19.12.2023
5 րոպե

Ո՞վ է ծրագրավորողը և ինչո՞վ է նա զբաղվում

Ծրագրավորման կարիերան շատերին հրապուրում է բարձր աշխատավարձի հեռանկարի շնորհիվ։ Եվ իսկապես, ավագ ծրագրավորողները բարձր աշխատավարձ ու բազմաթիվ բոնուսներ են ստանում գործատուներից, այդ թվում՝ հեռակա աշխատանքի հնարավորությունը։ 

Բայց եկեք օբյեկտիվորեն դիտարկենք, թե ինչով է իրականում զբաղվում ծրագրավորողը և ինչ է պահանջվում իրոք բարձր որակավորմամբ ու աշխատավարձով մասնագետ դառնալու համար։ 

Եթե մտածում եք ծրագրավորման ոլորտ մտնելու մասին, ապա այս հոդվածը կօգնի ձեզ կողմնորոշվել՝ որ ուղղությամբ գնալ և որտեղից սկսել։ 

Ո՞վ է ծրագրավորողը 

Ծրագրավորողը կամ ծրագրային ապահովման մշակողը մասնագետ է, ով նախագծում, կառուցում, փորձարկում և սպասարկում է ծրագրային լուծումներ և համակարգեր: Նրանք օգտագործում են ծրագրավորման լեզուներ, ծրագրային ապահովման մշակման գործիքներ և լավագույն փորձը՝ հատուկ պահանջներին համապատասխանող ծրագրային լուծումներ մշակելու և տարբեր խնդիրներ լուծելու համար:

Ծրագրավորողներն աշխատում են տարբեր նախագծերի վրա՝ ներառյալ Desktop և Mobile հավելվածները, վեբ լուծումները, տվյալների բազաները, տարբեր համակարգերը և այլն։ Նրանք հիմնականում աշխատում են թիմում, որտեղ համագործակցում են այլ մասնագետների հետ, ինչպիսիք են ծրագրային ապահովման ինժեներները, դիզայներները, թեստավորողները և նախագծերի ղեկավարները: Իհարկե, ծրագրավորողը կարող է աշխատել նաև ֆրիլանս տարբերակով։ Բայց միևնույնն է, պրոյեկտների մեծամասնության դեպքում նա աշխատելու է այլ մասնագետների հետ համագործակցելով։ 

Ի՞նչ է անում ծրագրավորողը

Ծրագրավորողի դերը ներառում է մի քանի ֆունկցիա ծրագրային ապահովման մշակման գործընթացում: Եկեք քննարկենք դրանք ծրագրի մշակման կյանքի ցիկլի (SDLC) շրջանակներում։

Պահանջների վերլուծություն

Նախքան որևէ ծրագրի վրա իրական աշխատանք սկսելը՝ պետք է հստակեցնել ծրագրի հանդեպ բոլոր պահանջները և գնահատել աշխատանքի ծավալն ու բարդությունը։ Այդ նպատակով ծրագրային ապահովման մշակողները հաճախ աշխատում են հաճախորդների, վերջնական օգտագործողների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ հասկանալու ծրագրային հավելվածի կամ համակարգի հանդեպ պահանջներն ու նրանց իրական կարիքները: Նրանք վերլուծում և փաստաթղթավորում են այս պահանջները՝ ստանալով ծրագրի շրջանակների և նպատակների հստակ պատկերացում: Մեծ նախագծերում այս փուլն իրականացնում են առանձին մասնագետ՝ Product Owner-ը կամ Product Manager-ը։ Բայց փոքր պրոյեկտներում և ֆրիլանս աշխատանքում սա ևս անում են ծրագրավորողները։ 

Ծրագրային ապահովման նախագծում

Հաջորդ քայլը սովորաբար նախագծային բնութագրերի մշակումն է ապագա ծրագրային ապահովման համար՝ ներառյալ օգտատերերի ինտերֆեյսերը, տվյալների բազաները, ալգորիթմները և համակարգի ճարտարապետությունը: Մասնագետներն օգտագործում են նախագծման տարբեր գործիքներ և մեթոդաբանություններ՝ արդյունավետ և մասշտաբային լուծումներ ստեղծելու համար: Կրկին, ավելի մեծ պրոյեկտներում այս փուլի զգալի մասը կարող են անել այլ աշխատակիցներ։ Օրինակ՝ օգտատերերի ինտերֆեյսերի մշակումը կանեն UI դիզայներները, ովքեր պատասխանատու են ծրագրային հավելվածների արտաքին տեսքի ու փորձառության համար:

