Մի բրենդի հաջողության պատմություն l Samsung
Երբեմն դժվար է պատկերացնել, որ շատ հսկայական ընկերություններ իրենց կյանքը սկսել են փոքր բիզնեսից՝ ժամանակավոր գրասենյակներում կամ ավտոտնակներում: Բազմաթիվ աշխարհահռչակ բրենդներ հենց այդպես են սկսել իրենց հաջողության ճանապարհը:
Այսօր կուսումնասիրենք հարավկորեական Samsung ընկերության պատմությունը:
Սկիզբը
Ոչ ոք չէր կռահի, որ հարավկորեական Samsung ընկերությունը, լինելով աշխարհում առաջատար էլեկտրոնային բրենդներից մեկը, իր բիզնես ուղին սկսել է՝ որպես մթերային ապրանքների արտադրման և առաքման ծառայություն: Գաղափարն առաջարկել է Ի Բյոնգչոլը 1938 թվականին: Նախնական լոգոն պատկերում էր 3 աստղ և հիմնված էր կորեական Hanja Samsung բառի գրաֆիկական ներկայացման վրա: Samsung-ը շատ նման էր ավանդական ճապոնական ընկերություններին, որտեղ ղեկավարներն անում էին այն, ինչ ցանկաում էին. առանց վեճերի: Այս կորպորատիվ վարքագիծը, կառավարության օգնությամբ, թույլ տվեց ընկերությանն արագ զարգանալ՝ ընդլայնվելով շաքարի վերամշակման, լրատվամիջոցների, տեքստիլի և ապահովագրության ոլորտներում: Samsung-ը շատ շուտով անվանվեց տնտեսական հրաշք:
Նախնական շրջանում Samsung-ը միայն Դեգուում արտադրված նուդլներ, ձկնեղեն և այլ մթերքներ էր վաճառում տեղական և արտասահմանյան շուկա: Արտահանումը հիմնականում կատարվում էր Չինաստանի մոտակա քաղաքներ և գյուղեր:
«Samsung Rising: The Inside Story of the South Korean Giant That Set Out to Beat Apple and Conquer Tech» գրքում հեղինակը ներկայացնում է ընկերության զարգացման մի քանի կարևոր դրվագներ: Գիրքը ներկայացնում է համաշխարհային տեխնոլոգիական հսկայի վերելքը՝ ուսումնասիրելով դրա ազդեցությունը միջազգային տեխնոլոգիական արդյունաբերության և Հարավային Կորեայի քաղաքականության և մշակույթի վրա:
1970-ականներին Samsung ընկերությունը բավականաչափ կապիտալ էր կուտակել նոր գաղափարի մեջ ներդրում կատարելու համար: Իսկ նոր գաղափարը էլեկտրոնիկայի բիզնես սկսելու գաղափարն էր: Համապատասխան հետազոտությունների, կառավարման և ղեկավարության շնորհիվ Samsung-ը դարձավ համաշխարհային խոշորագույն բրենդներից մեկը:
Samsung-ի և Apple-ի հարաբերություները
1983 թվականին Սթիվ Ջոբսն դիմել է Samsung-ին՝ փնտրելով էկրաններ և հիշողության չիպեր՝ պլանշետային համակարգիչ ստեղծելու համար: Այնուհետև Samsung-ն Apple-ին հատկացրել է էկրաններ, չիպեր և այլ բաղադրիչներ, որոնք օգտագործվել են այնպիսի սարքերում, ինչպիսիք են iPhone-ն ու iPad-ը:
Սակայն նրանց միջև արտոնագրային պայքարը սկսվեց 2011-ին: Apple-ը պնդում էր, որ Samsung-ը պատճենել է iPhone-ը, ինչը հանգեցրեց դատական հայցերի երկարատև շարքի, որոնք վերջնականապես լուծվեցին միայն 2018-ին, և Apple-ը ստացավ 539 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև:
Երկու ընկերությունների միջև խնդիրները դեռևս շարունակվում են, և դրանք այժմ, հավանաբար, լավագույնս բնութագրվում են որպես «Frienemies». ընկերներ – թշնամիներ:
Տեխնոլոգիական Samsung-ը
Ի Բյոնգչոլին փոխարինեց իր երրորդ որդին՝ Ի Գոնհին 1987 թվականին: Նա մեծ ներդրումներ կատարեց կիսահաղորդչային տեխնոլոգիաների մեջ և Samsung-ը արտադրողից վերածեց համաշխարհային տեխնոլոգիական հզորության:
Այս ժամանակահատվածում Samsung-ը սկսեց ներդրումներ կատարել նոր, տեխնոլոգիապես խոստումնալից ոլորտներում, այդ թվում՝ software, 5G, քվանտային տեխնոլոգիաներ և արհեստական բանականության (AI) չիպեր: Ընկերության ամենամեծ հաջողությունը վերջին տասնամյակում եղել է սմարթֆոնների բաժինը, որտեղ նրանք ներկայումս զբաղեցնում են համաշխարհային շուկայի ամենաբարձր մասնաբաժինը:
Բայց այս հաջողությունն առանց իր անհաջողությունների չի անցել: 2017 թվականին մարտկոցի թերությունների պատճառով Galaxy Note 7 սարքերը սկսեցին այրվել/պայթել մարդկանց ձեռքում՝ ստեղծելով մեծագույն վտանգ հանրության համար: Բոլոր հեռախոսները հավաքվեցին վաճառակետերից: Հատկանշական է, որ այս բոլոր ճգնաժամերի ընթացքում ընկերությունը շարունակեց զարգանալ և շահութաբեր մնալ իր մեծապես դիվերսիֆիկացված բիզնեսի շնորհիվ:
2022 թվականին Samsung-ին հաջողվել է ստեղծել աշխարհում առաջին 12 նանոմետրանոց չիպը: Չիպի տվյալների մշակման արագությունը կարող է հասնել 7.2 գիգաբիթ/վրկ-ի, ինչը բավական արագ է 1 վայրկյանում երկու շատ բարձր հստակությամբ ֆիլմ ուղարկելու համար:
Նանոմետրը մետրի մեկ միլիարդերորդն է: Համեմատության համար՝ մարդու մազի հաստությունը մոտ 100000 նանոմետր է։
Տեխնոլոգիական այլ հսկաները ևս աշխատել են նվազեցնել նանոմետրի բնութագրերը, քանի որ դա թույլ կտա ավելի շատ տրանզիստորներ ունենալ չիպի վրա՝ բարելավելով հաշվողական հզորությունը:
Սակայն մինչ այժմ Samsung-ի 14 նմ տեխնոլոգիան լավագույնն է եղել ոլորտում: Ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի սկսել 12 նմ 16 գիգաբիթանոց DDR5 DRAM-ի զանգվածային արտադրությունը։
Samsung-ի կարևորագույն գործոններից մեկը մշակութային և տեխնոլոգիական ուժն է. ընկերության տեխնոլոգիան վերաբերում է ամեն ինչին Հարավային Կորեայում, և շատերի համար երկիրը «Samsung-ի հանրապետությունն» է: Եվ ընկերության նկատմամբ հենց ազգի շահագրգռվածությունն է Samsung-ի և այլ tech հսկաների միջև տարբերությունը: