Agile Project Management․ ուղեցույց սկսնակների համար
Նախագծերի կառավարման ոլորտում ավանդաբար գերակշռել է Waterfall մեթոդով աշխատանքը։ Այն գծային-ցիկլային կառավարման մոդել է։ Ըստ այս մոդելի՝ պրոդուկտի ստեղծման յուրաքանչյուր հաջորդ փուլ սկսվում է նախորդի ավարտից հետո։ Պրոդուկտը թողարկվում և ներկայացվում է բոլոր փուլերի ավարտից հետո, իսկ արդեն իրականացված փուլերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Այս մեթոդը մինչև այսօր էլ կիրառվում է և ապահովում է իր յուրովի արդյունավետությունը, սակայն 1980-ականներից սկսած՝ ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ, նոր, ավելի արդյունավետ կառավարման մեթոդների անհրաժեշտություն նկատվեց։ Հենց այդ ժամանակ էլ սկսեց զարգացում ապրել նախագծերի կառավարման նոր ուղղությունը՝ Agile Project Management-ը։
Ըստ հետազոտությունների` կառավարման Agile (ճկուն) մեթոդը 37%-ով արագացնում է պրոդուկտի թողարկումը և 16%-ով բարձրացնում է թիմի արտադրողականությունը։
Այս հոդվածում կուսումնասիրենք՝
- Agile Project Management-ի դերը նախագծի կառավարման պրոցեսում
- Agile Project Management-ի առավելությունները
- Կծանոթանանք Scrum մեթոդին
- Կհասկանանք՝ ով է Agile Project Manager-ը և ինչով է զբաղվում
- Կդիտարկենք Agile PM-ի հիմնական որակավորումները
Agile Project Management․ Սահմանում, հիմնական առանձնահատկությունները
2001 թվականին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար կատարվող հետազոտությունների ժամանակ մի խումբ մասնագետների կողմից ստեղծվեց Agile կառավարման մեթոդոլոգիայի սկզբունքների ամբողջական ուղեցույցը՝ Agile Manifesto-ն։
Ըստ Agile Manifesto-ի Agile Project Management-ը պրոդուկտի ստեղծման պրոցեսի կառավարման մեթոդոլոգիա է, որն ուղղված է հաճախորդի ցանկությունների բավարարմանը՝ շարունակական փուլային փոփոխությունների շնորհիվ։ Հաճախորդ ասելով՝ այստեղ նկատի ունենք պատվիրատուին, սպառողին, օգտագործողին կամ այն մարդուն, ում հաշվետու ենք։
Ի տարբերություն նախագծերի կառավարման ավանդական Waterfall մեթոդի՝ այստեղ պրոդուկտի ստեղծման հաջորդական ավարտուն փուլերի փոխարեն ամեն փուլում աշխատանքները վերանայվում են։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերադառնալ նախորդ փուլ և կատարել փոփոխություններ։ Agile կառավարման ժամանակ պրոդուկտը կարող է ներկայացվել հաճախորդին դեռևս ոչ ամբողջական վիճակում, որպեսզի հավաքագրենք կարծիքներ, առաջարկներ՝ պրոդուկտը բարելավելու համար։ Սա հնարավորություն է տալիս կատարել մշտական փոփոխություններ՝ կախված հաճախորդի արձագանքից և արտադրանքը լավագույնս հարմարեցնել վերջինիս նախընտրած տարբերակին։
Չնայած ի սկզբանե Agile կառավարման մեթոդոլոգիան առաջացել է ծրագրավորման և Tech ոլորտում նախագծերի կառավարման համար՝ ներկայումս այն մեծ կիրառություն ունի բազմաթիվ այլ ոլորտներում ևս։
Agile մեթոդոլոգիայով կառավարումը մեծ տարածում է գտել վերջին տարիներին։ 2023 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների ընկերությունների արդեն 71%-ը նախագծերի ստեղծումն ու կառավարումը իրականացնում է Agile մեթոդոլոգիայով։ Ի տարբերություն ավանդական Waterfall մեթոդի (49%)՝ Agile կառավարմամբ պրոյեկտների 67%-ը հաջողության է հասնում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ Agile կառավարումը 1,5 անգամ ավելի արդյունավետ է, իսկ այս մեթոդոլոգիայի կիրառումը ընկերությունների մոտ ապահովում է շահությի մոտ 60% աճ։
Agile Manifesto. 12 հիմնական սկզբունքները
Agile Manifesto-ն ներառում է 4 արժեք և 12 սկզբունք։ 4 արժեքները հետևյալն են․
- Անհատներն և հաղորդակցումը գործընթացներից և գործիքներից կարևոր են: Agile-ն առաջնահերթություն է տալիս մարդկանց և նրանց հարաբերություններին: Խոսքը համագործակցության, բաց հաղորդակցման և անհատների փորձի գնահատման մասին է: Երբ մենք առաջին տեղում ենք դնում մեր թիմի անդամներին, մենք վստահություն ենք ձևավորում և խրախուսում ենք ստեղծարար մոտեցումները:
- Աշխատող ծրագիրը փաստաթղթավորումից կարևոր է: Agile-ը խրախուսում է աշխատող արտադրանքի ստեղծումը՝ չափից ավելի փաստաթղթերի մեջ խճճվելու փոխարեն: Այստեղ կարևորն արդյունքն է: Կենտրոնանալով կոնկրետ արդյունքի վրա՝ դուք կարող եք արագ արձագանքել փոփոխություններին և հաճախորդի կարիքներին:
- Հաճախորդի հետ համագործակցությունը պայմանագրի կետերից կարևոր է: Agile-ը խրախուսում է հաճախորդի շարունակական ներգրավումը: Կոշտ պայմանագրերի փոխարեն Agile-ը ձգտում է ակտիվ համագործակցել հաճախորդի հետ՝ ապահովելու, որ արտադրանքը համապատասխանի նրա զարգացող պահանջներին:
- Արձագանքել փոփոխություններին՝ պլանին հետևելու փոխարեն։ Agile-ը ճկուն և հարմարվողական մոտեցում է: Պլանները կարևոր են, բայց դրանք պետք է արձագանքեն փոփոխվող իրականությանը: Ընդունելով փոփոխությունները և ադապտացնելով ձեր պրոդուկտը՝ դուք ստեղծում եք արտադրանք, որն արժեքավոր է նույնիսկ անկանխատեսելի միջավայրում:
Այս արժեքների հիման վրա մշակված 12 սկզբունքները հետևյալն են․
- Վերջնական օգտագործողների կարիքների բավարարում պրոդուկտի վաղ և շարունակական թողարկմամբ:
- Բաց լինել պահանջների փոփոխությունների համար նույնիսկ նախագծի վերջին փուլերում:
- Պրոդուկտի թողարկում կանոնավոր ինտերվալներով, գերադասելի է՝ կարճ:
- Ամեն օր աշխատել ծրագրի թիմի և բիզնեսի սեփականատերերի/պատվիրատուների հետ:
- Հավաքել մոտիվացված թիմ, ապահովել համապատասխան միջավայր և աջակցություն, վստահել նրանց:
- Կանոնավոր կերպով շփվել դեմ առ դեմ:
- Առաջընթացը չափել ավարտված աշխատանքով:
- Agile պրոցեսները ստեղծում են հավասարաչափ ջանքերի և աշխատանքի կայուն տեմպի հնարավորություն թիմի, օգտագործողների և պատվիրատուի համար։
- Անընդհատ ձգտել տեխնիկական և դիզայնի կատարելության։
- Խրախուսել պարզությունը։
- Ընդունել, որ լավագույն ճարտարապետությունը, աշխատանքը և դիզայնն ապահովում են ինքնակազմակերպված թիմերը:
- Կանոնավոր ինտերվալներով վերլուծել, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ լինել և ադապտացնել պրոցեսներն ըստ դրա։
Agile Project Management-ն ունի մի շարք գործիքակազմեր, որոնք սահմանում են կառավարման պրոցեսը, դերերի բաշխումը և այլն։ Դրանցից են․
- Scrum- աշխատանքի և պրոդուկտի ստեղծման պրոցեսի փոքր փուլերի բաժանման մեթոդ
- Kanban- աշխատանքի դերերի վիզուալիզացման մեթոդ
- Lean- ծախսերի գնահատման և աշխատանքի ընթացքի օպտիմալացման մեթոդ
