16.04.2023
4 րոպե

Ծրագրավորում երեխաների համար: Ինչպե՞ս սովորեցնել

Ներկայիս աշխարհում երեխաներին պետք է վաղ տարիքից ուղղորդել ծրագրավորման բազմաբովանդակ և նոր աշխարհ:
Facebook կայքի հիմնադիր Մարկ Զաքրբերգը վերջերս հայտարարել է, որ շուտով ոչ միայն մասնագետները պետք է իմանան ծրագրավորել, այլև՝ բոլորս:

Մենք արդեն պատմել ենք այն մասին, թե ինչպես օգնել երեխային ընտրել ճիշտ մասնագիտություն:
Այսօր կհասկանանք՝ ինչպես նրանց ուղղորդել դեպի ծրագրավորման աշխարհ:

Ծրագրավորումը երեխաների համար պետք է գրավիչ լինի: Դա առաջին հայացքից հեշտ է թվում, սակայն իրականում բավականին բարդ անցում է:
Բարդ է, քանի որ այն, ինչով երեխաները ցանկանում են զբաղվել այդ տարիքում կապված է հիմնականում խաղերի, մուտֆիլմերի և ֆիլմերի դիտման հետ:

Եվ այսպես, շատերին է հետաքրքրում հետևյալ հարցը.

Ինչպե՞ս ծրագրավորումը երեխաների համար հաճելի դարձնել

Եթե մտածում եք՝ ինչպես Ձեր երեխային ծրագրավորում սովորեցնել, գաղտնիքը մեկ բառի մեջ է. մոոտիվացիա:
Անիմաստ է երեխային ասել, որ ծրագրավորումն այժմ ամենատարածված աշխատանքային ոլորտներից մեկն է, և որ տարիներ անց հավանաբար բոլորը պետք է խորապես տեղեկացված լինեն Python-ից, Java-ից, JavaScript-ից և այլն:
Երեխաների մոտ երկարատև պլանավորումը լավ չի ստացվում:
Փոխարենը՝ գտե՛ք նրանց ամենասիրելի հոբբին և կապե՛ք այն ծրագրավորման զարգացման և փոփոխությունների գաղափարի հետ:  

Մենք առանձնացրել ենք մի քանի եղանակ՝ Ձեր երեխային դեպի ծրագրավորում ուղղորդելու համար:

#1 Ուսուցման համար նախատեսված խաղեր և ծրագրեր

Kodable – այս խաղն իրենից ներկայացնում է լաբիրինթոս, որն ունի 150 մակարդակ: Գլխավոր հերոսներն այլմոլորակայիններն են:
Խաղի շնորհիվ երեխաները կսովորեն ֆունկցիաների, ցիկլերի և պայմանների մասին:

Հավելվածում տեքստեր չկան, միայն գրաֆիկա է, ուստի՝ հարմար է փոքր երեխաների համար:

CodeMonkey – Երեխան խաղի ժամանակ կառավարում է կապիկին պիկտոգրամայի միջոցով, իսկ գործողությունների հերթականությունը գրանցվում է՝ որպես կոդ:
Խաղն ընդամենը մի քանի վայրկյան է տևում, բայց շատ ոգևորիչ է: 

Scratch – Մեկ այլ հայտնի մեթոդ է՝ ծրագրավորումը երեխաների համար գրավիչ դարձնելու համար:
Սա ոչ միայն ծրագրավորման լեզու է, այլև ծրագիր, որի միջոցով կարելի է ստեղծել անիմացիաներ և խաղեր:
Ծրագիրը հասկանալի է 8-16 տարեկան երեխաների համար և սովորեցնում է տրամաբանական մտածելակերպ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն:

Scratch-ը նաև ունի համայնք, որը կարող է գնահատել ստացված արդյունքները:

Tynker – Անվճար հավելված՝ մեծ քանակությամբ հանձնարարություններով: Երեխաները կարող են ստեղծել ռոբոտներ և սեփական հավելվածներ:
Ինֆորմացիան տրամադրվում է հնարավորինս մատչելի կերպով: Հավելվածն ունի նաև Premium` վճարովի տարբերակ իր հավելյալ ծառայություններով:

#2 Ծրագրավորումը՝ որպես կյանքն ավելի հեշտ դարձնող մեթոդ

Ծրագրավորողներն օգտագործում են մաթեմատիկա և համակարգիչներ` մեր կյանքը հեշտացնող ծրագրեր, տեսախաղեր, ինչպես նաև աննման ռոբոտներ ստեղծելու համար:
Ձեզ համար դժվար չի լինի երեխայի ուշադրությունը գրավել դեպի ծրագրավորում՝ առաջարկելով իրենց գաղափարն իրականացնել կամ լուծել որևէ առօրյա խնդիր:
Ասե՛ք, որ նա կարող է նախագծել որևէ խաղ, կամ ստեղծել իտերակտիվ մուլտֆիլմ կամ բջջային հավելված:
Եթե երեխաները կռվում են որևէ հարցի շուրջ, առաջարկե՛ք համակարգված մի ծրագիր ստեղծել տվյալ խնդրին արդյունավետ լուծում տալու համար:
Դա կարող է լինել մի պարզ աղյուսակ:
Ծրագրավորումն իրականում խնդրի լուծման օպտիմալ տարբերակների մասին է, և հեշտությամբ կարող է հետաքրքրել երեխաներին: 

#3 Բացահայտում և նոր հնարավորություններ

Երևի բոլոր ծրագրավորողներին և ինժիներներին հետաքրքրում է. «ի՞նչ կլինի, եթե»-ն:
Հենց այդպիսի հարց միշտ կա երեխաների գլխում: Նրանք կոտրում են խաղալիքները, որ տեսնեն՝ ինչպես են վերջիններս քայլում կամ ձայներ հանում: 

Էքսպերիմենտների հանդեպ այդ հետաքրքրությունը պետք է պահպանել և զարգացնել:
Օրինակ՝ կարող եք բացել համակարգիչը և ցույց տալ, թե ինչ կա ներսում և ինչպես է այդ ամենն աշխատում:
Ցո՛ւյց տվեք որևէ հին ծրագիր և համեմատե՛ք նորի հետ, որը հեշտացրել է բոլորիս կյանքը:
Այդ համեմատությունը շատ դուր կգա երեխային, և նա կփորձի պրպտել ու մտածել, թե ինչը ևս կարելի է փոփոխել և հեշտացնել:

#4 Ծրագրավորում երեխաների համար = Սոցիալական ակտիվություն

Իրենց հասակակիցների մոտ մեծ հեղինակությունը շատ կարևոր է երեխաների և պատանիների համար:
Թրենդից հետ չընկնելը, հետաքրքիր, նորարար գաղափարներից տեղյակ լինելը մեծ տպավորություն է գործում:
Մյուս կարևոր գործոնը մրցակցային մոտեցումն է, որը շատ ակտիվ կերպով է ցուցաբերվում, հատկապես՝ այդ տարիքում:

Երեխային ծրագրավորման դասընթացի գրանցելով՝ Դուք նրան նոր network ստեղծելու և ավելի մրցակցային դառնալու հնարավորություն եք տալիս:
Միևնույն հետաքրքրությունները կիսելով՝ երեխաները ձեռք կբերեն նոր շրջապատ, որտեղ խաղերն ու զվարճանքները հաճախ կուղեկցվեն Python-ի կամ R-ի մասին քննարկումներով:
Այս կերպ ծրագրավորումը երեխաների համար ոգևորության և բացահայտման մի նոր փուլ կլինի: 

Եվ այսպես, BDG-ն ծրագրավորումը երեխաների համար ավելի հասանելի է դարձնում:
Հաշվի առնելով ապագա մասնագիտությունների զարգացման միտումներն ու երեխաների՝ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու անհրաժեշտությունը՝ մենք մշակել ենք ծրագրավորման դասընթացներ:
Վերջիններս անց են կացվում հնարավորինս պարզ և մատչելի մեթոդով և ջերմագույն միջավայրում: 

Հուսանք՝ մեր ներկայացրած մեթոդներն ու խաղերը արդյունավետ կլինեն ծրագրավորումը երեխաների համար էլ ավելի գրավիչ դարձնելու համար:

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն