Image Alt

BDG

Recreation - a profession, they fall in love

Ռեքրութմենթ՝ մասնագիտություն, որին սիրահարվում են

Մենք չենք դադարի կրկնել, որ բիզնեսի հաջողության գրավականը մարդիկ են։ Անձնակազմը ցանկացած ընկերության հիմքն է, առանց ներդաշնակ և արդյունավետ աշխատող անձնակազմի անհնար է պատկերացնել որևէ առաջընթաց և զարգացում։ Այդպիսի անձնակազմի ձևավորման մեջ մեծ դեր ունի ռեքրութերը՝ կադրերի հավաքագրման մասնագետը։

Ռեքրութինգ բառն առաջացել է ֆրանսերեն «recruit» բառից և նշանակում է հավաքագրել, լրացնել, վարձել, վարձակալել։

Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ HR մենեջմենթը, շատ լայն հասկացություն է և բազմաշերտ մասնագիտություն։ Այն ներառում է ռեքրութինգը, հեդհանթինգը, կադրային գործը և բարձր օղակի մենեջմենթը։

Ռեքրութինգի մասնագետի գլխավոր նպատակը կազմակերպությանն անհրաժեշտ մասնագետների որոնումն է։ Այս գործում ռեքրութերին անհրաժեշտ են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են մարդկանց հետ շփումը, դրական տպավորություն թողնելը, կառուցվածքային զրույց վարելը, հաղորդակցության միջոցներին տիրապետելը։ Շատ կարևոր է նաև կազմակերպության տեխնիկական նրբություններին տիրապետելը, չէ՞ որ աշխատակցին ընտրելու համար պետք է հաշվի առնել ինչպես soft, այնպես էլ hard՝ մասնագիտական հմտությունները։

Նորից հաղորդակցության հմտությունների մասին․ ռեքրութերը գործ ունի ոչ միայն թեկնածուների, այլև կազմակերպության աշխատակիցների հետ, ուստի վստահելի մարդ լինելը պարտադիր պայման է։

Հոգեբանության վերաբերյալ գիտելիքները ևս մեծ դեր ունեն, քանի որ հաճախ մարդիկ փորձում են թաքցնել այս կամ այն հատկանիշները, իսկ հարցազրույցների հաճախ գնացող թեկնածուներն անգամ սովորել են, թե ինչպես պետք է դրսևորեն իրենց՝ դրական տպավորություն թողնելու համար։ Այսպիսի ոչ ակնհայտ խոչընդոտները հաղթահարելու համար պետք են հոգեբանության մասին ամուր գիտելիքներ։

Ռեքրութմենթի տեսակները

Ինչպես ցանկացած մասնագիտություն, այնպես էլ ռեքրութմենթն ունի ենթատեսակներ։ Եթե դասակարգենք ըստ կադրերի ընտրության, ապա ռեքրութինգը լինում է 4 տեսակի՝ 

  • Գծային, երբ սպասարկող անձնակազմի ներգրավում է արվում։ Օգտագործվում են արագ հավաքագրման ստանդարտ տեխնոլոգիաներ։
  • Management Selection՝ միջին ղեկավար օղակի և բարձր որակավորմամբ աշխատակիցների ներգրավում։
  • Executive search՝ ղեկավար կազմի և բարձր որակավորմամբ մասնագետների նպատակաուղղված ներգրավում ամենաբարդ գործիքների միջոցով, քանի որ խոսքը այնպիսի կադրերի մասին է, որոնք ինքնուրույն աշխատանք չեն որոնում։ Նրանց գտնելը, նրանց հետ հաղորդակցվելը և աշխատանքի առաջարկով հետաքրքրելը պատասխանատու և բարդ գործ է։
  • Headhunting-ը՝ «ուղեղների որսը» ենթադրում է այլ կազմակերպությունից կոնկրետ մարդու ներգրավում։

Եթե խոսենք ռեքրութմենթի մեթոդների մասին, կարելի է առանձնացնել 3 տեսակ՝

  • Digital ռեքրութինգ՝ ինտերնետ ռեսուրսների, հավելվածների, սոցիալական ցանցերի, մասնագիտական ֆորումների, խմբերի  և այլ թվային գործիքների միջոցով ներգրավում
  • Ուղղորդող ռեքրութինգ՝ խորհուրդների, սարաֆանային ռադիոյի միջոցով ներգրավում․ լինում է ներքին, երբ աշխատակիցները տարածում են թափուր հաստիքի լուրը, և արտաքին, երբ թափուր հաստիքի մասին ասվում է ծանոթներին, ընկերներին։
  • Սքրինիգ՝ մակերեսային ռեքրութինգ, երբ գլխավոր չափանիշներն են սեռը, տարիքը, փորձը։ Այն հիմնականում օգտագործում են, երբ պետք է փակել ցածր օղակի աշխատատեղերը։

Եվ, վերջապես, ռեքրութմենթը կարող է լինել ներքին և արտաքին։ Ներքին ռեքրութմենթը ենթադրում է կազմակերպության ներսում համապատասխան մասնագետների առկայություն, իսկ արտաքինը տեղի է ունենում, երբ կադրերի հավաքագրման համար դիմում են համապատասխան կազմակերպությունների՝ կադրային գործակալությունների։

Մասնագիտությունը՝ ռեքրութեր․ որո՞նք են առավելությունները

Եթե եղել ես հարցազրույցների, ապա միանշանակ նկատել ես, թե ինչ վարակիչ էներգիա ունեն ռեքրութերները, ինչ սիրով ու նվիրումով են կատարում իրենց աշխատանքը։ Ի՞նչն է պատճառը։

Ռեքրութերի մասնագիտությունը դիտարկելիս պետք է ոչ միայն մանրամասն ծանոթանալ գործառույթներին, այլ նաև ուսումնասիրել աշխատանքի առավելություններն ու հնարավորությունները՝ չմոռանալով նաև հասկանալ հիմնական թերությունները։

Այդ նպատակով շատ արդյունավետ է անմիջական շփումը գործող մասնագետների հետ, եթե, իհարկե, ադպիսիք կան քո շրջապատում։

Մենք առանձնացրել ենք այս մասնագիտության առավելությունները։

  • Կյանքեր ես փոխում

Միջին վիճակագրական մարդու կյանքում շրջադարձային են լինում հիմնականում մի քանի իրադարձություններ՝ ամուսնություն, երեխայի ծնունդ, սեփական տան գնում, լավ աշխատանք։ Լավ աշխատանքի անցնելը կամ, հակառակը, աշխատանք կորցնելը մեծ ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, որոշումների և  նպատակների վրա։ Եվ եթե գիտակցում ես այն փաստը, որ աշխատանքի ընդունելով կարող ես փոխել մարդու կյանքը, մեծ ոգեշնչում ես ստանում։ Անգամ աշխատանքի չընդունելու, բայց ճիշտ ուղղորդելու, ճիշտ խորհուրդ տալու դեպքում հնարավոր է դեպի լավը փոխել մարդկանց կյանքը։ 

  • Բիզնեսի վրա ազդեցություն ունես

Լավ մասնագետների ներգրավմամբ բիզնեսը ծաղկում է․ նրանք ներդնում են իրենց գիտելիքը, փորձը, ներուժը՝ բարձր ցուցանիշներ գրանցելով։ Պատկերացրու, որ ռեքրութերի նպատակն է Մեսսիին բերել թիմ։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է զգում նա, որքան է ոգևորում, վառվում լավ աշխատակից ներգրավելու գաղափարով։

  • Դառնում ես կազմակերպության դեմքը

Քանի որ թեկնածուների հետ հիմնականում շփվում է ռեքրութերը, հենց նա էլ տպավորվում է մարդկանց մոտ որպես կազմակերպության «դեմք»։ Սա մեծ պատասխանատվություն է և միաժամանակ նաև շատ հաճելի առավելություն, չէ՞ որ հենց քեզ են վերհիշելու կազմակերպության մասին խոսելիս։

  • Մրցակցության ոգի

Լավ մասնագետների համար պայքարում են մի շարք կազմակերպություններ, նրանք ունենում են թոփ-կազմակերպություններից առաջարկներ և կարող են ընտրություն կատարել՝ առաջնորդվելով մի շարք կետերով։ Այդպիսի մասնագետին ներգրավելը մրցույթի է նման՝ ո՞վ կհաղթի։ Եվ ռեքրութերը պետք է կարողանա հաղթել։

Պարտության մասին՝ այս ոլորտում չկա պարտություն։ Բարեբախտաբար, կան փորձաշրջաններ, և եթե ինչ-որ տեղ սխալ հաշվարկ ես արել և ընտրված թեկնածուն չի համապատասխանում հաստիքին կա կազմակերպությանը, ոչինչ կորած չէ։ Սխալները շատ արագ հնարավոր է շտկել։

  • Քո աշխատանքը դինամիկ է

Մի հաստիքը փոխարինվում է մյուսով, առաջանում են նոր մարտահրավերներ և առաջադրանքներ, որոնք վառ են պահում աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը։ 

Ռեքրութմենթն արագ է զարգանում՝ նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ։ Եթե դու սիրում ես նորը սովորել, այս մասնագիտությունը քեզ համար է, քանի որ դինամիկ փոփոխությունների հետևից պետք է հասցնել։ Այստեղ օգնության են գալիս տարբեր վերապատրաստումները, թրեյնինգները։

Այս առավելությունների շարքին կարող են ավելացնել նաև այն փաստը, որ աշխատաշուկայի պահանջարկը գնալով մեծանում է, կազմակերպությունները դադարում են աշխատանքի վերցնել ծանոթ-բարեկամների, փոխարենը ձգտում են լավ մասնագետների ներգրավել։ Սա նշանակում է, որ լավ ռեքրութերների պահանջարկը մեծանում է, իսկ պահանջարկի հետ՝ նաև վարձատրությունը։

Մարդկային ռեսուրսների կառավարումն անընդհատ զարգացող և դինամիկ ոլորտ է, որն ընդունում է պատասխանատու, եռանդուն ու նրբանկատ մարդկանց։ Կարծո՞ւմ ես՝ այդպիսի՞ն ես։ Փորձի՛ր ուժերդ։