- Extreme Programming- կենտրոնացում թիմային աշխատանքի վրա և պրոդուկտի անընդհատ թեստավորման մեթոդ։
Scrum-ն իր սկզբունքներով և կիրառման արդյունավետության շնորհիվ ամենատարածված գործիքակազմն է Agile Project Management-ում։ 76 երկրներում արված հարցումը ցույց է տվել, որ 61%-ն աշխատում են այս գործիքակազմով։
Scrum․ Ամենատարածված Agile գործիքակազմը
Scrum-ը մշակվել է Ջեֆ Շաթըրլենդի (Jeff Sutherland) և Քեն Շվեբըրի (Ken Schwaber) կողմից 1993 թվականին։ Ըստ կառավարման Scrum մեթոդի՝ խոշոր և բարդ նախագծերի իրականացման համար պրոդուկտի ստեղծման ընթացքը բաժանվում է շատ փոքր փուլերի։ Յուրաքանչյուր փուլից հետո արտադրանքը տրամադրվում է հաճախորդին՝ հետադարձ կապի համար։ Նրանց արձագանքից ելնելով՝ թիմը որոշում է կատարվելիք փոփոխությունները կամ հետագա զարգացման ընթացքը։ Ընթացիկ դժգոհությունների դեպքում հնարավոր է վերադառնալ նախորդ փուլերին և իրականացնել համապատասխան փոփոխություններ։
Այս դեպքում յուրաքանյուր աշխատակից պատասխանատու է համարվում ոչ միայն աշխատանքի իր մասի, այլ ամբողջ պրոյեկտի համար։ Scrum Framework-ի մեթոդոդոլոգիան և սկզբունքները հնարավորություն են տալիս թիմերին ունենալ բավարար ինքնուրույնություն, կայացնել որոշումներ՝ յուրաքանչյուր իրավիճակին համապատասխան։ Միջթիմային հարաբերություններն այստեղ անհրաժեշտություն են։ Թիմերի մշտական հաղորդակցումն օգնում է արագ տեղյակ լինել պրոդուկտի մեկ այլ խնդրից և իրավիճակներին ճկուն արձագանքել սեփական թիմում։
Agile Project Management-ում Scrum գործիքակազմում աշխատանքի բաժանումը իրականացնում է որոշակի դերերով։
- Scrum Master։ Այս դերը պատասխանատու է թիմակիցների Scrum ամբողջական գործիքակազմն ուսուցանելու մեջ։ Նրանք թիմի անդամներին ներկայացնում են Scrum-ի սկզբունքները, աշխատանքի բաժանման հնարավոր տարբերակները և այլն։ Scrum Master-ները պատասխանատու են մոտիվացնել աշխատակիցներին, ստեղծել բարենպաստ միջավայր՝ աշխատելու և միջթիմային հաղորդակցությունը զարգացնելու համար։
- Product Owner։ Product Owner-ը հանդիսանում է կապող օղակ սպառողների և ծրագրավորողների թիմի միջև (Developmen Team)։ Նրա առաջին նպատակը պրոդուկտի հիմնական նկարագիրը ստանալն է։ Այդ նպատակով նա շփվում է հաճախորդների հետ, որից հետո ըստ նրանց կարիքների ստեղծում է ամբողջական նկարագիր-ուղեցույց (roadmap)։ Product Owner-ը վարում է backlog-ը, որտեղ հավաքվում է պրոդուկտի պահանջները, անհրաժեշտ փոփոխությունները և այլն։ Ամբողջ հավաքագրված ինֆորմացիան Product Owner-ը ներկայացնում է թիմին՝ աշխատանքը պլանավորելու և իրականացնելու համար։
- Development Team։ Պրոդուկտի մշակումն իրականացնելու համար ստեղծվում են աշխատանքային թիմեր, որոնց աշխատանքը ծառայում է մեկ ընդհանուր նպատակի։ Սակայն թիմի յուրաքանչյուր անդամ աշխատանքի բաժանման ժամանակ ստանում է իր առանձին պարտականությունները։ Development Team-ը ինքնակազմակերպվող և ինքնուրույն որոշումներ կայացնող թիմ է, որն ունի հաղորդակցման հնարավորություն այլ մասնագիտական թիմերի հետ։
Ի՞նչ է Scrum Events-ը։
Scrum մեթոդոլոգիայով աշխատանքի կառավարման, ընթացիկ որոշումների կայացման, աշխատանքի բաժանման համար թիմում տեղի են ունենում որոշակի հանդիպումներ, որտեղ թիմի անդամները հնարավորություն են ունենում մասնակցել պլանավորման, վերահսկման գործընթացներին։ Այդ հանդիպումներից են․
- Sprint – Պարբերաբար (1-4 շաբաթ ինտերվալներով) տեղի ունեցող հանդիպում է, որի ժամանակ քննարկվում են պրոդուկտի այն բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել ընթացիկ ամսում։
- Sprint Planning – 8-ժամյա հանդիպում է, որի ընթացքում իրականացվում է աշխատանքի բաժանում, բաշխվում է աշխատողների դերերը։ Այս հանդիպման ժամանակ աշխատանքի պլանավորման գործընթացում ներառվում են թիմի բոլոր մասնակիցները։
- Daily Scrum Meetings – 15 րոպեանոց այս հանդիպմանը մասնակացություն են ունենում միայն տեխնիկական թիմի (Development Team) անդամները: Պլանավորվում է օրվա իրականացվելիք աշխատանքը։ Թիմի անդամները քննարկում են իրենց աշխատանքի արդեն կատարված մասը և բացթողումները տեղեկացնում են մյուսներին։
- Sprint Review – Այստեղ Sprint-ի ընթացքում արված աշխատանքը ներկայացվում է հաճախորդներին։ Հետադարձ արձագանքի շնորհիվ թիմը հասկանում է, թե որ լուծումներն են ընդունելի և որոնք են փոփոխման ենթակա ։
- Sprint Retrospective – Sprint Review հանդիպումից հետո ամբողջ Scrum թիմն ունենում է նաև Sprint Retrospective հանդիպում։ Այստեղ թիմը վերլուծում է արված աշխատանքը, քննարկում խնդիրները և նոր, ավելի արդյունավետ պրոցեսներ, որոշումներ է ընդունում։ Այս պրոցեսն օգնում է աստիճանաբար բարելավել արտադրողականությունը։ Հանդիպումը տևում է մոտ 3 ժամ։
Scrum Events-ի մասին մանրամասն կարդացեք «Agile թիմի հիմնական Event-ները» բլոգում
Ով է Agile Project Manager-ը և ինչ է անում
Յուրաքանչյուր Agile թիմ ունի առաջնորդի կարիք, որը մշտապես սովորեցնում և ուղորդում է թիմին աշխատանքի իրականացման, թողարկված պրոդուկտի որակի վերահսկման համար։
Agile Project Manager-ը՝
1․ ստեղծում է թիմի առաքելությունը,
2․ ստեղծում է պրոդուկտի իրականացման պլան,
3․ նախագծում է փոփոխություններ հաճախորդի արձագանքին համապատասխան։
Agile PM-ն իրականացնում է պրոդուկտի ստեղծման համար աշխատանքի բաժանում, վերահսկում է պրոդուկտի որակը և ռեսուրսների արդյունավետ սպառումը։ Նա պատասխանատու է բոլոր անհրաժեշտ փոփոխությունների կատարման և սպառողի կարիքները բավարարելու համար։ Agile թիմերում երբեմն Project Manager-ը իրականացնում է՝ աշխատանքի կառավարումը ավանդական Waterfall մեթոդը միաձուլելով Agile-ի սկզբունքներին։
Շատ հաճախ, համեմատաբար փոքր ընկերություններում, Agile Project Manager-ն իր վրա է վերցնում նաև Scrum Master-ի կամ Product Owner-ի դերը։ Նրանք` իրենց հիմնական պարտականություններին զուգահեռ, իրականացնում են նաև թիմի, պրոդուկտի վերահսկում, նախագծի պլանավորում և այլն։
Agile Project Manager-ի պարտականություններն են․
- Օգնել թիմին իրականացնել աշխատանքն ավելի պարզ և բարենպաստ միջավայրում։ Վերացնել պրոդուկտի ստեղծման խոչընդոտները, վերահսկել աշխատանքի կատարման գործընթացը և ստեղծել միջթիմային կապեր։
- Ստեղծել աշխատանքի իրականացման պլան և ժամանակացույց։ Կազմակերպել հանդիպումները և ժամկետների պահպանման վերահսկում իրականացնել։
- Ավարտին հասցնել պրոյեկտները, ներկայացնել հաճախորդներին և, ապահովել նրանց մաքսիմալ բավարվածությունը տվյալ պրոդուկտից։
- Աջակցել Product Owner-ին՝ հաճախորդների հետ քննարկման արձագանքների հավաքագրման գործում։
5 տարածված Agile PM որակավորումներ
Agile Project Manager-ի համար ընկերությունները պահանջում են որոշակի որակավորումներ, որոնք փաստում են մասնագիտական գիտելիքների և կարողությունների մակարդակը։ Այդպիսի որակավորումները Agile PM-ներին հնարավորություն են ընձեռում դառնալ ավելի մրցունակ և մասնագիտական մեծ պահանջարկ վայելել։
Ըստ հետազոտությունների որակավորված Agile Project Manager-ի տարեկան աշխատավարձը 30%-ով ավելի բարձր է չորակավորված Agile PM-ի տարեկան աշխատավարձից։ Ներկայացնում ենք ամենատարածված 5 Agile PM որակավորումները։
Certified ScrumMaster® (Exam: CSM)։ Այս սերտիֆիկատը Project Management-ում ամենատարածվածներից է։ CSM-ը Scrum որակավորման քննություն է, որը հավաստում է մասնագետի Scrum գիտելիքների տիրապետման մասին։ Հավաստագրի համար պահանջվող քննությանը մասնակցություն ունենալու համար պետք է ամբողջական տեսական և գործնական գիտելիքներ ունենալ Scrum Framework-ից, ինչպես նաև ընդհանուր Agile Project Management-ից։
PMI Agile Certified Practitioner (Exam: PMI-ACP)։ PMI-ACP որակավորումն արդեն իսկ աշխատանքային փորձ ունեցող Project Manager-ների համար է։ Այս սերտիֆիկատն օգնում է նրանց բարձրացնել իրենց որակավորման աստիճանը և մասնագիտական առաջխաղացում ունենալ։ PMI-ACP սերտիֆիկատի քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է Agile նախագծերում 1500-ժամյա և ընդհանրապես Project Management-ում 2000-ժամյա աշխատանքային փորձ ունենալ։
Kanban Management Professional։ Այս կուրսի ընթացքում հնարավոր է սովորել Kanban մեթոդոլոգիան և մասնագիտանալ միանգամից երկու մակարդակներում՝ KMP 1, KMP 2։ Այս սերտիֆիկատը անհրաժեշտ է Agile Project Management-ում Kanban մեթոդով նախագծեր իրականացնելիս։
SAFe Agilist (Exam:SAFe® 4 Agilist): Որակավորումը պահանջվում է խոշոր կազմակերպություններում Agile PM հաստիքի համար։ Սերտիֆիկատը փաստում է Agile Project Management-ում Scaled Framework-ի մեթոդոլոգիային ամբողջապես տիրապետելու մասին։ Այն կիրառվում է միանգամից մի քանի թիմերի հետ աշխատելու ժամանակ։
ICAgile-Agile Certified Coach (ICP-ACC): Իսկ եթե ցանկանում եք Agile Project Management-ում ունենալ մենթորի և քոուչի մասնագիտացում, անհրաժեշտ է ստանալ ICP-ACC սերտիֆիկատ։ Այս որակավորումը թույլ է տալիս հասկանալ մոնթորինգի, թրեյնինգի և քոուչինգի հիմնական տարբերությունները, դառնալ կազմակերպության Agile կառավարման մեթոդներին և դրանց փոփոխություններին մշտապես տեղյակ պահող, ուսուցանող մասնագետ։
Հետազոտութունները փաստում են, որ Agile PM մասնագիտությունն օրեցոր ավելի պահանջված է դառնում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև բիզնեսի այլ ճյուղերում։ Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում Agile մեթոդոլոգիան հնարավորություն է տալիս ավելի ճկուն և պատրաստ լինել իրավիճակային փոփոխություններին։ Այս մասնագիտությանը տիրապետելու և Agile PM-ի հաստիքին դիմելու համար կարող եք սկսել մեր Agile Project Management հիմունքների դասընթացից, որն անցկացվում է և՛ օնլայն, և՛ օֆլայն ձևաչափերով։