ՄՌԿ մասնագետի ո՞ր KPI-ներն են ԻՐԱԿԱՆՈՒՄ կարևոր
Յուրաքանչյուր կազմակերպություն հավաքագրում է աշխատակիցների վերաբերյալ տվյալներ, սակայն ոչ բոլորն են կարողանում ճիշտ վերլուծել և հասկանալ դրանք։ Առանց հստակ մեկնաբանության թվերը կարող են հանգեցնել սխալ որոշումների և բաց թողնված հնարավորությունների։
ՄՌԿ KPI-ները հստակություն են հաղորդում տվյալներին՝ դրանք վերածելով արժեքավոր վերլուծությունների: Դրանք նպաստում են ավելի արդյունավետ հավաքագրմանը, աշխատակիցների ներգրավվածության բարձրացմանը և աշխատանքի արդյունքների բարելավմանը։
Այս բլոգում կպարզենք, թե ինչ են ՄՌԿ KPI-ները, ինչպես են ՄՌԿ թիմերը կիրառում դրանք, և որ առանցքային ցուցանիշներն են իրական ազդեցություն ունենում բիզնեսի արդյունքների վրա։ Հենց այս KPI-ներն են օգնում ՄՌԿ-ին անցնել տվյալների պարզապես ներկայացումից դեպի չափելի ազդեցության ստեղծում։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ՄՌԿ KPI-ները
Մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշները (ՄՌԿ KPI-ներ) չափելի ցուցանիշներ են, որոնց միջոցով գնահատվում է, թե ՄՌԿ ռազմավարություններն ու գործողությունները որքանով են նպաստում բիզնեսի ընդհանուր նպատակների իրականացմանը։ Դրանք օգնում են կազմակերպություններին հետևել այնպիսի կարևոր ուղղությունների, ինչպիսիք են աշխատակիցների հավաքագրումը, պահպանումը, արդյունավետությունը, ներգրավվածությունը և աշխատուժի հետ կապված ծախսերը՝ ապահովելով, որ ՄՌԿ-ի գործունեությունը ստեղծի իրական և չափելի արժեք։
ՄՌԿ KPI-ների կիրառման շնորհիվ թիմերը կարող են հրաժարվել ենթադրությունների վրա հիմնված մոտեցումից և կայացնել տվյալահեն ու հիմնավորված որոշումներ։ Այս ցուցանիշներն օգնում են բացահայտել միտումները և խնդրահարույց ուղղությունները, արդյունավետ պլանավորել հետագա քայլերը և մարդկանց կառավարումը համապատասխանեցնել կազմակերպության առաջնահերթություններին։ Արդյունքում ՄՌԿ-ն դառնում է առավել ռազմավարական և արդյունքահեն գործառույթ։
Ինչպե՞ս սահմանել ՄՌԿ KPI-ները աշխատավայրում
Համապատասխանեցրե՛ք KPI-ները կազմակերպության նպատակներին - ՄՌԿ KPI-ների արդյունավետ սահմանումը սկսվում է կազմակերպության առաջնահերթությունների հստակեցումից։ Նախ որոշեք, թե ՄՌԿ գործառույթը որ արդյունքների վրա պետք է ազդեցություն ունենա՝ աշխատակիցների ներգրավվածություն, պահպանում, օրենսդրական պահանջների համապատասխանություն, թե արտադրողականություն։ Յուրաքանչյուր KPI համապատասխանեցրեք այս նպատակներին, որպեսզի ՄՌԿ գործողություններն անմիջականորեն նպաստեն բիզնեսի ընդհանուր նպատակների իրականացմանը։
Սահմանե՛ք գործնական և ժամկետային KPI-ներ - KPI-ները պետք է լինեն չափելի, հստակ և գործողությունների հիմք դառնան։ «Բարձրացնել աշխատակիցների բավարարվածությունը» ընդհանուր նպատակի փոխարեն սահմանեք կոնկրետ ցուցանիշներ, օրինակ՝ «12 ամսվա ընթացքում 10%-ով բարձրացնել աշխատակիցների ներգրավվածության հարցման արդյունքը» կամ «15 օրով կրճատել աշխատակցի հավաքագրման տևողությունը»։
Հստակ ցուցանիշները հնարավորություն են տալիս հետևել առաջընթացին, բացահայտել բացերը և կայացնել տվյալահեն որոշումներ։ Դրանք նաև գործնական պատկերացում են տալիս, թե որքանով եք մոտենում սահմանված նպատակներին։
Վերլուծե՛ք ինչպես նախնական ազդակները, այնպես էլ վերջնական արդյունքները - կարևոր է հավասարակշռել կանխատեսող և արդյունքային ցուցանիշները։ Կանխատեսող ցուցանիշները, օրինակ՝ վերապատրաստումների ավարտման մակարդակը կամ ղեկավարների վերաբերյալ հետադարձ կապի արդյունքները, օգնում են կանխատեսել հետագա արդյունքները։ Իսկ արդյունքային ցուցանիշները, ինչպիսիք են աշխատակիցների շրջանառության մակարդակը կամ բողոքների դեպքերը, գնահատում են արդեն գրանցված արդյունքները։
