BDG

SWOT վերլուծություն՝ ընկերությանը ճգնաժամից դուրս բերելու միջոց, թե՞ ժամանակի անիմաստ վատնում

Ի՞նչ է SWOT վերլուծությունը

SWOT-ը ռազմավարական պլանավորման մեթոդ է: Այն չորս խմբի գործոնների վերլուծություն է, որոնք ազդում են ընկերության վրա՝ ուժեղ կողմեր (Strengths), թույլ կողմեր (Weaknesses), հնարավորություններ (Opportunities) և սպառնալիքներ (Threats):

SWOT վերլուծությունը բաղկացած է երկու փուլից. 

Ուժեղ (Strengths) ու թույլ (Weaknesses) կողմերը ներքին գործոններ են, որոնց վրա կարող են ազդել՝ պատվերի առաքման արագությունը, արտադրության արժեքը, շուկայավարումը: Հնարավորություններն (Opportunities) ու սպառնալիքները (Threats) արտաքին գործոններ են, որոնք ոչ մի կերպ կախված չեն ընկերությունից՝ ուժեղ մրցակիցների ի հայտ գալը, փոխարժեքների անկայունությունը, տեխնոլոգիաների զարգացումը:

Երկրորդ փուլում, երբ հայտնաբերվում են արտաքին և ներքին գործոնները, կազմվում է որոշումների մատրիցա։ Այն սահմանում է, թե ինչ է պետք անել հնարավոր սպառնալիքներից խուսափելու կամ շուկայի մեծ մասը զբաղեցնելու համար՝ առաջ անցնելով մրցակիցներից։

SWOT վերլուծությունն օգտագործվում է ընկերության ապագա զարգացման վերաբերյալ որոշում կայացնելու համար: 

 

SWOT վերլուծության յուրաքանչյուր խմբի մասին՝ մանրամասն

 

Առաջին փուլ. Ուժեղ (Strengths) կողմերի հայտնաբերում․

Ուժեղ կողմեր ​​- արտադրանքի, թիմի, նախագծի հատկությունները, որոնք ձեզ առավելություններ են տալիս շուկայի այլ մասնակիցների նկատմամբ: Սա կարող է լինել ցածր գին, ազդեցիկ մարդկանց հետ համագործակցություն, կրկնվող վաճառքի բարձր տոկոս, արտադրության յուրահատուկ տեխնոլոգիա և այլն:

Ուժեղ կողմերը գտնելու համար կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.

Ի՞նչ լավ հատկանիշով եք տարբերվում Ձեր մրցակիցներից

Ինչու՞ են գնորդներն ընտրում Ձեր ապրանքը

Հաճախորդների ձեռքբերման ո՞ր ուղիներն են բերում լավ արդյունքների, և որտե՞ղ եք Դուք ավելի «ներկա», քան Ձեր մրցակիցները:

Ի՞նչ հատուկ տեխնոլոգիաներ եք օգտագործում արտադրության մեջ և ի՞նչ դրական ազդեցություն է դա թողնում Ձեր բրենդի վրա։

Ի՞նչն է ստիպում ընկերությանն աճել և ստանալ ավելի շատ շահույթ:

 

Երկրորդ փուլ. Թույլ (Weaknesses) կողմերի հայտնաբերում․

Թույլ կողմերը բոլոր նրանք են, որոնք խանգարում են Ձեր աճին կամ ստիպում են Ձեզ ավելի թույլ լինել, քան Ձեր մրցակիցները: Սա վատ կազմակերպված առաքումն է, ուշացող առաքիչները, տվյալների արտահոսք՝ անբարեխիղճ աշխատակիցների պատճառով, CRM-ում պատվերների կորուստ և այլն։

Թույլ կողմերը գտնելու համար կարող եք պատասխանել հետևյալ հարցերին․

Ինչի՞ մասին են հաճախորդները գրում բացասական ակնարկներում, ինչի՞ց են դժգոհ։

Որտե՞ղ եք Դուք զգալիորեն ավելի վատ, քան Ձեր մրցակիցները:

Ի՞նչ սխալներ են մշտապես տեղի ունենում բիզնես գործընթացներում:

Ի՞նչն է Ձեզ խանգարում իրականացնել Ձեր նպատակները և մեծացնել շահույթը:

 

Երրորդ փուլ. Հնարավորությունների (Opportunities) որոնում․

Հնարավորությունները գործոններ են, որոնց վրա Դուք չեք կարող ազդել, բայց կարող եք օգուտ քաղել, եթե ճիշտ որոշումներ կայացնեք: Դրանք կարող են լինել քաղաքական, սոցիալական, տեխնոլոգիական գործոններ։ 

Օրինակ՝ նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը, որոնք նվազեցնում են ապրանքի ինքնարժեքը։ Այս դեպքում հնարավոր կլինի տեխնոլոգիաներ ներդնել ավելի արագ, քան մրցակիցները։

Այս ու մի շարք այլ իրավիճակներ կարող են, անկախ Ձեր կամքից կամ նախագծած բիզնես պլանից, առաջ բերել նոր հնարավորություններ, որոնք կօգնեն առաջ մղել բիզնեսը։ 

 

Չորրորդ փուլ՝ սպառնալիքների (Threats) որոնում․

Սպառնալիքներ — արտաքին միջավայրի փոփոխություններ, որոնք կարող են բացասաբար ազդել ընկերությունում աշխատանքների ճիշտ ընթացքի վրա. հանգեցնել հաճախորդների քայքայման, հեղինակության վատթարացման, շահույթի նվազման: 

Օրինակ՝ տնտեսական ճգնաժամը. այն հնարավոր չէ կանխել, սակայն դրա ատճառով կարող է վաճառքը քիչ լինել, քանի որ մարդիկ կվախենան ավել գումար ծախսել։

Սպառնալիքներ փնտրելը նույնն է, ինչ հնարավորություններ փնտրելը. մտածեք այն մասին, թե արտաքինից ինչ կարող է բացասաբար ազդել Ձեր բիզնեսի վրա: Օրինակ՝ օտարերկրյա արտադրողի շուկա մուտք գործելը կբերի հաճախորդների արտահոսք, իսկ սպառվող նյութերի ինքնարժեքի բարձրացումը կբարձրացնի ապրանքի ինքնարժեքը։

 

Քայլ հինգերորդ. Նախագծում ենք որոշումների մատրիցան․

Որոշումների մատրիցան պարունակում է բոլոր այն գործողությունները, որոնք Դուք պետք է կատարեք Ձեր բիզնեսը զարգացնելու համար: Մատրիցան լրացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր խմբերի գործոններ: Արդյունքում Դուք ստանում եք համակցությունների չորս տարբերակ.

 

S + O (Strengths + Opportunities) — ո՞ր ուժեղ կողմերը կօգնեն իրացնել հնարավորությունները: Օրինակ, ներքնակ արտադրողը օգտագործում է էկոլոգիապես մաքուր նյութեր, և հնարավորություններից մեկն այն է, որ խոշոր շղթաները հրաժարվեն միջնորդներից։ Ընկերությունը կարող է առցանց առաքումներ առաջարկել հենց հիմա, քանի որ ապրանքն ունի մրցակցային առավելություն։

 

W + O (Weaknesses + Opportunities) — ինչպե՞ս կարող են թուլությունները խանգարել Ձեզ օգտվել հնարավորություններից: Այս իրավիճակում պետք է գտնել լուծումներ, որոնք վերացնում են թերությունները և թույլ են տալիս իրացնել հնարավորությունները: Ներքնակ արտադրողի դեպքում՝ ցանցերի հրաժարվելը միջնորդներից նշանակում է մատակարարումների ավելի մեծ ծավալ, սակայն ընկերությունն ունի ցածր արտադրական հզորություն։ Առիթը բաց չթողնելու համար նա պետք է բացի ներքնակի վաճառքի լրացուցիչ տարբերակներ։ 

 

S + T — (Strengths + Threats) — Ինչպե՞ս ուժեղ կողմերը կօգնեն պաշտպանվել սպառնալիքներից: Երբ օտարերկրյա արտադրողը մտնում է, օրինակ, ռուսական կամ եվրոպական շուկա, ընկերությունը կարող է կորցնել իր գնորդներից մի քանիսին: Այս իրավիճակում ընկերությունն ունի առավելություն՝ կարող է առաջարկել ապրանքի անվճար թեստ-դրայվ։ Այս մարքեթինգային լուծումը կօգնի Ձեզ պահպանել Ձեր վաճառքների պարբերականությունը:

 

W + T (Weaknesses +Threats) — թույլ կողմերից որո՞նք են մեծացնում հավանականությունը, որ սպառնալիքները կվնասեն բիզնեսին: Ընկերությունն ունի բարձր արտադրական ինքնարժեք արդյունաբերության համար։ Վտանգը, որ էժան ապրանքով խոշոր օտարերկրյա մրցակիցը շուկա դուրս կգա, մղում է քայլերի վաղաժամ արդիականացմանը:

 

Բոլոր ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները փոխկապակցելուց հետո ձևավորվում է կոնկրետ լուծումների ցանկ՝ ինչ կարելի է անել ընկերությունը զարգացնելու կամ ապագայում ձախողումը կանխելու համար: Վերլուծության արդյունքում հայտնաբերված լուծումները առաջնահերթ են դասվում և իրականացվում են հաջորդաբար:

 

Ինչու՞ է SWOT վերլուծությունը քննադատվում

Որոշ մարքեթոլոգներ և մենեջերներ նշում են, որ SWOT վերլուծությունը չափազանց սուբյեկտիվ և անորոշ արդյունքներ է տալիս: Չիկագոյի Կոլումբիայի քոլեջի դոցենտ Լոուրենս Մինսկին և Դոմինիկյան համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ահարոնը SWOT վերլուծությունը համարում են անարդյունավետ այն ձևով, որով այն սովորաբար օգտագործվում է:

1999 թվականին Fortune 1000 ընկերությունների 212 մենեջերներին հարցրել են SWOT վերլուծության մասին։ Շատերն ասել են, որ գործիքը ավելի շուտ բացասաբար կանդրադառնա արդյունքների վրա:

Դե ինչ՝ այժմ դուք գիտեք, թե ինչպես է աշխատում SWOT վերլուծությունը, ինչ դրական ու բացասական հետևանքներ ունի այն, որ իրավիճակներում է օգնում կամ վնասում բիզնեսին և այլն։ 

 

Իսկ Դուք օգտագործու՞մ եք SWOT վերլուծությունը։