Business Development Group
← Բոլոր հոդվածները
Դիզայն · Aug 29, 2026 · 10

Գույնի հոգեբանությունը. Ինչպե՞ս են գույներն ազդում որոշումների վրա

Գույնի հոգեբանությունը. Ինչպե՞ս են գույներն ազդում որոշումների վրա

Մարդու ուշադրությունը հաճախ գրավում են շրջապատի ամենավառ գույները։ Օրինակ՝ «ԶԵՂՉ» գրությամբ մեծ, վառ կարմիր ցուցանակներն անմիջապես աչքի են ընկնում՝ «STOP» ճանապարհային նշանների նման։ Կապույտ պատերով սրճարանը, իր հերթին, սովորաբար հանգստության ու խաղաղության զգացում է առաջացնում։ Գույները մշտապես ներգործում են մեզ վրա՝ ձևավորելով մեր տրամադրությունը, ազդելով որոշումների վրա և փոխելով մեր էներգիայի մակարդակը։ Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում այդ ազդեցությունը։

Նույնը կարելի է նկատել նաև բժշկի աշխատասենյակում, որտեղ պատերը հիմնականում ներկված են սպիտակի, կապույտի և կանաչի մեղմ երանգներով։ Այս գույները մաքրության ու հանգստության զգացում են ստեղծում և վստահություն ներշնչում մասնագետի կարողությունների հանդեպ՝ փոխանցելով այն ամենը, ինչ ակնկալում եք բժշկի այցելելիս։ Իսկ որպես հակադիր օրինակ՝ պատկերացրե՛ք արագ սննդի ռեստորան։ Այստեղ հաճախ օգտագործվում են վառ կարմիրն ու դեղինը՝ ձեզ աշխուժացնելու և արագ որոշումներ կայացնելուն դրդելու համար։ Մեր առօրյան լի է նման՝ երբեմն աննկատ, երբեմն էլ ակնհայտ ազդակներով, որոնք ամեն օր ուղղորդում են մեր հույզերը։

Բրենդինգից ու դիզայնից մինչև մեր անձնական տարածքների ձևավորումը՝ գույների հոգեբանությունը մեր կյանքում ավելի մեծ դեր է խաղում, քան կարծում ենք։ Եկե՛ք պարզենք, թե ինչպես են տարբեր գույներն ազդում մարդու վարքագծի վրա և ինչու են դրանք ավելի կարևոր, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Գույների հոգեբանական ազդեցությունը

Ահա թե ինչպես են տարբեր գույներն ազդում հույզերի և վարքագծի վրա։

Կարմիր` կիրք, հրատապություն և ոգևորություն

  • Ազդեցությունը․ խթանում է զգայարանները, արագացնում սրտի զարկերը և շտապելու անհրաժեշտության զգացում առաջացնում։

  • Տարածված կիրառությունները․ արագ սննդի ցանցերը, օրինակ՝ McDonald’s-ը, կարմիրն օգտագործում են ախորժակը խթանելու համար, իսկ զեղչային վաճառքների ժամանակ այն կիրառվում է գնորդներին արագ որոշման մղելու նպատակով։

Կապույտ` վստահություն, հանգստություն և հուսալիություն

  • Ազդեցությունը․ առաջացնում է վստահության, ապահովության և հանգստության զգացում։

  • Տարածված կիրառությունները․ Chase-ի նման բանկերն ու Facebook-ի նման տեխնոլոգիական ընկերությունները կապույտն օգտագործում են վստահություն ներշնչելու և հուսալիության տպավորություն ստեղծելու համար։

Կանաչ` աճ, առողջություն և բնություն

  • Ազդեցությունը․ ասոցացվում է հանգստության, առողջության և էկոլոգիական կայունության հետ։

  • Տարածված կիրառությունները․ Whole Foods-ի նման բրենդները կանաչն օգտագործում են՝ ընդգծելու իրենց հավատարմությունն օրգանական արտադրության և բնապահպանության սկզբունքներին։

Դեղին` լավատեսություն, էներգիա և ուշադրություն

  • Ազդեցությունը․ ուրախության զգացում է առաջացնում և գրավում ուշադրությունը, սակայն չափից ավելի օգտագործումը կարող է անհանգստություն առաջացնել։

  • Տարածված կիրառությունները․ IKEA-ի նման բրենդները դեղինն օգտագործում են բարյացակամություն և էներգիա հաղորդելու համար։

Նարնջագույն՝ խանդավառություն, ստեղծարարություն և գործողության կոչ

  • Ազդեցությունը․ մղում է գործողության և հաղորդում ուրախություն ու ոգևորություն։

  • Տարածված կիրառությունները․ Fanta-ի նման բրենդները նարնջագույնն օգտագործում են վառ ու խաղային կերպար ստեղծելու համար։

Սև և սպիտակ՝ նրբաճաշակություն և պարզություն

  • Ազդեցությունը․ սևը շքեղության և բացառիկության զգացում է հաղորդում, իսկ սպիտակը խորհրդանշում է մաքրությունն ու պարզությունը։

  • Տարածված կիրառությունները․ Chanel-ի նման բարձրակարգ բրենդները սևն օգտագործում են նրբագեղությունն ընդգծելու համար, իսկ Apple-ի նման մինիմալիստական բրենդները սպիտակի միջոցով հստակություն են հաղորդում իրենց դիզայնին։


Գույների պայծառությունն ու հագեցվածությունը՝ տրամադրության և հոգեկան առողջության վրա ազդող գործիքներ

Գույնի պայծառությունը ցույց է տալիս, թե «որքան քիչ սև է խառնված գույնին», իսկ հագեցվածությունը՝ թե «որքան քիչ սպիտակ է խառնված դրան»։ Մեհրաբյանն ու Ռասելը 1974 թվականին ուսումնասիրել են «Հաճույք–ակտիվացում–գերակայություն» (Pleasure–Arousal–Dominance, PAD) հույզերի մոդելը և ցույց տվել, որ գույնի պայծառությունը կարող է ուժեղացնել հաճույքի զգացումը և նվազեցնել ակտիվացումն ու գերակայության զգացումը։ Այս մոդելում հաճույքի ցուցանիշն արտացոլում է մարդու ընդհանուր դրական կամ բացասական զգացողությունները, իսկ ակտիվացումը՝ զգոնության և ֆիզիկական ակտիվության մակարդակը։ Գերակայությունն իր հերթին արտահայտում է վերահսկողության, ազատության և ինքնուրույնության զգացումները։

Պարզվել է նաև, որ գույնի հագեցվածության բարձրացումը մեծացնում է բոլոր երեք ցուցանիշները՝ հաճույքը, ակտիվացումն ու գերակայության զգացումը։ Սա համահունչ է նախորդ հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ մասնակիցներն ավելի շատ ուրախություն են ընկալում ավելի պայծառ և հագեցած գույներով պատկերներում։

Եթե օգտագործում եք կապույտը, ինչպես այս պատկերում, կարող եք ընտրել պայծառության և հագեցվածության տարբեր մակարդակներ ունեցող երանգներից, այդ թվում՝

ա) Բաց կապույտ՝ բարձր պայծառությամբ և ցածր հագեցվածությամբ։

բ) Լազուրագույն՝ բարձր պայծառությամբ և բարձր հագեցվածությամբ։

գ) Կապտամոխրագույն՝ ցածր պայծառությամբ և ցածր հագեցվածությամբ։

դ) Ինդիգո՝ ցածր պայծառությամբ և բարձր հագեցվածությամբ։

 

Թեև սրանք բոլորը կապույտի տարբեր երանգներ են, դրանցից յուրաքանչյուրը դիտողի մեջ տարբեր հույզեր է առաջացնում։ Օրինակ՝

ա) Բաց կապույտը բավական հաճելի է ընկալվում, սակայն չի խթանում ակտիվացումը կամ գերակայության զգացումը՝ փոխարենը հանգստություն հաղորդելով։

բ) Լազուրագույնը ամենահաճելի տարբերակն է և որոշ չափով խթանում է ակտիվացումը, սակայն չի ուժեղացնում գերակայության զգացումը։ Այն առաջացնում է զարմանք կամ հիացմունք։

գ) Կապտամոխրագույնը ամենաքիչ հաճելի տարբերակն է և բավական չեզոք ազդեցություն ունի ակտիվացման ու գերակայության զգացման վրա՝ առաջացնելով ձանձրույթ։

դ) Ինդիգոն ամենից շատ է խթանում ակտիվացումն ու գերակայության զգացումը, մինչդեռ հաճույքի առումով դրա ազդեցությունը տատանվում է չեզոքից մինչև դրական։ Այն ավելի շատ համարձակություն կամ հակադրվելու տրամադրվածություն է առաջացնում։

Նկատվել է, որ կապույտի և կանաչի մեղմ երանգները նվազեցնում են սթրեսը, քանի որ հիշեցնում են բնության տեսարաններ՝ բլրավետ դաշտեր, ծաղկած այգիներ, հանդարտ գետեր կամ կապույտ երկինք։ Բնության մեջ հանդիպող այս երկու գույների հանգստացնող ազդեցությունն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ հիվանդանոցներում և անասնաբուժական հաստատություններում։

Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ պատկերներում օգտագործված մանուշակակապույտ երանգները դրական են ընկալվել, քանի որ փոխանցել են հանգստության, ներդաշնակության և պարզության զգացում՝ նպաստելով տեսողական հարմարավետությանը։ Սա հատկապես կարևոր է բուժաշխատողների և դիզայներների համար, որոնք նյութեր են մշակում հուզական լարվածություն ապրող մարդկանց համար։

Թեև գույները կարող են զգալի ազդեցություն ունենալ հոգեկան առողջության և բարեկեցության վրա, պետք է հաշվի առնել, որ դրանց հանդեպ մարդկանց արձագանքները կարող են տարբերվել։ Մշակութային և անձնական գործոնները նույնպես կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես է ընկալվում գույների և պատկերների այս կամ այն կիրառությունը։

Գույների դերը սպառողների վարքագծում

  1. Առաջին տպավորությունը կարևոր է

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապրանքի վերաբերյալ ակնթարթային գնահատականների 90%-ը հիմնված է միայն գույնի վրա։ Օրինակ՝ վառ գունապնակը կարող է ապրանքի հանդեպ ոգևորություն առաջացնել, իսկ զուսպ երանգները՝ նրբաճաշակության տպավորություն ստեղծել։

  1. Բրենդի ճանաչելիություն և հավատարմություն

Գույների հետևողական օգտագործումը բարձրացնում է բրենդի ճանաչելիությունը մինչև 80%-ով։ Հիշե՛ք Coca-Cola-ի անմիջապես ճանաչելի կարմիր գույնը կամ McDonald’s-ի ոսկեգույն կամարները։

  1. Կոնվերսիայի ցուցանիշներ

Գույներն ազդում են նաև գնման որոշումների վրա։ Օրինակ՝ կարմիր «Գնել հիմա» կոճակը հաճախ ավելի արդյունավետ է, քան այլ գույներով տարբերակները, քանի որ շտապելու անհրաժեշտության զգացում է առաջացնում։ Իսկ գործողության կոչի (CTA) կոճակներում կապույտ և կանաչ երանգները վստահություն են ներշնչում և խրախուսում օգտատերերին սեղմել կոճակը։

Գույների ընկալման մշակութային և համատեքստային տարբերությունները

Թեև գույների հոգեբանությունը որոշ չափով համընդհանուր է, մշակութային առանձնահատկությունները զգալի դեր են խաղում դրանց ընկալման մեջ։

  • Արևմտյան մշակույթներում սպիտակը հաճախ ասոցացվում է հարսանիքների և մաքրության հետ, մինչդեռ արևելյան մշակույթներում այն խորհրդանշում է սուգը։

  • Ասիական բազմաթիվ մշակույթներում ոսկեգույնն ու կարմիրը սովորաբար կապվում են բարեկեցության հետ, ինչի շնորհիվ այդ տարածաշրջաններում հաճախ են ընտրվում բրենդինգի համար։

Միջազգային բրենդների համար այս մշակութային առանձնահատկությունները հասկանալը կարևոր է՝ սխալ մեկնաբանություններից խուսափելու համար։

Գույների մտածված ընտրությունը կարող է ձևավորել ապրանքի մասին առաջին տպավորությունը, վստահություն ներշնչել և բրենդը դարձնել ավելի ճանաչելի։ Սակայն դրանց ազդեցությունը կախված է նաև պայծառությունից, հագեցվածությունից, կիրառման միջավայրից և մարդկանց մշակութային ու անձնական փորձից։ Այդ պատճառով արդյունավետ գունապնակ ընտրելը սկսվում է լսարանին հասկանալուց և հաղորդակցման նպատակը հստակեցնելուց։

Դիզայնում և բրենդինգում գույների հոգեբանությունը կիրառե՛ք որպես ուղեցույց՝ ընտրելով բրենդի արժեքներին համապատասխան երանգներ և պահպանելով դրանց օգտագործման հետևողականությունը։ Փորձարկե՛ք տարբեր համադրություններ, գնահատե՛ք լսարանի արձագանքը և անհրաժեշտության դեպքում վերանայե՛ք ձեր ընտրությունը։ Արդյունավետ գունային լուծումն օգնում է ձեր ուղերձը դարձնել հասկանալի, բրենդը՝ հիշվող, իսկ օգտատիրոջ փորձը՝ հաճելի ու հարմարավետ։

Առնչվող դասընթաց

Graphic Design for Beginners

Դիզայն

Դիտել դասընթացը