Image Alt

BDG

Project Management-ը IT-ում․ ի՞նչ առավելություններ կան

Ժամանակակից աշխարհի տեմպին զուգահեռ՝ զարգանում է նաև ՏՏ ոլորտը՝ պահանջելով աշխատանքի կազմակերպման յուրահատուկ մոտեցումներ։ Ինչպես շատերիս է հայտնի, IT ոլորտում անհնար է առաջնորդվել աշխատանքի կազմակերպման, բաշխման և վերահսկման հին մոտեցումներով։ Դրանք կորցրել են իրենց արդիականությունը և արդյունավետությունը՝ տեղը զիջելով առավել ճկուն ու թափանցիկ մոտեցումներին։

Ինչպես ՏՏ ոլորտը, այնպես էլ այլ նման ոլորտներ նախընտրում են Project Management-ը՝ նախագծերի կառավարումը։ Տարիներ շարունակ կառավարման այս մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը՝ շնորհիվ բազմաթիվ առավելությունների և լայն հնարավորությունների։

Նախագծերի կառավարումն ունի չափորոշիչներ և կանոններ, որոնք համընդհանուր են։ Միևնույն ժամանակ՝ գոյություն ունեն ոլորտային առանձնահատկություններ։

Փորձենք հասկանալ՝ ինչպիսին է Project Management-ը IT ոլորտում, ինչ նրբություններ կան։

Ինչպիսի՞ն է Project Management-ը IT ոլորտում

Մենք առանձնացրել ենք IT ոլորտում կենսական նշանակություն ունեցող գործոնները, որոնց հետ հաշվի է նստում ցանկացած Project Manager: Անդրադարձել ենք նաև այն հարցին, թե ինչպես են որոշակի հատկանիշներ դադարում լինել պարզապես մասնագիտական որակներ և դառնում են կյանքի մի մասը։

  • Շփման արվեստ

Նախագծի ղեկավարի աշխատանքային գործընթացում կարևորագույն տեղ են զբաղեցնում բազմատեսակ շփումները թիմակիցների, ղեկավարների, պատվիրատուների հետ։ Գործնական միջավայրում շատ արագ հղկվում և զարգանում են հաղորդակցման հմտությունները։ Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, այստեղ առաջնային կարևորություն ունեն հստակությունն ու պարզությունը։ Այսպիսի փորձառությունն իր հետքն է թողնում Project Manager-ների անձնային հատկանիշների վրա՝ դրական փոփոխություններ մտցնելով բոլոր հարաբերություններում։

  • Որոշումներ կայացնելու հմտություն

Project manager-ի աշխատանքի բնույթը մղում է ամեն քայլափոխի որոշումներ կայացնել՝ հաճախ շատ սթրեսային իրավիճակներում։ Նշանակում է, որ սթափ միտքն ու արագ կողմնորոշվելու հատկությունները նախագծերի ղեկավարի համար առօրյա մարտահրավերներ են։ Որոշումներ կայացնելը մեծ պատասխանատվություն է, բայց շատ կարևոր հատկանիշ է ինչպես գործնականում, այնպես էլ անձնական կյանքում։

  • Զարգացում 

IT-ն ամենաարագ զարգացող ոլորտներից է, և ոլորտին առնչակից ցանկացած մասնագետ պարզապես իրավունք չունի տեղում դոփելու։ Այստեղ փոփոխություններն ամենօր են, և պետք է պատրաստ լինել այդ տեմպին, հակառակ դեպքում մասնագետը դուրս է մնում մրցակցությունից։ Զարգացումը կատարելագործման գլխավոր հիմքն է։ Այս հատկանիշն օգտակար է նաև անձնական կյանքում, չէ՞ որ փոփոխվում ու զարգանում է անգամ մեր առօրյա կենցաղը։ 

  • Էմոցիոնալ ինտելեկտ

Էմոցիոնալ ինտելեկտի վերաբերյալ քննարկումները նոր չեն, բայց շատերի համար այս երևույթն անծանոթ է։ Որոշ մարդիկ ուշադրությունից դուրս են թողնում այն՝ կորցնելով բազմաթիվ հնարավորություններ։

Մեր իրականության մեջ շատ կարևոր է էմոցիոնալ ինտելեկտը ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական հարաբերություններում։ Դիմացինի էմոցիաները զգալը, դրանց հետ հաշվի նստել կարողանալը շատ կարևոր և օգտակար հատկանիշներ են։ 

  • Սթրեսակայունություն 

Աշխատանքային գործընթացում սթրեսներից խուսափելը գրեթե անհնար է: Project Manager-ը պետք է կարողանա դիմակայել սթրեսին՝ թույլ չտալով, որ այն ազդի աշխատանքի արդյունքի վրա։ Սթրեսն անպակաս է նաև մեր կենցաղում, ուստի սթրեսակայունությունն այստեղ ևս կարևոր և օգտակար հատկանիշ է։

Ինչպես տեսնում ենք, Project Management-ում կարևոր են բազմաթիվ հատկանիշներ, որոնք օգնում են աշխատանքն առավել արդյունավետ կառավարել և բարելավել գործընթացները։ Նախագծի ղեկավարները բախվում են նաև բազմաթիվ դժվարությունների՝ կապված աշխատանքի կազմակերպման, վերահսկման և շատ այլ խնդիրների հետ։

Մենք առաջարկում ենք մասնակգիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնել մեր դասընթացի միջոցով։