Graphic design

BDG

Graphic design

Graphic design. ինչպե՞ս սկսել

Գովազդային աշխարհի զարգացմանը համընթաց սկսեց կարևորվել վիզուալ կոմունիկացիան՝ որպես տեղեկատվության փոխանցման ամենաարագ, ընկալելի ու յուրահատուկ միջոց:

Վիզուալ կոմունիկացիայի հիմնական պատասխանատուն գովազդի մասնագետներն ու դիզայներներն են։

Դիզայնը տարբեր է լինում՝ անիմացիոն դիզայն, ճարտարապետական դիզայն, վեբ դիզայն, խաղերի դիզայն, գրաֆիկական դիզայն, հագուստի դիզայն, ինտերիերի դիզայն և այլն։

Գրաֆիկական դիզայների աշխատանքը միավորում է արվեստն ու տրամաբանությունը։ Գրաֆիկական դիզայները լուծում է մի քանի խնդիր՝ նրա ստեղծած պրոդուկտը պետք է ծառայի մարքեթինգային նպատակներին, համապատասխանի կազմակերպության առանձնահատկություններին, լինի վառ, հիշվող ու չկրկնվող։

Գրաֆիկական դիզայնի պատմություն

Գրաֆիկական դիզայնը գոյություն է ունեցել հազարամյակներ ի վեր․ Ֆրանսիայի հարավում, Հնդկասնատում, Ավստրալիայում և այլուր հայտնաբերված քարանձավային պարզունակ նկարներն ապացուցում են, որ գրաֆիկան ունի շատ հին պատմություն և համամարդկային արժեք է։

Դիզայնը որպես այդպիսին ձևավորվել է արդյունաբերական բումի շրջանում, իսկ գրաֆիկական դիզայն եզրույթն ի սկզբանե նշանակել է տեքստի և պատկերի մոնտաժ տպագրական էջի համար։ Այս փուլում դիզայնով զբաղվում էին արվեստի հետ կապ չունեցող մարդիկ, ինչն արտահայտվում էր որակի վրա։

20-րդ դարում եվրոպացի նկարիչներն իրենց ձեռքը վերցրին իրավիճակը և փոփոխություններ բերեցին ոլորտ։ Ձևավորվեցին դիզայնի ամերիկյան, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական դպրոցներ, որոնք իրենց մեծ ներդրումն ունեցան ոլորտի զարգացման և հետագայում ինտերնետային դիզայնի ձևավորման մեջ։

Գրաֆիկական դիզայնի տեսակները

Գրաֆիկական դիզայնը լայն հասկացություն է և ունի տարբեր ուղղություններ։

  • Տարածության գրաֆիկական դիզայն

Ճանապարհանշանները, փողոցներում, առևտրի և բիզնես կենտրոններում մեզ ուղղորդող նշանները նախագծում է գրաֆիկական դիզայները՝ այն հիմնական նպատակով, որ նշանը պետք է ակնթարթորեն ընթերցվի և հնարավորինս պարզ լինի ընկալման տեսանկյունից։

  • Կորպորատիվ ոճ և բրենդավորում

Յուրաքանչյուր կազմակերպություն ցանկանում է ունենալ իրեն բնորոշող ոճ, որով նրան հիշելու են հաճախորդները և տարբերակեն մրցակիցների մեջ։ Կորպորատիվ ոճը պետք է ուշադրություն գրավի և ստիպի հաճախորդին սպառել կազմակերպության պրոդուկտը։

Կորպորատիվ ոճի մշակմամբ զբաղվում է գրաֆիկական դիզայները՝ ստեղծելով լոգոտիպ, առաջարկելով տառատեսակներ և տարբերանշաններ, տպագրական նյութեր և պրեզենտացիոն ֆայլեր։ Բացի դա՝ դիզայները պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվական ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործել իր ստեղծածը։

  • Տառատեսակների նախագծում

Սա գրաֆիկական դիզայնի առանձին ճյուղ է և ամենաքիչն է ենթարկվում մոդայի փոփոխություններին։ 

  • Գովազդի դիզայն

Գովազդում շատ կարևոր է վիզուալ հաղորդակցությունը։ Գովազդի մասնագետները դիզայներին են փոխանցում շուկայի, թիրախային լսարանի վերաբերյալ հետազոտություններ, գովազդային կոնցեպտներ, իսկ դիզայները պահանջներին համապատասխան վիզուալ է ստանում։

  • Գրքերի, ամսագրերի ու թերթերի դիզայն

գրաֆիկական դիզայները մշակում է շապիկը, խորագրերի ոճը, էջերի ընդհանուր տեսքը, ինչպես նաև տալիս է առանձին գրաֆիկական տարրեր։ 

  • Ինտերնետ դիզայն

Այս ոլորտում գրաֆիկական դիզայներները պատրաստում են կայքերի, բաներների տեսքը՝ կորպորատիվ ոճին համապատասխան։

Ի՞նչ գիտելիքներ են պետք գրաֆիկական դիզայներ դառնալու համար

գրաֆիկական դիզայն մասնագիտություն ձեռք բերելու համար անհրաժեշտ են բազային տարբեր գիտելիքներ, ինչպես նաև գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն։

  • Դիզայնի հիմքեր՝ նկարչության հիմքեր, գունագիտություն, կոմպոզիցիա
  • Գրաֆիկայի և գրաֆիկական տեխնիկաների իմացություն, տպագրություն։ տառատեսակների, լուսանկարների և իլյուստրացիաների հետ աշխատանքի հմտություններ։
  • Adobe Photoshop, Adobe Illustrator, QuarkXPress‚ CorelDraw ծրագրերի իմացություն։
  • Դիզայնի մեջ խորանալու և մասնագիտանալու համար անհրաժեշտ են նաև Adobe Creative Suite-ի մնացած ծրագրերը՝ Acrobat, Dreamweaver, Illustrator, Premiere, Photoshop, InDesign и After Effects։
  • Էջադրման ծրագրեր՝ մասնագիտության մեջ խորանալու համար՝ InDesign, Ventura Publisher, TeX, FrameMaker։
  • 3D մոդելավորման ծրագրեր՝ 3DMax, Blender, SketchUp, ZBrush, Cinema 4D։

Գրաֆիկական դիզայների համար շատ կարևոր է անդադար ինքնակատարելագործումը։ Թրենդների, տենդենցների իմացությունը, Behance-ում այլ դիզայներների աշխատանքների ուսումնասիրությունն ընդլայնում են աշխարհայացքը և զարգացնում գեղարվեստական ճաշակը։ Այս ամենը կօգնի տեղում չդոփել և առաջ շարժվել։

Պորտֆոլիո՝ գրաֆիկական դիզայների գլխավոր գործիքը

Առանց պորտֆոլիոյի անհնար է անցնել աշխատանքի կամ պատվերներ վերցնել։ Պորտֆոլիոն գրաֆիկական դիզայների այցեքարտն է, որը նա ցույց է տալու պատվիրատուին։ Պորտֆոլիոն կարելի է լրացնել երկու տարբերակով։ Կարելի է նայել, թե ինչ պատվերներ կան ֆրիլանս աշխատանքների բիրժայում և կատարել դրանք․ այս տարբերակը հանրավորություն է տալիս ծանոթանալ ընդհանուր պահանջներին, շուկայական գնին, հիմնական ոլորտներին։

Մյուս տարբերակով դու կարող ես ստեղծել քո մտքի եղածը՝ հորինել բրենդներ և դրանց համար լոգոտիպներ մշակել։

Որտե՞ղ սովորել գրաֆիկական դիզայն

Գրաֆիկական դիզայն սովորելու մի քանի տարբերակ կա։ Հայաստանյան բուհերն իրականացնում են գրաֆիկական դիզայնի ուսուցում, այնպես որ կարելի է դիտարկել բարձրագույն կրթություն ստանալու տարբերակը։

Մյուս տարբերակը գրաֆիկական դիզայնի դասընթացներն են․ մի քանի ամիս տևողությամբ ուսումնառությունը պատրաստում է լիարժեք մասնագետներ։

Ինքնակրթությունը ևս հնարավոր տարբերակ է․ համացանցը ողողված է գրաֆիկական դիզայնի դասերով, ուսուցանող նյութերով։

Գրաֆիկական դիզայների կարիերա կառուցելու համար կարևոր է նաև նեթվորքինգը՝ կապն ու շփումը այլ դիզայներների հետ։ Սկսնակների համար շատ կարևոր է բաց լինել քննարկումների, քննադատությունների համար, քանի որ միայն այդպես է հնարավոր կատարելագործվել։ Քեզ, իհարկե, կարող է թվալ, որ ամեն ինչ հիանալի գիտես, տաղանդավոր ես, իսկ քո ստեղծած ամեն միավոր կատարյալ է, բայց ողջամտությունը և ավելի հմուտ, ավելի փորձառու մարդկանց լսելը կարևոր է։

Խորհուրդներ գործող գրաֆիկական դիզայներից

  • Մի՛ բավարարվիր ձեռք բերածով

Շարունակական կրթությունը կարևոր է․ անհնար է, որ դու ամեն ինչ իմանաս, աշխարհը շատ արագ զարգանում է, փոփոխվում, առաջ են գալիս նոր մոտեցումներ, որոնց պետք է տիրապետել՝ շուկայում մրցունակ լինելու համար։

Հնարավոր է, որ մի քանի անգամ ստեղծել ես գլուխգործոցներ, քո լոգոտիպների մասին խոսել է ամբողջ քաղաքը․ սա չի նշանակում, որ դու արդեն գրաֆիկական դիզայնի աստվածն ես և պետք է քեզ ազատություն տաս։ Այս մասնագիտության մեջ վերելքներն ու անկումները հաջորդում են իրար․ այսօր ստեղծում ես հզոր վիզուալ, վաղը ոչինչ չի ստացվում և հակառակը։ Երբեք կանգ մի առ, չէ՞ որ վաղը պետք է ավելի լավը լինես, քան այսօր։

  • Վերամշակիր ուրիշների աշխատանքը

Շուրջբոլորդ դիզայններ են՝ հաջողված ու անհաջող։ Դու, միանշանակ, մտածել ես, թե ինչպես է կարելի բարելավել անհաջող դիզայնները։ Գործի՛ր։ Ի՞նչ կանեիր դու, եթե քեզ պատվիրած լինեին այդ աշխատանքը։ Սա հիանալի վարժանք է։

  • Բոլորը գոհ չեն մնալու

Գոյություն չունի այնպիսի վիզուալ լուծում, որը բոլորը կհավանեն։ Անգամ մի թիմի ներսում կարծիքները կարող են տարբեր լինել։ Պետք է հստակ հասկանալ, թե ինչ է պետք քո թիրախային լսարանին․ դիզայները պետք է հետազոտություններ անի՝ հասկանալու, թե ինչը որ դեպքում կաշխատի։

Գրաֆիկական դիզայնը հետաքրքիր, ընդգրկուն և ստեղծագործական ազատություններ տվող մասնագիտություն է, որն այսօր մեծ պահանջարկ ունի ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային աշխատաշուկայում։ Եթե քեզ հոգեհարազատ է արվեստը, գեղեցիկը, ունես մտքի թռիչք, ապա գրաֆիկական դիզայնը հենց այն ոլորտն է, որտեղ պետք է փորձես ուժերդ։