21.02.2024
5 րոպե

E-commerce Marketing: 9 մարքեթինգային ուղի՝ ձեր օնլայն խանութի հաջողության համար

Էլեկտրոնային առևտուրը կամ E-commerce-ն արդեն տասնամյակներ շարունակ անշեղորեն աճում է։ Արտասահմանյան կայքերից գնումներ կատարելն ու Onex/Globbing-ով դրանք ստանալը, WB-ից առևտուրը մեր առօրյայի մասն են դարձել։ Տեղական E-Commerce-ը նույնպես արագ զարգանում է՝ փոխարինելով ավանդական գնումների ֆորմատներին։ 

Սա լավագույն պահն է բոլոր բիզնեսների համար՝ օնլայն տիրույթ մտնելու և առցանց վաճառելու համար։ Իհարկե ամեն ինչ հեշտ չի, քանի որ արդեն հազարավոր օնլայն առևտրի հարթակներ, կայքեր և սոցցանցերի էջեր են պայքարում գնորդի ուշադրության համար։ Բայց գրագետ Ecom մարքեթինգի շնորհիվ դուք կարող եք առանձնանալ աղմուկի մեջ և գտնել ձեր սպառողին։

Այս բլոգում կխոսենք այն մասին, թե հիմնական կոմունիկացիաների ուղիներն ինչ առանձնահատկություններ ունեն E-commerce Marketing-ում։ Դա թույլ կտա ձեզ մշակել արդյունավետ մարքեթինգային պլան և արագ մտնել օնլայն առևտրի դաշտ։ 

Սոցցանցերը E-commerce-ի համար

Սոցցանցերի դերը մեծ է ցանկացած բիզնեսում։ Դրանք կարելի է օգտագործել հետևորդներ հավաքելու, ձեր ապրանքները ներկայացնելու, ոլորտին առնչվող ցանկացած օգտակար տեղեկատվություն տարածելու համար։ Սոցցանցերում հետևորդներին ներգրավելու վերջնական նպատակն այդ հոսքը դեպի ձեր կայք ուղորդելն է։ 

Բացի այդ, օգտագործեք սոցցանցերը՝ պոտենցիալ հաճախորդներին ուսումնասիրելու համար։ Ձեզ կամ ձեր մրցակիցների մոտ նրանց արված գրառումները շատ կարևոր են՝ լինի դա դրական արձագանք, քննադատություն, թե կոնկրետ լուծում, որը նրանց անհրաժեշտ է ձեզանից: Դուք կարող եք նաև թիրախավորել ձեր լսարանը սոցիալական ցանցերում վճարովի գովազդի միջոցով։ 

Օգտագործողի կողմից ստեղծված կոնտենտ (UGC)

Օգտագործողի կողմից ստեղծված կոնտենտը ձեր մարքեթինգային ռազմավարության ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Ձեր ապրանքանիշի մասին ցանկացած դրական հիշատակում, ներառյալ գրավոր գրառումները, նկարները, տեսանյութերը և մարդկանց (ոչ ապրանքանիշերի) ակնարկները ձեզ համար բրենդի ճանաչելիության և նոր հաճախորդների ներգրավման հիանալի աղբյուր են։ Նման բովանդակությունը թիրախային լսարանի համար ավելի վստահելի է։ Դուք կարող եք օգտագործել այս սոցիալական ապացույցը որպես գովազդ՝ թիրախավորելու այլ գնորդներին:

Content Marketing

Քոնթենթ մարքեթինգը ձեր հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու ռազմավարական միջոց է՝ նրանց տրամադրելով օգտակար և համապատասխան տեղեկատվություն: Նպատակն օգտակար և հետաքրքիր բովանդակության տարածման միջոցով կարծիքի լիդեր դառնալն ու ձեր շուրջ հետևորդների բանակ հավաքելն է։ 

E-commerce-ում մարքեթինգի այս մասը հատկապես կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս ավելի հավատարիմ լսարան ներգրավել, ովքեր կդառնան ձեր մշտական հաճախորդները։ Եկեք սա մի օրինակով դիտարկենք։ 

Ենթադրենք՝ դուք վաճառում եք մաշկի խնամքի միջոցներ։ Քոնթենթ մարքեթինգի շրջանակներում դուք կարող եք ձեր թիրախային լսարանին պատմել, թե ինչպես հասկանալ սեփական մաշկի առանձնահատկությունները, ինչպես ընտրել ճիշտ խնամքի միջոցը, ինչպես օգտագործել դրանք՝ երկարաժամկետ արդյունք ստանալու համար և այլն։ Նման բովանդակությունը պատասխանում է ձեր թիրախային լսարանի բազմաթիվ հարցերին ու խնդիրներին։ Նրանք կսկսեն հետևել ձեզ՝ ավելի շատ տեղեկանալու և սովորելու համար։ Ձեր բրենդը նրանց համար կդառնա հեղինակավոր տեղեկատվության աղբյուր և, բնականաբար, առաջին ընտրություն։ 

