17.04.2024
4 րոպե

Ի՞նչ է UX Strategy-ն և ինչպես այն մշակել

UX Strategy-ն կամ ռազմավարությունը գտնվում է UX դիզայնի և բիզնեսի ռազմավարության խաչմերուկում: Այն թույլ է տալիս UX խնդիրների առաջնահերթությունը խելամտերեն որոշել՝ ելնելով բիզնեսի ռազմավարությունից և վստահ լինել, որ պրոդուկտի մշակման գործընթացում ռեսուրսները չեն ծախսվում ոչ էական ասպեկտների վրա: Այսպիսով, UX ռազմավարության մշակումն օգնում է ձեզ ստեղծել անհրաժեշտ ֆունկցիոնալություն ունեցող պրոդուկտ ակնկալվող ժամկետների և բյուջեի շրջանակներում՝ համապատասխանեցնելով պրոդուկտի ֆունկցիոնալը հաճախորդների ակնկալիքների հետ: Այս հոդվածում պատմում ենք, թե ինչ է User Experience-ի  ռազմավարության, դրա կարևորության և բիզնեսում դրա դերի մասին։ 

Ի՞նչ է UX Strategy-ն

UX Strategy-ն ռազմավարական պլանավորման գործընթաց է, որը հաշվի է առնում ոչ միայն բիզնեսի նպատակները, այլև ապրանքանիշի իրական սպառողների կարիքները և յուրաքանչյուր հաճախորդի շփման կետը կապում է User Experience-ի հետ, որը ընկերությունը մտադիր է ստեղծել:
UX ռազմավարությունը կոնկրետ ժամանակահատվածով գործողությունների պլան է, որը մշակվել է օգտագործողի փորձառության մակարդակը բարձրացնելու համար։ Քանի որ յուրաքանչյուր քեյս տարբեր է, ռազմավարության ընդհանուր կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․

  • Ինչ խնդիրներ եք փորձում լուծել
  • Որն է իդեալական ցանկալի արդյունքը
  • Գործունեության ոլորտ․ ինչի վրա եք կենտրոնանալու առավելագույն արդյունքի հասնելու համար
  • Ուղեցույցներ. ինչպես եք լուծելու խնդիրները և հաղթահարելու մարտահրավերները
  • Ինչ գործողություններ են անհրաժեշտ ռազմավարության իրականացման համար
  • Ինչ չափումներ եք օգտագործելու ձեր հաջողությունը գնահատելու համար

Եվ վերջապես, UX ռազմավարություն մշակելիս հիշեք, որ այն պետք է կիսել ձեր թիմի բոլոր անդամների և շահագրգիռ կողմերի հետ։ Պատշաճ կերպով մշակված UX ռազմավարությունը կդառնա նախագծի հետագա զարգացման ամուր հիմք։

Ինչպե՞ս մշակել UX strategy 

Ռազմավարություն կառուցելիս դիզայները պետք է հասկանա ապրանքի հիմնական գաղափարը, դրա նպատակներն ու խնդիրները: Սա նաև շուկայի հետազոտության և այս նախագծի հիմքում ընկած բիզնես մոդելը հասկանալու ժամանակն է: Այս ժամանակահատվածում պետք է որոշվեն և քննարկվեն արտադրանքի հիմնական ֆունկցիոնալը, ինչպես նաև նախագծման որոշ հիմնական քայլեր: UX ռազմավարության գործընթացը կարող է ներառել տարբեր քայլեր և պահանջվել տարբեր տեսակի հետազոտություններ: 

Ստորև մենք կուսումնասիրենք հիմնականները:

6 քայլ UX ռազմավարության մշակման համար

UX ռազմավարություն ստեղծելիս ընկերությունների մեծ մասը հավատարիմ է քայլերի հետևյալ հաջորդականությանը:

Քայլ 1. Գնահատեք ներկա վիճակը

Նախքան ռազմավարություն մշակելը պետք է վերլուծել ներկա իրավիճակը ձեր պրոդուկտի և ընդհանրապես բիզնեսի մասով։ Ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին․

  • Հիմնական նպատակները, որ բիզնեսը դրել է իր առաջ,
  • Տեսանելի  խնդիրները, ինչպիսիք են օգտագործողների արտահոսքի ավելացումը կամ եկամուտների նվազումը,
  • Առկա ռեսուրսները։

Քայլ 2. Սահմանեք UX-ի նպատակները, տեսլականը և հստակեցրեք կոնցեպտը

Ապրանքի և բիզնեսի ներկա իրավիճակը հասկանալուց հետո ժամանակն է պատկերացնել, թե ինչպես եք ցանկանում ապագայում տեսնել ձեր պրոդուկտը: 

Քայլ 3. Որոշեք առաջնահերթ ոլորտները և ռազմավարության շրջանակը

Ռազմավարությունը սովորաբար որդեգրվում է որոշակի ժամանակահատվածի համար, որից հետո այն վերանայվում է։ Առաջնահերթությունները որոշելիս մենք կենտրոնանում ենք հետևյալի վրա․ 

  • User personas – որոշեք, թե որ լսարանի վրա եք կենտրոնանալու որոշված ժամանակահատվածի ընթացքում։ Ուսումնասիրեք ձեր լսարանը և առաջնահերթություն տվեք նրանց կարիքները բավարարող ֆունկցիոնալին: Սա կօգնի որոշել, թե որ հատկանիշներն է պետք մշակել առաջին հերթին։ 
  • Ծառայություններ/ապրանքներ – անհրաժեշտ է որոշել, թե որ ապրանքները/ծառայություններն են առաջնային։ Ավելի փոքր ընկերությունների կամ մեկ պրոդուկտ ունեցող ստարտափների համար ավելի ճիշտ կլինի կենտրոնանանլ պրոդուկտի մի մասի կամ ֆունկցիոնալների խմբի վրա։ 
  • Ուսումնասիրեք մրցակիցների պրոդուկտները և հասկացեք, թե ինչպես են հաճախորդներն օգտագործում նրանց տարբեր ֆունկցիաները։ Դա կօգնի ավելի լավ պատկերացնել հաճախորդի նախընտրությունները և ավելի օպտիմալ ֆունկցիաներ մշակել։ 
  • UX ոլորտներ – իհարկե իդեալական կլիներ միանգամից լուծել բոլոր UX-ական խնդիրները․ օգտակարությունը, գեղեցկությունը, օգտագործման դյուրինությունը և մատչելիությունը։ Բայց իրական կյանքում այդպես անելը գրեթե անհնար է։ Այդ պատճառով պետք է առաջնահերթություն տալ դրանցից մեկ-երկուսին՝ հիմնվելով օգտագործողների ֆիդբեքների վրա:

Քայլ 4. Ստեղծեք ուղեցույցներ

Ուղեցույցները սահմանում են ընդհանուր կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն բոլորը՝ պրոդուկտի UX-ի մշակման ժամանակ։ Դրանք պետք է բավականաչափ հստակ լինեն, որպեսզի թույլ տան բոլոր աշխատակիցներին նույն կերպ տեսնել պրոդուկտի մշակման պրոցեսը, բայց միևնույն ժամանակ շատ նեղ չլինեն։ 

Քայլ 5. Մշակեք պլան

Նախորդ բոլոր քննարկումները տանում են դեպի մեկ նպատակ՝ հասկանալ ձեր վերջնական նպատակին հասնելու համար անհրաժեշտ գործողությունները: Այս high-level պլանը ներառում է գործողությունների ցանկ, որոնք ուղղված են բիզնեսի խնդիրների լուծմանը և օգտատերերի կարիքների բավարարմանը: Օրինակ․

  • Կատարել օգտագործողների հետազոտություն
  • Մշակել կամ վավերացնել  User Persona-ներին
  • Ստեղծել նախատիպեր
  • Նախատիպերի վրա Usability-ի թեստավորում սկսել
  • Ստեղծել նախագծային համակարգ
  • Իրականացնել կոնտենտ աուդիտ և համապատասխանեցնել այն ռազմավարությանը

Քայլ 6. Որոշեք, թե ինչ ցուցանիշների պետք է հետևել․

Ձեր ռազմավարության կարևոր ասպեկտը ձեր նպատակներին հասնելու առաջընթացը գնահատելու ցուցանիշների սահմանումն է: Ցուցանիշներին սովորաբար պետք է հետևել յուրաքանչյուր 2-4 շաբաթը մեկ: Ցուցանիշները շատ տարբեր կարող են լինել՝ կախված ձեր ոլորտից։ Թվային պրոդուկտների համար ամենահաճախ պատահող ցուցանիշներից են․ Churne rate (ձեզ լքած օգտագործողների տոկոսը), Monthly recurring revenue (MRR, ամսական կրկնվող հաճախորդների տոկոսը), Customer lifetime value (LTV, հաճախորդի ողջ կյանքի ընթացքում տված արժեքը) և այլն։ 


Ամփոփենք

UX ռազմավարության ստեղծումն ինքնին օգտակար փորձ է, քանի որ այն ստիպում է ձեզ և ձեր թիմին տալ կարևոր հարցեր, բացահայտել խնդիրները և անդրադառնալ դրանց:

Բայց շատ կարևոր է կանգ չառնել պարզապես «ռազմավարություն ստեղծելու վրա»։ Համոզվեք, որ ձեր թիմի յուրաքանչյուր անդամ այն օգտագործում է որպես իր ուղեցույցը՝ դրական արդյունքների հասնելու համար:

Եկեք ևս մեկ անգամ եկեք ամփոփենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել ձեր UX ռազմավարությունը արդյունավետ դարձնելու համար.

  • UX ռազմավարություն. կիսվեք թիմի հետ և այն հասանելի դարձրեք բոլորին: 
  • User Personas, ուղեցույցներ և KPI-ներ․ համոզվեք, որ այդ բաղադրիչները տեսանելի են, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ամենօրյա առաջադրանքների վրա:
  • Գործողությունների պլան. Քննարկումից հետո ծրագրի գործողությունները բաժանեք առաջադրանքների, գնահատականների և վերջնաժամկետների:
  • Ժամանակացույց․ թիմի հետ նշանակեք հետադարձ կապի և ճշգրտումների ամսաթվերը, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն:

Եթե դուք նոր եք մուտք գործում UX Design-ի աշխարհ և ցանկանում եք արագ նոր կարիերա սկսել, խորհուրդ ենք տալիս դիտարկել BDG-ի UX|UI Design դասընթացը սկսնակների համար։ 

Դե իսկ արդեն փորձառու UX Designer-ների համար, ովքեր ցանկանում են տիրապետել դիզայնի ավելի խորացված հմտությունների, առաջարկում ենք դիտարկել “User Tales: Stories That Shape Experiences” workshop-ը, որը կկայանա մայիսի 24-25-ին։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն