Image Alt

BDG

Marketingayin trendnery 2020-in

Մարքեթինգային թրենդները 2020-ին

Մարքեթինգում փոփոխությունները ոչ թե տարին մեկ են լինում, այլ ամեն րոպե։ Եվ հաջողելու համար անհրաժեշտ է ձեռքը զարկերակի վրա պահել՝ ամեն վայրկյան ուշադրություն դարձնելով փոփոխվող իրականությանը։ Ժամանակից հետ մնալը կարող է լինել քո բիզնեսի համար ամենաորոշիչ սխալը։ Մարքեթինգային քայլերը գրագետ անելու համար պետք է պատրաստ լինել անընդհատ նոր բան սովորելուն։

Քեզ ենք ներկայացնում 2020 թվականի մարքեթինգային թրենդները, որոնք պարզ են դարձել բազմաթիվ մարքեթինգային հետազոտությունների արդյունքում։

Ի՞նչն է կարևորելու մարքեթինգում 

Մարդիկ այլևս կարիքով չեն առաջնորդվում, սպառման գործընթացը բարդացել է։ Առաջարկների անվերջ տարափի մեջ նրանք նախընտրելու են այն բրենդների պրոդուկտները, որոնք ամենաշատն են համապատասխանում իրենց արժեհամակարգին։ Հաշվի առնելով համամարդկային խնդիրները՝ առանձնացրել ենք արժեհամակարգային այն թրենդները, որոնք արժե ներդնել բիզնեսում։

  • Գլխավոր թրենդը բնականությունն է։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կարծես սկսել է գնահատել բնականը՝ լինի դա սնունդ, հագուստ թե արտաքին։ Հետխորհրդային երկրները դեռևս շարունակում են մի փոքր հետ մնալ համաշխարհային թրենդներից, սակայն բնականության թրենդը շատ արագ տարածվում է։ Հիշենք Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուն, որը ներկայացված էր Միլանի նորաձևության շաբաթին։ Նորաձևության տունը նախապատվությունը տվել էր բնական արտաքինին՝ կոտրելով կատարելության մասին կարծրատիպերը։ Բնականության հաղթական արշավում մեծ է ֆեմինիզմի դերը։ Առողջ ապրելակերպը, բոդիպոզիտիվը, սպորտային ոճի գերիշխանությունն ազդարարում են, որ ժամանակն է հրաժարվել էսթետիկ բժշկական միջամտություններից, արտաքինի փոփոխություններից։ Համաշխարհային բրենդները հասկացել են, որ մարդիկ հոգնել են այդ ամենից և ցանկանում են տեսնել կերպարներ, որոնք իրենց են նման։ Եթե քո պրոդուկտն ու բրենդը տալիս են այդ հնարավորությունը, շեշտը դիր բնականության վրա։
  • Բնապահպանություն։ Տարեցտարի մոլորակի էկոլոգիական վիճակը վատթարանում է։ Որքան էլ տարբեր երկրներ փորձ են անում կրճատել չվերամշակվող թափոնների, օդի աղտոտվածության քանակը, հարցը մնում է օրակարգային։ 2019 թվականը կարծես դարձավ այդ բնապահպանական խնդիրների գագաթնակետը, քանի որ հայտարարվեց, որ միկրոպլաստիկ է հայտնաբերվել անգամ Մարիանյան իջվացքում, ինչը նշանակում է, որ դրա տարածվածությունը իսկապես ահռելի ծավալների է հասել։ Time ամսագիրն ամեն տարի ընտրում է «Տարվա մարդ»։ 2019 թվականին այդ տիտղոսին արժանացավ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ներկա է եղել հունվարին կայացած Դավոսյան ֆորումին՝ քաղաքական գործիչներին կոչ անելով լուրջ գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ։ Գրետան ասել է․ «Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է: Որովհետև դա այդպես էլ կա»։  2020 թվականը լինելու է գիտակցված սպառման, վերամշակման և շրջակա աշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունքի հանրայնացման և տարածման տարի։ Հայաստանում ևս օրակարգային են բնապահպանական խնդիրները, և շատ կարևոր է քո բիզնեսի eco-friendly մոտեցումը։ Փորձի՛ր սահմանափակել պլաստիկի օգտագործումը, անցիր քրաֆթային տոպրակների, մասնակցիր աղբի տեսակավորման արշավներին, շաբաթօրյակներ, ծառատունկ կազմակերպիր։
  • Հոգատարություն։ Քո բիզնեսի հաջողության գրավականը քո սպառողներն են։ Դինամիկ զարգացող 21-րդ դարում ցույց տուր քո հոգատարությունը մարդկանց հանդեպ ամենատարբեր ձևերով՝ զեղչերով, փոքրիկ նվերներով, բենեֆիթներով։ Այդ ամենը պետք է կարողանաս անել ճաշակով՝ գեղեցիկ «փաթեթավորմամբ», առանց ավելնորդ ճառերի։ Ի դեպ, քո աշխատակիցներն էլ են քո կարևորագույն լսարանը, մի՛ մոռացիր նրանց մասին։

Թվային մարքեթինգի թրենդները

Թվային մարքեթինգը, կամ, ինչպես սիրում ենք կոչել, էլեկտրոնային մարքեթինգը փոփոխություններ է կրելու, և դրա հիմնական պատճառը գովազդային շուկայի գերհագեցվածությունն է, ինչպես նաև սպառողական վարքագծի ու պահանջերի փոփոխությունը։

  • SEO-ն նորից արդիական է, ուշադրություն դարձրու որոնողական համակարգերում օպտիմիզացիային։ Միջազգային մարքեթինգը միտված է կայքերում տեղադրել գովազդը, այնինչ Հայաստանում շարունակում է պահանջարկված մնալ սոցցանցային գովազդը։ Ամեն դեպքում մի՛ մոռացիր՝ եթե ունես կայք, այն պարտադիր պետք է օպտիմիզացնել։
  • Կոնտենտ մարքեթինգին տրվելու է առաջնահերթություն։ Եթե մինչ այս պահը կարողանում էիր գրավել մարդկանց ուղղակի գեղեցիկ վիզուալներով, այժմ հետզհետե պետք է սկսես օգտագործել որակյալ կոնտենտը։ Սպառողներն ավելի բծախնդիր են դառնալու, դու պետք է կարողանաս գրավել նրանց հետաքրքրությունը։
  • Նոր մեդիա։ 2020 թվականին մեդիայի դեր են ստանձնելու բլոգերները, ինֆլյուենսերները։ Գերհագեցած շուկան դժվարացնում է որոշման կայացման և գնման ընթացքը, սպառողները հակված են ունենալ մեկ կամ մի քանի «հեղինակություն», ում կարծիքը նրանց համար որոշիչ կլինի։

Սրանք 2020 թվականի մարքեթինգային թրենդներն էին։ Եթե ուզում ես մրցունակ բիզնես ունենալ և իսկապես գրավել մարդկանց սրտերը, ուշադրություն դարձրու նախանշվող փոփոխություններին, մեկ քայլ առաջ եղիր մրցակիցներից։