Ինչպե՞ս ֆինանսական գրագիտության միջոցով հասնել նպատակներին

Ֆինանսապես անկախանալու ու մշտապես բանկային քարտում եղած գումարից կախվածություն չունենալու համար՝ մարդիկ ու, հատկապես՝ բիզնեսի կամ մենեջմենթի օղակում գործունեություն ծավալողները, ունեն ֆինանսական գրագիտություն ու մշտապես զարգացնում են այն։

Մինչև ֆինանսապես գրագետ լինելու մեթոդներին ու տեխնիկաներին ծանոթանալը, անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ է ֆինանսական անկախությունը։

Բոլորս էլ կյանքում մեկ անգամ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ունեցել ենք ֆինանսական խնդիր, իսկ պատճառը չի եղել այն, որ չենք աշխատել կամ չէինք կարող ունենալ այդ գումարը։ Մենք սխալ ենք տիրապետել մեր ֆինանսներին ու դրա պատճառով էլ հանկարծակի առաջացած իրավիճակներում չենք ունեցել բավարար ֆինանսական միջոցներ։ 

Ֆինանսապես գրագետ մարդկանց մոտ ևս առաջանում են նման խնդիրներ, պարզապես ավելի հազվադեպ, ու դրանց լուծում տալը ավելի հեշտ է ստացվում՝ շնորհիվ ունեցած գիտելիքների ու հմտությունների։ 

Դուք, լինելով բիզնեսի ղեկավար, գործունեություն ծավալելով մենեջմենթի օղակում, զբաղեցնելով որևէ ղեկավար պաշտոն, կամ պարզապես ունենալով ֆինանսական միջոցներ՝ ստիպված եք լինում հաճախակի տնօրինել, ծախսել կամ խնայել գումար։ Դուք, վստահաբար, գիտեք, թե ինչ է այս տերմինն ու ինչպես է պետք դառնալ ֆինանսապես գրագետ։ 

Եկեք այսօր թարմացնենք Ձեր ունեցած գիտելիքները, հասկանանք, թե որքանո՞վ են համապատասխանում Ձեր ու ֆինանսապես գրագետ այլ մարդկանց մոտեցումները, կիրառվող մեթոդներն ու փորձենք ավելացնել դրանց նորերը։ 

Ի՞նչ է ֆինանսական գրագիտությունը 

Այն սովորեցնում է, թե ինչ ու ինչպես անել փողի հետ: Օրինակ՝ ինչպես ավելացնել և հանել վաստակած, ծախսած և խնայած գումարը։

Ֆինանսապես գրագետ մարդը գիտի, որ եթե ամսական 2000 դոլար է աշխատում, ապա չի կարող ամեն ամիս 2000 դոլարից ավելի ծախսել՝ առանց պարտքերի մեջ մտնելու:
Դրա ավելի բարձր մակարդակ ունեցող մեկը կարող է որոշել խնայել այդ 2000 դոլարի մի մասը ապագայի համար:
Էլ ավելի բարձր մակարդակ ունեցողը, կարող է ծանոթ լինել 80/20 բյուջետավորման կանոնին (ծախսել 80%, խնայել եկամտի 20%-ը) և նպատակ ունենալ մի կողմ դնել այդ 2000-ից 400-ը։

Սրանք պարզ օրինակներ են, որոնք լավագույնս նկարագրում են թվերի հետ ճիշտ աշխատանքն ու սեփական գումարի ճիշտ տնօրինումը։ 

Ֆինանսական գրագիտության ամենաակնառու առավելությունները

Այն հետ է պահում կործանիչ խնդիրներից

Թվացյալ անմեղ ֆինանսական որոշումները՝ քիչ տոկոսադրույքով վարկ, ընկերոջից անտոկոս գումարի ստացում, կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում կյանքի պլանների վրա: 

Այն պատրաստում է արտակարգ իրավիճակների

Թեմաները, ինչպիսիք են խնայողությունները կամ արտակարգ իրավիճակների պատրաստությունը, անհատներին պատրաստում են անորոշության կամ հանկարծակի առաջացած դեպքերում չմատնվել խուճապի ու հասնել հաջողության՝ շնորհիվ ունեցած գիտելիքների։

Այն օգնում է հասնել Ձեր նպատակներին.

Ավելի լավ հասկանալով, թե ինչպես պետք է բյուջե կազմել և խնայել գումարները, անհատները կարող են ստեղծել պլաններ, կազմել նպատակների ցանկ, այդ թվում՝ անձնական, գործնական և զվարճանքի ու հասնել դրանց՝ կառավարելով ֆինանսները գրագետ։ 

Այն վստահություն է ներշնչում.

Զինված լինելով ֆինանսների վերաբերյալ համապատասխան գիտելիքներով՝ անհատները կարող են ավելի վստահորեն մոտենալ կյանքի հիմնական ընտրություններին, գիտակցելով, որ ավելի քիչ հավանական է, որ բացասական էմոցիաներ կապրեն անկանխատեսելի արդյունքներից:

Ֆինանսական գրագիտության հմտությունների բարելավման ի՞նչ ռազմավարություններ են կիրառվում

Այն օգնում է ճիշտ կառավարել ու տնօրինել ֆինանսները, բայց արդյո՞ք հնարավոր է կառավարել բոլոր գործընթացներն՝ առանց հիմնական պլանավորման ու ռազմավարության։
Պատասխանն, իհարկե, միանշանակ է՝ ոչ։ Եկեք խոսենք այն ռազմավարությունների մասին, որոնք կիրառում են ֆինանսները հաջողակ տնօրինողները։

Նախ՝ եկեք վերհիշենք այն խորհուրդները, որոնք ստացել ու որոնց մասին լսել ենք, երբ նոր էինք ուսումնասիրում ֆինանսապես գրագետ լինելու թեման․ 

1․ Ստեղծե՛ք Ձեր բյուջեն

Բյուջե ստեղծելու համար անհրաժեշտ է հետևել, թե որքան գումար եք ստանում ամեն ամիս։ Ձեր բյուջեն պետք է ներառի եկամուտներ (վարձավճարներ, ներդրումներ), ֆիքսված ծախսեր (վարձավճար, պարտադիր վճարումներ, կոմունալ ծառայություններ, վարկի վճարումներ), հայեցողական ծախսեր (ոչ էական բաներ՝ գնումները և ճանապարհորդությունը) և խնայողությունները: Երբ կունենաք այս բոլոր կետերի հստակ բնորոշումները, արդեն կարող եք մտածել հաջորդող գործընթացների մասին։ 

2․ Վճարե՛ք ինքներդ Ձեզ առաջինը 

Շատերի համար սա բարդ կետերից մեկն է, քանի որ հենց այս փուլում է, որ մարդիկ չեն կարողանում վճարել սեփական անձին՝ համարելով դա վերջին ու անկարևոր կետ։ 

Սեփական անձին վճարելը իրենից կարող է ենթադրել՝ վճարել բարձրագույն կրթության համար, որոշել, թե ի՞նչ հմտություն եք ցանկանում զարգացնել ու ինչպես եք նպաստելու դրան ամեն ամիս։ Հաջորդ քայլով մի կողմ եք դնում գումարը։ 

3․ Պարբերաբար ստուգե՛ք վարկային հաշիվը. 

Գաղտնիք չէ, որ լավ վարկային պատմություն ունենալը, ի թիվս այլ առավելությունների, օգնում է ձեզ ստանալ վարկերի լավագույն տոկոսադրույքները: Վերահսկեք Ձեր վարկային պատմությունը՝ վարկային մոնիտորինգի ծառայությունների միջոցով։ Բացի այդ, տեղյակ եղեք ֆինանսական որոշումների մասին, որոնք կարող են բարձրացնել կամ նվազեցնել Ձեր գնահատականը, ինչպիսիք են վարկային հարցումները և վարկի օգտագործման գործակիցները: 

4․ Կառավարե՛ք պարտքերը. 

Եթե ֆինանսների տնօրինման ինչ-որ փուլում առաջացել են կանխատեսելի կամ անկանխատեսելի պարտքեր, ապա ժամանակն է դրանց հետ ճիշտ աշխատելու։ Օգտագործեք Ձեր բյուջեն՝ պարտքի մարումները ճիշտ իրականացնելու համար՝ նվազեցնելով ծախսերը և մեծացնելով մարումները: Մշակեք պարտքի կրճատման պլան։ Օրինակ՝ նախ վճարեք ամենաբարձր տոկոսադրույքով վարկը: Եթե պարտքը չափազանց մեծ է, կապվեք վարկատուների հետ՝ կրկին բանակցություններ վարելու մարման, վարկերի համախմբման կամ պարտքի խորհրդատվական ծրագիր գտնելու համար:

Կառավարե՛ք ֆինանսներն այնպես, որ պարտքերին մնա քիչ տեղ։ 

5․ Ներդրումներ կատարեք Ձեր ապագայում. 

Մտածեք բացել անհատական կենսաթոշակային հաշիվ, ունենալ ավանդներ, ստեղծել բաժնետոմսերի ու կատարել մի շարք այլ գործողություններ, որոնք կօգնեն ունենալ հստակ պատկերացում ու պլանավորում ապագայի մասին։ Անհրաժեշտության դեպքում, ֆինանսական խորհրդատվություն ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատուներից, որոնք կօգնեն Ձեզ որոշել, թե որքան գումար կպահանջվի Ձեր նպատակին հասնելու ռազմավարություններ մշակելու համար: 

Եթե այս 5 հիմնական ռազմավարություններն արդեն իսկ կիրառում եք Ձեր կյանքում, ապա ժամանակն է ստանալու արժեքավոր խորհուրդներ հաջողակներից։ 

7 խորհուրդ բիզնեսի ղեկավարներին՝ ֆինանսները հաջողակ կառավարողներից․ Forbes-ի առանձնացրած ցանկը 

Գտե՛ք Ձեզ համար մենթոր 

Բիզնեսի սեփականատերերի համար իրենց ընդհանուր ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ամենադյուրին ճանապարհը մենթոր գտնելն է, որը կօգնի նրանց կրթել և ուղղորդել իրենց զարգացող բիզնես կարիքների հարցում: 
– Ռավի Սվամինաթան, TaskHuman 

Հետևեք Ձեր դրամական հոսքերին

Հետևեք մուտքային և ելքային գործարքներին: Սա կարող է ազդել բիզնեսի շահութաբերության վրա: Շատ կարևոր է վաղ սովորել, թե ինչպես կառավարել ընկերության դրամական հոսքերը: Եթե չեք կարողանում ինքնուրույն կառավարել դրանք, ապա մասնագետ վարձեք, որը կօգնի Ձեզ հետևել բիզնեսի բյուջեին:
– Ջեյք Հարե, Launchpeer

Անցեք դասընթացներ

Ամենահեշտ ճանապարհը դասական ֆինանսական կրթություն ստանալն է։ Ձեզ հարկավոր չէ ժամանակ ծախսել համալսարանում արագացված, խտացված դասընթաց անցնելու վրա, պարզապես ընտրեք դասընթաց։ Առանց հիմունքները հասկանալու, ֆինանսների մասին սովորելը կհանգեցնի բիզնեսի կառավարման սխալների:
– Անդրեյ Կովալև, BusinessInvitee Consulting Group

Սովորեցրեք այն, ինչ գիտեք

Ֆինանսապես գրագետ լինելու սեփական մակարդակը բարձրացնելու ամենահեշտ ձևերից մեկը իմացածը սովորեցնելն է: Սովորեցրեք Ձեր հասակակիցներին կամ աշխատակիցներին։ Նրանց անխուսափելի հարցերից դուք արագ կբացահայտեք Ձեր սեփական հասկացողության բացերը:
– Թայ Ալեն, SocialClimb

Ժամանակ գտեք կրթական ռեսուրսների համար

Վստահորեն կառավարելը, արդյունավետ կերպով խնայել ու ռեսուրսներ ներդնելը, բյուջե պահելու հայեցակարգը հասկանալը սահմանում են մարդու ֆինանսապես գրագետ  լինելու մակարդակը: Այս նպատակով տեղեկագրերին բաժանորդագրվելը, փոդքաստներ լսելը և գրքեր կարդալը կարևոր են: Ֆինանսական փորձագետների հետ զրույց ունենալը կարող է օգնել ֆինանսական հարցերում ուրիշների վրա հույս չդնել:
– Մայքլ Էդ, Uplift11 Sports

Աշխատեք ֆինանսական խորհրդատուի հետ

Գտեք ֆինանսական խորհրդատու, ով պատրաստ է աշխատել Ձեզ հետ, այլ ոչ թե Ձեզ համար: Թող նա սովորեցնի Ձեզ Ձեր ընկերության ֆինանսական մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Իրական կյանքի իրավիճակները սովորելու ամենադյուրին ճանապարհն են:
– Սայի, Սաթիյակումար, Power Staffing Solutions

Անհրաժեշտության դեպքում՝ օգնություն խնդրեք

Որպես գործադիր տնօրեն և ղեկավարության խորհրդական՝ ես գիտեմ այն, ինչ գիտեմ: Եվ ես չեմ վախենում օգնություն խնդրելուց: Ես վարձել եմ ֆինանսական խորհրդատու ֆինանսական պլանավորման համար, ինչպես նաև հաշվապահ: Ես հավատարիմ եմ մնում այն ամենին, ինչ անում եմ լավագույնս՝ առանց խանգարելու այլ աշխատակիցների բնականոն աշխատանքին։ Մի՛ խուսափեք օգնություն խնդրելուց, քանի որ հենց դա է օգնում զարգացնել ու ստանալ հարցերի շուրջ կարծիքներ ու խորհուրդներ։
– Բեթ Ջանների, Titan

Անկախ Ձեր պաշտոնից, ֆինանսապես գրագետ լինելը կարող է օգնել հաջողության հասնել բիզնեսում: Ֆինանսների մասին սովորելը կարող է հնարավորություն տալ ավելի արդյունավետ բանակցել և դրականորեն ազդել կազմակերպության վրա:

Անկախ նրանից՝ դուք ընտրում եք կարդալ ֆինանսների մասին, կապ հաստատել այլ մասնագետների հետ կամ մասնակցել առցանց դասընթացի, Ձեր ֆինանսական գրագիտությունը Ձեր ձեռքերում է:

Հ․Գ Business Development Group-ում անցկացվում են ֆինանսական ուղղվածությամբ տարբեր դասընթացներ տարբեր մակարդակների համար։

Օգոստոսի 1-ին տրվելու է «Ֆինանսական և Հարկային Հաշվառում սկսնակների համար» դասընթացի մեկնարկը։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն