Արհեստական բանականության ազդեցությունը աշխատաշուկայի վրա
Շատերդ կհամաձայնեք, որ ամեն ինչ գնում է դեպի ավտոմատացում՝ անկախ բնագավառից և մասնագիտությունից։ Շատ դեպքերում անգամ պայքար է սկսվում կոնկրետ մասնագետների և ավտոմատացման գործիքների միջև։ Հաղթում է նա, ում գաղափարներն ավելի կրեատիվ և նորարարական են։
Այստեղ խոսելու ենք այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը օգնում մեզ առօրյա խնդիրներ լուծելու, աշխատանքը կարգավորելու և ավտոմատացնելու հարցում։
Բայց փորձելու ենք այս թեմային նայել այլ տեսանկյունից՝ հասկանալով, թե արդյոք կարող են այս գործիքները լիարժեք փոխարինել մարդկանց և արդյոք մասնագիտական պահանջարկը կմնա նույնքան ակտուալ, որքան այսօր է։
Սա շատերին հուզող թեմա է և բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում։ Արհեստական բանականությունը կարող է բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել գործառնական ծախսերը, սակայն կարող են առաջանալ աշխատատեղերի կորստի վերաբերյալ մտահոգություններ։
Բայց փորձագետներն այլ կարծիքի են՝ հավատալով, որ արհեստական բանականությունը եկել է վերափոխելու մասնագիտություններ , այլ ոչ թե փոխարինելու դրանց։
Օրինակ՝ տվյալների վերլուծաբանները կարող են փաստել, որ ավելի քիչ ժամանակ են ծախսում տվյալների հավաքագրման վրա, քանի որ հնարավորություն ունեն ավտոմատացնելու շատ պրոցեսներ։ Փոխարենը ժամանակը կարող են տրամադրել ինքնազարգացման և ավելի կարևոր մասնագիտական և գործնական խնդիրների լուծման վրա։
Կամ դիտարկենք բժիշկներին և ինժեներներին, որոնք կարող են օգտագործել AI գործիքներ հիվանդությունների ախտորոշման և բուժման և նորարարական լուծումներ գտնելու համար։ Սա չի նշանակում, որ բժիշկների պահանջարկը նվազելու է, իսկ ինժիներական լուծումներ տալու են միայն սարքավորումները։
Մարդու դերը միշտ էլ որոշիչ է ցանկացած պրոցեսում։
AI-ի և մարդկանց համագործակցությունը
Պետք չէ արհեստական բանականությանը դիտարկել որպես մարդկանց փոխարինող գործիք. պետք է համագործակցել նրա հետ։ AI-ի ուժեղ կողմերն են տվյալների մշակումը, կրկնվող առաջադրանքների կատարումն ու ավտոմատացումը, իսկ մարդիկ ավելացնում են ստեղծագործություն և էմոցիա։ Եվ այս համադրությունը վստահաբար ձևավորում է հզոր համագործակցություն, որը կարող է բերել բարձր արդյունքների։
Եկեք դիտարկենք այս համագործակցությունը մի շարք բնագավառներում՝
Առողջապահություն – AI-ը բժշկական ախտորոշման մեջ
Առողջապահության ոլորտում արհեստական բանականությունը ունի կենտրոնական դեր: Մեքենայական ուսուցման մոդելները կարող են վերլուծել բժշկական պատկերները, ինչպիսիք են ռենտգենները և ՄՌՏ-ները և դա անել աներևակայելի ճշգրտությամբ՝ օգնելով բժիշկներին ավելի շուտ և ավելի ճշգրիտ հայտնաբերել հիվանդությունները: Այս համագործակցությունը թույլ է տալիս մասնագետներին կենտրոնանալ հիվանդների խնամքի վրա, իսկ այդ ընթացքում AI-ը կօգնի ախտորոշման մեկնաբանման և վերլուծության հարցում:
Բայց այն երբեք չի փոխարինի բժիշկներին։
Ֆինանսներ – AI -ի վրա հիմնված ներդրումային ռազմավարություններ
Ֆինանսական ոլորտում արհեստական բանակությունը ստեղծում է ներդրումային ռազմավարություններ: Մի շարք առաջատար ընկերություններ օգտագործում են AI-ի կողմից գերենացված ալգորիթմներ՝ վերլուծելու շուկայի միտումները, գնահատելու ռիսկերը և կայացնելու ներդրումային ու ռազմավարական որոշումներ: Ֆինանսական փորձագետները աշխատում են այս համակարգերի հետ զուգահեռ, որպեսզի կատարելագործեն և բարելավեն ստեղծած ռազմավարությունները, ինչը իր հերթին հանգեցնում է ավելի շահութաբեր պորտֆելների:
Հաճախորդների սպասարկում: Չատբոտեր և մարդկային գործոն
Հաճախորդների սպասարկման ոլորտը մեծ փոփոխությունների է ենթարկվել AI -ով աշխատող չատբոտերի ներդրման շնորհիվ: Այս բոտերը կարգավորում են սովորական հարցումները՝ հնարավորություն տալով մասնագետներին զբաղվել ավելի բարդ հարցերով, որոնք պահանջում են ներգրավվածություն և մարդկային ըմբռնում: Սա ոչ միայն բարելավում է արդյունավետությունը, այլև բարձրացնում է հաճախորդների սպասարկման մակարդակը: Ու հենց մարդկային ներգրավվածությունն է բերում հաճախորդների բարձր մակարդակի սպասարկմանն ու բազմաթիվ խնդիրների լուծմանը։
Կրթություն: Անհատականացված ուսուցում
Կրթության ոլորտում AI-ը բացում է ճանապարհ անհատականացված ուսուցման համար: ԱԲ ալգորիթմները վերլուծում են ուսանողների տվյալները՝ ճանաչելու անհատական ուժեղ և թույլ կողմերը, թույլ տալով ուսուցիչներին հարմարեցնել իրենց ուսուցման մեթոդները յուրաքանչյուր ուսանողի կարիքներին համապատասխան: Այս մոտեցումը բարելավում է ուսուցման արդյունքները։ Քանի որ ուսանողները հնարավորություն են ունենում ստանալու իրենց կարիքներին համապատասխան կրթություն ու գիտելիք։
Արտադրություն: ռոբոտներ
Արտադրությունը ներգրավել է համագործակցային ռոբոտներ կամ կոբոտներ: Այս մեքենաները աշխատում են մարդկային աշխատողների հետ կողք-կողքի՝ բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը և նաև անվտանգությունը: Կոբոտները կարող են կատարել կրկնվող և ֆիզիկապես դժվար առաջադրանքներ՝ թույլ տալով մարդկանց կենտրոնանալ ավելի լուրջ հմտություններ և ստեղծագործական միտք պահանջող աշխատանքների վրա:
Կատարենք ևս մեկ դիտարկում.
