BDG

10 քայլ, որ Product Manager-ը պետք է անի ամենասկզբում

Գաղտնիք չէ, որ ցանկացած մասնագիտություն ունի իր կրեատիվ ու տեխնիկական, հետաքրքիր ու ստանդարտ, բարդ ու հեշտ կողմերը, սակայն պրոֆեսիոնալ է համարվում այն մասնագետը, ով կարողանում է հմտորեն կառավարել ու իրականացնել այս ամենը՝ անկախ աշխատանքային խնդիրներից։ Սա հեշտ կարող է տրվել այն մասնագետներին, ովքեր արդեն երկար ժամանակ են աշխատում ընկերությունում կամ պրոյեկտը վաղուց են ղեկավարում։

Սակայն խնդիր է առաջանում, երբ մասնագետը սկսնակ է կամ պրոդուկտը նոր է սկսում ղեկավարել։ Այս փուլում առաջանում են տեխնիկական, թիմային ու անձնային խնդիրներ, որոնք խանգարում են Product Manager-ին պրոդուկտը սկսելու ու կառավարելու հարցերում։

Շատ հաջողակ մենեջերներ ասում են, որ հաղորդակցության որակը որոշում է կյանքի որակը: Սակայն հարց է առաջանում, թե ո՞ւմ հետ շփվել, ո՞ր պահին և ինչի՞ մասին:
Քեն Նորթոնը (Google Ventures-ի գործընկեր) ունի 10 հիանալի խորհուրդ այն մասին, թե ինչ ջանքեր է պետք գործադրել ցանկացած նախագծի հենց սկզբում:

Դուք միացել եք փոքր ստարտափին, թե՞ դա նոր նախագիծ է մեծ ընկերությունում, կամ պարզապես Ձեզ բաժին է հասել նոր նախագիծ, էական չէ:
Ինչպե՞ս եք անցկացնելու առաջին 30 օրը նախագծի վրա:
Հենց առաջին 1 ամսվա քայլերն են որոշում նախագծի հաջողված լինել չլինելու հարցը։

Ներկայացնում ենք 10 խորհուրդ, թե ինչպես անցկացնել Ձեր առաջին ամիսը հնարավորինս որակյալ ու արդյունավետ։

Խորհուրդները բաժանված են երեք ոլորտների՝ մարդիկ, ապրանքներ և անձնական

Մարդիկ

1. Քննարկեք հստակ ակնկալիքները տնօրենի կամ ղեկավարի հետ

Դուք աշխատանքի եք ընդունվել որոշակի ուղղությամբ խնդիր լուծելու համար: Ձեզնից կակնկալվի անմիջական և շոշափելի ներդրում: Ներկայացրեք Ձեր նպատակները ղեկավարությանը և համոզվեք, որ նրանք ճիշտ պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ եք անելու, ինչպես եք պլանավորելու ողջ գործընթացը: Առաջին ամսվա Ձեր հիմնական նպատակը թիմում արդյունավետ տեղավորվելն է, քանի որ Ձեր աշխատանքը իր մեջ ներառելու է թիմի գրեթե բոլոր անդամների հետ կապ ու փոխհարաբերություններ։

2. Պլանավորեք տետ ա տետ հանդիպումներ թիմի յուրաքանչյուր անդամի հետ

Կախված ընկերության չափից, դա կարող է տևել մի քանի ժամ կամ ամբողջ առաջին ամիսը: Ժամանակ հատկացրեք յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպելու համար: Թիմի հետ ծանոթացումը Ձեզ կօգնի կազմակերպել ավելի արդյունավետ ու որակյալ աշխատանք։
Շատ լավ միջոց է ոտքով միասին քայլելը, այն կենտրոնացնում և աշխուժացնում է խոսակցությունը։ Եթե դա հնարավոր տարբերակ չէ, կարող եք պարզապես միասին նստել ու քննարկել՝ ազատ միջավայրում։

3. Այս հարցը տվեք բոլորին

«Ի՞նչ կարող եմ անել Ձեր կյանքը հեշտացնելու համար»:
Այսպես ցույց եք տալիս, որ եկել եք ոչ թե հրամայելու, այլ օգնելու։ Նույնքան կարևոր է, թե ինչպես են նրանք Ձեզ պատասխանում և կոնկրետ ինչ են ասում: Դուք կիմանաք, թե ինչպես է թիմն ընկալում Product Manager-ի դերը և այն, ինչ ձեզանից է անհրաժեշտ: Շատ հաճախ հենց այս փուլում կարող եք նկատել խնդիրներ, որոնք կօգնեն ոչ միայն աշխատանքային ճիշտ հարաբերություն ունենալու, այլև մի շարք խնդիրներ բացահայտելու ու վստահություն ներշնչելու համար։

4. Օգնեք թիմին

Դուք չեք ստանձնում HR-ի հաստիքը, սակայն Product Manager-ի աշխատանքը չի սահմանափակվում բաժին հասած պրոդուկտը լավագույնս ավարտին հասցնելը, Դուք պետք է ունենաք վստահություն այն թիմում, ում հետ աշխատելու եք, հակառակ դեպքում չեն աշխատի իրենք, բայց պատասխանատվությունը կկրեք Դուք ու պրոյեկտի ձախողման մեղավոր կլինեք միայն Դուք։ Ծանոթացեք ու բացահայտեք Ձեր թիմակիցներին ու նրանց նախասիրությունները, հասկացեք, թե ինչ ծավալի աշխատանք կարող են անել ու փորձեք հնարավորինս օգնել նրանց՝ աշխատանքը ճիշտ կառավարելու ու աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու համար։

Արտադրանք

5. Պլանավորեք հանդիպում պրոդուկտի առաջատար մշակողի հետ՝ խորը խորանալու արտադրանքի տեխնիկական բնութագրի մեջ

Ազատորեն հարցեր տվեք և հասեք այն կետին, որ Ձեզ մոտ մութ հարցեր չմնան:
Product Manager-ի դեպքում հազվադեպ չէ, երբ փորձում են տպավորել իրենց տեխնիկական գիտելիքներով, բայց իրականում շատ ավելի գրավում են նրանք, ովքեր պատրաստ են հարցեր տալ և ասել «չեմ հասկանում»: Մի՛ խուսափեք ավագ մասնագետներին դիմելուց, կարծիք հարցնել ու քննարկել ցանկացած բան, ինչը որևէ կետում խանգարում է աշխատանքի ճիշտ ղեկավարմանը։

6. Փորձեք դիմակայել ամեն ինչ կտրուկ փոխելու ցանկությանը

Դուք պատրաստվում եք փոփոխություններ կատարել արտադրանքի և զարգացման գործընթացում: Նոր ընկերություն, նոր թիմ, նոր միջավայր ու նոր պրոդուկտ․ այս ամենը զուգահեռաբար ու միանգամից փոփոխելը կհանգեցնի լուրջ խնդիրների ու դրանցից ամենափոքրը կլինի պրոդուկտի ձախողումը։
Ձեր գաղափարներն ու մտքերն ավելի լավ կձևավորվեն, երբ կարգավորեք գործընթացները, վստահություն ձեռք բերեք և սովորեք բոլոր նրբությունները։ Սկզբնական փուլում խուսափեք միանգամից ու կտրուկ փոփոխություններից ու դրանք համակարգեք՝ բաշխելով ողջ ընթացքի մեջ։

7. Զրուցեք Ձեր օգտատերերի հետ

Եթե կարծում եք, որ դա ժամանակի կորուստ է կամ չի տալու սպասված արդյունք, ապա խորհուրդ ենք տալիս փորձել մեկ անգամ ու վստահեցնում ենք, որ պրոդուկտի ստեղծման գործընթացում օգտատերերի հետ կապն ու պոտենցիալ գնորդների հետ շփումը օգնելու է որակյալ ու արդյունավետ կազմակերպել A-ից Z կամուրջը։

8. Լուծեք ինչ-որ խնդիր

Հիանալի մեկնարկ կլինի որևէ փոքր սխալ շտկելը կամ որևէ մեկին ինչ-որ փոքր օգնություն ցուցաբերելը:
Ստեղծեք զարգացման միջավայր և խնդրեք նրանց թույլ տալ աջակցել իրենց: Դուք ևս կարող եք օգնություն խնդրել, բայց մի մոռացեք, որ թիմը սպասելիքներ է ունենալու հենց Ձեզնից։ Լուծելով նրանց խնդիրները՝ կլուծեք Ձերը։

 

Անձնական

9. Կարդացեք ամեն ինչ և նկարագրեք այն, ինչ դեռ նկարագրված չէ

Կարդացեք այն ամենը, ինչ կարող եք ձեռք բերել՝ հին բնութագրեր, փաստաթղթեր, նյութեր: Եթե ​​գտնում եք փաստաթղթեր, որոնք բացակայում են կամ հնացած են, ապա անպայման թարմացրեք դրանք: Որոշ ժամանակ հատկացրեք և նկարագրեք, թե ինչ եք սովորել և ինչը կարող է բարելավվել մոտ ապագայում: Քննարկեք այս ամենը թիմի յուրաքանչյուր անդամի հետ, քանի որ ամեն մեկը կարող է տալ արժեքավոր ու անհրաժեշտ ինֆորմացիա՝ պրոդուկտի հետագա զարգացման համար։

10. Որոշ անձնական նպատակներ դրեք ու ստեղծեք Ձեր աշխատանքային միջավայրը

Աշխատանքի փոփոխությունը ստիպում է ընկնել մտածմունքների մեջ՝ համեմատելով սեփական հմտություններն ու կարողությունները դիմացինի հետ։ Ինչպես նաև՝ զգալ ուժեղ ու թույլ կողմերը։ Սա անձնական զարգացման որոշ նպատակներ սահմանելու հնարավորություն է տալիս: Այն կազմակերպելու համար հետևեք այս պարզ կանոններին։
Նշեք մի բան, որն իսկապես լավ եք անում և ցանկանում եք ավելին անել: Ինչպե՞ս դա սովորություն դարձնել:
Նշե՞ք ինչ-որ բան, որում պետք է լավանաք: Ի՞նչ քայլեր եք մտադիր կատարել բարելավելու համար, և ինչպե՞ս եք չափելու Ձեր առաջընթացը:
Ձեր աշխատանքային միջավայրը լավագույնս կազմակերպելու համար Ձեր բոլոր սարքերն ու գործիքները կարգի բերեք: Տեղադրեք անհրաժեշտ ծրագրերը: Համակարգեք ամեն բան: Ձեր պրոդուկտի և մրցակիցների արտադրանքի մասին գտեք տեղեկանալու բոլոր հնարավոր ուղիները։

 

Դե ինչ, այժմ Դուք տիրապետում եք այն 10 հմտություններին, որոնք Product Manager-ը պետք է անի առաջին 30 օրերին՝ պրոդուկտը ճիշտ ժամանակին ու ճիշտ կերպով զարգացնելու համար։

Եթե արդեն մասնագետ եք, ապա կիսվեք Ձեր սեփական փորձով, թե հատկապես ինչն է կարևոր սկզբնական փուլում։

Այս 10 կետերից զատ, հիշեք, որ ամենակարևորը աշխատանքը հաճույքով ու սիրով անելն է։

Բարի ընթացք Ձեզ։