Image Alt

BDG

6 քայլ՝ պրոդուկտի թողարկումը հաջողելու համար

Մենք ապրում ենք պրոդուկտի դարաշրջանում: Ըստ Harvard Business School-ի պրոֆեսոր Քլեյթըն Քրիսթենսենի՝ տարեկան թողարկվում է ավելի քան 30,000 նոր պրոդուկտ, որոնց 95%-ն անհաջողություն է ունենում։Հաջողված պրոդուկտ ունենալու համար պետք են նորարարություն, քրտնաջան աշխատանք, հստակ հաշվարկներ, հետազոտություններ, ներդրումներ և մի քիչ էլ բախտ։ Եվ եթե վերջինիս վրա մենք չենք կարող ազդել, ապա պետք է անենք ամեն ինչ՝ մյուս բաղադրիչները գրագետ կիրառելու համար։
Մենք առանձնացրել ենք 6 քայլ՝ նոր պրոդուկտների թողարկումը հաջողելու համար։

Քայլ 1. Իրական խնդիրների լուծում
Ցանկացած նորարարության հիմքում հիմնարար խնդիրների լուծումն է։ Հասկանալու համար, թե որոնք են հասարակ մարդկանց համար հիմնարար խնդիրներ, պետք է հետևել նրանց, հասկանալ՝ ինչ խնդիրների են բախվում առօրյայում, ինչու այդ խնդիրները դեռևս չեն լուծվել կամ լուծվել են, բայց արդյունքը չի բավարարում մարդկանց։
Սա ամենակարևոր քայլն է պրոդուկտի ստեղծման համար, քանի որ պոտենցիալ հաճախորդներին հասկանալու հենց այսպիսի մակարդակ է պետք։ Պրոդուկտի ամենակարևոր գործառույթները որոշելու համար պետք է դիտարկել պրոդուկտի օգտագործման յուրաքանչյուր քայլ։
Իրական խնդիրները բացահայտելու համար պետք է հստակ հասկանալ հաճախորդի կարիքները․ դա արվում է մինչև պրոդուկտի նախագծումը՝ տվյալների հավաքագրման ամենատարբեր մեթոդներով, օրինակ՝ օգտատերերի հետ հարցազրույցների միջոցով։

Քայլ 2․ Ընտրել պրոդուկտի թողարկման անհատական մեթոդաբանություն
Մեթոդաբանության ընտրության շուրջ վեճերը երևի թե երբեք չեն դադարի, սակայն պետք է հիշել, որ մեթոդաբանությունն ընդամենը գործիք է, որի կիրառումը կախված է ոլորտից, ընկերությունից և մի շարք այլ փոփոխականներից։ Չի կարելի ասել, որ կա մեկ ճշմարիտ ու աշխատող մեթոդաբանություն․ Agile-ը կարող է լավ աշխատել ՏՏ ոլորտի համար և բացարձակ օգտակար չլինել այլ ոլորտում, այնպես որ առաջնային նշանակություն պետք է տալ այն փաստին, թե ինչ խնդիրներ է օգնում լուծել մեթոդաբանությունը։
Որպեսզի ընկերության աշխատանքը չխաթարվի, պետք է ճկուն լինել մեթոդաբանությունների ընտրության հարցում, չտվրվել մոդային և չվախենալ փոփոխություններ մտցնել, եթե ինչ-որ բան այնպես չի գնում։
Դուք կարող եք ստեղծել ձեր ընկերությանը համապատասխան մեթոդաբանություն, որը հաշվի կառնի ձեր պահանջներն ու առանձնահատկությունները՝ դառնալով անփոխարինելի գործիք հաջողված պրոդուկտների համար։

Քայլ 3․ Ֆիքսեք թեզերը
Դա պետք է անել ամենասկզբից, հակառակ դեպքում վտանգ կա, որ դուք պրոդուկտի թողարկման նախորդ օրը կծախսեք թեզերը ստուգելու վրա և ամենայն հավանականությամբ կհասկանաք, որ որոշ թեզեր չեն ապացուցվել։
Որպեսզի նման իրավիճակները ձեզ շրջանցեն, գրի առեք բոլոր թեզերը և սկսեք հնարավորինս արագ դրանք ստուգել։ Գնահատեք հումքը, ծախսը, իրավաբանական հարցերը, գները, թիրախները։

Քայլ 4․ Համաձայնեցումներ արեք հետաքրքրված կողմերի հետ
Որքան մանրամասն լինի համաձայնեցումը, այնքան լավ։ Հաճախ է պահատում, որ փոքր ընկերություններում գաղափարը ինկուբացնում է մի քանի հոգի, և համաձայնեցումը մյուս բաժինների հետ տեղի չի ունենում ժամանակին։ Օրինակ՝ մարքեթինգի բաժինը իմանում է գաղափարը նախագծումից հետո, ինչը նշանակում է, որ այս բաժինը կորցնում է պրոդուկտն էլ ավելի օգտակար դարձնելու հնարավորությունը։
Աշխատանքի ամենասկզբից պետք է հստակեցնել հետաքրքրված կողմերը և նրանց հետ մանրամասն համաձայնեցումներ անել։

Քայլ 5․ Երկարաժամկետ կտրվածքով դիտարկեք ճանապարհային քարտեզը
Պրոդուկտի roadmap-ն առանցքային նշանակություն ունի, քանի որ ամրագրում է պրոդուկտի տեսլականն, առաքելությունը, ֆիքսում է, թե ինչ փուլում է գտնվում պրոդուկտը։ Փորձեք նայել roadmap-ին ոչ թե մեկ տարվա կտրվածքով, ինչպես տարածված է, այլ ավելի երկար ժամկետների համար։ Որքան ամբողջական է պատկերը, այնքան մեծ է աշխատանքը ճիշտ կազմակերպելու, ռեսուրսները գրագետ բաշխելու և հաջողություն ունենալու հավանականությունը։

Քայլ 6․ Ճիշտ գնահատեք կարողությունները
Մեծ է գայթակղությունը միանգամից շատ պրեդուկտներ թողարկել, բայց պետք է միշտ հիշել՝ որակը քանակից կարևոր է։ Թե՛ ներքին, թե՛ արտաքին ռեսուրսները սահմանափակ են, դրանք պետք է կենտրոնացնել մեկ տեղում, ոչ թե փոշիացնել տարբեր պրոդուկտների վրա։ Սահմանափակ է նաև սպառողի ընկալումը․ նա չի կարող միանգամից հետաքրքրվել, գնել և սպառել անսահմանափակ պրոդուկտներ։
Եվ, ամենակարևորը, ժամանակի և ուշադրության հարցը․ ավելի լավ է ժամանակը և ուշադրությունը ծախսել՝ պրոդուկտը գնահատելու վրա, քանի որ շտապողականությունը կարող է ձեզ հաջողություն արժենալ։
Լավ պրոդուկտները մեր կյանքն ավելի լավն են դարձնում, այնպես որ եթե որոշել եք թողարկել պրոդուկտ, ներդրեք բոլոր ջանքերը՝ ստանալու այն, ինչը կփոխի ուրիշների կյանքը։