Sales DNA

BDG

Sales DNA

Sales DNA

Գեները որոշում են, թե ինչպիսին ենք լինելու մենք՝ ինչ հասակ ենք ունենալու, աչքերն ու մազերն ինչ գույն են լինելու, որ հիվանդությունների հակվածություն կարող է լինել։ Հաճախ նաև գեներով են պայմանավորում այս կամ այն հակվածությունները՝ ինչպես լավ, այնպես էլ վատ։ Մեր մասին այդ ամբողջ տեղեկատվությունը պարփակված է ԴՆԹ-ի մեջ։

Իսկ ի՞նչ կասես այն տեսակետի մասին, որ կա վաճառքների ԴՆԹ։ Այս մասին խոսում է Անդրեյ Գոլովանովը, ով հայտնի է վաճառքների վերաբերյալ իր դասընթացներով։ Ըստ նրա՝ վաճառքներն, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, ունեն ԴՆԹ։

Վաճառքների էվոլյուցիա

Մարդկության զարգացմանը զուգահեռ էվոլյուցիա են ապրել նաև վաճառքները։ Հին Եգիպտոսում արհեստավորները վաճառում էին իրենց պատրաստած աղյուսները, Հին Չինաստանում՝ ճենապակի, Միացյալ նահանգներում՝ անասուններ։ Շուկան դեռևս դատարկ էր, և մարդիկ գնում էին կատարում՝ անհրաժեշտությունից ելնելով։ Այս ժամանակահատվածում օգտագործվում էին վաճառքի ամենապարզ մեթոդները։

Բնակչության աճի հետ շատացան ապրանքները, և վաճառողներն սկսեցին օգտագործել վաճառքի նոր մեթոդներ․ առաջ եկան սպառողի ուշադրությունը գրավելու, առավել շահավետ վաճառելու տեխնիկաներ։

Ժամանակի հետ ապրանքներն անընդհատ շատանում էին, և ձևավորվեց մրցակցային շուկա։ Սպառողն ընտրության լայն հնարավորություն ստացավ, և գնորդի համար վաճառողների միջև պայքար սկսվեց։ Պետք էր ամեն ինչ անել, որ հաճախորդն ընտրեր հենց այս մեկ արտադրողին, ոչ թե ուրիշին։ 

Այսօր շուկան գերհագեցած է, և կենսունակ լինելու համար շատ կարևոր է կարողանալ արդյունավետ վաճառել պրոդուկտը՝ հիմնվելով հոգեբանական գործոնների, մասնագիտական տեխնիկաների և առաջխաղացման այլ մեթոդների վրա։ 

Թվային դարաշրջանում վաճառքներն ունեն նոր մարտահրավերներ, փոխվել է սպառողի վարքը։ Սպառողների շատ մեծ տոկոս նախընտրում է օնլայն շփումը, օնլայն գնումները և խուսափում է հեռախոսազանգերից։ Այսպիսի փոփոխություններն ստիպում են վերաիմաստավորել վաճառքները, փոփոխել վաճառքի ռազմավարությունը և հաշվի նստել նոր իրողությունների հետ։

Հազարամյակների ընթացքում փոխվել է և այսօր ևս դինամիկ փոփոխվում է վաճառքների գենետիկ կոդը, ԴՆԹ-ն։

Վաճառքների կառուցվածքը

Հաճախ վաճառքի մասնագետները բախվում են այն խնդրին, որ սովորելու և աշխատելու ընթացքում չեն տիրապետել վաճառքների կառուցվածքին, չգիտեն դրանք ամենայն մանրամասնությամբ։ Կրթական բացը պետք է լրացնել և անընդհատ ձեռքը զարկերակին պահել՝ բաց չթողնելու համար վաճառքի նորագույն մեթոդներն ու մոտեցումները։

Լավ վաճառքներ իրականացնելու համար պետք է պատկերացնել վաճառքի կառուցվածքը՝ սկսած ամենապարզ տարրերից մինչև բուն գործողություններ։

Ինչպես ԴՆԹ-ն է բաղկացած գուանին, ադենին, թիմին և ցիտոզին ազոտային հիմքերից, այնպես էլ վաճառքի մենեջերը՝ պատասխանատվությունից, համբերությունից, ճշտապահությունից և նպատակասլացությունից։ 

Ասում են, որ գոյություն ունի «վաճառքների գեն», ուղղակի ի տարբերություն մյուս գեների՝ այն ոչ միայն փոխանցվում է ժառանգաբար, այլ կարող է ձեռք բերվել կյանքի ընթացքում։

Վաճառքի ԴՆԹ-ի տեսությանը ծանոթանալու նպատակով BDG թիմը պատրաստել է թրեյնինգ, որի ժամանակ կկարողանաս գիտելիքներ ձեռք բերել և զարգացնել քո մեջ «վաճառքի գենը»։