11.01.2024
4 րոպե

Junior-ից Mid-level․ ինչպես արագ աճել ծրագարավորման ոլորտում

Եթե դուք Junior ծրագրավորող եք և արդեն մտածում եք կարիերայի նոր աստիճանի մասին, ապա այս հոդվածը ձեզ շատ կօգնի։ Այստեղ կկիսվենք ծրագրավորման ոլորտում Junior-ից Middle մակարդակի անցնելու մասին մի շարք խորհուրդներով։ Կքննարկենք, թե ինչ գիտելիքներ և հմտություններ են ձեզ պետք, որքան փորձ է պահանջվում և այլն։ Վերջում կներկայացնենք նաև հստակ քայլեր, որոնց կարող եք հետևել՝ ձեր կարիերայի աճն արագ ապահովելու համար։ 

Junior vs. Mid-level ծրագրավորման մասնագետ

Նախ եկեք պարզենք, թե ինչ հմտություններ են տարբերում Junior (կրտսեր) և Mid-level (միջին մակարդակի) մասնագետներին։ 

Կրտսեր մասնագետները սովորաբար ունեն մինչև 2 տարվա աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորում։ Նրանք կարողանում են բավարար որակի կոդ գրել՝ հստակ տրված առաջադրանքին համապատասխան, լուծել ոչ բարդ ծրագրավորման խնդիրներ, վերանայել կոդը, ինչպես նաև համագործակցել թիմի հետ։ Նրանք սովորաբար աշխատում են ավելի փորձառու մասնագետների վերահսկողությամբ և իրականցնում են ընդհանուր նախագծի մի մասը։ 

Միջին մակարդակի ծրագրավորող են համարվում միջինում 2-4 տարվա փորձ ունեցողները: Նրանք արդեն յուրացրել են մասնագիտական տեխնիկական և ճկուն հմտությունները, ունեն մասնագետի պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն և աշխատանքային էթիկա:

Junior-ի ու Mid-level-ի ամենակարևոր տարբերությունն աշխատանքի մեջ  այն է, որ վերջիններս կարող են աշխատել նաև միայնակ՝ թե տեխնիկական հմտությունների, թե աշխատանքի կազմակերպման տեսանկյունից։ Կարիերայի այս էտապում միջին մակարդակի ծրագրավորողը կարող է ինքնուրույն ստեղծել ծրագրավորման միջավայրը, պլանավորել և բաժանել աշխատանքը, ուղորդել կրտսեր ծրագրավորողներին իրենց աշխատանքում: Middle ծրագրավորողները սովորաբար իրենց կարիերայի ընթացքում աշխատում են մեկ-երկու խոշոր նախագծերի վրա։

Բուն ծրագրավորման հմտությունների մասով Mid-level մասնագետներն ավելի արդյունավետ կոդ են մշակում։ Նրանք արդեն ունակ են նաև պարզեցնել բարդ առաջադրանքները՝ կոտրելով դրանք և մանրակրկիտ վերանայելով ցանկացած բարդ կոդի կառուցվածք, որը բարելավման կարիք ունի:

Միջին մակարդակի ծրագրավորողի կրթությունն ու որակավորումը ներառում է առնվազն բակալավրի կոչում ծրագրային ապահովման ճարտարագիտության մեջ կամ ճարտարագիտության հատուկ ծրագրեր: Միաժամանակ՝ նրանք պետք է անընդհատ աշխատեն իրենց մասնագիտական զարգացման վրա. նոր լեզուներ, գրադարաններ, Framework-եր սովորելով։ Այս էտապոոմ նրանք նաև տվյալների բազաների և ալգորիթմների մասին բավականին խորը գիտելիքներ պետք է ունենան։ 

Ի՞նչ հմտություններ զարգացնել Junior-ից Middle մակարդակ անցնելու համար

Այստեղ կկիսվենք մի քանի ընդհանուր խորհրդով, որոնք կիրառելի են ցանկացած ոլորտի ծրագրավորողի համար։ Խոսելու ենք ինչպես տեխնիկական հմտությունների, այնպես էլ Soft Skill-երի մասին։ 

Անընդհատ սովորեք

Սա շատ ակնհայտ խորհուրդ է, բայց այն թերագնահատել չի կարելի։ Ծրագրավորման ոլորտը շատ արագ զարգացող ճյուղ է։ Առանց ամեն օր ձեր աճի վրա աշխատելու հնարավոր չի առաջ գնալ։ Ձեր ամենօրյա գրաֆիկում միշտ տեղ հատկացրեք ուսման համար։ Անընդհատ փնտրեք նոր դասընթացներ, միջոցառումներ, որտեղ կարելի է նոր մասնագիտական հմտություն սովորել։ Նոր ծրագրավորման լեզուները, գրադարանները, Framework-երը շատ կարևոր են մասնագիտական առաջընթացի համար։ 

Գրանցվեք թեմատիկ ալիքներում

Հիմա գրեթե բոլոր ծրագրավորման մասնագիտություններով կարելի է գտնել Telgram, Slack կամ Discord ալիքներ, որտեղ հավաքվում են տվյալ ոլորտի մասնագետները։ Անպայման գտեք և գրանցվեք այդ ալիքներին։ Դա գիտելիքի և ոգեշնչման անգնահատելի աղբյուր է։ Ստեղծեք նոր կապեր, ծանոթություններ, հարցեր տվեք և կարդացեք մյուսների տված հարցերի պատասխանները։ 

Սովորեք ձեր սխալների վրա

Ծրագրավորման մեջ առանց սխալներ թույլ տալու զարգանալն անհնար է։ Սխալներ թույլ տալը փորձ ձեռք բերելու լավագույն միջոցն է կյանքի շատ ասպեկտների համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է կոդավորմանը: Երբ սխալ եք թույլ տալիս և գտնում եք այն, ամենայն հավանականությամբ, ավելի լավ կհիշեք դրա հիմքում ընկած հայեցակարգը: 

Եթե ​​սխալ եք թույլ տալիս, մի ​​փորձեք անտեսել, թաքցնել այն, կամ մեղադրել մեկ ուրիշին։ Ընդունեք ձեր սխալը և մտածեք, թե ինչ կարելի է անել այդ սխալից հետագայում խուսափելու համար։ 

Երկարաժամկետ կտրվածքով այս մոտեցումը շատ կօգնի ձեզ։ Չէ՞ որ ծրագրավորման մեջ “ինչպես ճիշտ անելուն” հավասար կարևոր է նաև “ինչպես սխալ չանել” իմանալը։ Մյուս կողմից՝ ձեր անկեղծությունն ու թափանցիկությունը դրական կգնահատվի ղեկավարության կողմից և անպայման կտա իր պտուղները։ 

Վարպետացեք Git-ի մեջ

Git-ն այն գործիքն է, որի հետ ամեն օր գործ եք ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտի նախագծի վրա եք աշխատում։ Branch-եր ստեղծելը, միացնելը, տեղափոխելը հմտություններ են, որոնք անընդհատ պետք են գալու՝ թիմում աշխատելու և այլ ծրագրավորողների հետ համագործակցելու համար։ Փնտրեք Git-ի մասին առցանց ռեսուրսներ և աստիճանաբար բացահայտեք դրա ներուժը փորձնական նախագծերի վրա հմտանալու միջոցով:

Զարգացրեք պրոակտիվությունը

Մասնագիտական աշխարհում պրոակտիվ լինել ասելով՝ հասկանում ենք ոչ միայն պատասխանատու կերպով կատարել առաջադրանքները, այլև խորանալ դրանց նպատակների մեջ, հայտնաբերել պոտենցիալ խնդիրները և լուծումներ առաջարկել։ 

Անկախ ձեր մասնագիտական հմտություններից և ներկա պաշտոնից՝ դուք կարող եք պրոակտիվություն ցուցաբերել։ Փորձեք ավելի խորանալ ձեր նախագծի բուն էության, ճարտարապետության և բիզնես նպատակների մեջ։ Փորձեք միշտ անել մի փոքր ավելին, քան ձեզնից պահանջվում է։ Միշտ հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչ պոտենցիալ խնդիր կարող է բերել այսինչ քայլը։ 

Նշվածը չի ենթադրում, որ պետք է փորձել ինքնուրույն լուծել խնդիրները, որոնց համար չունեք բավական փորձ և լիազորություններ։ Բայց երբ խնդիրները բարձրաձայնում եք, փորձում եք դրանց պոտենցիալ լուծումները գտնել, հարցնում եք Senior-ներին և նախագծի ղեկավարին, շատ բան կսովորեք։ 

Ուսումնասիրեք նախագծի բիզնես կողմը

Սա շատ կարևոր ասպեկտ է, որը տարբերակում է Junior և Middle մակարդակի մասնագետներին։ Իսկապես որակով աշխատանք անելու համար դուք պետք է հասկանաք նախագծի բիզնես կողմը։ 

ա. Ուսումնասիրեք բիզնեսի պահանջները. Հասկացեք ծրագրային ապահովման մշակման նախագծի բիզնես պահանջները, և ինչպես է ձեր աշխատանքը տեղավորվում ընդհանուր ռազմավարության մեջ: Սա կօգնի ձեզ ավելի լավ որոշումներ կայացնել և առաջնահերթություն տալ ձեր առաջադրանքներին:

բ. Հմտացեք նախագծի կառավարման մեթոդոլոգիաներում. Նախագծերի կառավարման մեթոդոլոգիաներին (ինչպիսիք են Agile-ը և Scrum-ը), ինչպես նաև օգտագործվող ծրագրերին տիրապետելը նույնպես կարևոր է թիմում արդյունավետ համագործակցության համար։ 

գ. Ուսումնասիրեք բիզնես ոլորտը. Բիզնեսի ոլորտն ուսումնասիրելը ձեզ հավելյալ մրցակցային առավելություն կտա, քանի որ թույլ կտա ավելի լավ պատկերացնել ծրագրի միջոցով լուծվող խնդիրները։ Օրինակ՝ եթե աշխատում եք ֆինտեխում, կարևոր է, որ պատկերացում ունենաք ֆինանսական համակարգի մասին։

Զարգացրեք աշխատանքային էթիկան 

Ձեր կարիերայում առաջխաղացման համար դուք պետք է զարգացնեք ուժեղ աշխատանքային էթիկա: Այն կարելի է ամփոփել երեք կարևոր կետում՝ եղեք կարգապահ, կազմակերպված և դրական՝ շփման մեջ։ 

Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց աշխատանքային էթիկայի հետ խնդիրներ ունեցող նույնիսկ լավագույն մասնագետները դժվարությամբ առաջ կգնան կարիերայում։ Նախագծի ղեկավարները հաճախ կնախընտրեն մի փոքր ավելի քիչ փորձով, բայց բարձր աշխատանքային էթիկայով մասնագետին, քան պրոֆեսիոնալին, ում հետ թիմը հաճախ խնդիրներ է ունենալու։ 

7 քայլ՝ կարիերայի հաջորդ մակարդակ անցնելու համար

Այժմ, երբ խոսեցինք այն հմտություններից, որոնք անհրաժեշտ են բոլոր մասնագետներին՝ կրտսերից միջին մակարդակ անցնելու համար, եկեք 7 հստակ քայլ ֆիքսենք, որոնք ձեզ կտանեն ուղիղ ձեր կարիերայի նոր մակարդակ։ 

  1. Սահմանեք ձեր նպատակը․ ինչ աշխատանք եք ուզում և երբ եք ուզում: Սա կարևոր է, որպեսզի հասկանաք, թե ինչի վրա է պետք ռեսուրս ծախսել, իսկ ինչը հետաձգել։
  2. Գտեք 10-20 ընթացիկ աշխատանքի նկարագրություն այն հաստիքների համար, որոնք կցանկանայիք զբաղեցնել: Կազմեք դրանց պահանջների ցանկ։ Ամեն մեկի դիմաց գրեք, թե տվյալ պահանջը քանի անգամ է հանդիպել։
  3. Ըստ դրա առանձնացրեք 3-5 հիմնական հմտությունները, որոնք սովորաբար պահանջում են այդ աշխատանքները, և որոնք դուք ներկայումս չունեք: Դա կարող է լինել և կոնկրետ տեխնիկական հմտություն (օրինակ՝ Framework), և որևէ Soft Skill (օրինակ՝ պարտաճանաչություն)։
  4. Գտեք համապատասխան դասընթացներ, որոնք կօգնեն արագ սովորել նոր հմտությունները: Կարող եք նաև փնտրել համապատասխան հարթակներ, ֆորումներ, Telegram/Slack ալիքներ։ Նման ռեսուրսները շատ հարմար են միանգամից մեծ թվով մասնագետների հետ շփվելու համար։
  5. Ձեր հմտությունները կիրառեք փորձնական կամ բաց կոդով նախագծերի վրա։ Դա հմտություններն ամրապնդելու լավագույն տարբերակն է, եթե ձեռքի տակ իրական պրոյեկտներ չունեք։
  6. Դիմեք աշխատանքի՝ նախքան ամեն ինչ սովորելը։ Թույլ տվեք, որ գործատուն ինքը որոշի՝ պատրաստ եք իր մոտ աշխատանքի, թե ոչ։ Ի դեպ՝ լավ հարցազրույց տալը հմտություն է, որը նույնպես կարելի է և պետք է զարգացնել։ 
  7. Ստացեք այդքան սպասված աշխատանքի հրավերը։ 

Եթե հետաքրքրված եք Middle մակարդակի մասնագիտություններով, խորհուրդ ենք տալիս դիտարել BDG-ի խորացված մասնագիտական դասընթացները․ QA Automation wit Java, Python Advanced, Devops Intermidiate և այլն։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն