Դիզայների դերը թվային պրոդուկտի մշակման մեջ
Թվային պրոդուկտներում, լինի դա վեբ կայք, բջջային հավելված, թե խաղ, դիզայնի դերը դժվար է գերագնահատել։ Այսօրվա ինֆորմացիայով գերհագեցած աշխարհում նոր պրոդուկտը պետք է լինի ինտուիտիվ, հեշտ օգտագործվող և գրավիչ, որպեսզի նոր օգտատերերին իր կողմ քաշի։
Այս հոդվածում պարզելու ենք, թե ով է պրոդուկտի դիզայները՝ Product Designer-ը և ինչ դեր ունի նա թվային պրոդուկտի մշակման գործի մեջ։
Ո՞վ է Product Designer-ը
Ընդհանուր առմամբ Product Designer-ի նկարագրությունը բավականին պարզ է. նա պատասխանատու է պրոդուկտի նախագծման համար, լինի դա թվային, թե ֆիզիկական: Product Designer-ներն աշխատում են բոլոր տեսակի ապրանքների մշակման վրա՝ կայքերիցից և բջջային հավելվածներից մինչև ֆիզիկական սարքեր, ինչպիսիք են հեռակառավարման վահանակները և տոստերները:
Բայց այստեղ մենք կկենտրոնանանք թվային պրոդուկտներ նախագծող մասնագետների աշխատանքն ուսումնասիրելու մեջ։ Նրանք հիմնականում նախագծում են օգտատերերի փորձառություններ և ինտերֆեյսեր կայքերի, հավելվածների, թվային սարքերի և այլնի համար:
Product Designer-ները նոր պրոդուկտներ նախագծելիս հաշվի են առնում օգտագործողների կարիքները, տեխնոլոգիական հնարավորությունները, բիզնեսի սահմանափակումները և իհարկե դիզայնի սկզբունքները։ Ամեն անգամ, երբ հանդիպում եք հիասքանչ թվային պրոդուկտի, կարող եք համոզված լինել, որ դրա վրա աշխատել են պրոֆեսիոնալ Product Designer-ներ։
Ո՞րն է Product Designer-ի և UX/UI Designer-ի տարբերությունը
Քանի որ թվային աշխարհում շատ տարածված է նաև UX/UI Designer տերմինը, եկեք արագ հասկանանք, թե ինչով են այս մասնագետները տարբերվում Product Designer-ից։
Իրականում Product Designer-ի և UX/UI Designer-ի ֆունկցիաների մեջ որոշակի համընկնում կա։ Երկուսն էլ կիրառում են օգտագործողի վրա հիմնված նախագծման սկզբունքներ և տիրապետում են նրանց հետազոտության, journey map-երի մշակման, նախատիպերի դիզայնի և շատ այլ հմտություններին։
Բացի այդ, և՛ Product Designer-ները, և՛ UX/UI Designer-ները կարող են հասկանալ արտադրանքի բիզնես նպատակները և գիտեն, թե ինչպես ներառել այդ նպատակները իրենց որոշումների կայացման մեջ:
Այնուամենայնիվ, նրանց մոտեցումներն ու ֆունկցիաները որոշակիորեն տարբերվում են: UX/UI Designer-ի համար առաջնային է համարվում օգտագործողի փորձառությունը, ուստի նրա աշխատանքը ամբողջությամբ ուղղված է դրա հետազոտմանն և փորձերի միջոցով բարելավումներ անելուն։
Product Designer-ն ունի պատասխանատվության ավելի լայն շրջանակ։ Նրա նպատակը պրոդուկտը բիզնես նպատակներին և շահագրգիռ կողմերի (stakeholders) կարիքներին համապատասխանեցնելն է։
Փոքր թիմերում հաճախ Product Designer-ն իր վրա է վերցնում նաև պրոդուկտի UX/UI դիզայնը, կամ UX/UI Designer-ն իրականացնում է Product Designer-ի ֆունկցիաները։ Սակայն ավելի մեծ թիմերում, բարդ պրոդուկտներ մշակելիս այս երկու դերերն առանձնանում են։
Product Designer-ի հմտություններն ու պարտականությունները
Ի տարբերություն ավելի նեղ մասնագիտացումներ ունեցող դիզայներների` Product Desinger-ները սովորաբար ավելի բազմակողմանի հմտություններ են զարգացնում, որպեսզի պատասխանատվություն վերցնեն պրոդուկտի մշակման ողջ պրոցեսի համար։
Product Desinger-ի 4 հիմնական հմտություններն են.
