25.04.2023
9 րոպե

10 խորհուրդ սկսնակ գրաֆիկ դիզայներներին

Դիզայնի աշխարհը վառ է և բազմազան: Այսպիսի լայն ոլորտում հաճախ բարդ է լինում կողմնորոշվել՝ ինչի՞ց սկսել:
Ի՞նչ կարդալ և ո՞ր ֆիլմերը դիտել:
Տարբեր մարդիկ՝ դիզայներներ, գրաֆիկ դիզայներներ և այլք, կփորձեն օգնել Ձեզ խորհուրդներով, սակայն վերջիններս կարող են հաճախ հակասել իրար:
Բարեբախտաբար՝ այսօր կան նաև տարբեր գործիքներ և հավելվածներ, որոնք կօգնեն Ձեզ մոտիվացվել և առաջ գնալ ոլորտում:
Այսօր Ձեզ իր խորհուրդներով կօգնի BDG-ն, որն արդեն տասնյակ տարիների փորձ ունի որակյալ կրթության շրջանակներում:

Այսպիսով, եթե Դուք սկսնակ գրաֆիկ դիզայներ եք, ով մասնագիտական խորհուրդներ է փնտրում ոլորտ մուտք գործելուց առաջ, ապա ճիշտ տեղում եք: 

Որտեղի՞ց սկսել, եթե սկսնակ գրաֆիկ դիզայներ եք

Սկսենք նրանից, որ դիզայնն ամենուր է:
Սկսած Ձեր առավոտյան սուրճի բաժակից, վերջացրած՝ հավելվածներով, որոնք օգտագործում եք: Դիզայներները ստեղծում են բրենդներ, գովազդներ, ամսագրեր և ավելին: 

Ինչ վերաբերում է գրաֆիկ դիզայներներին, ամեն ինչ ավելի նեղ մասնագիտական է և էլ ավելի հետաքրքիր:
Այստեղ կարևորվում է ստեղծարար միտքն ու մոտեցումը:
Ձևաչափերը, գույները, տառատեսակները տարբեր են և հաճախ կախված են մեկ անձից՝ հենց գրաֆիկ դիզայներից:
Վերջինս պետք է անընդհատ փորձարկումներ կատարի և ստանա տարբեր արդյունքներ:
Ըստ այդ արդյունքների ավելանում է նրա փորձառությունն ու ամրապնդվում են հմտությունները:

Սկսնակ գրաֆիկ դիզայներների համար ամեն ինչ սկզբում կարող է վախ առաջացնել:
Այդ պատճառով մենք Ձեզ համար առանձնացրել ենք 10 կարևորագույն խորհուրդ, որպեսզի սկսելն ավելի հեշտ լինի:

Գնացի՜նք 

#1 Ուսումնասիրե՛ք դիզայնի պատմությունը 

Դիզայնը նորություն չէ:
Վերջինիս պատմությունը հաճախ անտեսվում է:
Հենց պատմությունն է իրականում օգնում հասկանալ, թե ինչու է գրաֆիկ դիզայն այնպիսին, ինչպիսին կա:
Առաջին քարանձավային պատկերներն՝ ըստ պատմաբանների թվագրվում են մ.թ.ա. 38.000 թվական:
Այսօր հենց այդ պատկերների շնորհիվ պատմություն է գրվել և բացատրվել են շատ գաղափարներ:
Ուղղակի այցելե՛ք մշակութային կարևորության վայրերը հենց Հայաստանում:
Մեր նախնիները ևս խոսել են մեզ հետ և փոխանցել իրենց գաղափարները:
Վիզուալ շփումը դարեր առաջ անհրաժեշտություն էր, իսկ հիմա՝ գրավչության և հաղորդակցման մաս է կազմում: 

Ըստ ուսումնասիրությունների՝ մարդկանց 65%-ը տեսողական սովորող է:
Նրանք միայն տեսնելով են լավ պատկերացնում գաղափարը:
Գրաֆիկ դիզայնում կարևոր է մի պահ պատկերացնել, որ գնորդը հենց Դուք եք:
Ի՞նչ եք հասկանում տվյալ պատկերից կամ գույներից:
Ճի՞շտ է հասցվում ասելիքը:
Գրաֆիկ դիզայնի պատմության մեջ բազում դեպքեր են եղել, երբ ասելիքը սխալ է հասկացվել և հեղինակազրկել է բրենդը:
Այդ ամենն ընդամենը մի քանի վայրկյանում:

Այսպիսով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել գաղափարը, որը ցանկանում եք փոխանցել և դա անել զգույշ և իմաստալից աշխատանքով:

#2 Տիպոգրաֆիկայի ուժը

Եթե սկսնակ գրաֆիկ դիզայներ եք, տառատեսակների աշխարհը կարող է շատ շփոթեցնող թվալ: Դուք պետք է հասկանաք, թե ինչպես միավորել տառատեսակները template-ի մեջ, որպեսզի այն գրավիչ լինի:
Այսօր տեքստային էֆեկտներ ստեղծող հավելվածները մեծ օգնություն կցուցաբերեն Ձեզ:
Դրանք հարմար են սկսնակ գրաֆիկ դիզայներների համար, ովքեր փորձարկումներ են կատարում տառատեսակների հետ:

Օգտագործե՛ք մի քանի տառատեսակ՝ ոչ շատ:
Շատ տառատեսակների դեպքում հնարավոր է շփոթեցնել կամ հոգնեցնել դիմացինին: Արդյունքում լիովին խառնաշփոթ կստեղծվի՝ ցույց տալով, որ շատ մտքեր եք ունեցել, բայց չեք կարողացել ճիշտ դասավորել դրանք:
3 կամ ավելի քիչ տառատեսակները բավական են հետաքրքիր և գրավիչ աշխատանք ստանալու համար: 

#3 Պարզություն և միայն պարզություն

Չափազանց շատ մի՛ մտածեք մի գաղափարի շուրջ:
Ինչպես ասում են՝ Keep it simple:
Երբ պետք է մի աշխատանք անեք, հաճախ մտածում եք. ի՞նչ եմ անելու գույների, դիզայներական տարրերի հետ:
Դադարե՛ք երկար մտածել:
Պարզությամբ լուծվում է դիզայնի խնդիրների մեծամասնությունը:
Կապվե՛ք Ձեր ներքին մինիմալիստի հետ՝ հնարավորինս շատ տարրեր օգտագործելու փոխարեն: Տեսեք՝ արդյո՞ք կարող եք հետաքրքիր պատկեր ստանալ առանց մեծաքանակ էլեմենտներ գործածելու:
Ներառե՛ք քիչ տեքստ, սակայն այնպիսին, որը հաճախորդին կտա անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Ամեն ինչ պետք է լինի գրավիչ, պարզ և արդյունավետ:

Մինիմալիստական դիզայնի, հատկապես վեբ էջի ստեղծման մարտահրավերներից մեկը տեսողական ներդաշնակությունն է:
Քանի որ միտքն այն է, որ օգտագործեք հնարավորինս քիչ քանակի տարրեր, առաջին իսկ ավելորդության դեպքում անհավասարակշռություն կառաջանա:
Սա հատկապես ճիշտ է այն դեպքում, երբ օգտագործում եք սպիտակ գույնը:

Այս պատճառով շատ գրաֆիկ դիզայներներ օգտագործում են grid համակարգը՝ կայքի դիզայնը տրվում է ցանցային դասավորությամբ:
Այս համակարգը թույլ է տալիս արտահայտել Ձեր ստեղծագործ մտքերը և հավասարակշիռ պատկեր ստանալ մարդու աչքի առաջ: 

#4 Օգտագործե՛ք մի քանի համահունչ գույներ

Մի քանի գույն ընտրեք:
15 գրաֆիկ աշխատանքի համար 15 գույն օգտագործելը լավ տարբերակ չէ:
Ավելի ճիշտ կլինի որոշել մի քանի գույն և ողջ ընթացքում աշխատել դրանց հետ:
Ընտրե՛ք 3-5 համահունչ գույն և դիզայնի ողջ ընթացքում աշխատե՛ք հենց դրանց հետ:
Եթե որևէ պատկեր եք ներառում, օգտագործե՛ք հենց այդ պատկերի գույներից: 

Սա շատ կարևոր կանոն է, որն օգտագործվում է բրենդի ռազմավարության մեջ:
Հետևողական և ներդաշնակ գունային լուծում ունենալը դիզայնի գործընթացն ավելի արագ և հեշտ է դարձնում:
Սա նաև ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է:
Գունային հստակ լուծումը Ձեր բրենդն ավելի ճանաչելի է դարձնում (պոտենցիալ) հաճախորդների համար:
Եթե դիզայնի ռազմավարությունը հակասող գույների վրա չէ հիմնված, հստակ գունային լուծումը հիանալի գաղափար է:
Պատահական գույների ընտրությունը Ձեր դիզայնը կարող է դարձնել անորակ և անհետաքրքիր: 

