2010-ականների սկզբին թվային կրթությունը դեռևս զարգացման վաղ փուլում էր, և աստիճանաբար սկսում էին ի հայտ գալ ծրագրավորում ու մաթեմատիկա ուսուցանող տարբեր հարթակներ։ Թեև սկզբնական շրջանում դրանք բազմաթիվ թերություններ ունեին, որոնք հետագա տարիներին պետք է շտկվեին, թվային ուսուցման գաղափարն ակնհայտորեն մեծ ներուժ ուներ։ Համակարգչային գիտության ուսանողների փոքր խմբին դասավանդելը, անշուշտ, իր գրավչությունն ուներ, սակայն թվային կրթությունը հնարավորություն էր տալիս հասնելու միլիոնավոր մարդկանց։ Լուիս ֆոն Ահնը, որն այդ ժամանակ արդեն որոշակիորեն կորցրել էր հետաքրքրությունը ակադեմիական գործունեության նկատմամբ, զգում էր ավելի մեծ ու նշանակալի նախաձեռնություն իրականացնելու ցանկություն։
Այդպես նա սկսեց մշակել իր գաղափարի իրականացման ծրագիրը։ Գործընկեր փնտրելու նպատակով Ֆոն Ահնը սկսեց իր ուսանողների շրջանում փնտրել երիտասարդ, հավակնոտ և տեխնիկական բարձր հմտություններ ունեցող մեկին։ Ի վերջո, նա գտավ այդ մարդուն՝ Շվեյցարիայից ժամանած, համակարգչային գիտությունների ասպիրանտ Սևերին Հաքերին, որի ազգանունը մասնագիտության համատեքստում փոքր-ինչ զավեշտալի էր հնչում։ Հաքերը կիսում էր Ֆոն Ահնի ձգտումը՝ տեխնոլոգիաների միջոցով լուծելու իրական կյանքի խնդիրները։
Նրանք միասին որոշել էին ստեղծել կրթական գործիք, և այդ հարցում որևէ կասկած չկար։ Մնում էր միայն հասկանալ, թե ինչ պետք է ուսուցաներ այդ գործիքը։
Սկզբում Հաքերը հակված էր ընտրելու ծրագրավորումը կամ մաթեմատիկան՝ ոլորտներ, որոնց երկուսն էլ գերազանց տիրապետում էին։ Սակայն Ֆոն Ահնը քննարկումն ուղղեց բոլորովին այլ ուղղությամբ՝ դեպի օտար լեզուների ուսուցում։
Այս որոշման վրա մեծ ազդեցություն էր ունեցել նրա անձնական փորձը։ Անգլերենի իմացությունը Ֆոն Ահնի առջև բացել էր այնպիսի հնարավորություններ, որոնք հակառակ դեպքում պարզապես անհասանելի երազանքներ կմնային։
Նա համոզված էր, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող յուրաքանչյուր մարդու անգլերեն անվճար սովորելու հնարավորություն ընձեռելը կարող էր արմատապես փոխել միլիարդավոր մարդկանց կյանքը։ Դա կարող էր իսկական հեղափոխություն դառնալ կրթության ոլորտում։
Ինչպե՞ս ստեղծվեց Duolingo-ն
Եվ այսպես 2011 թվականին Լուիս ֆոն Ահնը և Սևերին Հաքերը հիմնադրեցին «Duolingo»-ն։ Նախագծի սկզբնական ֆինանսավորումն իրականացվեց փոքր-ինչ ոչ ավանդական եղանակով։ Ֆոն Ահնը ներդրեց նախկինում ստացած դրամաշնորհի մի մասը, ինչպես նաև կարողացավ երկրորդ դրամաշնորհը ստանալ ԱՄՆ Գիտության ազգային հիմնադրամից (National Science Foundation)։ 2011 թվականի վերջին նախագիծն արդեն գրավել էր ներդրողների ուշադրությունը և ապահովել Series A փուլի ֆինանսավորումը։ Սա հնարավորություն տվեց ֆոն Ահնից, Հաքերից և մի քանի այլ մասնագետներից կազմված փոքր թիմին սկսելու հարթակի մշակումը։
Հենց սկզբից Duolingo-ն առանձնանում էր ուսուցման իր մոտեցմամբ։ Ավանդական դասարանային ուսուցման փոխարեն հարթակը կառուցված էր խաղային մեխանիզմների հիման վրա։ Օգտատերերը կարող էին անցնել կարճ դասեր, միավորներ հավաքել և աստիճանաբար բարձրացնել իրենց մակարդակը։ Այս մոտեցումը զգալիորեն տարբերվում էր նախկինում CD-ROM սկավառակներով տարածվող, հաճախ միապաղաղ կրթական ծրագրերից։
Գունեղ, պարզ և օգտագործման համար հարմար ինտերֆեյսի, ինչպես նաև առաջընթացի հստակ համակարգի շնորհիվ Duolingo-ն ավելի շատ խաղ էր հիշեցնում, քան ավանդական դասընթաց։ Սակայն գրավիչ վիզուալների հետևում լուրջ աշխատանք էր իրականացվում։ Հարթակի ստեղծման ընթացքում ուսումնասիրվում էին մանկավարժական և հոգեբանական մոտեցումները, վերլուծվում էին տվյալները՝ նպատակ ունենալով պահպանել օգտատերերի հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը ուսուցման ողջ ընթացքում։
Մոտ մեկ տարի տևած բետա թեստավորումից հետո՝ 2012 թվականի հունիսին, Duolingo-ն պաշտոնապես հասանելի դարձավ հանրությանը։ Սկզբում այն գործարկվեց որպես վեբկայք, սակայն կարճ ժամանակ անց թողարկվեց նաև բջջային հավելվածը։ Հարթակում արդեն հասանելի էին անգլերենի և մի քանի այլ լեզուների դասընթացներ։ Ինչպես և կանխատեսել էր Ֆոն Ահնը, օգտատերերի հետաքրքրությունը հսկայական էր։
Գործարկումից հետո Duolingo-ի զարգացումն աննախադեպ արագ ընթացավ։ Օգտատերերի թիվը կարճ ժամանակում հասավ միլիոնների, ընդլայնվեց առաջարկվող լեզուների և դասընթացների ցանկը, իսկ 2013 թվականին Apple-ը Duolingo-ն ճանաչեց տարվա լավագույն հավելված (App of the Year)։
Android օպերացիոն համակարգի համար հավելվածի թողարկումն էլ ավելի ընդլայնեց հարթակի հասանելիությունը՝ հնարավորություն տալով ներգրավելու նոր օգտատերերի ամբողջ աշխարհից։
2013 թվականի վերջին Duolingo-ն արդեն ուներ ավելի քան 10 միլիոն օգտատեր՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում վերածվելով լեզուների ուսուցման արագ զարգացող թվային հարթակներից մեկի։
Ինչու՞ հենց «կանաչ բուն»
Թարգմանությունների միջոցով եկամուտ ստանալու փորձնական նախագծից հրաժարվելուց և բավարար ֆինանսական միջոցներ ապահովելուց հետո Duolingo-ի մշակողները կենտրոնացան խաղայնացման (Gamification) մեխանիզմների և ուսուցման գործընթացի կատարելագործման վրա։ Գործնականում այս երկու բաղադրիչներն անբաժանելի են։ Լեզու սովորելու համար անհրաժեշտ է շարունակական վարժանք և հետևողական աշխատանք երկար ժամանակահատվածում։ Իսկ որպեսզի օգտատերը սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն նախընտրի իտալերենի պարզ նախադասություններ սովորել և կրկնել, ուսուցման գործընթացը պետք է լինի հետաքրքիր, հաճելի և առաջընթացի զգացողություն հաղորդի։
Duolingo-ն սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել օգտատերերի ներգրավվածությանը՝ ներդնելով գրավիչ անիմացիաներ, խրախուսող ձայնային էֆեկտներ, մրցակցային վարկանիշային աղյուսակներ և այսօր արդեն հայտնի «Streak համակարգը», որը ցույց է տալիս, թե քանի օր անընդմեջ է օգտատերը կատարել ուսումնական առաջադրանքները։
Լեզուների ուսուցումը վերածելով խաղային փորձառության՝ Duolingo-ն կարողացավ լուծել թվային կրթության ոլորտում վաղուց գոյություն ունեցող կարևորագույն խնդիրներից մեկը՝ «օգտատերերի պահպանումը (Retention)»։ Հարթակը սովորելու գործընթացը դարձրեց ավելի գրավիչ և մոտիվացնող՝ նվազեցնելով ավանդական դպրոցական դասերի հետ կապված միապաղաղության զգացողությունը։
Այս նորարարությունների շնորհիվ Duolingo-ի օգտատերերի ներգրավվածության ցուցանիշները շարունակեցին աճել աննախադեպ արագությամբ։ «2015 թվականի կեսերին ամսական ակտիվ օգտատերերի թիվը (Monthly Active Users) արդեն հասնում էր տասնյակ միլիոնների», իսկ գործարկումից ի վեր հարթակում գրանցված օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցել էր 100 միլիոնը։ Կրթական հավելվածի համար սա բացառիկ ձեռքբերում էր։
Այս հաջողության հիմքում օգտատերերի ներգրավվածության և պահպանման ցուցանիշների շարունակական բարելավման ռազմավարությունն էր։ Duolingo-ն մշտապես կատարելագործում էր իր բովանդակությունն ու գործառույթները՝ կիրառելով «A/B թեստավորման մեթոդը»։
Duolingo-ն հենց սկզբից ձևավորել էր տվյալահեն կազմակերպական մշակույթ։ Հարթակում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն՝ սկսած կոճակի գույնից մինչև ծանուցման ձևակերպումն ու ուղարկման ժամանակը, նախ փորձարկվում էր օգտատերերի փոքր խմբերի շրջանում։ Այսպիսով՝ ընկերությունը գնահատում էր փոփոխությունների ազդեցությունը օգտատերերի պահպանման և ուսուցման արդյունավետության վրա՝ նախքան դրանք բոլորի համար հասանելի դարձնելը։ Այս մոտեցումը շարունակվում է նաև այսօր։
Շարունակական փորձարկումների և օպտիմալացման արդյունքում Duolingo-ին հաջողվեց ձևավորել օգտատերերի վերադարձի կայուն սովորություն։ Մարդիկ վերադառնում էին հավելված օրեր, շաբաթներ, իսկ հետագայում նաև տարիներ շարունակ։ Նրանք ցանկանում էին պահպանել անընդմեջ սովորելու օրերի շարքը (Streak), իրականացնել ամենօրյա ուսումնական նպատակները և, իհարկե, չհիասթափեցնել Duolingo-ի խորհրդանիշին՝ կանաչ բվին։
«Duo անունով հայտնի կանաչ բուն» այդ ժամանակաշրջանում աստիճանաբար սկսեց ձեռք բերել ինքնուրույն ճանաչելիություն՝ վերածվելով բրենդի ինքնության կարևորագույն տարրերից մեկի։ Վերջին տարիներին այն նաև դարձել է Duolingo-ի մարքեթինգային ռազմավարության ամենաարժեքավոր գործիքներից մեկը։
Duo-ն օգտագործվում էր և մինչ օրս օգտագործվում է որպես օգտատերերի ներգրավվածությունն ու ակտիվությունը բարձրացնելու ստեղծագործական միջոց։ Օրինակ՝ հավելվածը կարող էր ծանուցում ուղարկել՝ հիշեցնելով, թե որքան տխուր է Duo-ն, քանի որ օգտատերն այդ օրը չի կատարել լեհերենի առաջադրանքները։
Մեկ այլ դեպքում Duolingo-ն կարող էր հրապարակել հումորային տեսանյութ, որտեղ Duo-ն սպառնում էր գիշերով այցելել օգտատիրոջը՝ բեյսբոլի մահակը ձեռքին, եթե վերջինս չկատարեր ֆրանսերեն բառերի համապատասխանեցման վարժությունները։
Թեև նման հաղորդագրությունները հաճախ չափազանցված և հումորային բնույթ ունեին, դրանք արդյունավետ էին։ Օգտատերերը շարունակում էին վերադառնալ հավելված՝ իրենց Streak-ը պահպանելու և ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։
Այսպիսով, Duolingo-ին հաջողվեց լեզուների ուսուցումը վերածել ոչ միայն կրթական գործընթացի, այլև ամենօրյա սովորության, որի հիմքում ընկած էին խաղայնացումը, հոգեբանական մոտիվացիան և տվյալահեն որոշումները։
Duolingo-ի հաջողության պատմությունը ցույց է տալիս, որ նորարարությունը միշտ չէ, որ ենթադրում է բոլորովին նոր գաղափարի ստեղծում։ Երբեմն բավական է արդեն գոյություն ունեցող խնդրին առաջարկել նոր, ավելի արդյունավետ և օգտատիրոջը հարմար լուծում։
Duolingo-ն պարզապես լեզուներ սովորեցնող հերթական հարթակը չդարձավ։ Այն փոխեց մարդկանց վերաբերմունքը ուսուցման գործընթացի նկատմամբ՝ համադրելով կրթությունը, խաղայնացումը, հոգեբանությունը և տվյալահեն մարքեթինգը։ Ընկերության հաջողության առանցքային գործոններից մեկը ոչ միայն միլիոնավոր օգտատերերի ներգրավելն էր, այլև նրանց ամեն օր հավելված վերադառնալու պատճառ տալը։
Այս պատմությունը կարևոր դաս է նաև բիզնեսների և մարքեթինգի մասնագետների համար։ Հաջողակ բրենդ ստեղծելու համար բավարար չէ պարզապես լավ պրոդուկտ ունենալը․ անհրաժեշտ է հասկանալ օգտատիրոջ վարքագիծը, ձևավորել դրական փորձառություն և շարունակաբար կատարելագործել առաջարկվող արժեքը։
Ի վերջո, Duolingo-ի ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ ընկերությունը կարողացավ սովորելը վերածել սովորության, իսկ սովորությունը՝ օգտատիրոջ և բրենդի միջև երկարաժամկետ կապի։