- Բիզնես մտածողություն
- Կոնկրետ ոլորտում օգտագործվող տեխնոլոգիաների իմացություն
- Դիզայնի պրակտիկ գիտելիքներ և անհրաժեշտ գործիքների տիրապետում
- Տեխնոլոգիական թիմերում աշխատելու ունակություն
Նրանք պետք է կարողանան հարմարվել ինչպես դիզայնի անընդհատ զարգացող աշխարհին, այնպես էլ պրոդուկտի հանդեպ պահանջների փոփոխություններին: Դա մի ոլորտ է, որը պահանջում է մշտական ուսուցում և ստեղծարարություն, որպեսզի ձեր նախագծերը միշտ լինեն հարմարավետ և հասանելի՝ նպաստելով բիզնես նպատակների իրականացմանը։
Product Desinger-ների դերը տարբերվում է տարբեր թիմերում: Բայց նրանց հիմնական պարտականությունները կարելի է ամփոփել հետևյալում․
- Ձևակերպել նորարարական գաղափարներ և հայեցակարգեր՝ հիմնված stakeholder-ների ուսումնասիրության, հետազոտությունների և ռազմավարության վրա:
- Սահմանել և մշակել նախագծային լուծումներ, որոնք ուղղված են բիզնես նպատակներին՝ միաժամանակ բավարարելով օգտատերերի կարիքները:
- Իրականացնել առկա լուծումների հետազոտություններ՝ արդեն գոյություն ունեցող ապրանքների կամ դրանց հետ կապված որևէ խնդիրների մասին պատկերացում ունենալու համար:
- Մշակել նախատիպեր՝ հիմնվելով արտադրանքի հայեցակարգի վրա և փորձարկել դրանց օգտագործելիությունը թիմի հետ միասին:
- Ստեղծել գրավիչ և ֆունկցիոնալ ինտերֆեյսեր:
- Կազմել նախագծային փաստաթղթերը և ստեղծել դիզայնի համակարգեր:
- Համագործակցել այլ դիզայներների, ծրագրավորողների, քոփիռայթերների, մարքեթոլոգների հետ՝ բարձրորակ պրոդուկտ ստանալու համար:
- Անհրաժեշտության դեպքում առաջնորդել կրտսեր դիզայներներին ստեղծագործական գործընթացում:
- Պրոդուկտը ստեղծելուց հետո ապահովել դրա թեստավորումն ու անհրաժեշտ փոփոխությունների կատարումը։
Դիզայներների դերը պրոդուկտի մշակման գործընթացում
Առաջին հայացքից կարող է թվալ, որ դիզայները ներգրավված է միայն պրոդուկտի նախագծման փուլում։ Բայց իրականում Product Designer-ը մասնակցում է պրոդուկտի մշակման բոլոր քայլերին։ Այդ գործընթացը կարող է տարբերվել տարբեր թիմերում և պրոդուկտների դեպքում, բայց դիզայնի պրոցեսի շրջանակներում դրա հիմնական փուլերը հետևյալն են․
- Պրոդուկտի տեսլականի սահմանում (Defining the product vision)
- Պրոդուկտի հետազոտություն (Product research)
- Օգտագործողի վերլուծություն (User analysis)
- Գաղափարների գեներացում (Ideation)
- Դիզայն (Design)
- Թեստավորում և վավերացում (Testing and validation)
- Աշխատանք գործարկումից հետո (Post-launch activities)
Պրոդուկտի տեսլականի սահմանում
Մինչև նույնիսկ որևէ դիզայնի պրոցես սկսելն անհրաժեշտ է սահմանել պրոդուկտի տեսլականը, որպեսզի ամբողջ թիմի, և մասնավորապես դիզայներների համար, պարզ լինի այն կոնտեքստը, որի շրջանակներում նրանք աշխատելու են։
Պրոդուկտի հետազոտություն
Այս փուլը ներառում է ինչպես գոյություն ունեցող լուծումների, այնպես էլ պոտենցիալ օգտագործողների ուսումնասիրումը։ Դիզայներներն այստեղ կիրառում են օգտագործողների հարցազրույցների (user interviews), օնլայն հարցումների, կոնտեքստում ուսումնասիրման (contextual inquiry) և այլ տեխնիկաները։
Օգտագործողների վերլուծություն
Այս փուլում վերլուծվում են հետազոտության արդյունքները և մոդելավորվում են օգտագործողների այն խմբերը, որոնց համար մենք մշակում ենք մեր պրոդուկտը։
Գաղափարների գեներացում
Այս փուլում թիմը գեներացնում է նոր գաղափարներ՝ օգտագործողի բացահայտված խնդիրներն ու կարիքները բավարարելու համար։ Product Designer-ներն այստեղ օգտագործում են User Journey Mapping-ը, սցենարների մշակումը, User story-ները՝ որպես գաղափարներն ավելի առարկայական դարձնելու գործիքներ։ Այս փուլում նրանք նաև ստեղծում են պրոդուկտի կառուցվածքն ու առաջին սկեչերը։
Դիզայն
Պրոդուկտի ստեղծման ընթացքում բուն դիզայնի վրա աշխատանքը տարբերվում է նրանով, որ այստեղ դիզայներներն աշխատում են անընդհատ բարելավման պրոցեսով․
1․ Նախատիպավորում (Prototyping) – որտեղ ստեղծվում է պրոդուկտի նախատիպ;
2․ Վերանայում (Reviewing) – որտեղ նախատիպը տրվում է օգտագործողներին և այլ շահառուներին՝ հետադարձ կապ ստանալու նպատակով;
3․ Բարելավում (Refining) – որտեղ հետադարձ կապի հիման վրա նախատիպը բարելավվում և պարզեցվում է։
Այս պրոցեսը կարող է անցնել բազմաթիվ կրկնություններ (iteration-ներ)՝ մինչև վերջնական դիզայնի հաստատումը։
Թեստավորում և վավերացում
Այս փուլի նպատակն է վավերացնել, որ պրոդուկտն աշխատում է այնպես, ինչպես նախագծվել է։
Աշխատանք գործարկումից հետո
Պրոդուկտի գործարկումից հետո ևս իրական օգտագործողների հետադարձ կապի հիման վրա այն բարելավվում և կատարելագործվում է։ Սա վերաբերվում է թե՛ ֆունկցիոնալին, թե՛ օգտագործման հարմարավետությանը, թե՛ դիզայնին։
Եկեք նաև դիտարկենք, թե ինչ հարաբերությունների մեջ է Product Designer-ը թիմի այլ անդամների հետ։
Product Designer-ի հարաբերությունները թիմի հետ
Նախկինում դիզայների դերն ավելի սահմանափակված էր վիզուալ դիզայնով: Բայց այսօր արդեն անհնար է դիզայների համար աշխատել առանց պրոդուկտի մշակման ողջ գործընթացում ներգրավվելու: Սա նշանակում է, որ դիզայներները պետք է սերտորեն աշխատեն թիմի մյուս անդամների հետ պրոդուկտի ստեղծման սկզբից:
Թե ում հետ է աշխատում Product Designer-ը, շատ բան կախված է թիմի չափից: Ավելի փոքր թիմերում նրանք երբեմն ստանձնում են պրոդուկտի նախագծման այլ դերերի պարտականությունները: Ավելի մեծ թիմերում Product Designer-ները միշտ սերտորեն համագործակցում են ամբողջ թիմի հետ:
Product Designer-ն աշխատում է թիմի այս անդամների հետ․
- Շահագրգիռ կողմերի (stakeholders) հետ, որպեսզի ավելի լավ հասկանա բիզնես նպատակները և պրոդուկտի դիզայնը համապատասխանեցնի իրենց ակնկալիքներին:
- Product Owner-ի հետ, որպեսզի դիզայնի պրոցեսը համապատասխանեցնի պրոդուկտի տեսլականին և մշակման փուլերին:
- Product Manager-ի հետ, որպեսզի քննարկի առաջարկվող դիզայներական լուծումները։
- Դիզայնի թիմի հետ, եթե ընկերությունն ունի առանձնացված դիզայնի բաժին։
- Ինժեներական թիմի հետ՝ դիզայնը պատրաստի պրոդուկտի մեջ ներդնելու համար:
- Մարքեթինգի թիմի հետ՝ պրոդուկտի գաղափարախոսությունը նրանց փոխանցելու և այն շուկա հանելուն աջակցելու նպատակով։
Այսպիսով՝ Product Designer-ը բազմահմուտ մասնագետ է, ով պատասխանատու է պրոդուկտի դիզայնի համար։ Նա հաշվի է առնում պրոդուկտի տեսլականը, օգտատերերի կարիքներն ու բիզնես նպատակները։
Եթե ձեզ հետաքրքրում է դիզայների մասնագիտությունը, ապա կարող եք դիտարկել BDG-ի UX Like an Adventure դասընթացը՝ այս ոլորտ մտնելու և արագ հաջողությունների հասնելու համար։