Թվային պրոդուկտի զարգացման թիմերի կառուցվածքը 

Տեխնոլոգիական ընկերություններն աշխատում են շատ արագ փոփոխվող և դինամիկ միջավայրում։ Ամեն օր նոր տեխնոլոգիական նորամուծություններ են հայտնվում, որոնք փոխում են թե՛ սպառողների վարքագիծը, թե՛ շուկայի կանոնները։ 

Ինչպե՞ս են կազմակերպվում աշխատանքները տեխնոլոգիական թիմերում, որպեսզի նրանք հասցնեն նման արագ փոփոխությունների հետևից։ Ովքե՞ր են ստեղծում նոր թվային պրոդուկտները։ Ինչպե՞ս են նրանք կազմակերպում իրենց աշխատանքը։ Ի՞նչ դերեր ու հաստիքներ կան պրոդուկտի մշակման թիմերում։ Այս հոդվածում կներկայացնենք պրոդուկտի մշակման թիմերի հիմնական դերերը և նրանց ֆունկցիաները։ 

Agile մոտեցում պրոդուկտի մշակմանը

Նախ շեշտենք, որ տեխնոլոգիական թիմերի ճկունությունն ու արագ արդյունք ապահովելու ունակությունը մեծապես պայմանավորված է Agile մեթոդոլոգիայով։ Agile-ը նախագծերի կառավարման մոտեցում է, որը նախատեսում է պրոդուկտի մշակումը բաժանել փոքր իտերացիաների (Sprint-երի), ամեն իտերացիայից հետո վերլուծել ստացված արդյունքը և ըստ դրա որոշել հաջորդ իտերացիայի նպատակները։ Սա թույլ է տալիս նախագծի ընթացքում փոխել նպատակները, հարմարվել սպառողի փոփոխվող պահանջներին և շուկայի տատանումներին։ Արդյունքում ստեղծվում է պահանջված և հարմարավետ պրոդուկտ, որը գրավում է սպառողների սրտերը։ 

Agile նախագծերի կառավարման մասին ավելին կարող եք կարդալ Agile Project Management․ ուղեցույց սկսնակների համար հոդվածում։ 

Product Development թիմերի ընդհանուր կառուցվածքը 

Ընդհանուր առմամբ տեխնոլոգիական թիմերը բաղկացած են լինում հետևյալ միավորներից․ 

  1. Բիզնես և պրոդուկտ – նպատակների սահմանում, աշխատելու միջավայրի ստեղծում և պրոդուկտի մարքեթինգ,
  2. Դիզայն -նպատակին համապատասխան պրոդուկտի ձևավորում, 
  3. Ինժեներական – տեխնոլոգիաների մշակում և որակի ապահովում։

Բիզնես և պրոդուկտ 

Product Manager

Product Manager-ին հաճախ համեմատում են ավանդական բիզնեսում գլխավոր տնօրենի հետ։ Նրա ֆունկցիաները կարող են տարբերվել՝ կախված թիմի մեծությունից և բիզնես նպատակներից։ Բայց կան որոշ հիմնական ֆունկցիաներ, որոնք Product Manager-ը պետք է իրականացնի։ 

Շուկայի հետազոտությունը, սպառողների խնդիրների  և կարիքների բացահայտումը, պրոդուկտի տեսլականի սահմանումը, պրոդուկտի զարգացման պլանավորումն այս գործառույթի հետ կապված պարտականությունների հիմնական մասն են: 

Product Manager-ը մշակում է պրոդուկտի ճանապարհային քարտեզը և համաձայնեցնում այն բոլոր շահառուների (այդ թվում՝ ներդրողների և ղեկավարության) հետ։ 

Product Owner

Պրոդուկտի մշակման թիմում Product Owner-ին կարող ենք համարել հաճախորդի ձայնը: Նա զգալի ժամանակ է ծախսում հաճախորդների հետ, որպեսզի խորությամբ պատկերացնի, թե ինչ խնդիրներ ունեն նրանք, որոնք կարելի է լուծել մշակվող պրոդուկտով։ 

Product Owner-ը հանդիսանում է կապող օղակ հաճախորդների և ծրագրավորողների թիմի միջև (Development Team)։ Product Owner-ը վարում է backlog-ը, որտեղ հավաքվում են պրոդուկտի պահանջները, անհրաժեշտ փոփոխությունները և այլն։ Այդ հավաքագրված ինֆորմացիան Product Owner-ը ներկայացնում է թիմին՝ աշխատանքը պլանավորելու և իրականացնելու համար։ 

Եկեք հասկանանք նաև, թե որն է Product Manager-ի և Product Owner-ի տարբերությունը, քանի որ նրանց ֆունկցիաները երբեմն հատվում են։ Այս երկու դերերի իրավասություններն ու փոխհարաբերությունները կարող են տարբեր լինել տարբեր ընկերություններում՝ կախված թիմի մեծությունից, մշակույթից և նպատակներից։ 

Product Manager-ն ունի ավելի լայն և ռազմավարական դեր։ Նա պրոդուկտի հարցում որոշումների կայացման մեջ ավելի մեծ իրավասություն ունի, քանի որ պատասխանատու է պրոդուկտի ընդհանուր հաջողության և ընկերության բիզնես նպատակներին համապատասխանեցնելու համար: 

Product Owner-ը, մյուս կողմից, պատասխանատու է պրոդուկտի զարգացման ամենօրյա աշխատանքի և սպրինտերի կատարման համար։ 

Project Manager 

Քանի որ պրոդուկտի մշակման թիմերը հիմնականում աշխատում են Agile մեթոդոլոգիայով, այս դերը կոչվում է Agile Project Manager։ Նա ապահովում է, որ թիմերն աշխատեն ըստ սահմանված պլանի, պահպանեն Sprint-երը և այլ Agile միջոցառումները։ Agile PM-ի իրավասությունների և թիմում պրոցեսների ազդեցության չափը տարբեր կարող է լինել և որոշվում է ղեկավարության կողմից։ Բայց հիմնական ֆունկցիաները սրանք են․ 

  • Ուղորդել թիմին աշխատանքների ավելի պարզ պրոցեսների մշակման և բարենպաստ միջավայրի ապահովման գործում։ Վերացնել պրոդուկտի մշակման խոչընդոտները, վերահսկել աշխատանքի կատարման գործընթացը և ստեղծել միջթիմային կապեր։
  • Մշակել աշխատանքների իրականացման պլան և ժամանակացույց։ Կազմակերպել Agile հանդիպումները կամ վերահսկել դրանց ժամանակին իրականացումը։ 
  • Ապահովել Sprint-երի կատարումը, ներկայացնել արդյունքները շահառուներին և ապահովել նրանց մաքսիմալ բավարվածությունը տվյալ պրոդուկտից։
  • Վերահսկել ֆինանսական միջոցները և ապահովել բյուջեի կատարումը (Budget management)։ 

Scrum Master

Խոշոր թիմերում Agile PM-ից բացի նախատեսվում է նաև Scrum Master-ի դեր։ Ավելի փոքր թիմերում Agile PM-ն ինքն է վերցնում վերջինիս ֆունկցիաները։ 

Scrum Master-ը պատասխանատու է թիմի համար Agile միջավայր ստեղծելու և թիմին ավելի ճկուն դարձնելու համար: Այդ նպատակով նա ապահովում է, որ թիմակիցները տիրապետեն Scrum գործիքակազմին, կազմակերպում է նրանց ուսուցումն ու պարբերական վերապատրաստումը։ 

Scrum Master-ները պատասխանատու են մոտիվացնել աշխատակիցներին, ստեղծել բարենպաստ միջավայր՝ աշխատելու և միջթիմային հաղորդակցությունը զարգացնելու համար։

Դիզայն

Դիզայնի թիմը շատ սերտ համագործակցում է Product Manager-ի և Product Owner-ի հետ՝ պրոդուկտի վիզուալ բաղադրիչը մշակելու և դրա օգտագործման լավագույն փորձառությունն ապահովելու նպատակով։ Եկեք հասկանանք, թե ինչ է դա ենթադրում։ 

Թվային պրոդուկտների օգտագործման հարցում մարդկանց վարքագիծը սպեցիֆիկ է։ Օրինակ՝ նրանք կարող են ջնջել հավելվածը, եթե այն իրենց սպասվածից դանդաղ է աշխատում, կամ առաջին հայացքից չհասկացան, թե ինչպես այն օգտագործել։ 

Այդ պատճառով թվային պրոդուկտների համար չափազանց կարևոր է, որպեսզի դրանք ոչ միայն լուծեն հաճախորդի խնդիրները, այլև դա անեն լավագույն, ամենահեշտ, ամենաինտուիտիվ կերպով։

Սա ունի երկու բաղադրիչ․ 

  1. Օգտագործողի փորձառությունը (user experience), որն ապահովում է պրոդուկտից օգտվելու լավագույն փորձառությունը;
  2. Օգտագործողի ինտերֆեյսը (user interface), որի նպատակն է գրավիչ և հասկանալի ինտերֆեյսերի ստեղծումը։ 

Այս երկու բաղադրիչների ապահովումն իրականացնում է դիզայնի թիմը։ 

UX-ի դերը կարող է շատ տարբեր լինել, բայց ընդհանուր առմամբ դերի նպատակը պրոդուկտի նախագծումն է, որը կապահովի լավագույն փորձառություն օգտագործողի համար: Այդ նպատակով UX դիզայներներն օգտագործում են prototype-եր և wireframe-ներ՝ հաճախորդի փորձառությունը նախագծելու և մշակելու համար։ 

UI դիզայներն արդեն մշակում է պրոդուկտի վերջնական արտաքին տեսքը։ Օրինակ՝ հավելվածի էջերի դիզայնը կամ վեբկայքի էջերը։ 

Ծրագրավորման կամ ինժեներական թիմ

Ինժեներական թիմն այն վայրն է, որտեղ գրվում է թվային պրոդուկտի կոդը։ Նրանք պատասխանատու են Product Owner-ի կողմից տրված խնդիրները լուծելու, դրանք թեստավորելու և հանձնելու համար։ Այս թիմում կարելի է առանձնացնել 3 հիմնական դեր։ 

1․ Technical Lead – տեխնիկական ղեկավար

Technical Lead-ը ղեկավարում է ինժեներական թիմը․ մշակում է պրոդուկտի տեխնիկական ճարտարապետությունը, բաշխում է աշխատանքը ծրագրավորողների միջև, վերահսկում է նրանց աշխատանքը։ Tech Lead-ը սերտորեն համագործակցում է Scrum Master-ի, Product Owner-ի և դիզայների հետ՝ նպատակներն ու առաջնահերթությունները հասկանալու համար:

2․ Developers – ծրագրավորողներ

Ծրագրավորողներն արդեն բուն պրոդուկտի մշակմամբ են զբաղվում։ Նրանց կարելի է բաժանել ըստ մասնագիտացման՝ Front-end, Back-end, և այլն։ Այս թիմում կարող են լինել նաև DevOps մասնագետներ, Data Scientist-ներ և այլ նեղ ուղվածության մասնագետներ։ 

3․ QA Engineers – որակի ապահովման ինժեներներ 

QA Engineer-ների հիմնական ֆունկցիան թեստավորումն է։ Նրանց դերն է ապահովել, որ ծրագրավորման թիմի կատարած աշխատանքը համապատասխանի սահմանված պահանջներին։ Նրանք ստուգում են, որ պրոդուկտն աշխատի հենց այնպես, ինչպես դա նախագծել են դիզայներներն ու Product Owner-ը։ 

Թեստավորման տարբեր տեսակներ գոյություն ունեն, որոնցից ամենատարածվածներն են ձեռքով թեստավորումը (Manual QA) և ավտոմատացված թեստավորումը (Automation QA)։ Իրական կյանքում հաճախ թեստավորման երկու տեսակներն օգտագործվում են զուգահեռ և լրացնում են միմյանց։ 

Այլ դերեր

Բիզնես նպատակներից և թիմի մեծությունից կախված՝ այլ դերեր ևս կարող են ավելանալ։ Օրինակ՝ բիզնես վերլուծաբանները, DevOps մասնագետները, User Research մասնագետները, Data Scientist-ները շատ տեխնոլոգիական թիմերում առկա դերեր են։ Ավելի փոքր թիմերում հաճախ որոշ դերեր համատեղում է մեկ մարդ, որն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը։ Օրինակ՝ Agile PM-ը կարող է իրականացնել նաև Scrum Master-ի ֆունկցիաները, կամ մեկ դիզայներն ապահովել և՛ UX, և՛ UI հատվածները։ 

Product Development թիմում աշխատանքն էականորեն տարբերվում է այլ բիզնեսների աշխատանքային սկզբունքներից։ Արագ փոփոխվող միջավայրն ու մրցակցության բարձր մակարդակը ստիպում են նրանց լինել ավելի ճկուն և հարմարվող։ Միևնույն ժամանակ՝ այս թիմերն ավելի ինքնավար են և ազատ են ոչ ստանդարտ, ստեղծագործ մոտեցումներ փորձարկել իրենց աշխատանքում։ 

Եթե ձեզ հետաքրքիր է նման միջավայրում աշխատելը, ապա ևս մեկ անգամ անցեք նշված դերերի վրայով և մտածեք, թե որտեղ եք ձեզ պատկերացնում։ Դրանից հետո կարող եք անցնել BDG-ի դասընթացների էջ, ընտրել համապատասխան դասընթացը և սկսել նոր կարիերա ՏՏ ոլորտում։ 

Եթե հետաքրքրված եք ծրագրավորման ոլորտով, կարող եք սկսել JavaScript-ի կամ Python-ի ուսումնասիրումից։ Եթե ձեզ գրավեցին ղեկավար դերերը, ապա դիտարկեք Agile Project Management հիմունքներ և Product Management Essentials դասընթացները։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն