Ինչպես սկսել կարիերան ՏՏ ոլորտում
ՏՏ ոլորտը 2020-2030 թվականների ամենաթրենդային և բարձր վարձատրվող աշխատաշուկաներից է լինելու, ուստի մրցակցությունն այստեղ շատ մեծ է։ Միայն մասնագիտական գիտելիքները բավարար չեն աշխատանք գտնելու համար։ Ձեր երազանքի աշխատանքը գտնելու համար հետևեք այս 4 քայլին։ Սրանք կօգնեն ձեզ առանձնանալ այլ թեկնածուների մեջ և գրավել գործատուների ուշադրությունը։
1. Մշակեք գրավիչ CV։
2. Թարմացրեք ձեր LinkedIn էջը և ստեղծեք ամուր network։
3. Մշակեք մասնագիտական պորտֆոլիո։
4. Նախապատրաստվեք հարցազրույցներին։
1․ Մշակել գրավիչ CV
CV-ն (lat. curriculum vitae, eng. course of life) անձնական մարքեթինգային փաստաթուղթ է, որն օգնում է «վաճառել» ձեզ պոտենցիալ գործատուին: Իսկ ինչպե՞ս մշակել գրավիչ CV։ Այն պետք է ներառի․
- Անուն, անձնական տվյալներ
Ձեր անունից և աշխատանքի անվանումից հետո մի մոռացեք ներառել ձեր անձնական տվյալները, ինչպիսիք են հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և բնակության հասցեն, կամ պարզապես քաղաքը/վայրը։
Այստեղ կարևոր է նշել, որ պարտադիր չէ ներառել ձեր լուսանկարը, եթե չեք ցանկանում։ Սակայն, եթե ներառում եք, ապա անպայման տեղադրեք պաշտոնական ոճի լուսանկար, այլ ոչ թե ինքնանկար (selfie) կամ որևէ տեղից կտրված նկար։
- Հմտություններ
Այստեղ թվարկվում են տեխնիկական և անձնական հմտությունները։ Հաշվի առեք, որ հավաքագրողը կամ ՄՌ մասնագետը ոչ բոլոր տեխնիկական տերմինները կարող է հասկանալ։ Հետևաբար պետք է օգտագործել հմտությունների հասկանալի ձևակերպումներ, որոնք փնտրում են ձեր գործատուները, և դրանք տեղադրել CV-ում։
Հմտությունները թվարկելիս՝ կարող եք նայել աշխատանքի նկարագրության պարտականությունները և օգտագործել այն որպես ուղեցույց։
Ժամանակի կառավարումը, թիմում աշխատելու ունակությունը և նման հմտությունները շատ կարոր են նշել CV-ում։ Սակայն եթե դուք ՏՏ ոլորտում եք աշխատանք փնտրում, ավելացրեք նաև, որ դուք արագ եք սովորում, սիրում եք junior-ներին սովորեցնել, միշտ թարմացնում եք ձեր գիտելիքները տվյալ ոլորտում (օրինակ՝ նոր ծրագրավորման լեզուներ եք սովորում), սիրում եք մարտահրավերներ և այլն։ Այս հմտությունները բարձր են գնահատվում ՏՏ ոլորտի գործատուների մոտ։
- Կրթություն
Սա բավականին կարճ հատված է ձեր CV-ում: Ներառեք ցանկացած կրթության տվյալ՝ միջնակարգ դպրոցից, քոլեջից, համալսարանից և ձեր անցած ցանկացած դասընթացներից: Մի մոռացեք նաև ամսաթվերի մասին:
Այս բաժնում շատ կարևոր է ֆորմալ կրթությունից բացի մանրամասնել մասնագիտական ձեռքբերումներն ու կամավորությունը: Եթե ունեք որևէ վկայական, որը վերաբերում է այն աշխատանքին, որի համար դիմում եք, անպայման ներառեք դրանք։
- Կարիերա
Ձեր աշխատանքային փորձը ներկայացնելիս անպայման ներառեք ձեր աշխատանքի անվանումը, ընկերությունը, որտեղ աշխատել եք, ամսաթվերը, ձեր պարտականությունները, նախագծեր, որոնց վրա աշխատել եք և այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործել եք այդ նախագծերի համար: Հիշեք, որ ՏՏ ոլորտում ավելի կարևոր է ոչ թե կրթությունն ու որակավորումները, այլ փաստացի արդյունքները։ Ցույց տվեք, որ դուք նախորդ աշխատավայրերում արդյունք եք տվել։ Պատմեք ձեր նախագծերի հաջողության մասին, ձեր ունեցած դերի մաին և այլն։ Փորձեք հիմնավորել այդ ամենը թվերով։
Խորհուրդ շրջանավարտների կամ փորձ չունեցողների համար։ Կարիերայի բաժնի փոխարեն կարող եք տեղադրել «Անձնական նախագիծ» բաժինը՝ որտեղ կներկայացնեք այն նախագծերը, որոնցով զբաղվել եք։
- Նախասիրություններ
Այս բաժինը պարտադիր չէ, սակայն ցանկալի է։ Գործատուին հետաքրքիր է ավելին իմանալ ձեր մասին։ Նախասիրություններ բաժինը ավելի անմիջական է դարձնում ձեր CV-ն։ Դուք կարող եք ունենալ այնպիսի նախասիրություններ, որոնք չկան ձեր մյուս մրցակիցների CV-ներում, և հենց դրանով էլ ձեզ հիշեն և նախապատվություն տան։ Նախասիրությունների բաժինն օգնում է ՄՌ մասնագետին հասկանալ՝ արդյոք դուք իրենց ընկերության մշակույթի և արժեքների կրող եք։
- CV-ի ձևավորում
CV-ի ձևավորումը խոսում է աշխատանքի հանդեպ ձեր վերաբերմունքի մասին։ Համենայն դեպս շատ հավաքագրողներ այդպես են կարծում։ Անպայման ստուգեք, որ CV-ում չունենաք տառասխալներ և բացթողումներ։ Ապահովեք, որ ամեն ինչ պարզ ու ընթեռնելի լինի։ Կարող եք օգտվել CV-ի պատրաստի շաբլոններից կամ CV-ի կազմման օնլայն ռեսուրսներից։
Հատկապես երբ դիմում եք ավելի ստեղծագործական աշխատանքի համար (օրինակ՝ դիզայների), ապա CV-ն պետք է ցույց տա ձեր ստեղծագործ լինելը: Եթե դուք պարզապես ներկայացնեք այն Microsoft Word-ի փաստաթղթով, և այն գեղեցիկ տեսք չունենա, դա կնվազեցնի հարցազրույցի համար ընտրվելու ձեր հնարավորությունը:
Կան բազմաթիվ դիզայներներ, ովքեր ունեն գունեղ, կրեատիվ և զվարճալի CV-ներ, իսկ դուք չգիտեք, թե ում հետ եք մրցակցելու։ Ուստի ձեր CV-ն ևս պետք է դարձնել ավելի մրցակցային:
Օրինակ՝ Canva-ում կարող եք անվճար ստեղծել գեղեցիկ և տարբերվող CV։ Canva-ի այս հոդվածը ձեզ կօգնի CV-ի ձևավորման հարցում։
- Հավելյալ հղումներ
Եթե ունեք ֆայլեր, օնլայն պորտֆոլիո և ներկայանալի սոցցանցերի պրոֆիլներ, անպայման դրեք դրանց հղումները CV-ում։
2․ Թարմացնել LinkedIn էջը և ստեղծել ամուր network
Եթե աշխատանք եք փնտրում ՏՏ ոլորտում, ապա LinkedIn-ում անձնական էջ և ամուր network ունենալը առաջին անհրաժեշտություն է։ Հիմա ՏՏ ոլորտի գործատուների մեծ մասն իրենց աշխատակիցներին ընտրելիս անպայման ուսումնասիրում են LinkedIn-ի էջը: Հետևաբար պետք է մի լավ աշխատել անձնական էջի վրա, որպեսզի հետո օգտվել դրա օգտակար «պտուղներից»։
Քննարկենք, թե ինչեր են պետք LinkedIn-ի ներկայանալի էջ և ամուր network ստեղծելու համար։
- Հստակեցրեք «Ներկայիս կարգավիճակ» դաշտը (current title)
Անգամ եթե դուք ներկա պահին գործազուրկ եք, ապա այս դաշտում կարող եք լրացնել ձեր մասնագիտությունը, որպեսզի այն դատարկ չմնա։
- Օգտագործեք աշխատանքի հետ կապված հիմնաբառեր
Եթե դուք ՏՏ ոլորտից եք, հավանաբար գիտեք հիմնաբառերի մեխանիզմը և ինչպես են ալգորիթմներն օգտագործում դրանք որոնման արդյունքներ ստանալու համար: Մարդկային աչքերը ևս սկանավորում են այս հիմնաբառերը: Անհրաժեշտ հիմնաբառերը գտնելու համար կարող եք ուսումնասիրել ձեր ոլորտի մարդկանց պրոֆիլները։
- Օգտագործեք առաջին դեմքով ձևակերպումներ
Հաճախ ՏՏ-ում աշխատանք փնտրողները սխալվում են՝ օգտագործելով երրորդ դեմք իրենց պրոֆիլի նկարագրություններում: Առաջին դեմքով գրված տեքստերն ավելի անմիջական ու գրավիչ են։ Օգտագործեք առաջին դեմքով ձևակերպումներ:
- Պահպանեք LinkedIn-ում գտած աշխատանքի հայտարարությունները
Եթե ցանկանում եք համեմատել կամ վերանայել ձեր հավանած աշխատանքի հայտարարությունները, սեղմեք «Պահպանել» կոճակը աշխատանքի էջում:
- Անմիջապես կապ հաստատեք աշխատանքի հավաքագրողների հետ
LinkedIn-ի միջոցով ավելի հեշտ է դարձել թիրախային գործատուների որոնումը և նրանց ընկերության էջերն ու աշխատակիցներին ստուգելը: LinkedIn-ը հնարավորություն է տալիս ձեր ոլորտի մասնագետների հետ ուղիղ կապ հաստատել։
- Ապահովեք առնվազն 500 կապ (connection)
Դուք կնկատեք, որ LinkedIn-ի ամենահետաքրքիր, պրոֆեսիոնալ և պահանջված պրոֆիլներն ունեն 500+ կապ և հազարավոր հետևորդներ: Ուստի, եթե նոր եք ստեղծել ձեր էջը LinkedIn-ում, ապա հավաքեք առնվազն 500 կապ։
- Հաճախ թարմացրեք ձեր LinkedIn պրոֆիլը
Թարմացված պրոֆիլը ցույց է տալիս, որ լուրջ եք վերաբերվում ձեր կարիերային։ Իսկ ՏՏ մասնագետները, որոնք միշտ թարմացնում են իրենց LinkedIn-ի պրոֆիլները, լավագույն հնարավորություններն ունեն հավաքագրողներին ներգրավելու, նրանց աշխատանքի որոնումն ուժեղացնելու և արժեքավոր կապերի հաստատման համար։
3․ Մշակել մասնագիտական պորտֆոլիո
Եթե դուք ՏՏ մասնագետ եք, փնտրում եք նոր աշխատանք կամ կարիերայի փոփոխություն, դուք պետք է ուժեղ առցանց ներկայություն ունենաք, որը կցուցադրի ձեր հմտություններն ու ձեռքբերումները: Մասնագիտական պորտֆոլիոն ձեր նախագծերի, կոդի նմուշների, տեխնիկական կարողությունների և այլ աշխատանքների հավաքածուն է:
Պորտֆոլիոյի ստեղծումը սկսվում է ձեր աշխատանքը ցուցադրելու համար ճիշտ հարթակի ընտրությամբ: Կան բազմաթիվ տարբերակներ, ինչպիսիք են անձնական կայքերը, բլոգները, հատուկ պորտֆոլիոյի ծառայությունները և սոցցանցերը:
ՏՏ պորտֆոլիոների համար հայտնի հարթակներն են՝ GitHub, Behance, Dribbble, CodePen, Medium և WordPress: Դուք նույնիսկ կարող եք ընտրել այս հարթակների համադրություն՝ ձեր աշխատանքի տարբեր ասպեկտները ցուցադրելու համար:
Կարևոր է նաև հաճախ թարմացնել պորտֆոլիոն: Սա ցույց կտա, որ դուք ակտիվ սովորող եք, աճում և կատարելագործվում եք որպես ՏՏ մասնագետ և տեղյակ եք ձեր ոլորտի վերջին միտումներից: Դուք կարող եք թարմացնել ձեր պորտֆոլիոն՝ ավելացնելով նոր նախագծեր կամ թարմացնելով գոյություն ունեցողները, հեռացնելով հին կամ անտեղի նախագծերը, ավելացնելով նոր հմտություններ կամ հավաստագրեր։
4․ Նախապատրաստվել հարցազրույցներին
ՏՏ հարցազրույցները կարող են վախեցնել նույնիսկ փորձառու մասնագետներին: Շատ ընկերություններ թեկնածուներին ընտրում են հարցազրույցների մի քանի փուլից հետո։ Հետևաբար, հարցազրույցներին պետք է պատրաստվել նախօրոք և պատշաճ ներկայանալ բոլոր փուլերին։
ՏՏ ընկերությունները հաճախ սկսում են հարցազրույցի գործընթացը հեռախոսազանգով: Առաջին հարցազրույցի ժամանակ հարցազրուցավարը ցանկանում է արագ հասկանալ ձեր հիմնական գիտելիքների բազան, համապատասխանությունը պաշտոնին և որոշում՝ արդյոք շարունակել հարցազրույցի գործընթացը:
Հեռախոսազանգից հետո տեխնիկական փուլն է։ ՏՏ մասնագետների համար սա ամենադժվար փուլերից է, քանի որ այս փուլում են պարզ դառնում հիմնական տեխնիկական գիտելիքները։ Այս փուլում հարցազրուցավարը ձեզ խնդիր է առաջադրելու։ Նրան հետաքրքիր է, թե դուք ինչպես կլուծեք տվյալ խնդիրը։ Այս փուլին նախօրոք պատրաստվեք։ Ինտերնետում փնտրեք ձեր մասնագիտությամբ հարցազրույցներին հանդիպող հարցերն ու խնդիրները։ Կարող եք նաև ավելի փորձառու գործընկերներին խնդրել օգնել ձեզ այդ հարցում, եթե նրանք արդեն անցել են նման հարցազրույցներ։
Սովորաբար տեխնիկական հարցազրույցից հետո ևս մեկ տեղում հարցազրույց է կազմակերպվում: Հնարավոր է, որ ընկերությունը կրճատել է իր ցուցակը մինչև երկու-երեք թեկնածուի: Հավանական է, որ դուք կհանդիպեք ընկերության հիմնադրի, գործադիր տնօրենի կամ այլ ղեկավարի հետ։ Հարցազրուցավարները գիտեն, թե ինչպիսի թեկնածու եք դուք: Այստեղ նրանք ցանկանում են որոշել, թե ով է հաստիքին իդեալական համապատասխանում:
Ի դեպ՝ եթե դեռ նոր եք որոշել ՏՏ ոլորտ մտնել, կարող եք սկսել Manual QA դասընթացից։ Այստեղ մասնագիտական հմտություններին տիրապետելուց բացի կնախապատրաստվեք հարցազրույցներին։
Այսպիսով, այս 4 կետի պահպանումը կմեծացնի ձեր աշխատանք գտնելու հնարավորությունները։
Հաշվի առեք սակայն, որ միշտ չի, որ կստացվի հենց սկզբից ձեր երազանքի աշխատանքը գտնել։ Եթե նոր եք մտնուլ աշխատաշուկա, միգուցե սկսեք internship-ից կամ ոչ մասնագիտական հաստիքից։ Այս երկուսն էլ հրաշալի հնարավորություն են junior-ների համար։
Ոչ մասնագիտական հաստիքներում աշխատելը ձեզ հնարավորություն կտա ներսից տեսնել ՏՏ ընկերության աշխատանքը, թեկուզև դեռևս ոչ ձեր ուզած հաստիքում։ Այն թույլ կտա ժամանակն արդյունավետ օգտագործել, ունենալ եկամուտ, համընթաց էլ շարունակել ձեր երազանքի աշխատանքի փնտրտուքները։
Internship-ի ժամանակ դուք հնարավորություն կունենաք զարգացնել ձեր հմտությունները, ցուցումներ ստանալ ձեր մենթորներից և դառնալ ավելի փորձառու։ Internship-ը շատ մասնագիտությունների դեպքում անխուսափելի փուլ է, քանի որ առանց պրակտիկ փորձի աշխատանքի անցնելը չափազանց բարդ է։