Image Alt

BDG

Օնլայն ուսուցման առավելությունները

Դինամիկ փոփոխվող աշխարհում կրթության ոլորտը, որքան էլ զարմանալի հնչի, մնում է ամենադանդաղ փոփոխվողը։ Անգամ թվում է, որ միայն Covid-19-ի նման համամարդկային աղետներն են ունակ առաջ գցել կրթական ոլորտի զարգացման ընթացքը։

Արդեն տևական ժամանակ է, որ մեր կյանքը տեղափոխվել է առցանց հարթակ՝ մանավանդ կրթական հատվածի առումով։ Դպրոցներն ու համալսարաններն ուսումնական տարին ամփոփեցին առցանց տարբերակով, իսկ դասընթացների մեծ մասը դարձավ օնլայն ձևաչափի՝ փորձելով հարմարվել նոր պայմաններին։

Անցումն օնլայն կյանքին ստիպեց մեզ վերաիմաստավորել կրթությունը՝ հրաժարվել ավելորդություններից, ամփոփվել կրթական հիմնաքարերը։ Եզրակացությունը մեկն է՝ ժամանակակից կրթությանն անհրաժեշտ է ճկունություն։ Միայն այդ հատկանիշի շնորհիվ հնարավոր կլինի դիմակայել աշխարհի փոփոխվող պայմաններին և մարտահրավերներին։

Օնլայն ուսուցումը մեզ ցույց տվեց, որ մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պետք է լինի բոլորիս գործունեության առաջնային նպատակներից մեկը։

Հասանելությունը, հավասարությունը, մատչելիությունն այն նախապայմաններն են, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից աշխարհը։

Որքան էլ որ օնլայն ուսուցման հետ կապված կարծրատիպերը կենսունակ լինեն, միևնույն է, դրական փորձն ավելի ուժեղ է և կոտրում է դրանք։

Որո՞նք են օնլայն ուսուցման առավելությունները

Մենք որոշել ենք ամփոփել օնլայն ուսուցման առավելությունները՝ ցույց տալու համար դրա ուժեղ կողմերն ու հնարավորությունները։

 

  • Հասանելի կրթություն

 

Ինչպես ցույց տվեց հայաստանյան բուհերի և դպրոցների փորձը՝ ներկայությունն օնլայն դասերին 80-90% էր, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան առկա ուսուցման դեպքում։ Սա նշանակում է, որ բարձրացել է հասանելիությունը՝ մարդիկ կարողանում են մասնակցել դասերին անգամ վատառողջ լինելու դեպքում, երբ առկա ուսուցումը սահմանափակում է դասերին ներկա գտնվելու հնարավորությունները։ Ինչ վերաբերում է համապատասխան կապի և սարքավորումների առկայությանը, ապա այս հարցն ընդհանուր առմամբ լուծելի է, քանի որ կապված է պատկան մարմինների կազմակերպչական աշխատանքների հետ։

 

  • Մեծ աշխարհագրություն

 

Առցանց ուսուցումն իսկապես վերացնում է բոլոր սահմանները՝ մանավանդ, երբ չկա լեզուների իմացության խնդիր։ Այսօր անգլերենով հասանելի են տասնյակ հազարավոր դասընթացներ ամենաբազմազան ոլորտներից, միայն ցանկություն է պետք։ Կապ չունի, թե որտեղ ես դու գտնվում, կարևոր է, որ լեզվի իմացությունը բավարարի։

 

  • Մատչելիություն

 

Ակնհայտ է, որ առցանց ուսուցումն անհամեմատ մատչելի է, քան ավանդականը, և ավելի թիրախային։ Մասնագիտական գիտելիքները հասանելի են միանգամից՝ առանց ամիսներ և տարիներ տևող հավելյալ դասընթացների։ Բացի դա՝ համացանցում կա անվճար կոնտենտի հսկայական քանակ, անգամ ամբողջական դասընթացներ, ինչը թույլ է տալիս ֆինանսական առումով առավել ազատ և վստահ լինել։

 

  • Հարմարություն

 

Անհամեմատելի առավելություն է օնլայն ուսուցման հարմարությունը։ Երբ մի կողմ ենք դնում ճանապարհը, ներկայանալի տեսքը և այլ նմանատիպ գործոնները, ունենում ենք խնայված հսկայական ռեսուրսներ՝ ժամանակի և ֆինանսի տեսքով։ Բացի դա՝ պետք է արձանագրենք, որ մարդիկ շատ տարբեր են, իսկ առկա ուսուցումը հաճախ ստիպում է պայքարել մեր էության դեմ։ Խոսքը և՛ օրվա ժամային գրաֆիկի մասին է, և՛ սոցիալական շփումների ծավալի, և՛ կոմֆորտի գոտիների, անձնական սահմանների։ Ժամանակն է ընդունել, որ մենք բոլորս տարբեր ենք և յուրահատուկ ենք հենց այդ տարբերություններով, իսկ կարծրացած համակարգերը ստիպում են մեզ հրաժարվել այդ յուրահատկությունից։

 

  • Ներառականություն

 

Ներառական կրթությունը այն կարևորագույն քայլերից է, որ անում է ցանկացած հասարակություն։ Այդուհանդերձ, գործնականում մնում եմ մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս լիարժեք կազմակերպել ներառական կրթությունը։ Մեր դպրոցները, համալսարանները հիմնականում խորհրդային տարիների շենք-շինություններ են, որոնք պարզապես անհնար է դարձնել հարմար տարբեր կարիքներ ունեցող աշակերտների և ուսանողների համար։ Դրա պատճառով շատերը ստիպված հրաժարվում են ուսուցման առկա մեթոդներից և նախընտրում տնային ուսուցումը, բայց այդպիսով ավելի է խորանում բացն ու խտրականությունը, իսկ ներառականությունն իր արժեքներով զիջում է դիրքերը։ Առցանց ուսուցումը հավասար դարձրեց բոլորին՝ թույլ տալով դասերին մասնակցել և՛ հատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին, և դրանց կարիքը չունեցողներին։

Ինչպես տեսնում ենք, օնլայն ուսուցումն ունի մեծ ներուժ, և միայն մեզնից է կախված, թե ինչպես ենք կարողանալու զարգացնել և օգտագործել այն։ Ամենայն հավանականությամբ՝ համավարակի անկումից հետո մենք նորից կվերադառնանք կրթության հին մոդելներին։ Մենք պետք է կարողանանք պահպանել օնլայն ուսուցման տված փորձն ու դասերը՝ համատեղելով դրանք արդեն ծանոթ պայմանների հետ։ Ի վերջո՝ բազմազանությունն ու ճկունությունն են, որ ուժեղ են դարձնում ցանկացած բան։