Կոդի մշակում

Վերջապես հասնում ենք այն մասին, որն ամենաշատն է ասոցացվում ծրագրավորողի աշխատանքի հետ․ կոդը գրելը: Այսօր ծրագրավորողներն ունեն գործիքների լայն շրջանակ, որոնք օգնում են կոդն ավելի արագ և արդյունավետ գրել։ Նրանք օգտագործում են տարբեր ծրագրավորման լեզուներ՝ կախված դրված խնդիրներից։ Նրանք նաև օգտագործում են բազմաթիվ շրջանակներ (Framework-եր) և գրադարաններ (Library-ներ)՝ ծրագրային հավելվածներն ու համակարգերն ավելի արագ և արդյունավետ մշակելու համար: 

Բարձրորակ ծրագրեր մշակելու համար ծրագրավորողները պետք է հետևեն կոդավորման լավագույն փորձին և ստանդարտներին, որը ներառում է կոդի որակը, ընթեռնելիությունը և պահպանումը։ Նրանք նաև պետք է հետևեն ծրագրային ապահովման զարգացման վերջին միտումներին և տեխնոլոգիաներին, քանի որ ոլորտը շատ արագ է զարգանում։ 

Ծրագրային ապահովման թեստավորում և կարգաբերում (debugging)

Իհարկե, կոդ գրելը միշտ չէ, որ հարթ ընթացող պրոցես է: Կոդավորման ընթացքում հաճախ սխալներ են պատահում։ Ծրագրավորողը նաև պետք է բացահայտի և ուղղի դրանք՝ նախքան ծրագիրը գործածության մեջ դնելը։ Այս պրոցեսում ևս կան նեղ մասնագետներ, ովքեր միանում են թիմին մեծ պրոյեկտներում։ Խոսքը թեստավորման մասնագետների (QA Specialist) մասին է։ Նրանց նպատակը ծրագրի բազմակողմանի թեստավորումն ու բոլոր հնարավոր խնդիրների բացահայտումն է։ Նրանք սխալները փաստաթղթավորում և ուղարկում են ծրագրավորողին՝ դրանք ուղղելու։  

Փաստաթղթերի պատրաստում

Փաստաթղթերի պատրաստումը ծրագրավորողի աշխատանքի շատ կարևոր մասն է, քանի որ այն օգնում է իրենց թիմակիցներին, իսկ որոշ դեպքերում նաև վերջնական օգտագործողներին հասկանալ, թե ինչ է կատարվում կոդերի բազայում: Ծրագրավորողները ստեղծում են մի քանի տեսակի փաստաթղթեր՝ ներառյալ տեխնիկական փաստաթղթերը, օգտագործողի ձեռնարկները, տեղադրման ուղեցույցները և API փաստաթղթերը: Բարձրորակ, մաքուր կոդ գրելը կարող է մեծապես բարելավել կոդի ընթեռնելիությունը, բայց այն չի փոխարինում լավ գրված ծրագրային փաստաթղթերին:

Սովորել և անընդհատ կատարելագործել հմտությունները

Ծրագրային ապահովման մշակող լինելն, ըստ էության, անվերջ ուսուցում է ենթադրում: Նրանք պետք է մշտապես թարմացնեն իրենց գիտելիքները վերջին տեխնոլոգիաների, գործիքների և միտումների մասին՝ մասնագիտական դասընթացների և ինքնակրթության միջոցով: ՏՏ շուկան, ինչպես ցանկացած այլ բիզնես դաշտ, ենթակա է մշտական ​​փոփոխությունների։ Բայց այստեղ փոփոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում։ Այնպես որ անընդհատ կատարելագործվելը ծրագրավորողի առօրյայի կարևոր մասն է։ 

Ծրագրային ապահովման ինժեների և ծրագրավորողի տարբերությունը

«Ծրագրային ապահովման ինժեներ» և «ծրագրային ապահովման մշակող» տերմինները հաճախ օգտագործվում են որպես փոխարինող, և նրանց միջև տարբերությունը ոչ միշտ է հստակ լինում:

Ընդհանուր առմամբ, ծրագրային ապահովման ինժեներն ավելի ֆորմալ կրթություն ունի համակարգչային գիտության կամ ծրագրային ապահովման ճարտարագիտության մեջ և կարող է ավելի խորը պատկերացում ունենալ ծրագրային ապահովման նախագծման ձևերի, ալգորիթմների, տվյալների կառուցվածքի և համակարգչային ճարտարապետության մասին: Ծրագրային ապահովման ինժեներները հակված են ավելի շատ կենտրոնանալ ծրագրային ապահովման զարգացման տեխնիկական ասպեկտների վրա, ինչպիսիք են ծրագրային ապահովման ու տվյալների բազայի ճարտարապետությունը:

Մյուս կողմից, ծրագրավորողները կարող են ունենալ ծրագրային ապահովման մշակման ավելի գործնական մոտեցում: Նրանք հակված են ավելի շատ կենտրոնանալ բուն կոդավորման ասպեկտների վրա, ինչպիսիք են կոդ գրելը, կարգաբերումը և այլ ծրագրավորողների հետ աշխատելը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, այս տերմինները հաճախ օգտագործվում են ծրագրային ապահովման ոլորտում, և շատ մշակողներ կամ ինժեներներ կարող են ունենալ ինչպես տեխնիկական, այնպես էլ գործնական հմտությունների խառնուրդ:

Ծրագրավորողների ամենատարածված 9 տեսակները

Ծրագրավորողների նեղ մասնագիտությունները կարելի է համեմատել բժիշկների հետ։ Չնայած որ բոլոր բժիշկներն էլ աշխատում են մարդու օրգանիզմի հետ՝ նրանց նեղ մասնագիտացումներն իրարից խիստ տարբերվում են։ Նույն կերպ էլ ծրագրավորման ոլորտում կան բազմաթիվ նեղ մասնագիտացումներ։ 

Եկեք համառոտ անցնենք 9 հիմնական տեսակների վրայով: 

1. Front-end ծրագրավորողներ

Front-end ծրագրավորողները մասնագիտացած են տարբեր հավելվածների «դեմքը» մշակելու մեջ։ Նրանք աշխատում են հավելվածի օգտատերերին հասանելի ինտերֆեյսերի մշակման վրա։ Որակյալ և արագ աշխատող ինտերֆեյսերը թույլ են տալիս օգտատերերին անխափան կերպով շփվել կայքերի և վեբ հավելվածների հետ:

Front-end ծրագրային ապահովման մշակողներն աշխատում են մի շարք սովորական վեբ տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են HTML, CSS և JavaScript: Նրանք նաև օգտագործում են տարբեր Framework-եր, գրադարաններ և գործիքներ, ինչպիսիք են React, Angular, Vue.js և շատ ուրիշներ։

2. Back-end ծրագրավորողներ

Մինչ Front-end ծրագրավորողներն աշխատում են հավելվածի արտաքին տեսքի վրա, Back-end ծրագրավորողները կենտրոնանում են ծրագրի ներքին աշխատանքի վրա: Սա նշանակում է, որ նրանք աշխատում են սերվերի կողմից մշակման վրա և պատասխանատու են պրոցեսների տրամաբանության, ծրագրային ապահովման ձևավորման և հիմնական գործառույթների ստեղծման համար:

Նրանք կարող են աշխատել այնպիսի տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են տվյալների բազաները, սերվերի կողմից ծրագրավորման լեզուները (օրինակ՝ Java, Python կամ Ruby) և վեբ շրջանակները (Framework-երը)։ 

3. Full-stack ծրագրավորողներ

Full-stack ծրագրային ապահովման մշակողները հմուտ են և՛ Front-end, և՛ Back-end պլանի մշակման մեջ։ Դրա շնորհիվ նրանք կարող են աշխատել ծրագրային ապահովման մշակման բոլոր ասպեկտների վրա՝ ինտերֆեյսից մինչև սերվերի կողմի տրամաբանություն: 

Full-stack ծրագրավորողները որոշ դեպքերում ավելի նախընտրելի են պրոյեկտների համար, քանի որ նրանք կարողանում են իրականացնել միանգամից մի քանի մասնագետի աշխատանք։ Բայց ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս անպայման հաշվի առեք, որ մեկ ոլորտում մասնագիտանալը հնարավորություն է տալիս դառնալ այդ ոլորտում ավագ մասնագետ, ինչը երկարաժամկետ կտրվածքում ավելի նախընտրելի կարող է լինել։  

4. Mobile (բջջային) ծրագրավորողներ

Mobile հավելվածների ծրագրային ապահովման մշակողները մասնագիտանում են մոբայլ սարքերի համար հավելվածներ ստեղծելու մեջ, ինչպիսիք են սմարթֆոնները և պլանշետները:

Նրանք կարող են աշխատել տարբեր native հավելվածների մշակման տեխնոլոգիաների հետ, ինչպիսիք են Java-ն և Kotlin-ը Android-ի համար, կամ Swift-ը կամ Objective-C-ն iOS-ի համար: Mobile ծրագրավորողները կարող են նաև օգտվել միջպլատֆորմային շրջանակներից և տեխնոլոգիաներից, ինչպիսիք են React Native-ը, Flutter-ը կամ Xamarin-ը:

5. DevOps Engineers

DevOps-ը ծրագրային ապահովման ճարտարագիտության համեմատաբար նոր մոտեցում է, որը համատեղում է մշակման, փորձարկման և գործառնական պրոցեսները՝ բարձրորակ, հուսալի թվային պրոդուկտներն ավելի արագ և արդյունավետ մշակելու համար:

Կարելի է ասել, որ DevOps ինժեներներն աշխատում են ծրագրավորման և ՏՏ գործառնությունների խաչմերուկում՝ կենտրոնանալով ծրագրային ապահովման մշակման, տեղակայման և գործառնությունների պրոցեսների ավտոմատացման, ինտեգրման և օպտիմալացման վրա:

6. Ներքին (embedded) համակարգերի մշակողները

Որոշ ծրագրավորողներ մասնագիտանում են այսպես ասած ներքին կամ ներկառուցված համակարգերի մշակման մեջ։ Սրանք համակարգեր են, որոնք մշակված են կոնկրետ սարքերի կամ համակարգերի աշխատանքի համար, ինչպիսիք են ավտոմոբիլները, բժշկական սարքերը կամ իրերի ինտերնետի (IoT) սարքերը: Նման համակարգերից ամենահայտնին, երևի, Amazon Alexa-ն է։ 

Նրանք աշխատում են մասնագիտացված ապարատային, իրական ժամանակի օպերացիոն համակարգերի և ցածր մակարդակի ծրագրավորման լեզուների հետ՝ ֆիզիկական սարքերի հետ փոխազդող ծրագրեր մշակելու համար:

7. Խաղային ծրագրավորողներ

Անունը հուշում է, որ խաղային ծրագրավորողները մասնագիտացած են տեսախաղերի համար ծրագրային ապահովման ստեղծման մեջ: Ի լրումն սովորական ծրագրավորման պարտականությունների՝ նրանք աշխատում են խաղային շարժիչների և խաղերի մշակման այլ գործիքների հետ՝ բազմաթիվ հարթակներում ինտերակտիվ և գրավիչ խաղային փորձառություն ստեղծելու համար: Սա շատ հետաքրքիր ոլորտ է, հատկապես եթե դուք ինքներդ խաղերի սիրահար եք։  

8. Համակարգային ծրագրերի մշակողներ

Համակարգային ծրագրերի մշակողները ստեղծում և սպասարկում են սարքավորումների հիմքում ընկած ծրագրերը, ինչպիսիք են օպերացիոն համակարգը և սարքի դրայվերները:

Նրանք պատասխանատու են ցածր մակարդակի օպերացիոն համակարգերի նախագծման, մշակման, փորձարկման և սպասարկման համար, որոնք թույլ են տալիս համակարգչային տեխնիկայի և այլ ծրագրային ապահովման ծրագրերին միասին աշխատել: 

Այս մասնագետները սովորաբար տիրապետում են ծրագրավորման այնպիսի լեզուներին, ինչպիսիք են C, C++, Assembly և երբեմն Python, Java կամ Go՝ կախված նախագծի կոնկրետ պահանջներից:

9. Low-code ծրագրավորողներ

Low-code ծրագրավորողները մասնագետներ են, ովքեր օգտագործում են Low-code մշակման հարթակներ՝ նվազագույն ձեռքով կոդավորմամբ հավելվածներ ստեղծելու համար:

Low-code հարթակները թույլ են տալիս ստեղծել հավելվածներ և ծրագրեր՝ օգտագործելով արդեն պատրաստ բազմաթիվ բադադրիչներ և շրջանակներ։ Դրանք օգնում են արագ ստանդարտացված հավելվածներ մշակել՝ առանց ծրագրավորման խորը գիտելիքների:

Ծրագրավորողին անհրաժեշտ հմտությունները 

Բարձրակարգ և պահանջված ծրագրավորող դառնալու համար բացի մասնագիտական գիտելիքներից և փորձից անհրաժեշտ է զարգացնել մի շարք soft skill-եր։ Ի վերջո, գրեթե բոլոր ծրագրավորման նախագծերն իրականացվում են մի քանի ծրագրավորողների թիմերի կողմից, ուստի թիմային աշխատանքը և հաղորդակցությունը հաճախ նույնքան կարևոր են, որքան տեխնիկական գիտելիքները:

Դիտարկենք ծրագրավորողին անհրաժեշտ 5-ական տեխնիկական և soft հմտությունները։  

Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ

Տվյալների կառուցվածքների ըմբռնումը, ինչպիսիք են զանգվածները, կապակցված ցուցակները, հերթերը, ծառերը, գրաֆիկները և տվյալների տեսակավորման, որոնման և մանիպուլյացիայի համար նախատեսված ալգորիթմները, հիմնարար է արդյունավետ ծրագրային ապահովման մշակման համար: Ի վերջո, ծրագրավորումն առաջին հերթին տրամաբանության և մաթեմատիկայի վրա հիմնված մասնագիտություն է:

Ընտրած ծրագրավորման լեզվի/լեզուների տիրապետում

Նախ և առաջ կարևոր է ծրագրավորման լեզուների իմացությունը, ինչպիսիք են Java, Python, C++, C#, JavaScript կամ այլ հայտնի լեզուները: Սա ներառում է շարահյուսության, տվյալների տեսակների, կառավարման կառուցվածքների և լեզվին հատուկ այլ հատկանիշների իմացություն: Բացի այդ, սովորաբար կան բազմաթիվ Framework-եր և այլ օժանդակ տեխնոլոգիաներ յուրաքանչյուր կոնկրետ ծրագրավորման լեզվի համար, որոնք մասնագետը պետք է իմանա:

Ծրագրային ապահովման մշակման մեթոդոլոգիաներ

Ծրագրային ապահովման մշակումը ներառում է բազմաթիվ փուլեր և տարրեր: Դրա պատճառով ծրագրային ապահովման մշակման տարբեր մեթոդոլոգիաների հետ ծանոթությունը, ինչպիսիք են Agile, Scrum, Waterfall և DevOps, իսկապես կարևոր է ծրագրային ապահովման մշակողների համար: Սա շատ կարևոր է թիմում աշխատելու և արդյունավետ լինելու համար։  

Տվյալների բազայի կառավարում

Ցանկացած ծրագրային համակարգ ունենում է որոշակի տվյալների բազա: Այդ պատճառով յուրաքանչյուր ծրագրավորող պետք է դրանց հետ աշխատանքին ծանոթ լինի․ հարաբերական և ոչ հարաբերական տվյալների բազաներ, SQL, տվյալների բազայի կառավարման համակարգեր (MySQL, Oracle կամ MongoDB):

Օպերացիոն համակարգեր

Օպերացիոն համակարգերի սկզբունքները ևս կարևոր են ծրագրավորման համար։ Շատ հաճախ ծրագրավորողները նախընտրում են աշխատել Linux-ով, ինչը առօրյա կյանքում Windows-ի կամ MacOS-ի նման տարածված չի։ Այնպես որ, ձեզ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել նաև այս օպերացիոն համակարգը։  

Հաղորդակցություն

Եվ գրավոր, և բանավոր հաղորդակցման հմտությունները կարևոր են ծրագրային ապահովման մշակողի համար՝ իր գաղափարները, պահանջները և տեխնիկական հասկացությունները թիմի անդամներին, ինչպես նաև հաճախորդներին և շահագրգիռ կողմերին հստակ փոխանցելու համար: Այն նաև ներառում է ակտիվ ունկնդրում՝ հետադարձ կապն ու հրահանգները ճշգրիտ հասկանալու և մեկնաբանելու համար:

Թիմային աշխատանք

Արդեն բազմիցս նշեցինք, որ ծրագրի մշակումը հաճախ համատեղ աշխատանք է, որը ներառում է տարբեր հմտություններ և մշակույթ ունեցող թիմերում աշխատելը: Թիմում լավ աշխատելու, համագործակցելու, գաղափարներով կիսվելու և թիմի զարգացմանը նպաստելու կարողությունը կարևոր է լավ ծրագրավորողից բացի լավ թիմակից լինելու համար:

Խնդիրների լուծում

Ծրագրավորման մեջ բարդ խնդիրներ լուծելն ամենօրյա աշխատանք է։ Խնդիրները լուծելու ուժեղ հմտություններ ունենալը, ներառյալ վերլուծական մտածողությունը, քննադատական ​​դատողությունը և կրեատիվությունը, անփոխարինելի են ծրագրավորողի համար:

Ժամանակի կառավարում

Ծրագրային ապահովման մշակման նախագծերը հաճախ ունեն սեղմ ժամկետներ և պահանջում են միաժամանակ մի քանի առաջադրանքների կառավարում: Ժամանակն արդյունավետորեն պլանավորելու և կառավարելու կարողությունը կարևոր է աշխատանքը ժամանակին հասցնելու համար:

Ուշադրություն մանրուքներին

Կոդավորումը նաև մանրակրկիտ ուշադրություն է պահանջում ծրագրային ապահովման փորձարկման և կարգաբերման ժամանակ ճշգրտությունն ու որակն ապահովելու համար: Նույնիսկ աննշան սխալները կարող են հանգեցնել զգալի հետևանքների։ Այնպես որ, մանրուքներին ուշադրությունն այստեղ նույնքան կարևոր է, որքան հենց կոդ գրելու հմտությունը։ 

Ինչպե՞ս դառնալ լավ ծրագրավորող

Ծրագրային ապահովման մշակող դառնալու համար նախ պետք է ձեռք բերեք անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ֆորմալ, ոչ ֆորմալ կրթության կամ ինքնուրույն ուսուցման միջոցով:

Որոշ մասնագիտությունների համար կարևոր է համակարգչային գիտությունների կամ այլ հարակից ոլորտում մագիստրոսի կամ բակալավրի կոչում ստանալը։ Այլ դեպքերում կարող եք սկսել ոչ ֆորմալ կրթությունից և անընդհատ աշխատել ինքնազարգացման վրա։ BDG-ում կարող եք անցնել ինչպես սկսնակ մակարդակի դասընթացներ, այնպես էլ մասնագիտական զարգացմանն ուղղված տարբեր կուրսեր։ 

Ծրագրային ապահովման կարիերան սկսելու համար նախ փորձեք գործնական փորձ ձեռք բերել Internship-երի միջոցով։ Զուգահեռ փնտրեք ձեր ընտրած ոլորտի ծրագրավորողների խմբեր և հարթակներ՝ նրանց հետ շփվելու և նրանցից սովորելու համար։ 

Մի մոռացեք ձեր ճկուն հմտությունների վրա անընդհատ աշխատելու մասին։ 

Ի՞նչ հեռանկարներ կան ՏՏ ոլորտում

Վերջերս շատ է խոսվում տեխնոլոգիական ոլորտում ճգնաժամի և աշխատատեղերի կրճատման մասին։ Այս թեման փակելու համար եկեք նայենք հետևյալ վիճակագրությանը։ Աշխատանքի վերջին վիճակագրության համաձայն՝ աշխարհում կա 26,8 միլիոն ակտիվ ծրագրավորող: Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականն այս թիվը կաճի մինչև 45 միլիոն: Իսկ հեռավար աշխատանքի հեռանկարներն այս մասնագիտությունը դարձնում են է՛լ ավելի գրավիչ։ 

Եվ այսպես։ Ծրագրային ապահովման մշակումը, անկասկած, բարդ մասնագիտություն է։ 

Ծրագրավորողները պետք է ունենան մի շարք ճկուն և տեխնիկական հմտություններ՝ իրապես որակյալ մասնագետ դառնալու համար։ Միևնույն ժամանակ՝ ծրագրավորումը շատ հետաքրքիր և բարձր վարձատրվող մասնագիտություն է, որի պահանջարկը գնալով ավելանում է։

Բաժանորդագրվեք՝ մշտապես տեղեկացված լինելու համար

Ձեզ կարող է հետաքրքրել

Մեկնաբանություն