

ՄՌԿ վերլուծությունը ժամանակակից կազմակերպությունների համար դարձել է ոչ միայն օժանդակ գործիք, այլ ռազմավարական անհրաժեշտություն։ Այն հնարավորություն է տալիս տվյալների հիման վրա հասկանալ աշխատուժի վարքագիծը, բացահայտել խնդիրները, կանխատեսել միտումները և մշակել արդյունավետ լուծումներ։

Տարբեր վերլուծական մոտեցումների՝ նկարագրականից մինչև խորհուրդ տվող, համադրումը կազմակերպություններին տալիս է ամբողջական պատկեր և օգնում ոչ միայն արձագանքել առկա խնդիրներին, այլ նաև կանխատեսել և կանխել դրանք։ Միաժամանակ, ճիշտ ընտրված տվյալները, տեխնոլոգիաների կիրառումը և տվյալագետների ներգրավումը բարձրացնում են վերլուծության ճշգրտությունն ու արժեքը։

Ի վերջո, ՄՌԿ վերլուծության հաջող կիրառումը կախված է ոչ միայն գործիքներից, այլ նաև կազմակերպության ռազմավարական մտածողությունից, հստակ նպատակներից և թիմի պատրաստվածությունից։ Տվյալահեն մոտեցմամբ ընկերությունները կարողանում են ստեղծել ավելի ներգրավված, արդյունավետ և կայուն աշխատավայր՝ ապահովելով երկարաժամկետ բիզնես հաջողություն։

Subscribe to see more articles

You may like

Leave a Comment