
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ո՞ր մասնագիտություններն են տուժելու
COVID-19-ն ազդում է ոչ միայն մարդկանց առողջության, այլ բացառապես բոլոր ոլորտների վրա:
Ամբողջ աշխարհը կարծես կանգ է առել և մեկուսացել՝ սպասելով հետագա զարգացումներին: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքան կտևի համաճարակը, ինչ տարածում կստանա, վարակի ինչ շտամմներ ի հայտ կգան: Մասնագետների կանխատեսումներն, ընդհանուր առմամբ, հուսադրող չեն: Տարեվերջին ակնկալվում է լուրջ տնտեսական ճգնաժամ, որը կարող է ավելի բացասական լինել, քան 2008 թվականին տեղի ունեցածը:
Այսօր արդեն պարզ է, որ վտանգված են փոքր ու միջին բիզնեսը, քանի որ ճգնաժամային պայմաններում համարվում են ամենախոցելին:
Իսկ ի՞նչ է կարատվում մասնագիտությունների հետ: Համաշխարհային տնտեսության մարտահրավերները պահանջում են ճկունություն ցանկացած իրավիճակում. կհաղթի նա, ով պատրաստ է պայքարել:
Ո՞ր մասնագիտություններն են տուժելու
Ստեղծված իրավիճակում մի շարք ընկերություններ անցել են հեռահար աշխատանքի: Այդուհանդերձ, կան հաստիքներ, որոնց պարտականություններն անհնար է կատարել հեռահար:
Գաստրոբիզնեսի աշխատակիցներ
Մատուցողներ, հյուրընկալներ, խոհարարներ՝ այս մասնագիտությունների տեր մարդիկ այժմ դադարել են աշխատել, քանի որ դա պարզապես անիմաստ է՝ ռեստորանները հաճախորդ չունեն, կրճատվել է դրամական հոսքը: Համեմատ բարվոք վիճակում են սննդի այն կետերը, որոնք կարողանում են առաջարկել առաքում:
Էքսկուրսավարներ
Զբոսաշրջության համընդհանուր չեղարկման հետ կապված՝ կանգնել է նաև էքսկուրսավարների աշխատանքը: Ե՛վ արտագնա, և՛ ներգնա էքսկուրսավարներն առկախ վիճակում են և սպասում են իրավիճակի հետագա զարգացմանը: Տուրիստական ընկերությունները ներկա պահին գերծանրաբեռնված են, քանի որ լուծում են չեղարկվող թռիչքների, գրանցումների հարցը:
Վաճառող-խորհրդատուներ
Առևտրի կենտրոնները փակ են, խանութների մեծ մասը՝ նույնպես, և մարդկանց շատ մեծ տոկոս մնում է տանը՝ սպասելով բարենպաստ փոփոխությունների: Ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության վերացումից հետո որոշ խանութներ կգնան օպտիմալացման ճանապարհով՝ կրճատելով աշխատակիցների քանակը և դրանով իսկ խնայելով ֆինանսական միջոցներ:
Էսթետիկ խնամքի մասնագետներ
Գեղեցկության սրահներն ու անհատ մասնագետները մնացել են առանց հաճախորդների. անհասկանալի իրավիճակում մատնահարդաումն ու թարթիչների լիցքն անցնում են հետին պլան: Բացի դա՝ նման ծառայությունները ենթադրում են, որ մասնագետներն ընդունում են մի քանի հաճախորդ և անմիջական շփման մեջ են նրանց հետ, ինչը վտանգավոր է համաճարակի պայմաններում:
Կրկնուսույցներ
Գաղտնիք չէ, որ մեր երկրում դեռևս կենսունակ է կրկնուսույցների ինստիտունը: Այս պարագայում նրանք ևս դադարել են աշխատել՝ դպրոցները փակ են, ծնողները վախենում են, երեխաներն օգտվում են առիթից: Որոշ կրկնուսույցներ անցել են օնյալն դասավանդմանը՝ փորձելով ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:
Ո՞ր մասնագիտություններն են շահելու
Ներկա պահին շահող դիրքում են այն մասնագետները, որոնք կարողանում են կատարել իրենց աշխատանքը հեռահար: Ամենայն հավանականությամբ, այդպիսի մասնագիտությունների պահանջարկը կաճի. մարդիկ, դասեր քաղելով ներկա իրադրությունից, կսկսեն սովորել նոր մասնագիտություններ, որոնք տալիս են հեռահար աշխատանքի հնարավորություն: Հնարավոր է նաև, որ համաճարակը խթան հանդիսանա ֆրիլանս աշխատանքի զարգացման համար:
Ծրագրավորողներ
Ծրագրավորումն ունի բազմաթիվ լեզուներ, մասնագիտացումներ, և դրանք բոլորը տալիս են տանից կամ աշխարհի ցանկացած կետից աշխատելու հնարավորություն: Սա այն մասնագիտությունն է, որ գնահատվում է ըստ արդյունքի:
Թարգմանիչներ
Մեզ մոտ դեռևս ընդունված չէ, բայց ամբողջ աշխարհն արդեն հասկացել է՝ կարիք չկա, որ թարգմանիչները (խոսքը համաժամանակյա թարգմանության մասին չէ) աշխատավայրում գտնվեն ժամը 9:00-ից 18:00-ն: Թարգմանիչների դեպքում ևս կարևոր պայման է որակն ու ժամկետների պահպանումը, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է:
Օտար լեզվի դասավանդող
Լեզու սովորելու համար պարտադիր չէ իրար կողքի նստելը. ժամանակակից աշխարհը վաղուց զարգացել է և տալիս է հեռահար ուսուցման հնարավորություն:
Վերլուծաբաններ
Այս մասնագիտության դեպքում անգամ տարօրինակ է աշխատանքային ֆիքսված գրաֆիկն ու աշխատանքը գրասենյակից: Վերլուծաբանները հանգիստ կարող են աշխատել տարբեր կազմակերպությունների և լրատվականների հետ՝ ապահովելով նրանց անհրաժեշտ կոնտենտով:
Վաճառքի մասնագետներ
Այս պահանջված մասնագիտության դեպքում մի փոքր բարդ է, քանի որ նրանք անընդհատ կապի մեջ են ոչ միայն հաճախորդների, այլ նաև ընկերության ղեկավարության հետ, քննարկում են բազմաթիվ նրբություններ: Այդուհանդերձ, հեռահար աշխատանքը հնարավոր է՝ CRM համակարգերն օնլայն են, հաղորդակցությունը հնարավոր է համացանցի միջոցով:
Թվային մարքեթինգի ոլորտի աշխատողներ
SMM, SEO մասնագետներն ու քոփիրայթերներն ամենաշահեկան դիրքում են: Առհասարակ, ժամանակակից աշխարհը դադարել է պահանջել նրանց ներկայությունը գրասենյակում: Նրանց դեպքում կարևոր է պատվիրատուների հետ ճիշտ կոմունիկացիան, ժամկետների պահպանումը. ի՞նչ տարբերություն, թե որտեղ է գտնվում SMM մասնագետը, եթե այսպես թե այնպես աշխատելու է համակարգչով:
Ինչպես տեսնում ենք՝ ամենաճկունը համացանցի հետ կապված աշխատանքն է, ինչն ապացուցում է, որ ապագան թվային է լինելու:
Համաճարակից հետո լինելու են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար պետք է պատրաստ լինես նորը սովորել, նոր մասնագիտություն ձեռք բերել: Բարեբախտաբար, դա հնարավոր է օնլայն դասընթացներով, և կարանտինի պատճառով ազատված ժամանակդ կարող ես արդյունավետ օգտագործել: