Մոտակա Դասընթացներ

Product Management | From Idea to Launch

Սարգիս Բուդաղյան /
2020-07-21

Practical Digital Marketing

Արեգ Վարդանյան /
2020-07-11

Graphic Design

Լիդիա Պակովա /
2020-07-13

Programming Fundamentals with C++

Հովհաննես Տոնականյան /
2020-07-18

Հարկային Օրենսդրություն

Էդգար Վահրադյան /
2020-07-25

MS Excel 0-ից. պրակտիկ դասընթաց

Անի Հարությունյան /
2020-07-21

HR Management

Անուշ Մ. և Սոնա Հ. /
2020-07-22

Հաշվապահություն սկսնակների համար

Հռիփսիմե Վարդանյան /
2020-07-25

SMM Architecture

Արման Չիլինգարյան /
2020-07-28

Image Alt

BDG

10 խորհուրդ, թե ինչպես «չգժվել» մեկուսացման ընթացքում

Կարանտին, օր․․․ արդեն չենք հիշում, թե քանի օր է անցել։ Ժամանակը մեկ արագ է թռչում, մեկ ձգվում-ծորում է։

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկված կարանտինի հանդեպ վերաբերմունքը տարբեր էր՝ մարդկանց մի մասը չէր պատկերացնում, թե ինչպես է այդքան երկար ժամանակ մնալու 4 պատերի ներսում, մյուս մասն, ընդհակառակը, ուրախ էր տանը մնալու և ամբողջ ժամանակն ընտանիքի անդամների հետ անցկացնելու հեռանկարին։

Սկզբում մենք ուրախացանք, որ այդքան ազատ ժամանակ ունենք, նշանակում է՝ կարող ենք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը, որոնք արդեն շատ երկար սպասում են իրենց հերթին։ Ինչքան ֆիլմեր, գրքեր, դասընթացներ կան, որ պետք է դիտենք, կարդանք, մասնակցենք․․․ Իրականում, մեզնից շատերը ոչ մի բան էլ չարեցին՝ մի երկու ֆիլմ նայեցին, հետո հայացքը գցեցին դարակին շարված գրքերին ու անցան լրահոսը թերթելուն։

Սա շատ բնական արձագանք է կենդանի օրգանիզմի կողմից․ սթրեսը շատ է, ընդհանուր տրամադրությունները՝ բացասական, օր օրի ավելանում է վարակվածների թիվը։ Այս ամենը մեզ թույլ չի տալիս լիարժեք օգտվել ստեղծված իրավիճակից, ազատված ժամանակը ծառայեցնել ինչ-որ օգտակար զբաղմունքի։

Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը մեկուսացման օրերին

Նկատե՞լ ես, որ լիիրավ գարուն է, օրը ուշ է մթնում, հիանալի եղանակ է։ Սրտի ցավով արձանագրում ենք, որ մենք բաց ենք թողնում տարվա ամենագեղեցիկ ժամանակը։

Այս տխուր մտքերը շատերիս են տանջում։ Վատ տրամադրությունը կուտակվում է, աշխատանքային խնդիրները ոչ մի տեղ չեն անհետացել, միանման առօրյան սկսում է ճնշել, և մենք դառնում ենք ռումբ, որը կարող է ամեն վայրկյան «պայթել» ու «վնասել» մեզ, մեր ընտանիքի անդամներին, ընկերներին։

Այս բարդ ու լարված իրավիճակում սկսում է թվալ, որ ուր որ է՝ կխելագարվես։

Մենք առանձնացրել ենք 10 խորհուրդ, թե ինչպես պահպանել հոգեկան առողջությունը․

  • Առավոտյան վաղ արթնացիր

Երկար քնելու գայթակղությունը շատ մեծ է, թվում է՝ երկար քնելով հնարավոր է լրացնել այդքան երկար ժամանակ տևած քնի կարոտը։ Մի՛ տրվիր գայթակղությանը, երկար քունը խախտում է բոլոր բիոռիթմերը, ինչն ազդում է առողջության վրա։ Վաղ արթնացիր, փորձիր օրվա առաջին կեսին անել բոլոր առաջնահերթ գործերը։

  • Թեթև մարզանք արա

Անգամ եթե ամբողջ կյանք խուսափել ես ֆիզիկական վարժություններից, հիմա դա կենսական անհրաժեշտություն է, քանի որ կտրուկ կրճատվել են մեր ֆիզիկական ակտիվությունները։

  • Ծրագրիր օրը

Կազմիր օրվա պլանը։ Եթե հեռավար աշխատանքի մեջ ես, դա ավելի կհեշտացնի գործը։ Սահմանիր վարժանքների, աշխատելու, ընդմիջելու ժամանակը, գտիր երեկոյան ժամերը հետաքրքիր դարձնելու տարբերակ։ Թույլ մի՛ տուր, որ ծուլությունը հաղթի քեզ։

  • Ժամանակ հատկացրու երեխաներին

Երկու կամ ավելի երեխա ունեցող ծնողների հոգեկանը դարձել է ամենախոցելին այս իրավիճակում։ Սովորական ժամանակներում երեխաները մանկապարտեզ կամ դպրոց էին հաճախում, իսկ հիմա նրանք տանն են։ Հեռավար դասերից հետո նրանց պետք է զբաղեցնել։ Սա շատ մեծ դժվարություններ է ստեղծում աշխատող ծնողների համար։ Բայց պետք է հիշել, որ սա շատ լավ հնարավորություն է ուշադրություն դարձնել երեխաներին, խորապես ծանոթանալ նրանց նախասիրություններին։

  • Կարգի հրավիրիր գործերը

Կյանքի արագ տեմպը խառնաշփոթ է ստեղծում, գործերը կուտակվում են և այդպես էլ վերջնական տեսքի չեն հասնում։ Հիմա այլևս պետք չէ հետաձգել դրանցով զբաղվելու հարցը։

  • Կարգի բեր տունը

Մեր կյանքն անցնում էր անվերջ վազքի մեջ, անգամ չէինք հասցնում կարգի բերել տունը, պահարանները։ Ժամանակ հատկացրու և դասավորիր գրադարակը, կարգի բեր պահարանը՝ թողնելով միայն այն հագուստը, որն իսկապես կրում ես։ Ի դեպ, Հին Արևելքում կարծում էին, որ դարակները, պահարանները կարգի բերելով՝ մենք կարգի ենք բերում մեր հոգեկանը, «դասավորում» ենք այն և ազատվում ավելորդ տագնապներից, մտքերից։

  • Խնամիր քեզ

Այս իրավիճակը լավ հնարավորություն է սեփական մարմնի մասին հոգ տանելու համար։ Հետևիր սննդակարգին, շատ ջուր օգտագործիր, հրաժարվիր վնասակար սնունդից։ Կարող ես մաշկի, մազերի խնամքով զբաղվել՝ տան պայմաններում բնական միջոցներից պատրաստելով դիմակներ։ Օրգանիզմդ քեզ շնորհակալ կլինի։

  • Շատ կարդա

Անկախ նրանից, թե ինչ մասնագիտության տեր ես, ժամանակ հատկացրու գեղարվեստական գրականության ընթերցմանը։ Վաղուց արդեն ապացուցված է, որ այն զարգացնում է մտածողությունը, ավելի գրագետ դարձնում, ինչի շնորհիվ ձևավորվում է քո աշխարհայացքը։

  • Սահմանափակիր լրահոսը

Գիտենք՝ դժվար է նորություններից կտրվել, բայց վստահեցնում ենք՝ ոչինչ չի փոխվի, եթե օրվա ընթացքում ծանոթանաս միայն Հայաստանի իրավիճակին։ Պետք չէ ուշիուշով հետևել իրադրությանը ԱՄՆ-ում կամ Իտալիայում, կարդալ բոլոր քիչ թե շատ հայտնի մարդկանց կանխատեղումները վարակի վերաբերյալ։ Մենք այն ենք, ինչ սպառում ենք։ Մի՛ սպառիր վատ տեղեկատվություն։

  • Վերհիշիր քո հոբբին

Վստահ ենք՝ տանն ունես վաղեմի հոբբիիդ համար անհրաժեշտ պարագաները։ Ձեռագործ օճառներ, գեղանկարչություն, ասեղնագործություն, զարդերի պատրաստում․․․ հանի՛ր անհրաժեշտ պարագաները ամենահեռու դարակից, փորձիր վերհիշել այն ոգևորությունը, որով գնում էիր այս ամենը։ Չէ՞ որ Ամանորին նվեր էիր ստացել կարի մեքենա, որի մասին այդքան երազում էիր։ Քանի՞ անգամ ես այն օգտագործել։ Անգամ եթե հոբբիի հանդեպ սերը չարթնանա, դու կիմանաս, որ կարանտինի ավարտին կարող ես այդ պարագաները նվիրել այն մարդկանց, ում դա հետաքրքիր է։

Բարդ օրեր են, և դրանք բարդ են բոլորիս համար։ Պետք չէ ուշադրությունը սևեռել բացասականի վրա, քանի որ այդպես միայն մեզ ենք վնասում։ Եկե՛ք միասին հաղթահարենք այս իրավիճակը՝ դառնալով ավելի ուժեղ, ավելի հանդուրժող ու ավելի տոկուն։