05.11.2023
4 րոպե

Թոփ 10 հարթակ ֆրիլանս աշխատանք գտնելու համար

Ֆրիլանս աշխատանքը շատերին է գրավում, քանի որ այն ունի մի շարք առավելություններ․

  1. Ազատ ես քո գրաֆիկի, նախագծերի և ծանրաբեռնվածության հարցում։
  2. Կարող ես աշխատել ցանկացած վայրից։
  3. Կարող ես համատեղել այլ աշխատանքի կամ զբաղմունքի հետ։ 

Այս հոդվածում խոսելու ենք freelance և remote աշխատանքի լավագույն հարթակների մասին։ Կներկայացնենք ինչպես ընդհանուր հարթակներ, այնպես էլ դիզայներների և ծրագրավորողների համար մասնագիտացված հարթակներ։ Գնացինք։ 

Ընդհանուր freelance հարթակներ

  1. Upwork

Upwork-ը freelance աշխատանք գտնելու ամենահայտնի և լավագույն հարթակներից մեկն է: Այստեղ կարող ենք գտնել ցանկացած ոլորտին վերաբերող աշխատանքի առաջարկ: Անկախ նրանից՝ ծրագրավորող եք, գրաֆիկ դիզայներ, հաճախորդների սպասարկման մասնագետ, թե գրող, այստեղ միանշանակ կգտնեք ձեզ հետաքրքրող նախագծեր:

Այս հարթակում կարող եք դիմել և՛ մեծ, և՛ փոքր նախագծերի վրա աշխատելու համար: Աշխատանքի հրապարակումներն այստեղ անընդհատ թարմացվում են և ավելանում։ Դուք կհանդիպեք պատվիրատուներ աշխարհի բոլոր ծայրերից։ 

Մրցակցության մեջ չկորելու համար այս հարթակում ձեր էջը լրացնելիս կարևոր է ժամանակ ու ջանք գործադրել: Մանրամասն ներկայացրեք ձեր կրթության, մասնագիտական հմտությունների և փորձի մասին տեղեկությունները։ Ավելացրեք նախկին գործատուների կամ գործընկերների հետ նախագծերի օրինակներ, case-study-ներ։ 

Մյուս կարևոր պայմանը պատվիրատուների հետ գրագետ աշխատանքն է։ Որևէ նախագծի համար դիմելիս ուղարկեք սպեցիֆիկ հայտեր, որտեղ հաշվի կառենք նախագծի առանձնահատկությունները։ Օրինակ՝ եթե տվյալ ոլորտում նախկին փորձ ունեցել եք, ձեր հայտում պատմեք այդ փորձի մասին և ցույց տվեք, որ ոլորտից գլուխ եք հանում:

Հարթակը երաշխավորում է ապահով վճարման գործընթաց: Այստեղ ֆրիլանսերներին վճարումն իրականացվում է կրեդիտ քարտի կամ PayPal-ի միջոցով: Առաջադրանքի ավարտից հետո և՛ ֆրիլանսերը, և՛ պատվիրատուն կարող են կարծիք թողնել և գնահատել իրար:

Ի դեպ, Upwork-ն առաջարկում է նաև մենթորներ, ովքեր պատրաստ են պատասխանել ֆրիլանսերների հարցերին և խորհուրդներ տալ նրանց: Այս հարթակն ունի գրանցված ավելի քան 18 մլն ֆրիլանսեր և մոտ 5 մլն պատվիրատու:

Բազմաթիվ ֆրիլանսերների կարծիքով Upwork-ի թերություններից մեկը բարձր միջնորդավճարն է: Ֆրիլանսերի աշխատած առաջին 500$-ից այն գանձում է 20% միջնորդավճար։ Հետագայում այդ տոկոսը գնալով նվազում է։ 

  1. Fiverr

Fiverr-ը հայտնի հարթակ է, որը կապ է հաստատում ֆրիլանսերների և պատվիրատուների միջև: Այս հարթակի աշխատանքի սկզբունքը տարբերվում է նախորդից։ 

Fiverr-ում ֆրիլանսերին անվանում են «վաճառող», իսկ պատվիրատուին՝ «գնորդ»: Ի տարբերություն այլ հարթակների՝ այստեղ ֆրիլանսերը ոչ թե անընդհատ փնտրում է նախագծեր և գործատուին ուղարկում դրանց միանալու առաջարկներ, այլ ներկայացնում է իր ծառայությունները և սպասում է, որ իր հետ կապ հաստատեն: Ընդ որում՝ ֆրիլանսերն այստեղ ինքն է սահմանում իր ծառայությունների արժեքը:

Օրինակ՝ եթե ցանկանում եք տեսանյութեր մոնտաժել, Fiverr-ում ստեղծում եք առաջարկ, որտեղ նշում եք, թե որքանով եք տիրապետում մոնտաժային ծրագրերին և ինչ հմտություններ ունեք: Այնուհետև ավելացնում եք, թե քանի ժամ ազատ ռեսուրս ունեք և որքան եք գնահատում ձեր աշխատանքը: 

Պատվիրատուն այս հարթակում որոնման արդյունքում կարող է գտնել ձեր առաջարկը, ուսումնասիրել այն և որոշել համագործակցել ձեզ հետ: Fiverr-ը հնարավորություն է տալիս նաև պրոֆիլը գովազդել և ժամանակի ընթաքում ավելի տեսանելի դարձնել։ 

Սկսնակ մասնագետներն այստեղ հնարավորություն ունեն սկսել փոքր նախագծերից՝ ստեղծելով իրենց պորտֆոլիոն և ստանալով գործատուների կարծիքներն իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:  Fiverr –ում ծառայությունների արժեքները կարող են սկսել անգամ 5$-ից: 

Fiverr-ի կարևոր առավելություններից մեկը վճարման վստահելի համակարգն է: Այստեղ կարող եք չանհանգստանալ, որ աշխատանքն ավարտելուց հետո հնարավոր է պատվիրատուն չվճարի ձեզ: Նախագիծն ավարտելուց հետո Fiverr-ը պատվիրատուից միանգամից գանձում է տվյալ նախագծի համար նախատեսված գումարը։ 

Ի դեպ՝ Fiverr-ը նաև առաջարկում է օնլայն դասընթացներ՝ օգնելու մասնագետներին զարգացնել իրենց հմտությունները: 

Ձեր մասնագիտական հմտությունները կարող եք զարգացնել նաև BDG-ի դասընթացների շնորհիվ։ 

  1. LinkedIn

LinkedIn-ն առաջին հերթին սոցցանց է և հայտնի է որպես մասնագիտական նեթվորքինգի հարթակ։ Բայց այն նաև հիանալի հարթակ է  ֆրիլանս աշխատանքներ գտնելու համար:

Ձեզանից պահանջվում է գրանցվել այս հարթակում և ստեղծել ձեր մասին հնարավորինս շատ տեղեկատվություն պարունակող էջ: Հիշեք, որ ձեր էջը հասանելի է տարբեր ոլորտների մասնագետներին, որոնք կարող են պոտենցիալ գործատու լինել ձեզ համար:

LinkedIn-ի առավելությունները ֆրիլանսերների համար.

  • Աշխատանքի որոնման հնարավորություն – LinkedIn-ը օգտատերերին թույլ է տալիս փնտրել աշխատանք՝ ընտրելով ոլորտը և աշխատանքի տեսակը: Նրանք կարող են ստանալ նաև աշխատանքի նոր հայտարարությունների մասին ծանուցումներ:
  • Քոնթենթով կիսվելու հնարավորություն – LinkedIn-ը օգտատերերին թույլ է տալիս կիսվել հոդվածներով, բլոգ փոստերով, տեսանյութերով և նախկինում կատարած աշխատանքների օրինակներով: Այս կերպ ֆրիլանսերները կարող են կոնկրետ օրինակներով ներկայացնել իրենց փորձը և մասնագիտական հմտությունները: LinkedIn-ն այս պարագայում կատարում է նաև օնլայն պորտֆոլիոյի գործառույթ:
  • Մասնագիտական կապերի հաստատում – LinkedIn-ը հրաշալի հարթակ է մասնագիտական կապեր ստեղծելու և զարգացնելու համար: Այն ձեզ հնարավորություն կտա կապ հաստատել արդեն գործող ֆրիլանսերների, պոտենցիալ գործատուների, ինչպես նաև ոլորտի փորձառու մասնագետների հետ: Ամուր կապերի հաստատումը կարող է վերածվել համագործակցությունների և աշխատանքի նոր հնարավորությունների:
  • LinkedIn-ի պրեմիում փաթեթը նաև ներառում է օնլայն դասընթացներ և կրթական ռեսուրսներ, որոնք նպաստում են ֆրիլանսերների մասնագիտական հմտությունների զարգացմանը:
  1. Freelancer

Freelancer.com-ը հերթական freelance հարթակն է, որտեղ կարող եք գտնել ցանկացած տեսակի աշխատանք:

Ինչպես մյուս հարթակներում, այնպես էլ այստեղ անհրաժեշտ է գրանցվել, ստեղծել ձեր էջը, այնուհետև դիմել այն նախագծերի համար, որոնց կցանկանաք միանալ: 

Արդեն նախագծի վրա աշխատելու ընթացքում ֆրիլանսերն ու պատվիրատուն օգտագործում են Freelancer.com-ի գործիքները: Աշխատանքի ավարտից հետո հարթակի կողմից պահվում է մասնագետի վաստակած գումարի 10%-ը:

Այս հարթակի առավելություններից մեկն այն է, որ հրապարակվող աշխատանքներից բացի պատվիրատուները հնարավորություն ունեն կազմակերպել մրցույթներ: Ինչպես աշխատանքին դիմելու ժամանակ, այնպես էլ մրցույթի դեպքում, ֆրիլանսերներն ուղարկում են հայտեր՝ մրցելով միմյանց հետ: Նմանատիպ մրցույթները հնարավորություն են տալիս ֆրիլանսերին ոչ միայն գումար աշխատել, այլև ստանալ կարծիքներ ու գնահատական իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ:

Այս հարթակն ունի նաև հատուկ գործիք, որը կարող է ցույց տալ ձեր աճը որպես ֆրիլանսեր:

  1. Toptal

Toptal-ն իրեն դիրքավորում է որպես հարթակ, որտեղ կարող եք գտնել ֆրիլանսերների լավագույն 3%-ին: Մասնագետների ընտրության գործընթացն այստեղ այնքան խիստ է, որ ամեն ամիս իրենց դիմող հազարավոր մասնագետներից հարթակին միանում են միայն մի քանիսը:

Որպես ֆրիլանսեր Toptal-ին միանալու համար դուք պետք է անցնեք 5 փուլից բաղկացած ընտրություն, որը ներառում է անգլերենի իմացության, ինչպես նաև տեխնիկական գիտելիքների ստուգում:

Փոխարենը՝ այս հարթակում որպես մասնագետ գրանցվելոով հնարավորություն կունենաք աշխատել մեծ ընկերությունների համար, ինչպիսիք են Google-ը, Airbnb-ն, Duolingo-ն, Amazon-ը և այլն:

Freelance հարթակներ դիզայներների համար

  1. Behance

Ի տարբերություն մինչ այժմ մեր ներկայացրած freelance հարթակների՝ Behance-ը նախատեսված է հատուկ ստեղծագործող մասնագետների համար: Ամբողջ աշխարհում դիզայնի ոլորտի մասնագետներն այն օգտագործում են իրենց պորտֆոլիոները ստեղծելու և կատարած աշխատանքներով կիսվելու համար:

Հարթակը հնարավորություն է տալիս դիզայներներին, անիմատորներին, իլյուստրատորներին, լուսանկարիչներին նկատելի դառնալ ոլորտի գործատուների համար:

Behance-ում որքան շատ պրոֆիլների հետևեք, այնքան շատ հրապարակումներ ձեզ հասանելի կլինեն, ինչը կմեծացնի հեռակա աշխատանք գտնելու ձեր հնարավորությունը:

Behance-ը նաև տրամադրում է հատուկ ցանկ, որտեղ հրապարակվում են աշխատանքի առաջարկները: Յուրաքանչյուր ֆրիլանսերի համար այդ ցանկն անհատականացված է՝ ելնելով նրանց աշխատանքային փորձից ու հմտություններից: Behance-ն ունի ավելի քան 40 մլն գրանցված օգտատեր:

  1. 99Designs

99Designs-ը ևս մեկ տարածված հարթակ է հատուկ դիզայներների համար։ Այստեղ կարող եք գտնել ոլորտի հետ կապված ցանկացած աշխատանք՝ լոգոների դիզայնից մինչև կայքերի մշակում, գրքերի կազմի դիզայն և այլն:

Ինչպես մյուս հարթակներում, այնպես էլ այստեղ, գրանցվելուց հետո ձեր էջում պետք է ներկայացնեք ձեր մասնագիտական հմտություններն ու աշխատանքային փորձը։ 

99Designs-ի թիմը կուսումնասիրի ձեր էջն ու կորոշի ձեր մասնագիտական մակարդակը: Որքան բարձր լինի այն, այնքան ձեր էջը տեսանելի կլինի գործատուների համար:

Freelance հարթակներ ծրագրավորողների համար

  1. Codeable

Անցնենք ծրագրավորողների և ՏՏ ոլորտի մասնագետների համար նախատեսված հարթակներին։ 

Եթե WordPress ծրագրավորող եք, ապա այս հարթակը հենց ձեզ համար է:  Codeable-ի հիմնական առավելությունն առաջարկվող ծրագրերն են, որոնք օգնում են ֆրիլանսերներին գրանցել մասնագիտական աճ:

Ըստ մի շարք ֆրիլանսերների և պատվիրատուների՝ Codeable-ն առանձնանում է մրցակից մյուս հարթակներից, քանի որ այն կենտրոնանում է ֆրիլանսերների որակի, այլ ոչ թե քանակի վրա:

Codeable-ն ընտրում է իրենց դիմած լավագույն WordPress ծրագրավորողներին՝ ստեղծելով պրոֆեսիոնալների հարթակ, որտեղ մասնագետները ոչ թե մրցում են միմյանց հետ, այլ համագործակցում:

Lավագույն որակ ապահովելու համար այս հարթակը ուշադիր հետևում է իր ծրագրավորողներին՝ նախագծի վրա աշխատելիս: Այն նաև առաջարկում է 28-օրյա բագերի երաշխիք և մասնակի կամ ամբողջական փոխհատուցում:

  1. UpStack

UpStack-ը հավակնում է լինել թիվ մեկ Toptal-ի այլընտրանքը, որն առաջարկում է բարձրորակ ծրագրավորողներ ողջամիտ գներով: 

Նախ, այս կայքի յուրաքանչյուր մասնագետ անցնում է գնահատման փուլ։ Երկրորդ, պատվիրատուները ձեռքով չեն փնտրում ծրագրավորողներին: Հարթակն ինքն է գտնում կատարյալ թեկնածուներին՝ հիմնվելով պատվիրատուի նախագծի պահանջների վրա:

Վերջապես, հաճախորդներին մնում է միայն հարցազրույց անցկացնել կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ: 

ApStack-ը մասնագիտացած է ծրագրավորողների վրա, մինչդեռ Toptal-ն առաջարկում է տարբեր պրոֆիլի մասնագետներ։ 

Arc

Arc-ը ևս մասնագիտացած է ՏՏ ոլորտի ֆրիլանսերներին և գործատուներին միավորելու մեջ։ Այստեղ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գրանցվում, ինպիսիք են Google-ի նախկին աշխատակիցները և ասպիրանտները:

Մասնագիտական ուղղությունները ներառում են Full-stack ծրագրավորողներ, DevOps ինժեներներ, տվյալների բազայի կառավարիչներ և այլ ծրագրավորողներ: Այն նաև առաջարկում է լրիվ դրույքով պաշտոններ երկարաժամկետ նախագծերում։ 

Arc-ի բացասական կողմը նրա ավելի բարձր դրույքաչափերն են՝ համեմատած այլ անկախ հարթակների հետ: Այս կայքը նաև ունի մասնագետների ավելի համեստ բազա՝ իր խիստ ստուգման քաղաքականության պատճառով:

Դե ինչ, եթե մտածում եք ֆրիլանս աշխատանքի մասին, ապա փորձեք ձեզ այս հարթակներից որևէ մեկում։ Կարևորը՝ շատ արագ արդյունքների մի սպասեք և հաշվի առեք, որ բարձր վարձատրվող նախագծեր գտնելու համար ժամանակ, ջանքեր և կենտրոնացում է անհրաժեշտ։ Փորձեք մի քանի հարթակ, ընտրեք ձեզ ամենահարմարը և կենտրոնացեք դրա վրա։ 

Ի դեպ՝ եթե նոր եք որոշել ծրագրավորման ոլորտում մասնագիտություն ձեռք բերել, կարող եք դիտարկել BDG-ի JavaScript-ի դասընթացը։ Իսկ դիզայնով հետաքրքրվողներին խորհուրդ կտանք ուսումնասիրել Graphic Design-ի դասընթացը։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն