Ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ LinkedIn պրոֆիլ կարիերայի աճի համար

Նոր աշխատանք գտնելու և կարիերայի զարգացման համար միայն լավ ռեզյումե ունենալն այլևս  բավարար չի։ Ներկայումս, եթե դուք աշխատանք եք փնտրում, ապա պետք է ունենաք պրոֆեսիոնալ LinkedIn պրոֆիլ։

LinkedIn-ը թույլ է տալիս կիսվել ձեր փորձով, հմտություններով և որակավորումներով ապագա գործատուների հետ։ Այն նաև թույլ է տալիս կառուցել ձեր network-ը և զարգացնել ձեր անձի բրենդը: 

LinkedIn-ից առավելագույն օգուտ քաղելու համար կարևոր է, որ ձեր պրոֆիլը հնարավորինս ընդգրկուն և գրավիչ լինի:

Եկեք դիտարկենք, թե ինչ կարևոր խորհուրդների պետք է հետևել՝ LinkedIn-ում պրոֆեսիոնալ պրոֆիլի և ամուր network-ի ստեղծման համար։

Ինչպե՞ս կառուցել պրոֆեսիոնալ պրոֆիլ LinkedIn-ում

Առաջին բանը, որը պետք է անեք LinkedIn-ում պրոֆիլ ստեղծելիս՝ հիմնական տեղեկությունների դաշտերը պատշաճ լրացնելն է։ Լրացնելիս պետք է մտածել ձեր անձի բրենդի մասին։ Սեփական բրենդը ստեղծելու բազմաթիվ գործոններ կան, բայց ոսկե կանոնը օրիգինալությունն է։ Կարևոր է հասկանալ, թե ինչն է առանձնացնում ձեզ մյուս մրցակիցներից։

Օրինակ “Վեբկայքեր” հատվածում կարող եք ձեր անձնական վեբ կայքի, կամ ձեր մասին մեկ այլ հետաքրքիր ինֆորմացիայի աղբյուր նշել։ 

1․ Կոնտակտային տվյալներ (Contact Information)

Ձեր հասանելիությունը մեծացնելու համար կարևոր է լրացնել կոնտակտային տվյալների դաշտը։ Դուք պետք է հնարավորություն տաք գործատուներին և հավաքագրողներին կապ հաստատել ձեզ հետ հնարավոր բոլոր տարբերակներով։ Եթե արդեն լրացրել եք ձեր էլեկտրոնային հասցեն և որևէ խնդիր չեք տեսնում հեռախոսահամարը տրամադրելու մեջ, ապա այն նույնպես տվեք։ Եթե ունեք սոցիալական կայքերում էջեր, ապա դրանց հղումները ևս տվեք։

Պատկերացրեք, որ ձեր LinkedIn պրոֆիլը ձեր գրասենյակն է։ Ցանկալի է, որ ձեր գրասենյակի այցելուների այցեքարտ տրամադրեք, այնպես չէ՞։ Այցեքարտը բիզնեսին ավելի պրոֆեսիոնալ շունչ է հաղորդում։ Կոնտակտային տվյալներ բաժինը ձեր այցեքարտն է, որի լավ մշակումը բարձրացնում է ձեր պրոֆիլի պրոֆեսիոնալիզմը։

Կարող եք նաև լրացնել կոնտակտային տվյալները “Իմ մասին” (About) բաժնի ամենավերջում։ Մարդիկ կարող են կարդալ ձեր պրոֆիլի միայն այդ բաժինը, և եթե ցանկանան ձեզ հետ կապ հաստատել, ապա ստիպված չեն լինի վերադառնալ կոնտակտների բաժին։

2․ Գլխավոր նկար (Profile Picture)

Գլխավոր նկարն առաջին բանն է, որ հայտնվում է ձեր պրոֆիլը դիտողների էկրաններին։ Այն ուղեկցելու է ձեզ LinkedIn-յան ողջ կյանքում, քանի որ երևալու է մեկնաբանություններում, հրապարակումներում և ամենուր։ Ուստի անհրաժեշտ է ունենալ պաշտոնական ոճի լուսանկար պրոֆեսիոնալ պրոֆիլի համար։ Կարևոր է, որ նկարը չլինի․

