Image Alt

BDG

Ոչ վերբալ հաղորդակցություն և բիզնես․ ինչպե՞ս կիրառել

Ոչ վերբալ հաղորդակցությունը ոչ-լեզվական տեղեկատվության փոխանցման գործընթացն է՝ տեսողական, լսողական, հոտառական, շոշափողական, ֆիզիկական և այլ ազդանշանների միջոցով։ Ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ շփման գործիք է դառնում մարդու  մարմինը։ Ոչ վերբալ հաղորդակցությունն անվանվում է նաև ժեստերի կամ մարմնի լեզու (body language):

Ոչ վերբալ հաղորդակցությունն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնց գրագետ կիրառումը մեծ օգտակարություն ունի ինչպես միջանձնային, այնպես էլ գործարար հարաբերություններում։

Ոչ վերբալ հաղորդակցությանը բնորոշ բոլոր տարրեը փոխանցվել են ոչ վերբալ բիզնես հաղորդակցությանըհաղորդակցությունը ներառում է ոչ միայն կինեմատիկ բաղադրիչները, այլ նաև արտալեզվական տարրերը՝ ձայնի տոնայնություն, տեմպ, առոգանություն և այլն։

Ի՞նչ դեր ունի ոչ վերբալ հաղորդակցությունը բիզնեսում

Ոչ վերբալ հաղորդակցության շնորհիվ բարձրանում է գործնական բանակցությունների դերը, քանի որ բանակցող կողմերին նոր զենքեր է տալիս։ Այս «զենքերի» առավելությունն այն է, որ դրանց գործածումն ակնհայտ չէ, այլ կարծես տեղի է ունենում հընթացս։ 

Ոչ վերբալ հաղորդակցության առավելությունները

Գլխավոր առանձնահատկությունը վերաբերում է ոչ վերբալ հաղորդակցության գործածմանը․ այդ պետք է կիրառվի զգուշությամբ, քանի որ ակնհայտ լինելու դեպքում կորցնում է օգտակարությունը։ Ոչ վերբալ հաղորդակցությունը լավագույնս աշխատում է այն պարագայում, երբ ինքնաբուխ է ստացվում․ դրան կարելի է հասնել անընդհատ վարժանքների միջոցով։

Ինչո՞ւ է կարևոր բնականությունը․ այս հարցի պատասխանը պարզ է՝ երբ զրուցակիցը տեսնում է, որ իրեն փորձում են մանիպուլացնել, իսկ ոչ վերբալ հաղորդկացության նպատակներից մեկն աննկատ և նուրբ մանիպուլյացիան է, նա սկսում է ընդդիմանալ, հակադրվել, անգամ եթե սկզբից դրական էր տրամադրված։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն մանիպուլացնում են։ Եթե, իհարկե, գլխի է ընկնում այդ մասին։

Շատ գործարարներ արդեն ուսումնասիրել կամ ներկայումս ուսումնասիրում են ոչ վերբալ հաղորդակցությունը՝ հասկանալով դրա կարևորությունը և ազդեցությունը դրական արդյունքի վրա։ 

Ոչ վերբալ հաղորդակցության մեթոդները

Ոչ վերբալ հաղորդակցությունն ունի մի քանի մեթոդներ, որոնք ներկայացնում ենք ստորև․

 

  • Կինեսիկա

 

Կինեսիկան շարժումն է՝ դիրքերի, ժեստերի, քայլվածքի, հայացքի, դիմախաղի համագումարը։ Սրանք լրացնում են խոսքը և այն ավելի արտահայտիչ դարձնում։ Այս մեթոդն օգնում է պահպանել դիմացինի ուշադրությունը, շեշտադրել խոսքի կարևոր տարրերը։ 

 

  • Տակեստիկա

 

Տակեստիկան հպումն է՝  ձեռքսեղմումը, համբույրը, և այլն։ Այս մեթոդը կիրառվում է այն ժամանակ, երբ զրուցակիցը գտնվում է մոտ տարածության վրա։ Ոչ վերբալ հաղորդակցման բոլոր տակտիլային տեսակները կարելի է բաժանել մասնագիտական, ընկերական, սիրային, ավանդույթային տեսակների։ Բնականաբար, գործնական հարաբերություններում օգտագործվում են մասնագիտական հպումները, որոնք միտված են զրուցակցի մոտ վստահություն առաջացնելուն։ Օրինակ՝ գովեստի նպատակով կիրառում ենք ուսին կամ մեջքին թեթևակի խփոցները, ողջույնի համար՝ ձեռքսեղմումը, որի ուժգունությունը ևս կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ։ Այս մեթոդը պետք է զգուշությամբ կիրառել և հաշվի առնել մշակութային տարբերություններն ու բիզնես էթիկետը։ 

 

  • Սենսորիկա

 

Սենսորիկան զգացական մեթոդն է, երբ ներազդվում են զրուցակցի զգացական գոտիները՝ հոտը, համը, գունային ընկալումը, ջերմաստիճանը։ Օրինակ՝ բանակցող գործարարները հանդիպում են նրանցից մեկի գրասենյակում, օդորակիչը կարող է պատահմամբ չաշխատել, իսկ սուրճը շատ տաք լինել։ Այս փոքրիկ կետերը կարող են լինել պարզապես զուգադիպություն, բայց փորձառու գործարարները գիտեն, որ դրանց ազդեցությունը կարող է վճռորոշ լինել։

 

  • Պրոքսեմիկա

 

Պրոքսեմիկայի՝ տարածության համակարգվածության հիմքում հաղորդակցման հեռավորությունն է։ Գոյություն ունեն հաղորդակցման հեռավորության 4 գոտի․ ինտիմ՝ 15-45սմ – ծնողներ, արյունակից բարեկամներ, տնային կենդանիներ, անձնական՝ 46-122սմ – պաշտոնական հարաբերություններ, բանակցություններ, սոցիալական գոտի՝ 122-360 սմ – անծանոթ մարդկանց հետ շփում, հասարակական գոտի՝ 360+ սմ – ելույթներ, դասախոսություններ, ժողովներ։

 

  • Խրոնեմիկա

 

Այս մեթոդը լայն կիրառություն ունի գործարար հարաբերություններում, քանի որ բարձր արդյունավետություն ունի։ Քննարկման ժամանակ զրուցակիցը մեկ երկարեցնում է խոսքը, մեկ շտապեցնում զրուցակցին՝ լիարժեք օգտագործելով խրոնեմիկայի մեթոդը։

 

  • Արտալեզվական տարրեր

 

Ոչ վերբալ հաղորդակցման արտալեզվական տարրերը՝ ձայնի տոնայնությունը, ռիթմը, առոգանությունը, անգամ միտումնավոր հազը, կարող են իրենց ազդեցությունն ունենալ հաղորդակցությունների վրա։

Ոչ վերբալ հաղորդակցության մեթոդների իմացությունն ու կիրառությունը լրացնում են հաղորդակցությունը, դարձնում այն առավել համոզիչ և օգնում հասնել բիզնես նպատակների։ Բիզնես հաղորդակցությունն առավել արդոյւնավետ դարձնելու և նոր մակարդակ բարձրացնելու համար առաջարկում ենք այս դասընթացը։