Image Alt

BDG

Ի՞նչ է պետք իմանալ Agile հռչակագրի մասին

Ժամանակակից աշխարհի տեմպը թելադրում է իր կանոնները՝ լինել ճկուն, արագ արձագանքել փոփոխություններին և անընդհատ աշխատել արդյունավետության բարձրացման վրա։

Այս կանոններն առավել շատ գործում են բիզնես միջավայրում․ 21-րդ դարում մրցունակ լինելու համար ընկերությունները պետք է կարողանան տրանսֆորմացվել և հարմարվել խաղի նոր պայմաններին։

Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր։

Տարեցտարի վերանում են աշխատանքի բաշխման և կառավարման հին մոտեցումները՝ իրենց տեղը զիջելով առավել արդյունավետ մեխանիզմներին, ինչպիսին է Project Management-ը՝ նախագծերի կառավարումը։

Agile մեթոդաբանությունը նախագծերի կառավարման մոտեցումներից մեկն է, որի պահանջարկը գնալով աճում է՝ պայմանավորված դրա բարձր արդյունավետությամբ։

Agile Project Management-ն օգնում է ճիշտ կազմակերպել և կառավարել աշխատանքային գործընթացները և բարձր արդյունքներ գրանցել՝ շնորհիվ այն բանի, որ արագացնում է product delivery-ն և առավել արդյունավետ է դարձնում թիմային աշխատանքը։

Ի՞նչ է Agile հռչակագիրը

Agile մեթոդաբանությունը հիմնված է հստակ արժեքների և սկզբունքների վրա, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած որոշում կայացնելիս ունենալ ճիշտ կողմնորոշիչներ։

Agile հռչակագիրը՝ Agile Manifesto-ն, ստեղծվել է 2000-ականներին ԱՄՆ-ի Յուտա նահանգում, որտեղ հավաքվել էին «Agile Alliance»-ի անդամները՝ ծրագրավորման տարբեր մեթոդաբանությունների 17 անկախ մասնագետներ։

Հռչակագիրը հասանելի է 50-ից ավելի լեզուներով և բաղկացած է 4 արժեքներից ու 12 սկզբունքներից։

Որո՞նք են Agile Manifesto-ի արժեքները

Agile հռչակագրի 4 արժեքներն ունեն հետևյալ բովանդակությունը․

  1. Մարդիկ և փոխազդեցություններն առավել կարևոր են, քան գործընթացներն ու գործիքները
  2. Աշխատող պրոդուկտն առավել կարևոր է, քան համապարփակ փաստաթղթավորումը
  3. Համագործակցությունը հաճախորդի հետ առավել կարևոր է, քան պայմանագրի պայմանների համաձայնեցումը
  4. Փոփոխություններին պատրաստ լինելն առավել կարևոր է, քան առաջնային ծրագրին հետևելը

Ինչպես նշում են հեղինակները՝ նրանք չեն բացառում նախադասությունների առաջին մասի կարևորությունը, բայց ավելի շատ գնահատում են երկրորդ մասը։

Որո՞նք են Agile Manifesto-ի սկզբունքները

Հիմա ծանոթանանք Agile հռչակագրի 12 սկզբունքներին։

  1. Ամենաբարձր առաջնահերթությունը հաճախորդի պահանջների բավարարումն է՝ շնորհիվ արժեքավոր ծրագրային ապահովման կանոնավոր և վաղաժամ մատուցման։
  2. Պահանջների փոփոխությունը ողջունելի է անգամ մշակման ուշ փուլերում։
  3. Աշխատող պրոդուկտ պետք է թողարկել հնարավորինս հաճախ՝ երկու շաբաթից մինչև երկու ամիս կտրվածքով։
  4. Պրոյեկտի վրա աշխատանքի ողջ ընթացքում նախագծողներն ու բիզնեսի ներկայացուցիչները պետք է ամեն օր աշխատեն միասին։
  5. Պրոյեկտների վրա պետք է աշխատեն մոտիվացված պրոֆեսիոնալներ։ Որպեսզի աշխատանքը կատարվի, ստեղծեք պայմաններ, ապահովեք աջակցություն ու ամբողջապես վստահեք նրանք։
  6. Անմիջական շփումները ամենաարդյունավետ և պրակտիկ միջոցն են տեղեկատվության փոխանակման համար ինչպես թիմի հետ, այնպես էլ թիմի ներսում։
  7. Աշխատող պրոդուկտը գործընթացի հիմնական ցուցանիշն է։
  8. Ներդրողները, նախագծողներն ու օգտատերերը պետք է ունենան անդադար ռիթմ պահպանելու հնարավորություն։
  9. Նախագծման տեխնիկական կատարելագործման և որակի հանդեպ անընդհատ ուշադրությունը բարձրացնում են պրոյեկտի ճկունությունը։
  10. Պարզությունը՝ որպես ավելորդ աշխատանքի նվազեցման արվեստ, անհրաժեշտություն է։
  11. Ամենալավ պահանջմունքները, ճարտարապետական ու տեխնիկական որոշումները ծնվում են ինքնակազմակերպվող թիմերի մոտ։
  12. Թիմը պետք է կանոնավոր կերպով վերլուծի արդյունավետության կատարելագործման հնարավոր միջոցները և համապատասխանաբար փոփոխել աշխատանքի ոճը։

Ինչի՞ համար է պետք իմանալ Agile Manifesto-ն

Այն թիմները, որոնք որոշել են ներդնել Agile մեթոդաբանությունը, պետք է նախևառաջ ծանոթանան այս մոտեցման գաղափարին, որը, ինչպես տեսանք, լավագույնս արտահայտված է հռչակագրում։

Շատ կարևոր է, որ Agile մեթոդաբանությամբ աշխատանքը լինի գիտակցած, իսկ թեման՝ մանրամասն ուսումնասիրված։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Agile-ը պարզապես չի աշխատի և չի տա առավելագույն արդյունավետություն, եթե դրա ներդրումը կրում է ձևական բնույթ՝ որպես տուրք նորաձև արտասահմանյան երևույթներին։

Մեթոդաբանության ճիշտ ներդրման և գործարկման դեպքում այն տալիս է լայն հնարավորություններ՝ կապված թիմային աշխատանքի, հաճախորդների հետ հարաբերությունների, կառավարման ճկունության և արդյունավետության բարձրացման հետ։