  • Մշուշոտ,
  • Որևէ տեղից կտրված,
  • Ինքնանկար,
  • Գլուխը թեք,
  • Տխուր (մի փոքր ժպիտը միայն դրական կանդրադառնա)։

3․ Ետնանկար (Background)

Ետնանկարը հաջորդ կարևոր բաղկացուցիչ մասն է, որը կօգնի ստեղծել պրոֆեսիոնալ պրոֆիլ։ Այն կօգնի ձեզ առանձնանալ բազմահազար կապույտ LinkedIn-յան ետնանկարների օվկիանոսում։ Ավելացրեք նկար, մեջբերում կամ ցանկացած օգտակար տեղեկատվություն՝ ձեր պրոֆիլն անհատականացնելու համար։ Լավ ետնանկարի առկայությունը ձեր պրոֆիլը կդարձնի ավելի պրոֆեսիոնալ և կօգնի լսարանին ներգրավելու գործում: Canva-ն հիանալի հարթկէ ձեր գրավիչ ետնանկարը ստեղծելու համար:

4․ Վերնագիր (Headline)

Եթե նկարն առաջին բանն է, որ տեսնում են ձեր պրոֆիլում, ապա վերնագիրն առաջին բանն է, որ կարդում են։ Անուն ազգանունին երբեմն այդքան ուշադրություն չի դարձվում, որքան վերնագրի դաշտի տեղեկությանը։ 

Դուք ունեք ընդամենը 220 նիշ ծավալ, որպեսզի պատմեք ձեր մասին այն ամենն, ինչն անհրաժեշտ է LinkedIn համայնքին։ Ձեր զբաղեցրած պաշտոնը կամ որևէ կազմակերպության անվանումը նշելու փոխարեն պատմեք, թե ինչով եք զբաղվում, ինչ խնդիրներ եք լուծում, և ինչ ձեռքբերումներ ունեք։

Այս դաշտում կարող եք նաև ներառել հիմնաբառեր և կարևոր հեշթեգներ։ 

Ահա վերնագրի հաջող օրինակ․

Փոխտնօրեն | B2B վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտում առաջատար մասնագետ | Իրականության է վերածում համաշխարհային ընկերությունների տեսլականը | Համագործակցել է խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ

5․ Իմ մասին (About)

2,600 նիշը բավական մեծ ծավալ է ձեր մասին պատմելու համար։ Շատերը բաց են թողնում այս բաժինը և լրացնում են միայն հիմնական տվյալները։ Բայց այս բաժնի կարևորությունն ահռելի է։

Դուք կարող եք ստեղծել այնպիսի գրավիչ պատմություն, որը կմեծացնի ձեր մասին հետաքրքրությունը։ Առաջին մի քանի նախադասությունները պետք է այնքան գրավիչ լինեն, որպեսզի ընթերցողը սեղմի “Կարդալ ավելին” կոճակը։ Չպետք է խուսափել ձեր մասին պատմելիս օգտագործել առաջին դեմք։ Խոսեք ձեր մասին այնպես, ինչպես կպատմեիք իրական հանդիպման ժամանակ։ Դա ավելի վստահելի և անմիջական տպավորություն կստեղծի, քան անդեմ նախադասությունները։ 

Պատմության ավարտին կարևոր է ավելացնել գործողության կոչ (CTA), որպեսզի հետաքրքված անձինք կապ հաստատեն ձեզ հետ՝ կարդալուց անմիջապես հետո։

6․ Փորձ (Experience)

Ինչպես ռեզյումեում, այնպես էլ LinkedIn-ում միայն ձեր մասին լավ նկարագրություններն ու նկարները բավարար չեն։ Փորձ ունենալը, թեկուզև կամավորական սկզբունքներով, խոսում է ձեր աշխատասիրության, նպատակասլացության և մասնագիտությանն ավելի լուրջ մոտենալու մասին։ Սակայն պրոֆեսիոնալ պրոֆիլի համար պարզապես աշխատանքային պարտականությունների և զբաղեցրած պաշտոնների ցանկը բավարար չէ: Տրամադրեք լրացուցիչ տեղեկություն: Ամեն լրացվող աշխատանքի համար ներկայացրեք, թե կոնկրետ ինչ ֆունկցիաներ եք արել, ինչ խնդիրներ եք լուծել և ինչ ձեռքբերումներ ունեք։ Համեստություն անել պետք չի, բայց նաև անկեղծ եղեք․ երբեք մի ուռճացրեք։ LInkedIn-ում տեղեկությունը ճշտելը հեշտ է։ 

LikedIn-ի այս բաժնում դուք կարող եք նաև ավելացնել մեդիա։ Այնպես որ, եթե ունեք կատարած աշխատանքի օրինակներ, օգտվեք հնարավորությունից և տեղադրեք դրանց հղումները, նկարները, վիդեոները, և այլ մեդիա տարբերակներ։

7․ Հմտություններ (Skills)

Դուք կարող եք ավելացնել մինչև 50 հմտություն: Աշխատանք փնտրելիս փորձեք լրացնել բոլոր հմտությունները, որոնց տիրապետում եք։ Սա անհրաժեշտ պայման է պրոֆեսիոնալ պրոֆիլի օգտատերերի համար, քանի որ հմտությունների բաժնի տեղեկատվությունը օգտագործվում է հավաքագրողների որոնումների ժամանակ: Default տարբերակով ցուցադրվում է 3 հմտություն՝ լավագույն երեքը, որոնց համար ուրիշները հաստատել են ձեզ (endorsed)։ Սրանք տեսանելի են առանց սեղմելու “Ցույց տալ ավելին” կոճակը: 

Դուք կարող եք վերադասավորել ձեր հմտությունները, որպեսզի տեսանելի դարձնեք այն հմտությունները, որոնք ըստ ձեզ ավելի կարևոր են։

8. Կրթություն և որակավորումներ (Education, Licenses & certifications)

Այս բաժիններում դուք ներկայացնում եք, ձեր մասնագիտական կրթությունն ու որակավորումները։ Եթե այդ շարքը շատ մեծ է, կարող եք բաց թողնել այն, ինչը ներկայիս մասնագիտության հետ կապ չունի։ Հակառակ դեպքում, երբ բավարար մասնագիտական կրթություն չունեք, ներկայացրեք բոլոր հնարավոր դասընթացները, որոնք անցել եք և սերտիֆիկատները։ Այժմ կարելի է ցանկացած ոլորտի շուրջ գտնել թե՛ անվճար, թե՛ վճարովի որակյալ դասընթացներ, որոնք կլրացնեն այս բացը ձեզ մոտ։ Օրինակ՝ BDG-ում կարող եք անցնել դասընթացներ ծրագրավորման, դիզայնի, կառավարման և այլ թեմաներով։ 

9․ Երաշխավորություններ (Recommendations)

Երաշխավորությունններն ապացուցում են, որ ձեր պրոֆիլում ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Պրոֆեսիոնալ մոտեցման համար կարևոր է ունենալ recommendations  ձեր մասնագիտական network-ից։ Ավելի համոզիչ կլինի, որպեսզի ձեզ խորհուրդ տա (առաջարկի) ձեր ուսուցիչը, մենթորը, դասընթացավարը, նախկին գործընկերը կամ գործատուն։ 

Եթե դեռ չունեք երաշխավորություններ, ապա սկսեք ինքներդ recommendation թողնել ուրիշներին։ Դուք հավանաբար պատասխան գրառումներ կստանաք նրանցից շատերից։

10. Վահանակ (Dashboard)

Վահանակն արդեն լրացնելու դաշտ չի, այլ գործիք, որով կարող եք վերլուծել ձեր պրոֆիլը։ Վահանակը ցույց է տալիս  այն մարդկանց թիվը, ովքեր դիտել են ձեր պրոֆիլը վերջին 90 օրվա ընթացքում: Եթե նրանք, ովքեր նայել են ձեր պրոֆիլը, չեն փորձել ձեզ ավելացնել որպես կապ (connection) ապա դիմեք դուք: Ուղարկեք հրավեր՝ նշելով, թե ինչու եք ցանկանում միանալ: 

Դուք նաև տեսնում եք, թե քանի անգամ եք հայտնվել որոնումներում վերջին չորս շաբաթվա ընթացքում: Որպես աշխատանք փնտրող՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ: Դուք նաև տեղեկատվություն կստանաք այն մասին, թե որտեղ են աշխատել, ինչով են զբաղվում այն մարդիկ, ում որոնման արդյունքներում դուք հայտնվում եք։ 

11․ Հիմնաբառեր (Keywords)

Ձեր LinkedIn պրոֆիլում ճիշտ հիմնաբառերը պարտադիր են, եթե ցանկանում եք, որ ձեզ գտնեն: Հիմնաբառերը կարող են ներառել այնպիսի տերմիններ, որոնք վերաբերվում են ձեր կատարած աշխատանքին կամ ոլորտին: Դրանք կարող են լինել նաև հմտություններ, որոնք կարևոր կլինեն որևէ շխատանքի տեսակի համար:

Երբ ինչ-որ մեկն օգտագործում է LinkedIn-ի որոնման հնարավորությունը, լինի դա վճարովի հարթակում, ինչպիսին է LinkedIn Recruiter-ը, թե անվճար, որոնվող հիմնաբառերը փնտրվում են որոշակի բաժիններում։ Այդ բաժիններն են․

  • Վերնագիր (Headline)
  • Իմ մասին (About)
  • Փորձ (Experience)
  • Հմտություններ (Skills)։

12․ #OpenToWork

LinkedIn-ը հնարավորություն է տալիս բոլոր օգտատերերին տեսանելի դարձնել իրենց աշխատանք փնտրելու փաստը մեկ ֆունկցիայով։ Դուք պետք է ընդամենը ավելացնեք  #OpenToWork կանաչ օղակը ձեր պրոֆիլի նկարի շուրջ։ Ավելացնելիս կարող եք նույնիսկ ընտրել այն տարբերակը, որ միայն հավաքագրողները տեսնեն, որ դուք աշխատանք եք փնրում։

Այս կետերով կառուցված պրոֆիլն ավելի պրոֆեսիոնալ տեսք կունենա և կփոխանցի ձեր անձնական brand-ի յուրօրինակությունը: 

Ինչպե՞ս ստեղծել ամուր network LinkedIn-ում

Ամուր ցանցի ստեղծումը կարող է թույլ տալ ձեզ աշխատանք գտնել և կապեր հաստատել որոշում կայացնողների հետ: 500+ կապեր (connections) ունենալը ձեր առաջին նպատակը պետք է լինի, քանի որ այն պրոֆիլը կդարձնի պրոֆեսիոնալ։ Սակայն կապեր ձեռք բերելու գործում կան մի շարք կանոններ, որոնց պետք է հետևել, որպեսզի հավաքեք օգտակար և ամուր network։ 

1․ Կապեր (Connections)

Ձեր կապերն այն մարդիկ են, ովքեր միացել են ձեր ցանցին՝ ձեր կամ իրենց նախաձեռնությամբ։ Որոշ մարդիկ շատ բծախնդիր են, թե ում են թույլ տալիս կապ ստեղծել իրենց հետ։ Մյուսները կհաստատեն կապի ցանկացած հարցում: Յուրաքանչյուր ոք իր նպատակներն ունի սեփական ցանցի համար։ Մարդիկ յուրովի են որոշում, թե ինչու պետք է ինչ-որ մեկին ավելացնեն: Սակայն կան էթիկետի որոշակի կանոններ, որոնք ցանկալի է պահել կապեր հաստատելու ժամանակ։

2. Ցանց ստեղծելու էթիկետ (Netqorking etiquette)

Պատշաճ էթիկետը պահանջում է միշտ հաղորդագրություն ուղարկել միացման խնդրանքի հետ: Այդտեղ պետք է նշել, թե ինչու եք դուք շահագրգռված կապ հաստատել: Որոշ մարդիկ չեն ընդունի առանց գրության միացման հրավերը: Բջջային հավելվածում «Միացում» կոճակը սեղմելու փոխարեն դուք պետք է գնաք «Ավելին…» և այնուհետև գրեք տվյալ անձին: LinkedIn-ը կբերի որոշակի հուշումներ, որոնց վրա կարող եք հիմնվել հաղորդագրություն գրելիս։ 

Սկզբի համար կարող եք կապեր հաստատել հետևյալ մարդկանց հետ և ստեղծել պրոֆեսիոնալ ցանց․

  • Գործընկերներ (անցյալ և ներկա),
  • Ընկերներ, հարևաններ, բարեկամներ,
  • Ձեր մասնագիտական ոլորտի մարդիկ,
  • Աշխատանք փնտրելու թրեյներներ,
  • Հավաքագրողներ,
  • Հայտնի ընկերությունների պաշտոնական էջեր։

3․ Ներգրավվածություն (Engagement)

Ամուր ցանցի ստեղծման համար միայն միանալու հրավերները բավարար չեն։ Դուք պետք է նաև ակտիվություն ցուցաբերեք։ Շատ կարևոր է ներգրավվել այլ գրառումների մեջ մեկնաբանությունների և ռեակցիաների միջոցով։ Ընտրեք ձեր մասնագիտական ոլորտի հեղինակություններին և պարբերաբար մեկնաբանեք նրանց գրառումները, կիսվեք դրանցով, ինչպես նաև նշեք նրանց ձեր գրառումներում։ 

Սեփական հրապարակումներն անելը նույնպես շատ կարևոր քայլ է՝ ձեր անձնական բրենդի վրա աշխատելու առումով։ Դուք կարող եք ընտրել ձեզ համար հետաքրքիր ոլորտ և պարբերաբար այդ թեմայով գրառումներ կատարել 1300 նիշի սահմաններում: Բացի գրավոր գրառումներից՝ կարող եք նաև ավելացնել նկարներ կամ տեսանյութեր։ Գրառումների դեպքում ամենակարևոր կանոնը հետևողականությունն է։ Սկզբում ձեր գրառումներին ոչ ոք չի արձագանքի, բայց ժամանակի ընթացքում ձեր կապերը կսկսեն կարդալ դրանք, եթե իրոք արժեքավոր բովանդակություն եք տրամադրում։ Երբ ուրիշները կարդում են ձեր գրառումները, դուք ստեղծում եք սոցիալական վստահություն, ինչպես նաև ամրապնդում եք ձեր անձնական բրենդը:

Այս թեմայով ավելի շատ հետաքրքիր խորհուրդներ կարող եք գտնել հենց LinkedIn-ի կողմից կազմված How to Network on LinkedIn  ֆայլում։ 

4․ LinkedIn Premium

LinkedIn Premium-ը վճարովի բաժանորդագրության տարբերակ է, որն ավելի շատ գործիքներից օգտվելու  հնարավորություն է տալիս։ LinkedIn Premium-ի առավելություննից են․

  • Պրոֆիլի ընդլայնված տեսանելիություն (Enhanced Probile Visibility):

Սա մեծացնում է հավանականությունը, որ գործատուները, հաճախորդները կամ բիզնես գործընկերները ձեզ ավելի արագ կգտնեն:

  • Որոնման ընդլայնված հնարավորություններ (Enhanced Search Capabilities):

LinkedIn Premium-ն առաջարկում է որոնման այնպիսի զտիչներ և գործիքներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ գտնել և կապ հաստատել ձեր փնտրած մարդկանց և ընկերությունների հետ:

  • InMail հնարավորություններ (InMail credits):

Այս գործիքով դուք հնարավորություն եք ունենում անձնական հաղորդագրություններ ուղարկել այն օգտատերերին, ովքեր ներառված չեն ձեր ցանցում։

  • Կարիերայի առաջխաղացման հնարավորություններ (Career insights)։

LinkedIn Premium-ի հետ կարիերայի զարգացման տարբեր գործիքների հասանելի կլինեն։ Օրինակ՝ աշխատավարձերի համեմատման գործիքները և աշխատանք փնտրելու լրացուցիչ ռեսուրսները:

  • Ուսում LinkedIn-ում (LinkedIn Learning)

Premium-ի շնորհիվ ձեզ համար անվճար հասանելի կլինեն բազմաթիվ դասընթացներ և ուսուցողական վիդեոներ։

LinkedIn Premium-ի վերաբերյալ կարծիքներն ընդհանուր առմամբ դրական են։ Օգտատերերի մեծ մասն այն արժեքավոր ներդրում են համարում իրենց մասնագիտական ցանցը կառուցելու և իրենց կարիերան առաջ մղելու համար:

5․ Սառը նամակներ (Cold Outreach Messages)

Եթե դուք դեռ կապված չեք ինչ-որ մեկի հետ, նախ պետք է միացման հարցում ուղարկեք: Հարցմանը պետք է հետևի հիմնավորում, թե ինչու եք ուզում կապ հաստատել նրա հետ։ Այն կարող է ունենալ հետևյալ տեսքը․

“Բարև Ձեզ (անունը), Ես կարդացի Ձեր բլոգի վերջին գրառումը և կցանկանայի միանալ ավելին իմանալու համար։”

Դուք ինչ-որ մեկին խնդրում եք ավելի շատ խոսել իր մասին և ցույց տալ իր աշխատանքը, ինչպես նաև գովաբանում եք նրան այդ ընթացքում: Այսպես դուք մեծացնում եք պատասխան նամակի ու կապի հաստատման հավանականությունը։

“Բարև Ձեզ (անունը), Ես նկատեցի, որ մենք ընդհանուր կապ ունենք X-ի հետ։ Ձեզ նրա փոստերը ևս դու՞ր են գալիս։ Կարող ենք կապ հաստատել և քննարկել դրանք միասին։”

“Բարև Ձեզ (անունը), Ես նկատեցի, որ մենք նույն դպրոցը/համալսարանը/քոլեջն ենք հաճախել, միևնույն ընկերության աշխատակիցներն ենք եղել։ Միգուցե հետաքրք ընդհանուր քննարկման թեմաներ ունենանք X-ի շուրջ։”

“Բարև Ձեզ (անունը), Ես տեսա, որ մենք նույն թեմաներով ենք հետաքրքված։ Կարող ենք կապ հաստատել և քննարկել դրանք միասին։”

“Բարև Ձեզ (անունը), Կարդալով Ձեր պրոֆիլի նկարագրությունը՝ կարծեւմ եմ Ձեզ կհետաքրքրի այս հոդվածը։ Ահա հոդվածի հղումը։”

Նման օրինակները նուրբ թրիգերներ են, որոնք կդրդեն ձեր կապերին էլ ավելի վստահել ձեզ, և մտնել շփման մեջ։

Սառը նամակով դիմելիս հիշեք ոսկե կանոնը․ նախ փորձեք որևէ օգտակարություն տալ դիմացինին, հետո ինչ-որ բան խնդրել նրան։ 

Այսպիսով՝ կարևորը ցանցում առկա մարդկանց քանակը չէ, այլ որակն է։ Շատերը պարծենում են իրենց կապերի թվով, սակայն այն ուղղակի թիվ է: 

Մտածեք այն մասին, թե արդյոք այն մարդը, ում դուք հրավիրում եք ձեր ցանց, կլինի՞ մեկը, որից մեկ, հինգ կամ տասը տարի հետո դեռ կցանկանայիք օգտակար ինֆորմացիա ստանալ: Դուք ավելին կստանաք ավելի փոքր, որակով ցանցից, քան մեծից, որտեղ չեք շփվում անհատների ճնշող մեծամասնության հետ: Ուշադրություն դարձրեք ձեր network-ին և կունենաք ավելի պրոֆեսիոնալ և ձեր կարիքներին համապատասխան LinkedIn պրոֆիլ։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն