10.09.2023
4 րոպե

5 հայտնի գրաֆիկ դիզայներ, որոնց արժե հետևել 2023-ին

Եթե հետաքրքրվում ես գրաֆիկ դիզայնով, հավանաբար հետևում ես ոլորտի հայտնի մասնագետներին, սովորում և ոգեշնչվում ես նրանց աշխատանքներով։ Այս հոդվածում փորձել ենք չխոսել բոլորին ծանոթ անուններից։ Փոխարենը` ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում աշխատող, յուրահատուկ ոճով  ստեղծագործող հայտնի գրաֆիկ դիզայներների։ Նրանց՝ իրարից տարբերվող ոճերը, աշխատանքներն ու գաղափարախոսությունները  արժանի են ուսումնասիրության։ 

Գրաֆիկ դիզայնում քո հմտությունների զարգացման ամենակարևոր ուղիներից մեկը անընդհատ ուսումնասիրություններն ու տարբեր ոճերի հետազոտություններն են։ Դրանք օգնում են քեզ լայն պատկերացում ունենալ աշխարհի տարբեր ոճերի, դիզայնի միջոցով գաղափարախոսությունների փոխանցման և դիզայնում մերօրյա միտումների մասին։ Ի դեպ՝ մենք կազմակերպում ենք գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ տարբեր մակարդակի դիզայներների համար։ 

Այս 5 դիզայների ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք հետևյալին․ 

— ինչպիսի ազդեցություն ունի երկրի մշակույթը դիզայների ոճի ձևավորման հարցում,

— ինչ գաղափարախոսություններ են տարածում գրաֆիկ դիզայներները,

— ինչպես են նրանք հաջողության հասնում մեր օրերում։

Թաքու Սաթո (Taku Satoh)

Առաջին առանձնահատուկ ոճով առանձնացող գրաֆիկ դիզայները, որի մասին կխոսենք, ազգությամբ ճապոնացի Թաքու Սաթոն է։ 26 տարեկան հասակում  ստացել է մագիստրոսի աստիճան Տոկիոյի Արվեստի համալսարանում։ Ընդամենը երեք տարի անց՝ 1984 թվականին հիմնադրում է իր սեփական գրաֆիկ դիզայնի ծառայություններ մատուցող ընկերությունը։

Թաքու Սաթոն միաժամանակ հանդիսանում է Տոկիոյում 21_21 Design Sight ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը։ Հենց այստեղ էլ անցկացվել է իր աշխատանքների 4 գլխավոր ցուցադրությունները․

  • “Water” 2007թ.
  • “Design Ah” 2013թ.
  • “Kome: The art of Rice” 2017թ.
  • “Design Anatomy”  2016 թ․։ 

Այս ցուցահանդեսների գաղափարախոսությունը աշխարհը մեզ ծանոթ առարկաների միջով տեսնելն և դիզայնում արտածելն է։ 

Տոկիոյի 21֊րդ դարի ժամանակակից արվեստի թանգարանի, ինչպես նաև Բնության և գիտության ազգային թանգարանի լոգոների հեղինակը ևս Թաքու Սաթոն է։

Ո՞րն է Թաքու Սաթոյի դիզայնի փիլիսոփայությունը

Լինել Գրաֆիկ դիզայներ նշանակում է ունենալ շրջակա միջավայրը հասկանալու հմտություն։ Ստեղծագործելիս անհրաժեշտ է նկատել մեզ շրջապատող մանրուքները և կարողանալ դրանք տեղավորել դիզայնի մեջ՝ ասելիք փոխանցելով։

Թաքու Սաթոյի աշխատանքներում մեծ ազդեցություն ունի ճապոնական մինիմալիստական ոճը, մշակութային ընկալումները։  

Չնայած գրաֆիկ դիզայնում Թաքու Սաթոյի մոտեցումը մեծ մասամբ զգայական և ստեղծագործական աշխարհի հետ է կապված՝ նա հակված է համարել, որ այս մասնագիտությունը առաջին հերթին հմտություն է․ աննկատ օբյեկտները նկատելու ու դրանով գլոբալ ասելիքներ փոխանցելու հմտություն, որում կարող է մասնագիտանալ ցանկացած մարդ։

Իր “Just Enough Design” գրքում Սաթոն պատմում է իր նախընտրած ոճի և դրա վրա մշակույթի ազդեցության մասին։ Գրքում տեղ գտած թեմաներն են․

  • Հեղինակի աշխատանքներում դիզայնի սկզբունքների և ոճի մշակումը հիմնված է հին ճապոնական տարածված եզրույթի՝ Horo-horo-ի (բավական է) գաղափարախոսության վրա։ Համաձայն դրա՝ ողջունվում է չափավորությունն ու փոքրիկ դետալներով մեծ ասելիք փոխանցելը։
  • Ճապոնական բնության ու մշակութային տարրերի ազդեցությունը իր աշխատանքներին տալիս է եզակի մինիմալիստական ոճ։ Ստեղծագործելիս ուգեշնչման աղբյուր է հանդիսանում ճապոնական ավանդույթներն ու գաղափարները։ Օրինակ՝ անտառային լոգանքը, իքիգային (մոտիվացնող նպատակային ուժի վրա կենտրոնացում), onomatopoeia-ն՝ բնությունը իր ձայներով բնորոշելու ոճը, և այլն։
  • Տարբերվող դիզայն ստեղծելու համար պետք է նկատել առօրյա մեզ  շրջապատող մանրուքները։ Նրա աշխատանքի գաղափարախոսությունը առաջարկում է ապրելու այլ տարբերակ․ պատասխանատու լինել աշխարհի ապագա փոփոխությունների համար և փորձել աշխարհը դարձնել ավելի լավը։

Լին Շաոբին (Lin Shaobin)

Նա ազգությամբ չինացի, աշխարհի տարբեր երկրներում հայտնի գրաֆիկ դիզայներ է։ Այժմ Շանթու համալսարանում դասավանդում է արվեստ ու դիզայն։ Իր աշխատանքների համար ստացել է 300-ից ավել միջազգային մրցանակներ, այդ թվում՝ New York Golden award, Russia Best of the Best Golden award, Taiwan International Graphic Design Golden award, Germany Red Dot and IF award և այլն:

Լին Շաոբինի աշխատանքները առանձնանում են սև ու սպիտակ և այլ չեզոք գույների պարզ  ոճով։

Ինչպես նշում է Շաոբինը՝

  • իր ստեղծագործությունները ներշնչված են պատմական Չինաստանի ոճով, որտեղ դիզայնը ավելի պարզ էր ու զգացմունքային; 
  • գրաֆիկական պատկերների մտահղացումները վերցված են իրական կյանքից, աշխարհից, բնության մասնիկներից։

Հաջողված ու տպավորիչ դիզայն ստանալու համար Շաոբինն առանձնացնում է երեք առանցքային քայլ։ 

  1. Ուսումնասիրել հաճախորդին, նրա կարիքները, շրջակա միջավայրը։
  2. Ստեղծագործել՝ տրվելով զգացմունքներին և կրեատիվ մտածողությանը։
  3. Վերջում միացնել վերլուծական, պրակտիկ մտածողությունը, կատարել մասնագիտական ուղղումներ, և կառուցվածքային փոփոխություններ։

Նրա ամենահայտնի ու հաջողված գործերից մեկը Mountain Tea Song թեյերի փաթեթավորումն է, որը նախատեսված է եղել Չինաստանի Սոնգ դինաստիայից (960-1279թթ․) ի վեր գործող Song’s Chinese Cuisine ռեստորանի համար։

Դիզայնը ստեղծելուց առաջ Լին Շաոբինը ուսումնասիրել է ամբողջ դարաշրջանը, ուշադրություն է դարձրել այդ շրջանում ընդունված գույներին և ոճին։ Դիզայնի կարևոր տարր է համարվում լեռների ուրվագծի երեք տարբեր երանգները, որոնք ստացվել են այրված թղթից։

Ռեզա Աբեդինի (Reza Abedini)

Ի տարբերություն նախորդ երկուսի՝ Ռեզա Աբեդինին արևելյան լրիվ այլ մշակույթի կրող է։ Աբեդինիի շնորհիվ իրանական դիզայնը հայտնի է դարձել աշխարհին։ 2006 թվականին ստացել է Principal Prince Claus մրցանակ։

Ներկայումս Աբեդինին դասավանդում է Թեհրանի համալսարանի Fine Arts բաժնում։

Ռեզա Աբեդինին ծնվել է 1967 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակներին բնորոշ գույներն ու գաղափարախոսությունները մեծ դեր ունեն նրա աշխատանքներում։ Աբեդինին ունի մեծ թվով քաղաքական և հեղափոխական աշխատանքներ։

Սակայն Ռեզա Աբեդինին հայտնի է աշխարհում իր գործերում մշտապես ներկայացվող յուրահատուկ արաբա-իրանական տիպոգրաֆիայի շնորհիվ։ Նա վստահ է, որ  առանց որևէ միջամտության  ֆարսին արդեն իսկ արվեստի գործ է, և հաջողակ ու գեղեցիկ աշխատանքներ ստանալու համար կարելի է մշտապես օգտագործել այն։ Իրանական տառերը նրա համար ոչ թե հասարակ տեքստեր են, այլ պատկերներ, որոնք անհրաժեշտ է մշտապես օգտագործել դիզայնում ու ստեղծել տարբեր կապեր։

Լիտա Սոբիերայսկի (Leeta Sobierajski)

Լիտա Սոբիերայսկին նախորդ երեք գրաֆիկ դիզայներներից տարբերվում է խիստ արևմտյան ոճով և ավելի ժամանակակից դիզայնի մոտեցմամբ։ 

Լիտա Սոբիերայսկիի ոճը միանգամից տարբերվում է մնացածից իր անսովոր վառ գույներով ու տրամադրությամբ։ Մանագետները նրա աշխատանքները որակում են որպես «երաժշտություն մարդկանց աչքերի համար»։

Լիտան իր ոճը սկսել է ձևավորվել դեռևս 12 տարեկանից՝ անիմեներ նկարելով։

Նյու Յորքի պետական համալսարանում սովորելու տարիներին սկսել է բացահայտել գույների երանգներն ու նշանակությունները, հետազոտել է դրանց ազդեցությունը մարդու ուղեղի վրա։ Հետագայում իր աշխատանքներում կիրառելով վառ գույներ՝ ապացուցել է դրանց ազդեցությունը հաճախորդների վարքագծի վրա և դա դարձրել է իր մշտական ոճը։ Նա համագործակցել է տասնյակ հայտնի բրենդների հետ (IBM, Gucci, AIGA, Inc. Magazine, Google, Vogue)։ 2018-2019 թթ․-ից սկսած ստեղծել է իր մասնագիտության մի նոր, յուրահատուկ ուղղություն, որտեղ վառ գույներով գրաֆիկ դիզայնը միաձուլում է լուսանկարչության հետ։ 

Սերգիո Մեմբրիյաս (Sergio Membrillas)

Անցնենք Հարավային Ամերիկա։ Սերգիո Մեմբրիյասը ևս աչքի է ընկնում վառ գույներով ներկայացված իլյուստրացիաներով։ Բնակվելով Բրազիլիայում՝ համագործակցում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող պատվիրատուների հետ։ Զբաղվում է այնպիսի ընկերությունների գրաֆիկ դիզայնով, ինչպիսիք են The New Yorker, Apple, The New York Times, The Economist, Shopify, The Washington Post և այլն։ 

Ի տարբերություն Լիտա Սոբիերայսկիի՝ Մեմբրիյասի աշխատանքներում բացի վառ երանգներից առանցքային տեղ է զբաղեցնում նաև հումորային թեմատիկան։ 

Այժմ Սերգիո Մեմբրիյասը դասավանդում է իլյուստրացիա և դիզայն Ռոտերդամում, 

սոցիալական էջերում ներկայացնում է իր աշխատանքները, խոսում թրենդներից և դիզայնի փոփոխություններից ։ 

Եզրակացություն

Ինչպես տեսնում ենք, ուրաքանչյուր մասնագետի աշխատանքներում մշակութային ազդեցությունը մեծ տեղ է զբաղեցնում ոճի ձևավորման գործում։ Դիզայնի աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ է անընդհատ ուսումնասիրել տարբեր հայտնի գրաֆիկ դիզայներների, սովորել նրանցից, բայց փորձել պահել սեփական անհատականությունն ու մշակութային գծերը։ 

Եթե դու արդեն փորձառու գրաֆիկ դիզայներ ես, ապա BDG-ի նոր դասընթացն անպայման կհետաքրքրի քեզ։ Խոսքը Graphic Design Advanced դասընթացի մասին է, որտեղ քո մասնագիտական հմտություններն ու պորտֆոլիոն նոր մակարդակի կբարձրացնես։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն