Business Development Group
← Բոլոր հոդվածները
Management · Aug 05, 2026 · 10

Project Manager vs Product Manager. որտե՞ղ են հատվում և տարբերվում նրանց դերերը

Project Manager vs Product Manager. որտե՞ղ են հատվում և տարբերվում նրանց դերերը
Պրոդուկտ մենեջերները և նախագծերի ղեկավարները կարևոր դեր ունեն ինչպես տեխնոլոգիական ընկերություններում, այնպես էլ այլ ոլորտներում։ Այս երկու դերերը հաճախ շփոթում են, քանի որ դրանք պահանջում են մի շարք նմանատիպ հմտություններ՝ օրինակ՝ առաջնորդություն, ժամանակի արդյունավետ կառավարում և հաղորդակցման կարողություններ։ Սակայն իրականում պրոդուկտ մենեջերն ու նախագծի ղեկավարը տարբեր դերեր են, որոնք փոխլրացնում են միմյանց։ Պրոդուկտ մենեջերը պատասխանատու է պրոդուկտի տեսլականի ձևավորման, պահանջների հավաքագրման և դրանց առաջնահերթությունների սահմանման համար։ Մինչդեռ նախագծերի ղեկավարը պատասխանատու է այդ տեսլականի իրականացման գործընթացի կազմակերպման համար՝ ապահովելով, որ նախագիծն իրականացվի սահուն, սահմանված ժամկետներում և նախատեսված բյուջեի շրջանակում։ Ո՞վ է պրոդուկտ մենեջերը Պրոդուկտ մենեջերն այն մասնագետն է, որը ուսումնասիրությունների և վերլուծության հիման վրա ձևավորում է պրոդուկտի տեսլականը, ապա այն ներկայացնում և հաղորդակցում ամբողջ կազմակերպությանը։ Ղեկավարության կամ շահագրգիռ կողմերի հաստատումից հետո պրոդուկտի մենեջերը սկսում է մշակել այդ տեսլականի իրականացման ռազմավարական գործողությունների պլանը։ Պրոդուկտ մենեջերի պարտականությունների մեջ են մտնում պրոդուկտի զարգացման ճանապարհային քարտեզի (Product Roadmap) ձևավորումն ու իրականացումը, պրոդուկտի և հաճախորդների պահանջների հավաքագրումն ու առաջնահերթությունների սահմանումը։ Նա սերտորեն համագործակցում է տարբեր թիմերի՝ ծրագրավորման, դիզայնի, մարքեթինգի և վաճառքների հետ՝ ապահովելու համար, որ պրոդուկտը համապատասխանի թիրախային շուկայի պահանջներին և նպաստի բիզնես նպատակների իրականացմանը։ Բացի այդ պրոդուկտ մենեջերը վերլուծում է շուկայի և մրցակցային միջավայրի միտումները՝ օգնելով պահպանել պրոդուկտի մրցունակությունն ու երկարաժամկետ հաջողությունը։ Ո՞վ է նախագծերի ղեկավարը Նախագծի ղեկավարը (Project Manager), ինչպես հուշում է անվանումը, մասնագետ է, որը պատասխանատու է կազմակերպության նախագծերի կառավարման և համակարգման համար։ Նրա պարտականությունների մեջ են մտնում նախագծի ամբողջական պլանավորումը, կազմակերպումը և իրականացումը՝ մինչև դրա ավարտը՝ սահմանված ժամկետների, հասանելի ռեսուրսների և նախատեսված բյուջեի շրջանակում։ Նախագծի ղեկավարի դերը կարող է տարբեր լինել՝ կախված ոլորտից, կազմակերպությունից և կոնկրետ նախագծի պահանջներից։ Սակայն ընդհանուր առմամբ նա սերտորեն համագործակցում է նախագծային թիմի, շահագրգիռ կողմերի և հաճախորդների հետ՝ ապահովելու համար, որ նախագիծն ավարտվի ժամանակին, բյուջեի սահմաններում և ներգրավված բոլոր կողմերի ակնկալիքներին համապատասխան։ Նախագծի ղեկավարը պետք է տիրապետի հմտությունների լայն շրջանակի՝ ներառյալ հաղորդակցությունը, առաջնորդությունը, կազմակերպչական կարողությունները, խնդիրների լուծումը և որոշումների կայացումը։ Նա նաև պետք է կարողանա կառավարել ռիսկերը և անհրաժեշտության դեպքում արագ հարմարվել նախագծային պլանի փոփոխություններին։ Տեխնիկական և կառավարչական հմտություններից բացի, նախագծի ղեկավարի համար կարևոր են նաև զարգացած միջանձնային հաղորդակցման հմտությունները, քանի որ նա հաճախ հանդես է գալիս որպես կապող օղակ նախագծային թիմի և մյուս շահագրգիռ կողմերի միջև։ Համագործակցությունը պրոդուկտ մենեջերի և նախագծերի ղեկավարի միջև Ցանկացած նախագծի հաջողություն մեծապես կախված է պրոդուկտի մենեջերների և նախագծերի ղեկավարների արդյունավետ համագործակցությունից։ Մինչ պրոդուկտի մենեջերը ձևավորում է պրոդուկտի ռազմավարությունը, բացահայտում հաճախորդների կարիքները և սահմանում պրոդուկտի հիմնական հնարավորությունները, նախագծի ղեկավարը պլանավորում և կառավարում է ռեսուրսները, սահմանում առաջադրանքների ժամանակացույցը, կառավարում ռիսկերը և ապահովում պրոդուկտի ժամանակին թողարկումը։ Երկու դերերն էլ առանցքային նշանակություն ունեն նախագծի հաջող իրականացման համար։ Պրոդուկտ մենեջերն ու նախագծի ղեկավարը պետք է սերտորեն համագործակցեն՝ ապահովելու համար, որ պրոդուկտը մշակվի սահմանված բյուջեի շրջանակում, ժամանակին և համապատասխանի շահագրգիռ կողմերի ակնկալիքներին։ Նրանք պետք է արդյունավետ հաղորդակցվեն և համատեղ աշխատեն՝ զարգացման ընթացքում առաջացող հնարավոր մարտահրավերները հաղթահարելու համար։ Պրոդուկտ մենեջերի և նախագծի ղեկավարի միջև արդյունավետ համագործակցության համար կարևոր է հստակ սահմանել յուրաքանչյուրի դերն ու պատասխանատվության շրջանակը։ Նույնքան կարևոր են նախագծի նպատակների և ակնկալվող արդյունքների հստակ ձևակերպումը, ինչպես նաև բաց և արդյունավետ հաղորդակցման ուղիների ստեղծումը։ Համագործակցելով՝ նրանք կարող են ապահովել բարձրորակ պրոդուկտի ստեղծումը, որը համապատասխանում է ինչպես հաճախորդների կարիքներին, այնպես էլ բիզնեսի նպատակներին։ Դիտարկենք օրինակ։ Ենթադրենք՝ կա ընկերություն, որը առցանց վաճառում է որոշակի տեսակներ ապրանքներ և ցանկանում է ստեղծել բջջային հավելված, որի միջոցով հաճախորդները կկարողանան դիտել և ընտրել ապրանքները իրենց սմարթֆոններով։ Այս դեպքում ընկերությունը կարող է ներգրավել պրոդուկտի մենեջերի, որը պատասխանատու կլինի հավելվածի զարգացման ուղղության համար՝ սահմանելով նպատակները, ձևավորելով ռազմավարությունը և որոշելով, թե ինչ խնդիրներ պետք է լուծի պրոդուկտը։ Իսկ նախագծերի ղեկավարը պատասխանատու կլինի այդ նպատակներն ու տեսլականը գործնականում իրականացնելու համար՝ կազմակերպելով աշխատանքային գործընթացը, կառավարելով թիմը, ռեսուրսները, ժամկետներն ու հնարավոր ռիսկերը։ Պրոդուկտ մենեջերի տեխնիկական և փափուկ հմտությունները Տեխնիկական հմտություններ • Տվյալների վերլուծություն։ Պրոդուկտ մենեջերը պետք է հավաքագրի օգտատերերի, պրոդուկտի և շուկայի վերաբերյալ տվյալներ՝ հասկանալու հաճախորդների վարքագիծը, պրոդուկտի ներսում տեղի ունեցող գործընթացները և մրցակցային միջավայրը։ Մրցակիցների նկարագրությունների, դիրքավորման և ներգրավվածության ցուցանիշների ավտոմատ հավաքագրումը կարող է օգնել ավելի հիմնավորված որոշումներ կայացնել և զարգացնել սեփական պրոդուկտը՝ հաշվի առնելով շուկայի ընդհանուր միտումները։ Բացի այդ, անհրաժեշտ է կարողանալ վերլուծել տվյալները՝ հասկանալու, օրինակ, թե ինչպես է փոխվել պրոդուկտի կատարողականը թողարկումից հետո։ • Շուկայի գնահատում - անհրաժեշտ է կիրառել քանակական շուկայական հետազոտության մեթոդներ՝ ավելի լայն լսարան ուսումնասիրելու և շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար։ • Գնագոյացման մոդելավորում – պրոդուկտ մենեջերը կիրառում է առաջադեմ վերլուծական մեթոդներ և product management գործիքներ՝ հաճախորդների տվյալները վերլուծելու, նրանց վարքագծում ու շուկայի միտումներում օրինաչափություններ բացահայտելու և հիմնավորված գնային որոշումներ կայացնելու համար։ • Օգտատիրոջ փորձառության (UX) հիմնական գիտելիքներ – պրոդուկտ մենեջերը պետք է լավ պատկերացում ունենա UX-ի մասին, որպեսզի կարողանա պրոդուկտը համապատասխանեցնել հաճախորդների կարիքներին և բարելավել ընդհանուր օգտատիրոջ փորձառությունը։ • Բիզնեսի հիմնական գիտելիքներ - դրանք անհրաժեշտ են ընկերության ռազմավարական նպատակները հասկանալու և հաճախորդների կարիքներին համապատասխան գործողություններ պլանավորելու համար։ Այս տեխնիկական հմտությունները կարող են արտահայտվել հետևյալ առաջադրանքների և պատասխանատվությունների միջոցով․ • Product Roadmap-ի մշակման և իրականացման վերահսկում, • Agile մեթոդաբանության իմացություն, • պրոդուկտի հետազոտություն, • պրոտոտիպավորում, • տվյալների հավաքագրում և վերլուծություն, • SQL-ի իմացություն, • A/B թեստավորում, • ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի՝ SDLC-ի իմացություն, • ծրագրավորման հիմունքներ, • Git workflow-ի իմացություն, • DevOps և cloud տեխնոլոգիաների հիմնական իմացություն, • վեբ մշակման գործընթացների ընկալում։ Փափուկ հմտությունները տեխնիկական չեն և հիմնականում վերաբերում են անձնական ու միջանձնային կարողություններին։ Դրանք հատկապես կարևոր են կառավարման ոլորտում, քանի որ օգնում են արդյունավետ հաղորդակցվել, համագործակցել, առաջնորդել թիմերը, կողմնորոշվել բարդ իրավիճակներում և հաջողությամբ զարգացնել պրոդուկտը։ Պրոդուկտի մենեջերի համար կարևոր փափուկ հմտություններից են՝ • Ռազմավարական մտածողություն՝ պրոդուկտի նպատակները, առաջնահերթություններն ու բիզնես զարգացման ուղղությունը սահմանելու համար։ • Տեսլական ձևավորելու կարողություն՝ պրոդուկտի զարգացման ուղղությունը և հաջորդ քայլերը կանխատեսելու, ապագա միտումներն ու հնարավորությունները նկատելու և շուկայում մրցունակ մնալու համար։ • Բիզնես մտածողություն՝ պրոդուկտի եկամտաբերությունը և ֆինանսական արդյունքները հասկանալու ու կառավարելու համար։ • Ուժեղ հաղորդակցման հմտություններ՝ ներառյալ ակտիվ լսելը և մտքերը հստակ ներկայացնելու կարողությունը՝ տարբեր բաժինների հետ արդյունավետ համագործակցելու համար։ • Առաջնորդություն՝ ուժեղ թիմեր ձևավորելու, cross-functional թիմերին մոտիվացնելու և պրոդուկտի հաջող զարգացումը խթանելու համար։ • Բանակցելու և ազդեցություն գործելու կարողություն՝ շահագրգիռ կողմերի հետ համագործակցելիս կամ նրանց պրոդուկտի տեսլականին և ռազմավարությանը աջակցելու ու ներդրում կատարելու հարցում համոզելու համար։ • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն՝ տվյալների վերլուծությունը, NPS հարցումները, cohort analysis-ը, usability testing-ը, նախագծերի կառավարումը, A/B testing-ը և այլ առաջադրանքներ ճիշտ դասակարգելու համար։ • Հաճախորդների կարիքները բացահայտելու կարողություն՝ նրանց վարքագիծը հասկանալու, խնդիրներն ու ակնկալիքները բացահայտելու և արժեքավոր պրոդուկտներ ստեղծելու համար։ • Շուկայական միտումները բացահայտելու կարողություն՝ մրցակիցների և շուկայի վերաբերյալ տվյալներ հավաքելու և ավելի հիմնավորված բիզնես որոշումներ կայացնելու համար։ Նախագծերի ղեկավարի հմտությունները Հավանաբար արդեն հանդիպել եք այն հմտությունների ցանկին, որոնք անհրաժեշտ են նախագծի ղեկավարին։ Այն կարող է ներառել, օրինակ՝ • պլանավորում, • իրականացում, • վերահսկում, • համակարգում, • ժամանակի կառավարում, • բյուջեի կառավարում, • ռեսուրսների կառավարում, • ռիսկերի կառավարում, • հաղորդակցման ուժեղ հմտություններ, • առաջնորդություն, • առաջնահերթություններ սահմանելու կարողություն, • խնդիրների լուծման հմտություն։ Այս հմտություններից յուրաքանչյուրն ավելի մանրամասն հասկանալու համար կարող եք մասնակցել «Project Management Fundamentals: AI Powered» դասընթացին, որտեղ բացատրվում է, թե ինչ է ենթադրում յուրաքանչյուր հմտությունը նախագծերի կառավարման համատեքստում։ Պրոդուկտ մենեջերն ու նախագծերի ղեկավարը տարբեր, բայց միմյանց փոխլրացնող դերեր են։ Եթե պրոդուկտ մենեջերը կենտրոնանում է այն հարցերի վրա, թե ինչ ստեղծել, ում համար և ինչ արժեք ապահովել, ապա նախագծերի ղեկավարը պատասխանատու է այն բանի համար, թե ինչպես իրականացնել այդ տեսլականը սահմանված ժամկետների, բյուջեի և ռեսուրսների շրջանակում։ Երկու մասնագետների արդյունավետ համագործակցությունն էլ հաճախ դառնում է հաջող պրոդուկտի և նախագծի կարևոր նախապայման։ Այս երկու ուղղությունների միջև ընտրություն կատարելիս կարևոր է հասկանալ սեփական ուժեղ կողմերն ու հետաքրքրությունները։ Եթե ձեզ գրավում են շուկայի ուսումնասիրությունը, հաճախորդների կարիքների բացահայտումը, ռազմավարությունը և պրոդուկտի զարգացումը, ավելի համապատասխան կարող է լինել Product Management-ը։ Իսկ եթե նախընտրում եք պլանավորել, համակարգել թիմերի աշխատանքը, կառավարել ռիսկերը, ժամկետներն ու ռեսուրսները և գաղափարները վերածել հստակ արդյունքների, Project Management-ը կարող է լինել ձեր մասնագիտական հաջորդ քայլը։

Առնչվող դասընթաց

Professional Meta Ads Course

Marketing and PR

Դիտել դասընթացը