Դիտարկենք Microsoft-ի AI օգնական Cortana-ն: Մեծ ջանք և ուսուցում պահանջվեց վստահ, հոգատար և օգնող գործիք մշակելու համար։ Այդ հատկությունները ներդնելը պահանջեց ահռելի աշխատանք մի թիմից, որը բաղկացած էր պոետից, վիպասանից և դրամատուրգից։ Այս թիմի յուրաքանչյուր անդամ բերեց իր ստեղծագործական հմտությունները և պատկերացումները՝ ապահովելու համար, որ Cortana-ն պահպանի վստահության, հոգատարության և օժանդակության ճիշտ բալանսը։
Մարդկային «ուսուցիչներ» էին անհրաժեշտ նաև Apple-ի Siri-ի և Amazon-ի Alexa-ի անհատականությունները մշակելու համար, որպեսզի դրանք ճշգրտորեն արտացոլեն իրենց ընկերությունների բրենդները։ Օրինակ՝ Siri-ն սրամիտ է, ավելի մարդամոտ և զվարճալի, ինչը սպասելի էր Apple-ից: Իսկ Amazon-ի Alexa-ն առանձնանում է իր օգտակարությամբ և պարզությամբ՝ արդարացնելով Amazon-ի հաճախորդների սպասելիքները:
Այս օրինակից հստակ կարող ենք եզրակացնել, որ AI օգնականների հաջողությունը և մարդամոտությունը պահանջում է մեծ մարդկային ջանք և ստեղծագործական մոտեցում: Սա ընդգծում է այն փաստը, որ առանց մարդկային հմտությունների և ջանքերի AI տեխնոլոգիաները չէին կարողանա հասնել այն բարձր մակարդակին, որն ունեն այսօր: Մարդկանց և AI-ի համագործակցությունը հանդիսանում է տեխնոլոգիական առաջընթացի հիմնաքարը։
AI գործիքների մշակման գործընթացը ցույց է տալիս, թե որքան կարևոր է մարդու և մեքենայի համագործակցությունը։ AI համակարգերը կարող են աննախադեպ մակարդակի արդյունավետություն և ճշգրտություն ապահովել, սակայն դրանք երբեք չեն կարող լիարժեք փոխարինել մարդկային ստեղծագործությունն ու ըմբռնումը։ Այս հատկությունները անհրաժեշտ են, որպեսզի AI գործիքները դառնան իրականում օգտակար և ընդունելի մեր առօրյայում։
Կլինես ծրագրավորող, տվյալների վերլուծաբան, ֆինանսիստ, թե գրող, լավ մասնագետների պահանջարկը միշտ մնալու է ակտուալ։
Ամփոփելով վերը նշվածը՝ հստակ կարող ենք ասել, որ մարդու և AI-ի համատեղ աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ և հզոր, եթե մենք շարունակենք ներդնել մեր ստեղծագործական հմտությունները և մշակութային արժեքները AI-ի զարգացման մեջ։ Հետևաբար, կարևոր է հասկանալ, որ AI տեխնոլոգիաների առաջընթացը հիմնված է մարդկային ներուժի և կրեատիվության վրա, ինչը նրանց դարձնում է ավելի մոտեցնող և արժեքավոր մեր կյանքում։
Արհեստական բանականությունը մեծ ազդեցություն է թողնում աշխատաշուկայի վրա՝ միաժամանակ ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Պետք է պատրաստ լինել ընդունելու այս փոփոխությունները և շարունակաբար զարգացնել մեր հմտությունները, սովորել և ձեռք բերել նոր մասնագիտություններ՝ համապատասխանելու նոր պահանջներին։ Արհեստական բանականությունը պետք է դիտարկել որպես գործիք, որը կարող է օգնել մեզ ավելի լավ արդյունքներ ստանալու և նորարարական լուծումներ գտնելու համար։
Թեև մենք կարող ենք մտահոգվել AI-ի կողմից աշխատատեղերի փոխարինման մասին մտքերից, իրականությունը այլ է. այն կարող է փոխել աշխատանքային դերերը, բացահայտել նոր հնարավորություններ և ընդգծել մարդու-AI համագործակցության կարևորությունը։ Բայց լիովին փոխարինելը իրատեսական չէ, քանի որ չպետք է մոռանանք մի շատ կարևոր փաստ.
AI-ը մարդու կողմից ստեղծված գործիք է, իսկ այս երկուսի համադրությունը կվերափոխի աշխարհը։ Ինչ էլ առաջարկի արհեստական բանականությունը, դրա իմպլեմենտացնողն ու գործի մեջ դնողը մարդն է։