Նման կերպ ձեռք բերված հաճախորդները ոչ միայն հավատարիմ կլինեն ձեր ապրանքանիշին, այլև խորհուրդ կտան ձեզ իրենց շրջապատին։ 

Բովանդակության բազմաթիվ ֆորմատներ կան, որոնք կարելի է օգտագործել։ 

Ձեզ դեռևս չճանաչող և ոլորտին անտեղյակ լսարանի համար կարելի է հրապարակել կարճ հոդվածներ, գրառումներ և հոդվածներ տեղադրել այլ կայքերում, մշակել տեսանյութեր և փոդքաստներ, որոնք կպատմեն ձեր ապրանքի, այն օգտագործելու մասին և կպատասխանեն լսարանի ամենակարևոր հարցերին։ 

Ձեզ արդեն հետևող լսարանի համար կարելի է հրապարակել բլոգեր, մշակել ՀՏՀ, էլեկտրոնային գրքեր, համեմատական ​​հոդվածներ, Case study-ներ, հաճախորդների հետադարձ կապի տեսանյութեր և վարպետության դասեր կամ նմանատիպ առցանց դասընթացներ: 

Դե իսկ այն լսարանի համար, որն արդեն պատրաստ է գնման որոշում կայացնել, կարելի է հրապարակել հետազոտություններ, հաշվետվություններ և ներբեռնվող բովանդակություն, ինչպիսիք են պրոդուկտների համեմատության աղյուսակները, էլեկտրոնային գրքերը, մանրամասն ուղեցույցները և ըստ պահանջի վեբինարներ:

Իհարկե, հրապարակվող բովանդակությունում դուք պարբերաբար կկսիվեք ձեր ապրանքների մասին տեղեկատվությամբ, կուղորդեք ընթերցողին ձեր կայք, կամ կվերցնեք նրանց էլ․ հասցեները՝ հետագայում նրանց ձեր Email marketing-ի մեջ ներառելու համար։ 

Որոնողական համակարգերի օպտիմալացում (SEO)

Որոնողական համակարգերից եկող հաճախորդների հոսքը շատ կարևոր է ձեր E-commerce բիզնեսի համար։ Այս ուղով եկած հաճախորդները շատ արժեքավոր են, քանի որ նրանք գնման ամենամեծ պոտենցիալն ունեն։ Պատկերացրեք, եթե հաճախորդը ձեր կայքում է հայտնվել, քանի որ Google-ում փնտրել է “մաշկի խնամքի բնական միջոցներ յուղոտ մաշկի համար” արտահայտությունը, ապա նա հաստատ ձեր հաճախորդն է։ Մնում է նրան ներկայացնել ձեր տեսականին և գրավիչ առաջարկ անել։ 

Որպեսզի նման հաճախորդների մեծ հոսք ունենաք դեպի ձեր կայք, կատարեք հիմնաբառերի (keywords) հետազոտություն, ստուգեք, թե ինչպես եք ներկայումս դասակարգվում կարևորագույն հիմնաբառերի համար և աշխատեք ձեր էջերը որոնողական համակարգերի համար օպտիմալացնելու վրա։ 

Այստեղ պետք է նշել, որ եթե դուք վաճառքը կազմակերպում եք ոչ թե ձեր կայքում, այլ E-commerce հարթակներում (Amazon, Wildberries, Ozon), ապա դուք պետք է զուգահեռ աշխատեք նաև հենց հարթակի ներսում SEO-ի վրա։ Նույնը վերաբերվում է նաև սոցցանցերի միջոցով վաճառքին։ 

Պրոմո կոդերի կիրառում 

E-commerce-ում պրոմո կոդերի կիրառումն արագ վաճառք ապահովելու իդեալական տարբերակ է։ Այս մեթոդը հատկապես օգտակար կարող է լինել գործունեության սկզբում, երբ դեռևս բավարար չափով լսարան չունեք և ճանաչված չեք։ 

Դուք միշտ կարող եք գրավել նոր կայքի այցելուին՝ նրան առաջին գնման համար զեղչի կոդ տրամադրելով: Այդպիսի պրոմո կոդերը կարող են ժամանակի մեջ սահմանափակ լինել, որպեսզի դրդեն այցելուին արագ որոշում կայացնել։ Պրոմո-կոդերը կարելի է կիրառել գործընկերների հետ համատեղ ակցիաներ մշակելու, հատուկ առիթներին որպես նվեր բաժանելու և տասնյակ այլ տարբերակներով։ 

Զեղչային կամ նվերի տեսքով պրոմո կոդերը նաև ձեր հավատարիմ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու միջոց են։ Դրանք առավել հաճախ կիրառում են այցելուներին կայք վերադարձնելու համար։ Օրինակ՝ երկար ժամանակ գնումներ չկատարած կամ երկար ժամանակ կայք չայցելած օգտատերերին տրամարդեք զեղչի պրոմո կոդ՝ դրդելով նրան վերադառնալ և գնում կատարել։

Վճարովի գովազդ

Վճարովի գովազդը E-commerce մարքեթինգի շարժիչ ուժերից մեկն է։ Ժամանակակից օնլայն տիրույթում գովազդի տասնյակ տարբերակներ կան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Գովազդային հարթակներն ընտրելիս առաջնորդվեք նրանով, թե որտեղ են ձեր թիրախային հաճախորդներն ամենաշատը ժամանակ անցկացնում։ 

Գովազդի տեսակները բազմազան են. Ձեր ապրանքանիշը կարող է հայտնվել որոնողական համակարգերի առաջին հորիզոնականում, որպես տեքստային գովազդ, կամ օգտագորեծեք տեքստային և բաններային գովազդները այլ կայքերում։ 

Չնայած այս ամենին, սոց. ցանցերում գովազդները ամենատարածված են և հնարավորություն են տալիս թիրախավորված գովազդ տեղադրել տարբեր ֆորմատներով և տարբեր նպատակներով։

Influencer Marketing

Ինֆլյուենսերների հետ աշխատանքը վերջին տարիներին շատ մեծ տարածում է գտել՝ որպես արդյունավետ մարքեթինգային գործիք։ Աշխատելով որևէ ինֆլյուենսերի հետ՝ դուք նրա լսարանին ծանոթացնում եք ձեր պրոդուկտների հետև և ներգրավում եք նոր հաճախորդներ։ Այն նաև ուղիղ վաճառք ապահովելու հիանալի տարբերակ է, երբ համատեղում եք կուպոնների տրամադրման հետ։ 

Իհարկե հայտնի մարդկանց հետ աշխատանքն ունի իր նրբությունները։ Հետազոտեք և կազմեք այն ինֆլյուենսերների ցանկը, ովքեր լավագույնս կարող են ներկայացնել ձեր ապրանքանիշը: Համոզվեք, որ նրանց հետևորդները ձեր թիրախային լսարանն են: Ստուգեք՝ արդյոք հետևորդներն իրական են, բավականաչափ ակտիվ են։ Թերթեք մեկնաբանությունները՝ ստուգելու համար, թե ինչպիսի մարդիկ են շփվում նրանց հետ և ինչպես: 

Այս ուսումնասիրությունից հետո նոր կապվեք ինֆլյուենսերի հետ և քննարկեք համագործակցության հնարավորությունը։ 

Ինֆլյուենսերների հետ աշխատանքի արդյունավետությունը չափելու համար տրամադրեք իրենց անհատապես utm-ով կամ որևէ համակարգով կարճեցված հղումներ, որպեսզի կարողանաք տեսնել, թե քանի հոգի են անցել հղումով։ 

Բացի դա համագործակցության ավարտին խնդրեք Ձեզ տրամդրեն կոնտենտի հաշվետվություն՝ դիտելիության և քլիքերի քանակ։

Email Marketing

Այս բազմակողմանի մարքեթինգային գործիքը կարող է օգտագործվել մարքեթինգային ձագարի բոլոր փուլերում: Էլ․ փոստը պետք է անպայման օգտագործել ձեր նոր հաճախորդներին ողջունելու համար։ Նրանց, ովքեր թողնում են իրենց գնումները կես ճանապարհին, կարելի է էլ․ նամակով հիշեցնել իրենց գնումների մասին, հավելյալ նվերներ կամ այլ պարգևատրում խոստանալ՝ գնումն ավարտելու համար։ 

Էլ․ փոստը կարելի է նաև օգտագործել քոնթենթ մարքեթինգի շրջանակներում՝ ձեր հավատարիմ լսարանին կարևոր և օգտակար տեղեկատվություն ուղարկելու համար։ 

Email մարքեթինգի մեծ առավելություններից մեկն այն է, որ այստեղ հնարավոր է չափել և վերլուծել հաճախորդների բոլոր գործողությունները։ Օրինակ՝ դուք կարող եք հստակ չափել, թե գնումը կիսատ թողած հաճախորդներից քանի տոկոսը վերադարձան ձեր կայք նամակը կարդալուց հետո։ 

Էլ․ փոստով նաև պետք է հաստատել գնումները, հիշեցնել, որ գնված ապրանքի մասին կարծիք լրացնեն, նոր ապրանքներ ստանալու մասին տեղեկացնել, նոր ակցիաների և առաջարկների մասին տեղեկացնել, ինչպես նաև խրախուսել հետադարձ կապ տալ՝ ցանկացած խնդրի դեպքում։ 

Գործընկերային (Affiliate) մարքեթինգ

Սա հիանալի մարքեթինգային ալիք է, որտեղ դուք վճարում եք միայն այն դեպքում, երբ ձեռք են բերվում կոնկրետ արդյունքներ, ինչպիսիք են կայքում գրանցումը, ձեզ հետևելը կամ իրական գնումը: Գործընկերային մարքեթինգը նոր շուկա մտնող բրենդի համար իդեալական տարբերակ է առանց մեծ մարքեթինգային բյուջեի վաճառքներ ապահովելու համար։ 

Կան բազմաթիվ կայքեր և անձիք, ովքեր ունեն մեծ լսարան՝ շնորհիվ առցանց հրապարակվող մասնագիտացված բովանդակության և ձեռք բերած ազդեցության: Նրանց հետ համագործակցելով՝ դուք կարող եք նրանց մոտ ներկայացնել ձեր ապրանքները վաճառքից որոշակի տոկոսի դիմաց։ 

Զարմանալի չէ, որ Affiliate մարքեթինգը խթանում է էլեկտրոնային առևտրի վաճառքի 16%-ը Կանադայում և ԱՄՆ-ում:

Ստուգեք ձեր գործողությունների արդյունավետությունը

Մարքեթինգի ուղիներն օգտագործելիս պետք է համոզված լինեք, որ չափում եք դրանց արդյունավետությունը։ Մարքեթինգային քայլերի վերլուծությունը թույլ է տալիս դրանք անընդհատ կատարելագործել։ Դուք պետք է հետևեք բազմաթից ցուցանիշների, որոնցից են կայքի այցելությունները, գովազդների արդյունքները, կոնվերսիայի ցուցանիշները (conversion rates) տարբեր փուլերում։ 

E-commerce Marketing-ում կիրառվող բոլոր գործիքները հնարավորություն են տալիս հետևել այդ ցուցաինշներին՝ հաշվետվությունների միջոցով։ Բոլոր սոցցանցերը և E-commerce հարթակներն ունեն իրենց ներկառուցված հաշվետվությունների վահանակները։ Կայքի այցելությունների և այցելուների գործողությունների վերլուծության համար կարող եք օգտագործել Google Analytics-ը կամ Yandex Metrika-ն։ 

Ավելի արդյունավետ վերլուծությունների համար օգտագործեք A/B թեստավորումը։ 

A/B թեստավորումը ենթադրում է ձեր հաղորդագրության միայն մեկ բաղադրիչի փոփոխություն: Դուք կարող եք ձեր գովազդում կամ այլ ցանկացած կրիչում օգտագործել 2 այլընտրանքային վերնագրեր, նկարներ, կամ այլ բաղադրիչ և ստուգել, ​​թե որն է ձեզ  ավելի շատ դիտում/լիդ/վաճառք բերում: 

A/B թեստավորում կարելի է անել գործողութան կոչի (CTA) կոճակի գույնը, տեքստը կամ ձևը փոխելով, կայքի կոնկրետ էջում ապրանքի նկարագրության մեջ որևէ բաղադրիչ փոխելով և բազմաթիվ այլ տարբերակներով։ 

Փորձը ցույց է տալիս, որ հաճախ մեկ բաղադրիչի փոփոխությունը բերում է արդյունքի մեջ էական տեղաշարժի։ Այնպես որ մի դադարեք անընդհատ թեստավորել և բարելավել ձեր բոլոր մարքեթինգային ուղիները։ 
Եթե դուք պլանավորում եք սկսել էլեկտրոնային առևտրով զբաղվել, կամ արդեն ունեք ձեր օնլայն խանութը, ապա BDG-ում անցկացվող E-commerce Marketing-ի դասընթացը ձեզ համար է։ Դասընթացում մենք ուսումնասիրում ենք հոդվածում նշված մարքեթինգային ուղիների առանձնահատկությունները էլեկտրոնային առևտրի համար և մշակում ենք ձեր բիզնեսի համար լավագույն լուծումները։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

E-Commerce Marketing: Ինչպես ստեղծել ձեր խանութը

E-Commerce Marketing-ի ամբողջական կուրս Սեփական կայքի պատրաստում Builder-ներով E-Com մարքեթինգի առանձնահատկությունների ուսումնասիրում Բոլոր գործիքների պրակտիկ կիրառում
Course-image
տեսնել ավելին
Course-image
Մեկնաբանություն