Image Alt

BDG

Ի՞նչ է UI/UX դիզայնը

UX և UI հասկացությունները մոտավորապես 70 տարի է, ինչ շրջանառության մեջ են, բայց առ այսօր որոշակիորեն անհասկանալի են մարդկանց մեծ մասի համար։ Որպես ժամանակակից աշխարհի ամենապահանջված մասնագիտություններից՝ UI/UX դիզայնը հետաքրքրում է շատերին, ուստի որոշել ենք մանրամասն անդրադառնալ UI-ին, UX-ին և մասնագետ դառնալու ուղիներին։

Ի՞նչ է UX դիզայնը

Հապավումն անգլերեն է՝ user experience, և նշանակում է օգտատիրոջ փորձառություն։ Այն ամփոփում է այն ամբողջ փորձը, որն ունենում է օգտատերը՝ առնչվելով կայքի կամ հավելվածի հետ։ UX դիզայնը պատասխանատու է ֆունկցիաների, պրոդուկտի ադապտիվության, օգտատիրոջ մոտ էմոցիաներ և հատկապես ինչպիսի էմոցիաներ առաջացնելու համար։ Պարզ ու հասկանալի ինտերֆեյսի շնորհիվ օգտատերը հեշտությամբ կատարում է թիրախային գործողությունը։

UX դիզայնն օգտատիրոջ փորձառության և վարքի վերլուծության հիման վրա ինտերֆեյսի պրոյեկտավորումն է։ Օգտատիրոջ փորձը կախված է բազմաթիվ գործոններից՝ կայքի ճարտարապետություն, գրաֆիկ դիզայն, հասկանալի տեքստ, ինտերֆեյսի արձագանքում հստակ գործողությունների և այլն։

Օգտատիրոջ տպավորությունները հիմնականում աբստրակտ են, իսկ UX դիզայները պետք է ուսումնասիրի նրանց սովորությունները, մշակի վարքի նախատիպեր և փորձարկումներ անի։ 

UX դիզայները պրոյեկտավորող է, որն ուսումնասիրում է օգտատերերի կարիքները, մշակում է ինտերֆեյսերի աշխատանքի տրամաբանական սխեմաներ, թեստավորում է նախատիպերը թիրախային լսարանի համար և կազմում է տեխնիկական առաջադրանք UI դիզայների համար։ UX դիզայներն ուսումնասիրում է վերլուծությունները, ստեղծում է ինտերֆեյսի տարրերի և դրանց տեղադիրքի միջև կապ։ 

Ի՞նչ է UI դիզայնը

User interface՝ օգտատիրոջ ինտերֆեյս, ներառում է նախատիպի վիզուալացումը, որը մշակվել է օգտատիրոջ փորձի և թիրախային լսարանի ուսումնասիրության հիման վրա։

UI դիզայնը ներառում է ինտերֆեյսի գրաֆիկական հատվածի աշխատանքը՝ անիմացիա, ինլուստրացիա, կոճակներ, մենյու, սլայդերներ, լուսանկարներ, տառատեսակներ։

UI դիզայներն է որոշում կայքի գունապնակը, օբյեկտների տեղաադիրքը ինտերֆեյսում՝ հաշվի առնելով կոճակների հարմարությունը, մենյուի պատուհանների աշխատանքը, ադապտիվությունը սմարթֆոնների հետ։ Նա մշակում է նախատիպը, վերջնական տեսքի բերում բաղադրիչները և հավաքում այդ ամբողջը վերջնական մակետում։ UI դիզայները պետք է կարողանա գրագետ կազմակերպել ինտերֆեյսի տարրերը, պահպանել միասնական ոճը և փոխազդեցության տրամաբանությունը։

UI դիզայների գլխավոր նպատակն է օգնել օգտատիրոջն արագ և առանց սթրեսի հասկանալ, թե ինչպես է պետք փոխազդել պրոդուկտի հետ։ 

Ինչպիսի՞ն պետք է լինի UX/UI դիզայնը

Կան մի շարք պահանջներ, որոնց պետք է համապատասխանի UX/UI դիզայնը, հակառակ դեպքում հարմար և տրամաբանված կայքերի մասին կարելի է մոռանալ։

 

  • Պարզություն

 

Ինտերֆեյսում պետք է բացառված լինեն երկիմաստությունները, իսկ տեքստն ու կառուցվածքը պետք է ուղղորդեն օգտատիրոջը դեպի նպատակ։ 

 

  • Լակոնիկություն

 

Ինտերֆեյսը չպետք է ծանրաբեռնված լինի տարբեր բաղադրիչներով, անիմացիաներով և պատուհաններով։ Պետք է անխնա հրաժարվել այն ամենից, ինչը ձևի կամ բովանդակության առումով օգուտ չի բերում կայքին։ 

 

  • Ճանաչելիություն

 

Դիզայնի տարրերը պետք է ճանաչելի լինեն, եթե օգտատերը տեսնում է կայքն առաջին անգամ։ Կայքի բոլոր տարրերը պետք է լինեն տրամաբանված և տարօրինակ չլինեն օգտատիրոջ համար։

 

  • Արձագանքողականություն

 

Կայքի ինտերֆեյսը պետք է արագ արձագանքի օգտատիրոջ գործողություններին։ Օգտատիրոջ համար պետք է միանգամից հասկանալի լինի՝ հաստատվե՞լ է արդյոք պատվերը, ընդունվե՞լ է վճարումը և այլն։

 

  • Կայունություն

 

Կայքի կամ հավելվածի բոլոր էջերում ինտերֆեյսի կայունություն է պետք․ մենյուն, կապի կոճակը կամ այլ տարրեր պետք է մնան իրենց տեղում էջից էջ անցնելիս։

 

  • Էսթետիկություն

 

Ինտերֆեյսերը պետք է վիզուալ առումով գրավիչ լինեն, որ օգտատիրոջ համար կայքում գտնվելուն ու աշխատելը հաճելի լինեն։ 

 

  • Արդյունավետություն

 

Ինտերֆեյսը պետք է արդյունավետ լինի, օգնի մարդկանց արագ ու առանց ավելորդությունների հասնել իրենց նպատակին։

Որո՞նք են UX և UI-ի տարբերությունները

Այս երկու ուղղություններն այնքան փոխկապակցված են, որ գործնականում այս ամենով զբաղվում է մեկ մասնագետ, շատ հազվադեպ են տարանջատված UX և UI դիզայներներ հանդիպում։

Ինչպես արդեն նշել ենք, UX դիզայները պլանավորում է, թե ինչպես է օգտատերը փոխազդում ինտերֆեյսի հետ, ինչպիսի քայլեր պետք է անի, որ հասնի նպատակին։ Իսկ UI դիզայները որոշում է, թե ինչպիսի տեսք պետք է այդ ամենն ունենա։

Ինչպե՞ս դառնալ UX/UI մասնագետ

Արտասահմանյան փորձառությունը մեզ ցույց է տալիս, որ գործնականում կարելի է խորանալ կա՛մ UX-ի, կա՛մ UI-ի մեջ։ Այդուհանդերձ, մեր իրականության մեջ ավելի շատ հանդիպում է մեկ՝ UX/UI դիզայնի մասնագետ։

Ուսումնառության լավագույն տարբերակը շարունակում են մնալ ինքնակրթությունն ու դասընթացները, համալսարանական կրթությունը չի նախատեսում UX/UI մասնագետի պատրաստում։

UX/UI մասնագետ դառնալու համար շատ կարևոր է ունենալ զարգացած տրամաբանություն, ստեղծագործական մտածելակերպ և պատրաստ լինել նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելուն։

Այս հեռանկարային մասնագիտությունը ոչ միայն բարձր է վարձատրվում ու պահանջված է, այլ նաև դինամիկ է, հնարավորություն է տալիս կատարելագործվելու և առաջ շարժվելու։