Այս երկու տեսակի ցուցանիշների համադրումը հնարավորություն է տալիս KPI-ներն օգտագործել ինչպես անհապաղ գործողությունների իրականացման, այնպես էլ երկարաժամկետ վերլուծությունների համար։
Մի՛ սահմանեք ՄՌԿ KPI-ները՝ առանց շահակիցների ներգրավման - KPI-ները սահմանելիս ներգրավեք ինչպես ՄՌԿ թիմի, այնպես էլ բիզնեսի տարբեր ներկայացուցիչների։ Ղեկավարները, մենեջերները և նույնիսկ աշխատակիցները կարող են օգնել հասկանալ, թե որ ցուցանիշներն են առավել կարևոր։ Սա նպաստում է KPI-ների ընդունմանը և ապահովում, որ դրանք լինեն իրատեսական ու նպատակահարմար։
Փաստաթղթավորե՛ք սահմանված KPI-ները և պարբերաբար վերանայեք դրանք թիմի հետ՝ բարձրացնելով գործընթացի թափանցիկությունը։ Կազմակերպության զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում վերանայեք և համապատասխանեցրեք նաև ցուցանիշները։
Ինչպե՞ս արդյունավետ կիրառել ՄՌԿ KPI-ների տվյալները - ենթադրենք՝ արդեն հավաքել եք բազմաթիվ արժեքավոր տվյալներ ՄՌԿ KPI-ների միջոցով։ Իսկ ի՞նչ անել դրանց հետ։
ՄՌԿ KPI-ների տվյալների հավաքագրումն արժեքավոր է միայն այն դեպքում, երբ գիտեք՝ ինչպես դրանք ռազմավարականորեն կիրառել։
Անկախ ընտրված լուծումից՝ տվյալները հավաքելուց հետո դրանք ներկայացրեք վահանակների կամ հաշվետվությունների միջոցով[B1] ։ Գծապատկերները, ջերմային քարտեզներն ու միտումների գծերը տեսանելի են դարձնում օրինաչափությունները և օգնում ՄՌԿ ղեկավարներին վաղ փուլում նկատել ռիսկերը, օրինակ՝ աշխատակիցների շրջանառության աճը կազմակերպության համար կարևոր բաժնում կամ միևնույն թիմում պարբերաբար կրկնվող բողոքները։ Նման վերլուծությունը հնարավորություն է տալիս կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։
ՄՌԿ KPI-ների տվյալները նաև հիմք են ստեղծում կանխատեսող վերլուծության համար։ Ժամանակի ընթացքում ձևավորված օրինաչափություններն ուսումնասիրելով՝ հնարավոր է կանխատեսել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են աշխատուժի պակասը, օրենսդրական պահանջներին համապատասխանության ռիսկերը կամ ներգրավվածության անկումը։ Այսպիսով, ՄՌԿ-ն արձագանքող գործառույթից վերածվում է ռազմավարական գործընկերոջ, որը կանխատեսում և մեղմում է ռիսկերը՝ նախքան դրանց խորացումը։
Ի վերջո, տվյալները պետք է դառնան քննարկումների և որոշումների հիմք։ Վերլուծության արդյունքները ղեկավարներին ու մենեջերներին ներկայացրեք պարզ, հասկանալի և գործնական ձևով։ Ընդգծեք, թե ՄՌԿ որ նախաձեռնություններն են արդյունք ապահովում, որտեղ են անհրաժեշտ փոփոխություններ, և ինչպես կարող են թիմերը նպաստել հետագա բարելավմանը։
Ինչպե՞ս է ՄՌԿ-ն KPI-ների միջոցով նպաստում կազմակերպության կարիքների բավարարմանը
Մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության առանցքային ցուցանիշները (ՄՌԿ KPI-ներ) արժեքավոր տվյալներ են տրամադրում՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը, արդյունավետության գնահատմանը և տաղանդների պլանավորմանը։ Ստորև ներկայացված են այն հիմնական ուղղությունները, որոնցում ՄՌԿ-ն կիրառում է KPI-ները՝ կազմակերպության կարիքներին աջակցելու համար։
1. ՄՌԿ գործողությունների համապատասխանեցում բիզնես նպատակներին - ՄՌԿ KPI-ներն օգնում են ապահովել, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են աշխատակիցների հավաքագրումը, վերապատրաստումն ու զարգացումը, անմիջականորեն նպաստեն կազմակերպության ընդհանուր նպատակների իրականացմանը։
2. Տվյալահեն որոշումների կայացում - KPI-ների առաջընթացի դիտարկումը, օրինակ՝ ՄՌԿ վահանակների միջոցով, թիմերին հնարավորություն է տալիս հիմնավորված որոշումներ կայացնել քաղաքականությունների, բյուջեների և աշխատուժի կառավարման ռազմավարությունների վերաբերյալ։
3. Աշխատակիցների արդյունավետության գնահատում - այնպիսի ցուցանիշները, ինչպիսիք են աշխատակիցների պրոդուկտիվությունն ու սահմանված նպատակների իրականացումը, ցույց են տալիս, թե թիմերը որքանով են արդյունավետորեն համապատասխանում բիզնեսի ակնկալիքներին։
4. Ներգրավվածության և աշխատակիցների պահպանման վերահսկում - ներգրավվածության մակարդակն ու աշխատակիցների շրջանառության ցուցանիշը հնարավորություն են տալիս գնահատել նրանց տրամադրվածությունն ու բավարարվածությունը, որոնք անմիջական ազդեցություն ունեն արդյունավետության և աշխատակիցների պահպանման վրա։
5. Աշխատուժի պլանավորում - ՄՌԿ-ն KPI-ների տվյալներն օգտագործում է աշխատակիցների հետագա պահանջարկը կանխատեսելու, հմտությունների բացերը բացահայտելու և ճիշտ ժամանակին համապատասխան մասնագետներին համապատասխան դերերում ներգրավելու համար։
KPI-ներին հետևելու հիմնական գործիքները
Արդյունավետության առանցքային ցուցանիշներին (KPI-ներ) հետևելու և դրանք վերլուծելու համար ՄՌԿ մասնագետները կարող են կիրառել տարբեր գործիքներ և ծրագրային լուծումներ, որոնք զգալիորեն պարզեցնում են այս գործընթացը։ Ամենատարածված լուծումներից են Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգերը (HRIS), որոնք ապահովում են անձնակազմի կառավարման համապարփակ մոտեցում։ Այս համակարգերը հնարավորություն են տալիս ոչ միայն արդյունավետորեն հետևել KPI-ներին, այլև կառավարել աշխատակիցների տվյալները, հավաքագրման գործընթացը, գնահատել աշխատանքային արդյունավետությունը և իրականացնել բազմաթիվ այլ գործառույթներ։
Նման համակարգերի հիմնական առավելությունն այլ կորպորատիվ ռեսուրսների հետ ինտեգրվելու հնարավորությունն է։ Այն ապահովում է տվյալների կենտրոնացված հասանելիություն և պարզեցնում դրանց վերլուծությունը։ Բացի այդ, բազմաթիվ HRIS համակարգեր հնարավորություն են տալիս ավտոմատացնել առօրյա առաջադրանքներն ու գործընթացները՝ ՄՌԿ մասնագետներին թույլ տալով կենտրոնանալ առավել ռազմավարական խնդիրների վրա, ինչպիսիք են աշխատուժի պլանավորումը և աշխատակիցների արդյունավետության ու բավարարվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը։
ՄՌԿ KPI-ները պարզապես հաշվետվություններում ներկայացվող թվեր չեն։ Դրանք գործնական ուղենիշեր են, որոնք օգնում են հասկանալ աշխատուժի իրական պատկերը, ժամանակին բացահայտել խնդիրներն ու կայացնել տվյալահեն որոշումներ։ Ճիշտ սահմանված ցուցանիշների շնորհիվ հնարավոր է բարելավել հավաքագրման գործընթացը, բարձրացնել աշխատակիցների ներգրավվածությունն ու արդյունավետությունը, նվազեցնել շրջանառությունը և առավել ճշգրիտ պլանավորել կազմակերպության ապագա կարիքները։
Սակայն KPI-ների արժեքը պայմանավորված է ոչ միայն տվյալների հավաքագրմամբ, այլև դրանց ճիշտ մեկնաբանմամբ և կիրառմամբ։ Դրանք պետք է համապատասխանեն բիզնես նպատակներին, լինեն հստակ ու չափելի, պարբերաբար վերանայվեն և հասկանալի ձևով ներկայացվեն շահակիցներին։ Համապատասխան գործիքների և HRIS համակարգերի կիրառումն էլ հնարավորություն է տալիս ավտոմատացնել տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը՝ ՄՌԿ թիմին ազատելով առօրյա աշխատանքից և օգնելով կենտրոնանալ ռազմավարական առաջնահերթությունների վրա։
Այսպիսով, ՄՌԿ KPI-ների հետևողական կիրառումը ՄՌԿ-ն տվյալներ ներկայացնող գործառույթից վերածում է բիզնեսի ռազմավարական գործընկերոջ, որը ոչ միայն արձագանքում է առկա խնդիրներին, այլև կանխատեսում է ռիսկերը, բացահայտում զարգացման հնարավորությունները և ստեղծում չափելի ազդեցություն ամբողջ կազմակերպության համար։
Առնչվող դասընթաց
Career Meetup
Մարդկային ռեսուրսներ