Image Alt

BDG

Ինչպե՞ս պահպանել թիմը համաճարակի ժամանակ. HR մասնագետի դերը

Երբ ընկերության աշխատակիցները միասին են և գտնվում են աշխատավայրում, պահպանվում է ընդհանուր տեմպը, մոտիվացվածությունը: Այժմ մենք գտնվում ենք մեզ համար անսովոր իրավիճակում՝ հեռահար աշխատանք, բացառապես օնլայն հաղորդակցություն:

Համաճարակի տարածումը կանխելու համար մտցվել են մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են նաև աշխատանքի կազմակերպմանը: Ընկերություններն անցնում են հեռահար աշխատանքի, և այն գործը, որը հնարավոր է կատարել տանից, աշխատակիցներն անում են՝ ցուցված ժամերին լինելով համակարգչի մոտ, շփվելով գործընկերների հետ և հետևելով վերջնաժամկետներին:

Հեռահար աշխատանքի դրական կողմերի մասին շատ է խոսվել. որո՞նք են տանից աշխատելու հիմնական խնդիրները:

Հեռահար աշխատանքի հիմնական խնդիրները

Հիմնական խնդիրները կապված են լինում շեղող հանգամանքների հետ՝ ընտանիքի անդամներ, ընտանի կենդանիներ: Տանից աշխատանքը պահանջում է կազմակերպչական լուրջ հմտություններ. դժվար է երեխաներին բացատրել, որ մայրիկը տանն է, բայց աշխատում է, չի կարելի նրան անընդհատ շեղել: Կամ սիրելի կատուն, տեսնելով տիրոջը, ամեն կերպ փորձում է նրա ուշադրության կենտրոնում լինել: Իսկ կատուներին, ինչպես գիտենք, դժվար է մերժելը:

Խնդիրների մյուս տեսակը տեխնիկական է՝ էլեկտրաէներգիայի անսպասելի տատանում, ինտերնետ կապի դանդաղություն, հին համակարգիչ, հարմար աշխատասեղանի բացակայություն: Մարդկանց մեծ մասը, տարիներ շարունակ աշխատելով գրասենյակներում, ուշադրություն չի դարձնում այս պայմաններին, իսկ կտրուկ հեռահար դարձած աշխատանքը կարող է տարբեր անակնկալներ մատուցել:

Այս խնդիրների հետ մեկտեղ տանը պարփակված մարդն ունենում է այլ, հաճախ՝ հոգեբանական խոչընդոտներ:

Հեռահար աշխատանքի հոգեբանական խոչընդոտները

Պետք է արձանագրել, որ հեռահար աշխատանքն այս իրավիճակում ոչ թե ընտրություն է, այլ միակ հնարավոր ելք, ուստի հոգեբանական խոչընդոտներն անխուսափելի են:

COVID-19 վարակի ահագնացող տարածումը ստիպում է ընկճող մտքեր ունենալ: Կանխատեսումներն այդքան էլ դրական չեն, և բնական է, որ մարդկանց մոտ սթրեսը շատանում է: Հեռահար աշխատանքի անցած մարդիկ բացառություն չեն. անորոշությունը, վատ կանխատեսումները, հիվանդների թվի աճը դարձնում են նրանց լարված, նյարդային: Գումարած այդ ամենին՝ աշխատանքային սթրեսը, չէ՞ որ հանպատրաստից հեռահար դարձած աշխատանքը միշտ չէ, որ հարթ է ընթանում:

HR մասնագետի դերը սթրեսի հաղթահարման գործում

Այսպիսի անցումային փուլերում ընկերությունների տնօրենները զբաղված են լինում ռազմավարական խնդիրներով և փորձում են բիզնեսը ճգնաժամից դուրս բերել: Այդ իսկ պատճառով նման իրավիճակներում աշխատակիցներին աջակցելու պարտավորություն մնում է HR մասնագետի ուսերին:

Ի՞նչ խնդիրներ կարող են լինել և ինչպես կարող է HR մասնագետն օգնել

  • Միայնության զգացողություն

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում շատ դժվար է պահպանել լավատեսությունը, առաջանում է միայնության կրծող ու տհաճ զգացողություն: HR մասնագետը կարող է լուրջ ներդրում ունենալ այս հարցում՝ պահպանելով աշխատակիցների հետ անձնական շփումը, պարբերաբար հետաքրքրվելով նրանց զգացմունքներով: Նա պետք է թույլ չտա, որ աշխատակիցները միայնակ ու անտեսված զգան իրենց:

  • Անիմաստության զգացողություն

Տագնապը թուլացնում է բոլոր էմոցիաները՝ թողնելով միայն սնվելու, քնելու կարիքները: Չորս պատերի ներսում սկսում է անիմաստ թվալ ամեն ինչ. ի՞նչ կարիք կա աշխատելու, զարգանալու, առաջ գնալու, եթե ներկան մոխրագույն է, իսկ ապագան՝ մշուշոտ:

Սովորական պայմաններում HR-ի դերերից մեկն աշխատակիցների մոտիվացիան պահպանելն է, իսկ ճգնաժամային իրավիճակում՝ առավել ևս: Նա պետք է անհատական և խմբային շփումների ժամանակ հիշեցնի, որ կան մեծ նպատակներ, և բոլորը համախմբվել են դրանց շուրջ, ճգնաժամն անցողիկ է: Հմուտ HR մասնագետը գիտի, որ այս ամենը պետք է շատ նուրբ անել, հակառակ դեպքում աշխատողները կնկատեն արհեստական վերաբերմունք, և նրանց բացասական զգացմունքները կխորանան:

  • Տագնապային մտքեր

Այս խնդիրը դժվար է բացահայտել. մարդիկ հետևում են բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների, որոնց մի մասն ապատեղեկատվություն է տարածում: Լարված իրավիճակում ապատեղեկատվությունը կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը և տառապում տագնապային մտքերից:

HR մասնագետն այսպիսի իրավիճակում պետք է դառնա վստահելի աղբյուր, տիրապետի պաշտոնական տեղեկատվությանը, այն փոխանցի աշխատակիցներին: Նա պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի, պետք չէ սպասել հարցերի: HR-ը պետք է պատմի, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը, խոսի նման իրավիճակում վարձատրության մասին: Որքան տեղեկացված են աշխատողները, այնքան քիչ է տագնապը:

Համաճարակը ստեղծել է դժվար իրավիճակ պետության, բիզնեսի և քաղաքացիների համար, սակայն դա հաղթահարելի է: Պետք է ստեղծել փոխօգնության, փոխվստահության մթնոորտ՝ հիշելով նոր հնարավորությունների մասին: