DevOps-ի կարևորագույն սերտիֆիկացիաները և կարիերայի հնարավորությունները

DevOps-ը համատեղում է ծրագրային ապահովման մշակողների (devs) և օպերացիոն (ops) թիմերի ջանքերը՝ ստեղծելու ծրագրակազմ, որն աշխատում է ավելի արագ, արդյունավետ և ավելի մեծ անվտանգությամբ:

DevOps սերտիֆիկատը հիանալի համադրում է ձեր մասնագիտական բազային։ Բացի մասնագիտական հմտությունների զարգացումից, այն ավելի բարձր աշխատավարձի և ավելի արագ կարիերայի աճի գրավականն է։ Այս հոդվածում մենք կուսումնասիրենք DevOps-ի հինգ ամենատարածված սերտիֆիկատները, ինչպես նաև DevOps մասնագետի հնարավոր կարիերայի աճի ուղիները։ 

Ի՞նչ է DevOps սերտիֆիկացումը

DevOps սերտիֆիկատները հաստատում են, որ այն կրողը տիրապետում է DevOps-ի համագործակցության սկզբունքներին և կարող է կազմակերպել ՏՏ պրոցեսների ու ծրագրավորման աշխատանքների արդյունավետ համատեղումը։ Չնայած որ տարբեր սերտիֆիկացումներում պահանջվող գիտելիքներն ու հմտությունները տարբերվում են, դրանք հիմնականում ներառում են Cloud Computing-ի, Containerization, ավտոմատացման, կոնֆիգուրացիաների կառավարման և CI/CD-ի հմտությունները։ 

Ահա մի քանի հիմնական պատճառներ, թե ինչու են DevOps սերտիֆիկատները կարևոր:

  • Վստահություն․ DevOps սերտիֆիկատները բարձրացնում են վստահությունը մասնագետի նկատմամբ, քանի որ դրանք ցույց են տալիս շարունակական ինքնազարգացման ցանկություն և համապատասխան տեխնոլոգիաների տիրապետում: Դրանք ձեր ուժեղ հմտությունների ապացույցն են, որոնք գործատուները գնահատում են:
  • Կարիերայի առաջխաղացում. DevOps սերտիֆիկացումը կարող է դռներ բացել աշխատանքի նոր հնարավորությունների և կարիերայի առաջխաղացման համար: Հավաստագրված մասնագետներն ավելի հավանական է, որ հաշվի առնվեն իրենց կազմակերպություններում ղեկավար դերերի կամ առաջխաղացման համար:
  • Մրցակցային առավելություն. աշխատաշուկայում DevOps սերտիֆիկատ ունենալը կարող է թեկնածուներին առավելություն տալ նմանատիպ որակավորում ունեցող, բայց առանց հավաստագրերի մյուս մասնագետների նկատմամբ: Այն կարող է առանձնացնել ռեզյումեն և մեծացնել աշխատանքի ընդունվելու հնարավորությունները:

Նշենք նաև, որ գործնական փորձը նույնքան կարևոր է: Իրական աշխարհի նախագծերը և DevOps-ի սկզբունքների գործնական կիրառումը լրացնում են սերտիֆիկատները՝ երաշխավորելով, որ մասնագետները կարող են արդյունավետորեն կիրառել իրենց գիտելիքները իրական սցենարների վրա:

6 ամենապահանջված DevOps սերտիֆիկատները

Շուկայում կան բազմաթիվ DevOps սերտիֆիկատներ, և ձեզ համար լավագույնը ընտրելը կախված կլինի ձեր ոլորտից, շուկայի ընթացիկ միտումներից և փորձի մակարդակից: Ահա գործատուների կողմից ամենագնահատված և հաճախ պահանջվող DevOps հավաստագրերից վեցը:

1. AWS Certified DevOps Engineer – Professional Certificate

Amazon Web Services-ի այս սերտիֆիկացումը գործատուներին ցույց է տալիս, որ դուք կարող եք փորձարկել և տեղակայել AWS ծրագրեր և ենթակառուցվածքներ: Այն նաև հաստատում է ձեր փորձը ամպային հարթակների հետ աշխատանքում՝ ներառյալ համապատասխանության ստուգման, կառավարման գործընթացների և անվտանգության վերահսկման իրականացումը և ավտոմատացումը:

AWS-ը համարվում է ամպային հաշվարկի առաջատար հարթակ: AWS սերտիֆիկացումը ամենապահանջված փաստաթղթերից մեկն է, որը հաստատում է DevOps մասնագետի որակավորումը: 

2. Certified Kubernetes Administrator (CKA)

Kubernetes – ը հանրաճանաչ բաց կոդով container-based հարթակ է, որն օգտագործվում  է ծանրաբեռնվածությունը և ծառայությունները կառավարելու համար: CKA սերտիֆիկացում ստանալը ցույց է տալիս, որ դուք կարող եք կառավարել և կարգավորել արտադրական կարգի Kubernetes կլաստերները (խմբավորում) և կատարել բազային տեղադրում: Որակավորման քննությունը ստուգում է ձեր գիտելիքները Kubernetes-ի անսարքությունների վերացման, կլաստերի ճարտարապետության, տեղադրման, աշխատանքային ծանրաբեռնվածության և այլ հարցերում։ 

3. Docker Certified Associate (DCA)

Docker-ը գործիք է, որը հեշտացնում է ծրագրային ապահովման և ծրագրավորման նախագծերի մշակումն ու տեղակայումը կոնտեյներների միջոցով: Այն համարվում է կոնտեյներների գործարկման առաջատար հարթակներից մեկը, ուստի Docker սերտիֆիկացում ունենալը շատ կարևոր է DevOps մասնագետի համար:

Այն կհաստատի ձեր հմտությունները Docker-ի և ընդհանրապես  container-ների հետ աշխատանքում։ 

4. Puppet Certified Professional

DevOps-ի մասնագետներն օգտագործում են Puppet-ը գործընթացները ավտոմատացնելու համար՝ ենթակառուցվածքի փոփոխություններն ավելի արագ մատուցելու և ավելի լավ պրոդուկտ ստեղծելու նպատակով: 

Puppet Certified Professional քննության հանձնելը հաստատում է, որ դուք կարող եք օգտագործել Puppet IT ավտոմատացման ծրագրակազմը, քանի որ այն ստուգում է ինչպես ձեր տեխնիկական հմտությունները, այնպես էլ իրական փորձը: Ձեզանից ակնկալվում է, որ հասկանաք և օգտագործեք դասակարգման ռազմավարությունների, Puppet կոդի անսարքությունների վերացման և այլ հասկացությունները:

5. Microsoft Certified: DevOps Engineer Expert

Այս որակավորումը նախկինում կոչվում էր Azure DevOps Engineer Expert։ Այն ստուգում է ձեր հմտությունները գործիքավորման ռազմավարությունների մշակման, կայքի հուսալիության բարձրացման, անվտանգության և համապատասխանության պլանների մշակման մեջ: 

Սա ևս շատ պահանջված որակավորում է, հատկապես այն ընկերություններում, որոնք աշխատում են Microsoft-ի ենթակառուցվածքների վրա։ 

6. Linux Professional Institute LPIC-1

LPIC-1-ն առաջին սերտիֆիկացումն է Linux Professional Institute-ի (LPI) մասնագիտական հավաստագրման ծրագրում: LPIC-1-ը հավաստում է թեկնածուի՝  Linux-ով աշխատող համակարգիչ տեղադրելու, կազմաձևելու և հիմնական ցանցը կարգավորելու հմտությունները:

LPIC-1-ը մշակված է ստուգելու առաջին հերթին թեկնածուի պրակտիկ հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրական կյանքի խնդիրներ լուծելու համար։ 

Այլ DevOps սերտիֆիկացիաներ

Իհարկե, նշված 6 սերտիֆիկացիաներից բացի կան նաև բազմաթիվ այլ որակավորումներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել ձեզ կարիերայի որոշակի փուլում։  Դրանցից են․

DevOps մասնագիտությունները

DevOps մասնագետները, ինչպես ՏՏ ոլորտի բազմաթիվ այլ մասնագետներ, պայմանականոներեն կարող են բաժանվել կրտսեր, միջին և ավագ մասնագետների։ 

DevOps մասնագետի կարիերան սովորաբար սկսվում է որպես կրտսեր մակարդակի DevOps ինժեներ։ Կրստեր մասնագետը հիմնականում աշխատում է ծրագրային ապահովման նախագծման և մշակման բոլոր քայլերը համատեղելու և այն մեկ կառավարվող համակարգի մեջ աշխատացնելու վրա։ 

DevOps-ի ավագ ինժեներներն արդեն ղեկավարում են ծրագրային ապահովման զարգացման կրտսեր թիմերը: Նրանք հաճախ զբաղեցնում են խորհրդատվական հաստիքներ՝ տեղեկատվական համակարգերի հետ գործողությունները համակարգելու համար: 

Եկեք դիտարկենք DevOps-ի ոլորտում հիմնական հաստիքները, որոնց դուք կարող եք հավակնել։

Release Manager

Release Manager-ը (թողարկման մենեջեր) պատասխանատու է ծրագրային ապահովման մատակարարման ողջ կյանքի ցիկլը վերահսկելու համար, այդ թվում՝ ծրագրային ապահովման մշակման և առաքման գործընթացը պլանավորելու, կազմակերպելու, վերահսկելու և իրագործելու համար: Նա պատասխանատու է նաև ծրագրային ապահովման փորձարկման համար, նախքան այն պատվիրատուին հանձնելը։ 

DevOps Cloud Engineer

DevOps Cloud Engineer-ները տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ են, ովքեր նախագծում, տեղադրում և սպասարկում են ամպային համակարգեր ընկերությունների համար: Նրանք աշխատում են ծրագրավորման թիմերի հետ՝ անխափան ամպային լուծումներ մշակելու համար: Նրանք նաև պատասխանատու են առկա ամպային համակարգերի անընդհատ կարգաբերման և փոփոխման համար:

DevOps Engineer

DevOps Engineer-ն օգնում է ինտեգրել նախագծման առանձնահատկությունները՝ սկսած պրոդուկտի կյանքի ցիկլից մինչև պլանավորում, հավաքում, փորձարկում, տեղակայում և աջակցություն: Նրանք նաև ծառայում են որպես կապող օղակ գործառնական թիմերի և ծրագրավորման թիմերի միջև:

DevOps Architect

DevOps Architect-ը պատասխանատու է հարթակների և ճարտարապետությունների մշակման համար, որոնք թույլ են տալիս միատեսակ և ավտոմատացված կառավարում հավելվածների և ենթակառուցվածքների համար: Նրանք հոգ են տանում ծրագրային ապահովման մշակման գործընթացի մասին և վերահսկում մշակողների թիմերը։

DevOps Lead

DevOps Lead-ը պատասխանատու է բոլոր ձեռքով առաջադրանքների ավտոմատացման,  շարունակական տեղակայման և ինտեգրման ճարտարապետություն ձևավորելու համար: Նրանք նաև պատասխանատու են աշխատանքային միջավայրի բարձր հասանելիության ապահովելու համար:

DevOps Automation Expert

DevOps ավտոմատացման մասնագետները հիմնականում պատասխանատու են շարունակական ինտեգրման ենթակառուցվածքների ստեղծման համար: Նրանք նաև կարգավորում և ինտեգրում են մոնիտորինգի համակարգերը, վահանակները և ահազանգերը ՝ վաղ փուլում սխալները կանխելու կամ հայտնաբերելու համար:

DevOps Testing Professional /Engineer

DevOps Testing Engineer-ները պատասխանատու են թեստերի նախագծման և իրականացման համար, որոնք ստուգում են, թե արդյոք ապրանքը համապատասխանում է որակի բոլոր չափանիշներին: Նրանք վերահսկում են փորձարկման ծրագրի բոլոր քայլերը, ինչպես նաև օգնում են սխալների դեպքում համակարգերի կարգաբերմանը:

System Engineer

System Engineer-ները ղեկավարում և վերահսկում են բոլոր տեղադրված բաղադրիչներն ու հարթակները: Նրանք տեղադրում, կարգավորում և պահպանում են օպերացիոն համակարգերը և համակարգի կառավարման բաղադրիչները: Ընդհանուր առմամբ, դրանք ապահովում են համակարգերի և հարթակների արդյունավետությունը:

Ինչպե՞ս սկսել կարիերա DevOps-ում

DevOps – ում կարիերան ամենահեռանկարային ոլորտներից մեկն է ՏՏ-ում: Ցանկալի է ունենալ բակալավրի աստիճան ցանկացած տեխնիկական ոլորտում: Սակայն եթե նույնիսկ չունեք ոլորտային կրթություն, կարող եք կոմպենսացնել դա ինքնակրթությամբ և ինտենսիվ կուրսերին մասնակցելով։ BDG-ում ունենք DevOps սկսնակների համար դասընթաց, որը կարող է լավ սկիզբ դառնալ ոլորտ մտնելու համար։ 

Բազային գիտելիքներ հավաքելուց հետո կարող եք որևէ սերտիֆիկացիա անցնել։ Դա կօգնի ամրապնդել գիտելիքները և ունենալ դրանք հավաստող փաստաթուղթ։ 

Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ պրակտիկա անցնել՝ պատկերացում կազմելու համար, թե ինչպիսին է աշխատանքն իրական կյանքում: DevOps-ում նոր կարիերա սկսելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ “DevOps Engineer։ Պարտականություններն ու Անհրաժեշտ Հմտությունները”  հոդվածում։ 

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն