Ի՞նչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը, և որո՞նք են ամենատարածվածները
Կրիպտոարժույթը, որը երբեմն անվանում են նաև կրիպտո, թվային կամ վիրտուալ ձևով գոյություն ունեցող արժույթի տեսակ է, որն օգտագործում է գաղտնագրում գործարքները պաշտպանելու համար։ Կրիպտոարժույթները չունեն կենտրոնացված թողարկող կամ կարգավորող մարմին. փոխարենը՝ օգտագործում են դեցենտրալիզացված համակարգ՝ գործարքները գրանցելու և նոր միավորներ թողարկելու համար։
Ի՞նչ է կրիպտոարժույթը
Կրիպտոարժույթը թվային վճարային համակարգ է, որն անհրաժեշտություն չունի բանկերի միջամտության գործարքները հաստատելու համար։ Դա peer-to-peer (հավասարների միջև) համակարգ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու աշխարհի ցանկացած կետից, ուղարկել և ստանալ վճարումներ։ Ֆիզիկական գումարի փոխարեն, որը փոխանցվում է իրական կյանքում, կրիպտոարժույթի վճարումները գոյություն ունեն որպես թվային գրառումներ՝ առցանց տվյալների բազայում, որոնք նկարագրում են կոնկրետ գործարքները։ Երբ փոխանցում եք կրիպտոարժույթ, գործարքները գրանցվում են հանրային գրանցամատյանում։ Կրիպտոարժույթը պահվում է թվային դրամապանակներում։
Կրիպտոարժույթն իր անվանումը ստացել է հենց այն պատճառով, որ օգտագործում է գաղտնագրում գործարքները ստուգելու համար։ Սա նշանակում է, որ զարգացած ծածկագրային մեթոդներ են կիրառվում կրիպտոարժույթի տվյալների պահպանման և փոխանցման համար՝ ինչպես դրամապանակների միջև, այնպես էլ դեպի հանրային գրանցամատյաններ։ Գաղտնագրումը ապահովում է անվտանգություն և պաշտպանություն։
Առաջին կրիպտոարժույթը Bitcoin-ն է, որը ստեղծվել է 2009 թվականին և մինչ օրս համարվում է ամենահայտնին։ Շատերը հետաքրքրված են կրիպտոարժույթներով՝ որպես շահույթի աղբյուր, ինչի արդյունքում որոշ ժամանակահատվածներում գներն աճում են շատ արագ։
Ի՞նչպես է գործում կրիպտոարժույթը
Կրիպտոարժույթները գործում են դեցենտրալիզացված հանրային գրանցամատյանում՝ բլոքչեյնում (blockchain), որը մշտապես թարմացվող տվյալների բազա է՝ պահպանվող և վերահսկվող արժույթի օգտատերերի կողմից։
Կրիպտոարժույթի միավորները ստեղծվում են mining-ի միջոցով՝ համակարգչային հզորությամբ բարդ մաթեմատիկական խնդիրների լուծման արդյունքում։ Օգտատերերը կարող են նաև գնել կրիպտոարժույթները բրոքերներից, այնուհետև պահպանել և օգտագործել դրանք թվային դրամապանակների միջոցով։
Եթե դուք տիրապետում եք կրիպտոարժույթին, ապա իրականում նյութական որևէ բանի չեք տիրապետում։ Դուք տիրապետում եք մի բանալու, որը թույլ է տալիս փոխանցել տվյալ միավորը մեկ անձից մյուսին՝ առանց երրորդ կողմի միջամտության։
Չնայած նրան, որ բիթքոինն արդեն շուրջ մեկ տասնամյակ գոյություն ունի, կրիպտոարժույթներն ու բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառությունները դեռ նոր են զարգանում ֆինանսական ոլորտում։ Ապագայում այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև կապիտալի շուկայի գործարքներ՝ ներառյալ պարտատոմսեր, բաժնետոմսեր և այլ ֆինանսական գործիքներ։
Ամենահայտնի կրիպտոարժույթները
Կան հազարավոր կրիպտոարժույթներ։ Ահա ամենահայտնի մի քանիսը՝
Bitcoin (Բիթքոյն) – Ստեղծվել է 2009 թվականին։ Առաջին և առ այսօր ամենաշատ օգտագործվող կրիպտոարժույթն է։ Ստեղծվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի իրական ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։
Ethereum (Էթերիում) – Ստեղծվել է 2015-ին։ Սա բլոքչեյն հարթակ է՝ իր սեփական արժույթով՝ Ether (ETH)։ Bitcoin-ից հետո ամենատարածված կրիպտոարժույթն է։
Tether (USDT) – ստեղծվել է 2014 թվականին։ Կապված է ԱՄՆ դոլարի արժեքին (1 USDT ≈ 1 USD)։ Օգտագործվում է կրիպտոարժույթի շուկաներում կայունություն ապահովելու նպատակով։
Litecoin (Լայթքոյն) – Նման է Bitcoin-ին, բայց ավելի արագ է զարգացնում նորարարությունները, ներառյալ՝ ավելի արագ գործարքներ և մեծ քանակի փոխանցումներ կատարելու հնարավորությունները։
Ripple (Ռիփլ) – Ստեղծվել է 2012-ին։ Սա դեցենտրալիզացված գրանցամատյան է, որը կարող է օգտագործվել տարբեր տեսակի գործարքների՝ ոչ միայն կրիպտոարժույթների հետևման համար։ Այն համագործակցել է մի շարք բանկերի և ֆինանսական հաստատությունների հետ։
Բիթքոինից տարբերվող կրիպտոարժույթները հաճախ անվանում են «ալտքոիններ»՝ տարբերակելու համար դրանք օրիգինալ արժույթից։
Ի՞նչ է կրիպտոարժույթի mining-ը․ պարզ բացատրություն
Mining-ը բլոքչեյն ցանցերի անվտանգությունն ապահովող և գործարքները հաստատող առանցքային գործընթաց է։ Այն ունի երկու հիմնական գործառույթ․
- Գործարքների վավերացում – Proof of Work (աշխատանքի ապացույց) համակարգերում հանքագործները լուծում են բարդ մաթեմատիկական խնդիրներ՝ գործարքների իսկությունը ստուգելու և դրանք հաստատելու համար։ Առաջին հանքագործը, որը լուծում է խնդիրը, ավելացնում է նոր բլոկ բլոքչեյնին և որպես պարգևատրում ստանում է նոր ստեղծված կրիպտոարժույթ։
- Ցանցի անվտանգություն – mining-ը պաշտպանում է ցանցը՝ խոչընդոտելով մեկ կողմի՝ գործարքի տվյալները փոխելու փորձերը։ Դրա համար նրանք պետք է վերահսկեն հանքագործության հզորության ավելի քան 50%-ը, ինչը գրեթե անհնար է, երբ ցանցը մեծ և դեցենտրալիզացված է։
Mining-ը պահանջում է համակարգչային մեծ հզորություն, ինչի արդյունքում այն սպառում է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա։
Կրիպտոարժույթները օրինակա՞ն են
Կրիպտոարժույթները գործում են բարդ և փոփոխվող իրավական դաշտում։ Նրանց օրինականությունը տարբեր երկրներում շատ տարբեր է. որոշ երկրներ բաց են ընդունել դրանք, իսկ մյուսները սահմանափակումներ կամ ամբողջական արգելքներ են կիրառել։
Կրիպտոարժույթների գլոբալ կարգավորումներ
Կրիպտոարժույթի ոլորտում կանոնակարգերը դեռ ձևավորման փուլում են։ Որոշ երկրներ, օրինակ՝ Ճապոնիան և Շվեյցարիան, արդեն մշակել են հստակ իրավական դաշտ, մինչդեռ Չինաստանը ամբողջությամբ արգելել է կրիպտոարժույթների առևտուրը և mining-ը։ Այս փոփոխվող միջավայրը պայմանավորված է խարդախության, փողերի լվացման և ֆինանսական կայունության վերաբերյալ մտահոգություններով։
Օրինական կարգավիճակն առանցքային շուկաներում․
ԱՄՆ – կրիպտոարժույթները համարվում են ապրանք (commodity), և դրանք կարգավորվում են SEC-ի (Արժեթղթերի հանձնաժողով) և CFTC-ի (Ապրանքների առևտրի հանձնաժողով) կողմից։
Եվրոպական միություն – կանոնակարգումը մասնատված է, սակայն նպատակ ունի համահունչ լինել սպասվող MiCA (Markets in Crypto-Assets) օրենքին։
Չինաստան – արգելված են կրիպտոարժույթների առևտուրն ու հանքագործությունը։
Ճապոնիա – օրինական են և կարգավորվում են Վճարային ծառայությունների մասին օրենքով (Payment Services Act)։
Այս կանոնակարգերը հասկանալը չափազանց կարևոր է ինչպես ներդրողների, այնպես էլ բիզնեսի համար, որը գործում է կրիպտոարժույթների ոլորտում։
Վիրտուալ արժույթների գլոբալ ազդեցությունը
Կրիպտոարժույթները էական ազդեցություն են ունեցել համաշխարհային ֆինանսական համակարգի վրա։ Դրանք նոր մեթոդներ են առաջարկում արժեքի փոխանցման և պահպանման համար, խթանում են ֆինանսական ներառումն՝ հասանելի դարձնելով ծառայությունները բանկ չունեցող մարդկանց համար և արագացնում են նորարարությունները ֆինանսների ու տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում։
Սակայն դրանց աճը նաև բերում է մարտահրավերներ՝ կապված կանոնակարգման անորոշությունների, անվտանգության ռիսկերի և շուկայի անկայունության հետ։ Անհրաժեշտ է նորարարությունն ու արդյունավետ վերահսկողությունը համադրել՝ ապահովելու կայուն և ընդգրկուն ֆինանսական միջավայր։
Եթե ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները ֆինանսների ոլորտում և ուսումնասիրել ժամանակակից համակարգերի և տեխնոլոգիաների, այդ թվում՝ կրիպտոարժույթների ազդեցությունը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր Ֆինանսների միջազգային առցանց մագիստրոսական ծրագրին։ Այն առաջարկում է խորացված պատկերացում ֆինանսական համակարգերի և նորարարական մոտեցումների մասին։
Կրիպտոարժույթները ներկայումս կարևոր դեր են խաղում գլոբալ ֆինանսական համակարգում՝ առաջարկելով նորարարական լուծումներ արժեքի փոխանցման, պահպանման և ֆինանսական ներառման ոլորտներում։ Դրանց հիմքում ընկած բլոքչեյն տեխնոլոգիան և դեցենտրալիզացված մոդելը տրամադրում են թափանցիկություն, անվտանգություն և արագություն՝ առանց միջնորդ կառույցների անհրաժեշտության։
Սակայն ինչպես ցանկացած նորարարություն, կրիպտոարժույթներն էլ ունեն իրենց ռիսկերը՝ կապված օրենսդրական չկարգավորված դաշտի, շուկայի բարձր տատանողականության և տեխնիկական խոցելիությունների հետ։ Այս բոլոր գործոնները պահանջում են զգոնություն, խորացված ուսումնասիրություն և հավասարակշռված մոտեցում՝ թե՛ ներդրողների, թե՛ քաղաքականություն մշակողների և թե՛ տեխնոլոգիական նախաձեռնությունների համար։
Ի վերջո, կարելի է ասել, որ կրիպտոարժույթներն ու դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաները դեռևս զարգացման փուլում են, սակայն դրանց ներուժը՝ ձևափոխելու ֆինանսական համակարգը, շատ մեծ է։ Հետևաբար, գիտելիքը, իրազեկվածությունն ու պատասխանատու մոտեցումը կարևոր նախապայմաններ են՝ այս ոլորտում ճիշտ որոշումներ կայացնելու և հնարավորություններից օգտվելու համար։