#5 Մի՛ վախեցեք ավելացնել ՄԵԾ պատկերներ

Սկսնակ գրաֆիկ դիզայների համար գուցե խորթ հնչի, բայց մեծ, համարձակ պատկերներն ավելի գրավիչ են:
Հաճախ մտածում ենք, որ դրանք կարող են շատ աչք ծակող լինել և հակառակ արձագանքների բերել:
Սակայն դեպքերի մեծամասնության ժամանակ դրանք տպավորիչ են:
Եթե Ձեր դիզայնն ունի մի քանի մասնիկներ, փորձե՛ք ամենամեծն ամենակենտրոնական հատվածում դնել:
Մասշտաբային տեսք տվե՛ք ամեն ինչին՝ տառերին, տարրերին, կոճակներին: Փոքր տառատեսակները կամ տարրերը կարող են ստվերվել և աննկատ մնալ:

#6 Օգտագործե՛ք գույնի հոգեբանություն

Գույներն ունեն իմաստ:
Դրանք ունեն մշակութային և զգացմունքային կարևորություն:
Գույների մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել այդ ամենը:
Սկսե՛ք ոչ թե Ձեր սիրելի գույնի ընտրությամբ, այլ՝ հասկացե՛ք, թե ինչ զգացմունքներ եք ցանկանում փոխանցել:
Ի՞նչ պիտի զգա տեսնողը:
Հետո օգտագործե՛ք գունային անիվը, որը ներկայացնում է հիմնական գույներն ու դրանց հնարավոր ազդեցությունը մարդկանց վրա:
Անիվը ցույց է տալիս գույների դրական և բացասական կողմերն ու նշանակությունը:
Կարմիրը կարող է նշանակել ուժ, սակայն նաև ունի վտանգի իմաստ:
Դեղինը կարող է նշանակել ընկերասիրություն, սակայն նաև՝ հիվանդություն:
Պետք է ուշադիր լինել և դիպուկ:

Հակազդող գույները կարող են հրաշալի արդյունքների բերել:
Դրանք իսկույն ուշադրություն են գրավում:
Իհարկե, սա օրենք չէ, և Դուք կարող եք նաև աշխատել երկու նմանատիպ գույների հետ և տեսնել արդյունքները:
Սակայն բազում օրինակներ կան, երբ դիմացինին գրավում է հենց հակադրությունը:

#7 Ուսումնասիրե՛ք սոցիալական հարթակները

Սոցիալական ցանցերն այսօր անհրաժեշտություն են, սակայն ոչ բոլոր ցանցերն են կարևոր մեկ բիզնեսի համար: Օրինակ՝ բաղադրատոմսերը շատ լավ են աշխատում Pinterest-ում, և սննդամթերք արտադրող բիզնեսները կարևորում են այդտեղ ներդրումներ կատարելը:
Բայց այդքան էլ ճիշտ չի լինի, եթե ապահովագրական ընկերությունն այնտեղ ներդրում կատարի: Ուսումնասիրե՛ք մի քանի հարթակներ և ներդրում կատարեք հենց դրանցում: 

Եթե մի աշխատանքով ցանկանում եք կիսվել սոցիալական հարթակներում, դա այդքան էլ հեշտ չէ: Այն պետք է համապատասխանեցվի՝ ըստ հարթակի:
Ձեր ավելացրած կոնտենտը միանում է մի անվեջանալի հոսքի, որտեղ այն մրցում է այլ ընկերությունների կոնտենտի հետ:
Բացի այդ՝ այն պետք է խաղա տվյալ ալգորիթմի կանոններով: Սա գուցե տարօրինակ թվա, հատկապես, եթե սկսնակ գրաֆիկ դիզայներ եք:
Սակայն Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը և մյուս հարթակներն ունեն հրապարակումների տարբեր չափումներ:
Ավելին՝ Instagram-ի story հատվածը լիովին տարբերվում է գլխավոր էջից: Պետք է նախևառաջ տեղեկանալ բոլոր չափումներից, այնուհետև սկսել աշխատել: 

Ուշադիր ուսումնասիրե՛ք հարթակներ և մի՛ տրվեք հոսքին: Չարժե բոլոր հարթակներում երևալ: Եղե՛ք մի քանիսում, բայց որակյալ և մանրակրկիտ աշխատանքով: 

#8 Միշտ հիշե՛ք Ձեր թրիախային լսարանի մասին

Թիրախային լսարանն ու վերջինիս պահանջմունքները պետք է մշտապես մտքում ունենալ: Բրենդինգը կարևոր է, սակայն չպետք է մոռանաք, թե ում համար է դիզայնը նախատեսված: Դիզայնն այնպես մշակեք, որ այն խոսի հենց Ձեր լսարանի հետ:
Դիզայնը կամ բրենդը չեն կարող նախատեսված լինել բոլորի համար:
Բրենդները, որոնք իրենց այդպես են դիրքավորել շատ արագ անկում են ապրել:
Խոսե՛ք Ձեր լսարանի լեզվով և անդրադարձե՛ք հենց նրանց:
Սա ամենակարևոր խորհուրդներից է սկսնակ գրաֆիկ դիզայներների համար:
Գործե՛ք դիպուկ և կտեսնեք ստացված հրաշալի արդյուքները:

#9 Օգտագործե՛ք պատկերներ (Icons)

Սիմվոլիզմը բավականին հայտնի երևույթ է:
Հայկական և համաշխարհային քարանձավների պատկերներից, մինչ ներկայիս էմոջիներով խոսակցություններ վարելը սիմվոլիզմի մի մասն են կազմում:
Մարդիկ, ինչպես նշեցինք, տարիներ շարունակ հենց այդ «էմոջիներով» են հաղորդակցվել: Տարատեսակ առարկաներ, վայրեր, անհատներ և զգացողություններ կարող են արտահայտվել գրաֆիկական ներկայացմամբ:

Պատկերները հաճախ ավելի շատ գաղափարներ կարող են փոխանցել, քան նախադասությունները:
Դրանք կարող են օգնել հաղթահարել լեզվական խոչընդոտները՝ գրավելով շատ ավելի քիչ տեղ: Եթե Ձեր ոճը մինիմալիստական է, ապա պատկերները պետք է մշտապես Ձեզ հետ լինեն, Ձեր աշխատանքներում:
Դրանք հանդես են գալիս «համեմուքների» տեսքով և Ձեր աշխատանքն ավելի հագեցած դարձնում:
Պատկերներ օգտագործելիս համոզվե՛ք, որ դրանք ունեն միանման տեսք և փոխանցում են միևնույն գաղափարն ու էներգիան:

#10 Ունեցե՛ք Ձեր սեփական կանոնները

Այս խորհուրդը կարող եք տպագրել և փակցնել Ձեր աշխատասեղանի կամ համակարգչի վրա: Գրաֆիկ դիզայնի մասին բազում գաղափարներ և խորհուրդներ կան, սակայն Դուք եք կանոններ թելադրում:
Դիզայնն օրենքներ չունի: Իհարկե, կարևոր է հաշվի առնել առկա նոր թրենդները:
Սակայն աշխատելիս անհրաժեշտ է դրանք կիրառել՝ ըստ Ձեր ճաշակի և ձեռագրի:
Ձեռագիրը Ձեզ դարձնում է յուրօրինակ, և խոսքը միայն կայացած գրաֆիկ դիզայների մասին չէ: Սկսնակ գրաֆիկ դիզայները ևս ունի իր ասելիքն ու յուրօրինակությունն իր աշխատանքներում, թեկուզ և դրանք շտկելու կարիք կարող է լինել:

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք:
9 այլ խորհուրդներ կարդալուց հետո, կենտրոնացե՛ք հենց այս մեկի վրա: Մրցակցություն կա ցանկացած ոլորտում:
Մրցել պետք է, սակայն ոչ թե այլ դիզայներների, այլ ինքներդ Ձեզ հետ:
Մի էլ փորձե՛ք այլոց ընդօրինակել, քանի որ այդպես կկորցնեք Ձեր ասելիքը: Եղե՛ք կրեատիվ և կիրառե՛ք սեփական գաղափարները Ձեր աշխատանքներում: 

Եվ այսպես, մենք անդրադարձանք 10 խորհուրդներին, որոնք պետք է հաշվի առնել սկսնակ գրաֆիկ դիզայների կարիերան սկսելիս:
Իհարկե, շատ ավելի բազմազան խորհուրդներ կան, որոնց կանդրադառնանք հետագայում, սակայն սրանք անհրաժեշտ է մտապահել:
Այս 10-ը խորհուրդները մենք մշակել ենք մեզ մոտ անցկացվող սկսնակ գրաֆիկ դիզայներների համար դասընթացների արդյունքում:

Graphic Design for Beginners և Graphic Design երեխաների համար դասընթացները BDG-ի ամենապահանջված և դրական արձագանքներ գրանցած դասընթացներն են:
Մենք խորապես ուսումնասիրել ենք կրթական ծրագրերն ու մոտեցումները՝ լավագույն արդյունքներ գրանցելու համար:
Այսօր արդեն ունենք հարյուրավոր ուսանողներ, ովքեր մեծ հաջողություններ են գրանցել: Հաջորդը կարող եք լինել հենց Դուք։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

UX/UI Դիզայնի Դասընթաց Սկսնակների Համար

Պրոֆեսիոնալ մշակված ծրագիր UI-ի և UX-ի մասին խորացված գիտելիքներ Design Thinking-ի մեթոդաբանություն Ավարտին՝ mobile կամ web պրոյեկտներ Աշխատանք պորտֆոլիոյի հետ
Course-image
տեսնել ավելին
Course-image
Մեկնաբանություն