erbeq ush che sovorel

BDG

erbeq ush che sovorel

Երբեք ուշ չէ սովորել

Կրթության մասին երևի թե միայն ծույլը չի խոսել։ Ավելի ճիշտ՝ չէ, խոսել է և մի քանի անգամ ավելի շատ, քան մյուսները։ Այդպիսին է կրթության ոլորտը․ այն վերաբերում է բոլորին և ստիպում մտնել ամենաթեժ քննարկումների մեջ։

Կրթությունը պետք չէ ընկալել որպես ուղղակի դպրոց կամ համալսարան։ Ի ծնե մենք սովորում ենք, կյանքի վերաբերյալ մեր առաջին գիտելիքները ձեռք ենք բերում՝ ընդօրինակելով մյուսներին, այնուհետև, արդեն ավելի մեծ տարիքում, ծանոթանում ենք կրթական այլ աղբյուրներին, ինչպիսիք են գրքերն ու ֆիլմերը։ Սրան գումարած նաև կենցաղային ամենապարզ շփումները, որոնք ևս ունեն կրթական բաղադրիչ։ Արի՛ հիշենք, թե քանի տասնյակ անգամներ ենք իմացել նոր բան մեր ընկերներից․ դա ևս գիտելիք ձեռք բերելու ուղի է։

Սովորել չսիրողներին նվիրվում է

Ցավոք սրտի, շատերն այսօր բացասական են տրամադրվում կրթվելու, սովորելու հանդեպ՝ հիմնվելով սեփական բացասական փորձի վրա։ Ոմանք ունեցել են ուսուցիչներ կամ դասախոսներ, ովքեր նրանց հանդեպ անարդար են վարվել, կոպտել են կամ ուղղակի եղել են շատ վատ մասնագետ ու մանկավարժ։ Բարեբախտաբար, ամբողջ աշխարհը շարժվում է ուսուցիչներին մենթորներ դարձնելու ուղով՝ նրանց հանձնելով ոչ թե տեղեկատվությունը վերարտադրողի, այլ աշակերտներին ուղղորդողի և ոգեշնչողի դերը։

Շատերը հիասթափվել են սովորելուց, քանի որ ոգեշնչվել են մասնագիտությամբ, բայց ուսումնառության կեսից հասկացել են՝ դա իրենցը չէ։ Այդպես է լինում, երբ որոշ մասնագիտություններ նորաձև կամ էլիտար են համարվում․ մարդիկ, առանց վերլուծելու սեփական խառնվածքը, կարողություններն ու նախասիրությունները, նետվում են այս մասնագիտության հետևից, բայց կեսից հասկանում, որ սխալ որոշում են կայացրել։ Նրանք հաճախ համակերպվում են և շարունակում կրթությունը՝ դառնալով մասնագետ, բայց այդպես էլ չսիրելով մասնագիտությունը։ Ինչպես ճապոնացի հայտնի գրող Հարուքի Մուրաքամին է ասում՝ մասնագիտությունը պետք է լինի սիրո ակտ, ոչ թե հաշվարկով ամուսնություն։ Գրողը ճիշտ է, չի կարելի օրվա մի քանի ժամն անցկացնել՝ զբաղվելով ատելի գործերով։ Կյանքը չափազանց կարճ և թանկ է այն վատնելու համար։

Մարդիկ հիասթափվում են կրթությունից նաև այն պատճառով, որ ուսումնառության պրոցեսը չի արդարացրել նրանց ակնկալիքները։ Ինչ խոսք, պետք է խոստովանել, որ կրթական բարեփոխումները մեծ դժվարությամբ են տեղի ունենում, քանի որ ամեն քայլափոխի հանդիպում եմ խոչընդոտների։ Մինչ պատասխանատու օղակները որոշում են՝ ինչ քննություններ է պետք հանձնել համալսարան ընդունվելիս, աշխարհը նորից մեկ քայլ առաջ է անցնում։ Մրցակցությունը շատ մեծ է, առաջընթացը՝ շատ արագ, իսկ որոշումները, բարեփոխումներն աններելի դանդաղված են։ Օրակարգային է կրթությունը վերաիմաստավորելու գործընթացը։

Կրթվելու համար երբեք ուշ չէ

Մենք երբեք չենք դադարում սովորել, կրթվելը շարունակական գործընթաց է։ Եթե ինչ-ինչ պատճառներով չես հարմարվում քո մասնագիտությանը, մի՛ վախեցիր այն փոխելուց։ Իհարկե, լինում են տարբեր իրավիճակներ, կյանքը հիմնականում բարդ է ու բազմաշերտ․ ֆինանսական վիճակը ստիպում է րոպե անգամ չկտրվել աշխատանքից։ Մենք ուղղակի ուզում ենք նշել, թե ինչ հնարավորություններ են բացվում, երբ սիրում ես մասնագիտությունդ

  • Ավելի արդյունավետ ես աշխատում։
  • Կարիերայի աճը դառնում է իրական։
  • Ավելի շատ ես վաստակում։
  • Բավականություն ես ստանում։
  • Մասնագիտական խոչընդոտները հեշտ ես հաղթահարում։
  • Բարձրանում է կյանքիդ որակը։

Ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում և փոփոխվում, նրա հետևից պետք է կարողանալ հասնել։ Այստեղ կապ չունի տարիքը․ բա՛ց եղիր նորի առաջ, քեզ համար արհեստական սահմանափակումներ մի՛ դիր և կտեսնես, թե որքան մեծ հնարվորություններ է առաջարկում աշխարհը։ Երբ մենք ավարտում էինք դպրոցը, չկային քոփիռայթերի, SMM-մասնագետի կամ JavaScript ծրագրավորողի հաստիքներ, իսկ հիմա աշխատանքի հայտարարությունների կայքը նայիր։ Ժամանակին համընթաց գնալը շատ կարևոր է մեր օրերում։

Այսօր փոխվում են ոչ միայն մասնագիտությունները, այլ կրթությունն առհասարակ։ Եթե առաջ պարտադիր էր համալսարանական կրթությունը, ապա հիմա կան որոշ վերապահումներ․ մի շարք մասնագիտություններ կարելի է յուրացնել՝ հաճախելով դասընթացների։ Այսպիսի մասնագիտությունները հիմնականում հետևյալ ոլորտներից են՝

Նոր մասնագիտություն ձեռք բերելու, ունեցած գիտելիքները կատարելագործելու այնքան լայն հնարավորություններ կան՝ թրեյնինգներ, առցանց թրեյնինգներ, վեբինարներ, սեմինարներ, վորքշոփեր և այլն։ Նոր մեթոդներն ուսումնառությունը դարձնում են ինտերակտիվ, արդյունավետ և գրավիչ՝ արժանանալով ոչ միայն երիտասարդների, այլ նաև ավագ սերնդի ուշադրությանը։